Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԶԱՏԻԿԸ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՎԱՏՔԻ ՈՂՆԱՇԱՐՆ Է

ԶԱՏԻԿԸ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՎԱՏՔԻ ՈՂՆԱՇԱՐՆ Է
17.05.2011 | 00:00

(սկիզբը` նախորդ համարում)

Ըստ ավանդության, երբ Գրիգոր Լուսավորիչն ուխտի է գալիս Սուրբ երկիր, յոթ տարի ճգնում է Հեղինե թագուհու սրահում, որից հետո միայն համարձակվում է զատկական ճրագալույցի օրը մտնել Սուրբ գերեզման: Եվ ինչպես հաստատում է Գրիգոր Տաթևացին, այդ պահին, ի պատիվ ազգիս հայոց, շնորհաց Լույսի տեսանելի հրաշք է կատարվում, և բռնկում են Սուրբ գերեզմանի մարած կանթեղները: Նման հրաշք եղել է նաև բարեպաշտ Թեոդոս արքայի Սուրբ տաճար մուտքի ժամանակ:
Այո՛, այդ հրաշքին շատերս ենք հավատում, բայց չմոռանանք, թե ինչ ժամանակներում ենք ապրում, և ովքեր են այժմ Սուրբ գերեզման մտնում: Ինքս եմ ականատես եղել, թե ինչպես են քրիստոնյա կոչվող ազգերի ներկայացուցիչներն այդ օրհնյալ սրբավայրը մտնում. չեմ ասում առանց խոնարհվելու կամ խաչակնքելու, դա արդեն «մոդա» չէ. գերկարճ շրջազգեստներով կանանց ու կարճ տաբատներով, մաստակները բերաններին տղամարդկանց բոլորովին հաճելի չէ տեսնել այդ սրբավայրում: Կան արաբ վաճառականներ, ովքեր Տաճարի մոտերքում նման այցելուներին առաջարկում են վարձակալել իրենց ազգային փաթթոցները (վերջում մի քանի դոլարի ակնկալիքով), որպեսզի գոնե Սուրբ տաճարում զբոսաշրջիկները ծածկեն իրենց մերկությունը:
Երբեմն շրջում էի այդ տեղերով և ամեն անգամ զարմանում, որ սուրբ վայրերում նույնիսկ մարդիկ անփութորեն կարող են օգտագործված անձեռոցիկներ շպրտել, զովացուցիչ ըմպելիքների շշեր, ֆոտոժապավենների դատարկ տուփեր, կամ էլ քաղցրավենիքի թղթեր գետնին նետել, ձեռքները գրպաններում շրջել, ոտքը ոտքին գցած նստել, ծամել, կամ էլ ժամերգության ու պատարագների արարողության ժամանակ հանկարծ քթները խնչոցով մաքրել (ճիշտն ասած, բարեկիրթ արտասահմանցիների քթային այդ «հնչեղ հիգիենան» ինձ միշտ զարմանք է պատճառել): Իսկ մնացած արտառոց բաների մասին ավելի լավ է լռենք, քանզի գրված է. «Վա՜յ աշխարհին` գայթակղությունների պատճառով. գայթակղություններ պետք է որ գան, բայց վա՜յ այն մարդուն, որի միջոցով կգա գայթակղությունը» (Մատթ. 18. 7):
Բայց միայն տեսնել է պետք, թե ի՜նչ երկյուղած են իրենց ազգային տարազները հագած այլակրոն մարդիկ, ովքեր այցելության են գալիս Հիսուսի Գերեզմանին: Այդ մարդիկ մեզնից ավելի լավ գիտեն, թե ուր են եկել, որովհետև Սուրբ մատուռի դռան առջև հանում են իրենց կոշիկները և լո՜ւռ ակնածանքով, բոբիկ ոտքերով կանգնած սառը քարերին, սպասում են մինչև իրենց թույլ կտան Տիրոջ Գերեզմանը մտնել:
Սիմեոն Լեհացին, որ 17-րդ դարի սկզբին եղել է այնտեղ, գրել է իր հայտնի «ՈՒղեգրություն» ճանապարհորդական նոթերը, որտեղ էջեր կան նաև սուրբ Երուսաղեմի մասին: Այն հատվածը, որը վերաբերում է մեր արծարծած նյութին, ուզում եմ ամբողջովին մեջբերել, որպես հակապատկեր այսօրվա վիճակի. «Եվ մտանք ներս, ուր սուրբ ու կենսուրախ Գերեզմանն է Հիսուս Քրիստոսի: Մեզ երկյուղ պատեց և ընկանք երեսներիս վրա լալով ու խնդալով, որովհետև մեծ խնդություններին հետևում է արցունքը: Երկրպագելուց ու համբուրելուց չէինք դադարում, որովհետև մեղրից ավելի քաղցրացան մեր շրթունքները, համեղ ու ախորժելի անգին գոհարից: Քանի որ ինչքան համբուրում էինք, այնքան ավելի էինք հոժարում և ըղձում ու չէինք հագենում սիրուց, որ ցանկալի ու պատվական է ոսկուց ու անգին քարերից: Եվ աշխարհում չկա բան, որ արժենա նրան, որովհետև Փրկչի Սուրբ գերեզմանը կյանք է բոլորի համար: Այնքան էին ոմանք համբուրում, որ թմրում ու զմայլվում էին ազնիվ բույրից, ինչպես Վերնատանը առաքյալների դասերը: Եվ սրբավայրն այնքան ցանկալի ու տենչալի էր, որ մարդ չէր ուզում հեռանալ այնտեղից, այլ միշտ ու հանապազ ծառայել ու սպասավորել, ինչպես Թաբոր լեռան վրա` այլակերպության օրը, առաքյալները չէին կարողանում մեկնել այնտեղից: Այդպես էլ այստեղ մտնողները չէին կամենում այլևս դուրս գալ: Իսկ բազմամբոխ ժողովուրդը, որ կար և սպասում էր մեծ բաղձանքով և ըղձով, ինչպես փեսան հարսին կամ մեկը հեռավոր իր սիրելիին: Եվ տեսնելով, որ մենք կամենում ենք մնալ այդտեղ, ներս մտնելով դուրս էին քաշում մեզ, մինչև իսկ օձիքներս ու թեզանիքներս էին պատռում և մորուքներս պոկում և երեսներս վիրավորում, սակայն չէին կարողանում շարժել, որովհետև ջերմ ու անհագ սիրով, ամբողջ անձով ընկած երկու ձեռքերով բռնել էինք կենսաբուխ սուրբ Գերեզմանը, ինչպես ծարավ մեկը` ջրի աղբյուրը կամ սովալլուկը, որ հաց է գտել: Իսկ ովքեր մեծ սեր ու փափագ ունեին` աղաղակում էին. «Այստեղ կբնակվեմ և այստեղից չեմ հեռանա մինչև ի մահ»: Ապա գալիս էին ղավազները և խարազանով հազիվ դուրս հանում, ու խփելով ասում. «Դուրս եկեք, որ ուրիշները ևս մասնակից դառնան, որովհետև Նա բոլորի համար է և ոչ միայն ձեզ»: Եվ աղոթելով` մեղաց թողություն խնդրեցինք մեզ և մեր ծնողների ու երախտավորների և բոլոր քրիստոնյաների համար: Եվ լալով, գոռալով մեկնեցինք Սուրբ գերեզմանից, ինչպես գառները մաքիներից»:
Մեկնաբանությունը, կարծում եմ, ավելորդ է, բայց հիմա ուզում եմ մեջբերել նաև հնդիկ քրիստոնյա Սատու Սունտար Սինկհի խոսքերը, երբ նա 19-րդ դարի սկզբին անձկությամբ փափագում էր քրիստոնյա Եվրոպա այցելել, որպեսզի եղբայր քրիստոնյաների հանդիպեր, բայց երբ եկավ նրանց ապրած վարքն ու բարքը տեսավ, տխրությամբ վկայեց. «Նրանցից շատերը նման էին գետի այն քարերին, որոնք անընդհատ ջրի մեջ են, բայց երբ դրանք ջարդում ես, ապա ներսը միշտ չոր է լինում». ասել կուզի` անունով են միայն քրիստոնյա, բայց սրտերում անաստվածությունն ու մեղքն են տիրում: Իսկ Եսայի մարգարեն այդպիսիների համար ասում է. «Այս ժողովուրդը մոտ է Ինձ իր բերանով, իր շրթունքներով է մեծարում Ինձ, բայց սրտով հեռացել, մեկուսացել է Ինձնից. զուր է Ինձ պաշտում» (Եսայի 29.13): Իսկ մեր Տերը զգուշացրեց, ասելով. «Ոչ թե ամեն մարդ, որ Ինձ «Տե՜ր, Տե՜ր» է ասում, երկնքի արքայություն կմտնի, այլ նա՛, ով կատարում է կամքը Իմ Հոր, որ երկնքում է» (Մատթ. 7.21): Ինչո՞ւ եմ այս բոլորը գրում. որպեսզի հետագա շարադրանքը կարդալով` ընթերցողն անակնկալի չգա ու չգայթակղվի շատ անցանկալի բաների մասին կարդալով:
Շարունակենք լուսահանման արարողության ընդհատված շարադրությունը: Եվ այսպես, բոլորն իրենց իրավունքի կնիքները ձեռքներին բռնած սպասում են, թե երբ պետք է սկսվի բուն արարողությունը, որովհետև մինչև ակնամոմով չզմռսեն Գերեզմանի դուռը և իրենց կնիքներով չկնքեն, ճրագալույցի արարողությունը չի սկսվի: Իսկ դա կատարվում է այն ժամանակ երբ երկու եկեղեցիների լուսահանները, այսինքն՝ հույների պատրիարքն ու հայերի վարդապետը, ներս են մտնում Տիրոջ դատարկ Գերեզմանը, 33 մոմերից բաղկացած խուրձը ձեռքերին:
Եվ այսպես սուրբ Գերեզմանի դռները փակված են, հայ և հույն ազգերի լուսահանները ներսում են, իսկ հիմա կարելի է դռները կնքել, որը կատարվում է հետևյալ կերպ. դեղնավուն մեղրամոմի մի քանի կիլոգրամանոց, նախապես փափկեցրած ու տափակեցրած շերտով ծեփում են Գերեզմանի նախամուտքի դուռը, որից հետո վերը նշված ազգերի ներկայացուցիչներից յուրաքանչյուրն իր կնիքն է դնում այդ մոմի վրա։
Հիմա պետք է սպասել: Բազմահազարանոց Տաճարի մեջ զարմանալիորեն հարաբերական լռություն է տիրում, բոլորը շունչները պահած, հայացքները հնարավորինս դեպի սուրբ Գերեզման հառած սպասում են Լույսի հայտնությանը, որը կատարվելու է մատուռի աջ ու ձախ կողմերի ձվաձև պատուհանների խոռոչներից, որի մասին ընթերցողն արդեն տեղյակ է: Եվ չանցած մի քանի րոպե այդ լռությունն իրենց բացականչություններով առաջինը խախտում են հայերը, որովհետև ասացի, որ լուսահան հայ եպիսկոպոսն է առաջինը դուրս գալիս Սուրբ գերեզմանից, և ինքն է առաջինը Լույսը փոխանցում հայորդիներին, որոնք արդեն «մարաթոնյան» մի վազքուղի են բացել մինչև հայոց երկրորդ Գողգոթայի վերին սրահը, որտեղ Երուսաղեմի հայոց պատրիարքը դեպի Տաճարի մեծ սրահը նայող պատշգամբից առաջինն է բոլոր ազգերից ներկաներին ցույց տալիս սուրբ Գերեզմանից հանված Լույսը: Որից հետո մնացածները մեկը մյուսից վառում են իրենց ձեռքի մոմերը, շատ շուտով Տաճարը վերածվում է բազմահազար վառվող ջահերի մի իսկական հրավառության: ՈՒղղափառ սուրբ հայրերից մեկը վկայել է, որ նույնիսկ եղել են դեպքեր, երբ մարդն այնպիսի հավատքով է եկել, որ ձեռքի մոմերն իրենք իրենց վառվել են այդ օրը: Այդ մասին է վկայում նաև Վարդան Արևելցին. «712 թվին վախճանվեց անվանի ճգնավոր, պատվավոր աստիճանների ու կոչումների արժանի՛ երկրի երևելի ու անվանի մարդը՝ Տվեցի կոչված տեր Հովհաննեսը, որի կոչումն Աստծո շնորհիվ Գարդմանի տան և այլ բերդերի ու գավառների քահանայությունն էր: Նա հիսնօրյա պասը կատարում էր անհաց ու անջուր, նույնը կրկնում էր նաև մնացած չորեքշաբթի և ուրբաթ օրերին, բոկոտն Երուսաղեմ էր գնում, մեծ պասի օրերին ոտքի վրա էր մնում, իսկ սուրբ Հարության ժամանակ՝ անհաց: Նա զարմացրեց ֆրանկներին, որովհետև ապրում էր ոչ միայն հոտընկայս ու անկերակուր, այլև լուռ: Նա Աստծուց խնդրում էր համբավավոր հավատ, որը գալիս էր դեպի հայոց ազգը: Երբ Լույսն իջել է, հայոց կանթեղն է վառվել, ինչպես հենց ինքը պատմեց, թե ով պահում էր Սուրբ գերեզմանի կամարակապ մատուռը, և մենք նրանից խնդրեցինք դեպքերի հավաստիքը: Եվ նա ասաց. «Դու գնա գնիր կանթեղներ և բեր, կախիր քո ձեռքով»: Ես այդպես էլ արեցի. գնեցի երեք կանթեղ և կախեցի Սուրբ գերեզմանի վրա. աջ կողմում ֆրանկների անունով, ձախ կողմում հույների, իսկ միջին մասում հայերի, ինչպես սովոր էին: Մենք փակեցինք դուռը ու կնքեցինք, և փակապանն ինձ տվեց կնիքն ու բանալին ավագ ուրբաթ օրը: Ավագ շաբաթ օրը, ժամը իննին, քանի դեռ մենք աղոթում էինք, կամարակապ մատուռի պահապանն ինձ ասաց. «Տեր, հրամայի՛ր ու բա՛ց արա, որովհետև Լույսն իջավ»: Ես գնացի բացեցի դուռը՝ հեռացնելով կնիքը, և ներսում, առանց կասկածի, (հայոց) կանթեղը վառվում էր բորբոքված ձևով, անսպառ գեղեցկությամբ: Եվ սքանչելի հրաշքի միջոցով հռչակվեց այդ մարդը՝ տեր Հովհաննեսը» (Վարդան Արևելցի, Տիեզերական պատմություն, էջ 203):
(շարունակելի)
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1372

Մեկնաբանություններ