Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ադրբեջանը չպետք է դառնա տարածաշրջանային նվաճողամտության աշխարհաքաղաքական «կամուրջ»

Ադրբեջանը չպետք է դառնա տարածաշրջանային  նվաճողամտության աշխարհաքաղաքական «կամուրջ»
11.05.2012 | 00:00

«Թուրքը բարեկամ չունի» խոսքը դարեդար օրախնդիր է եղել և «թարմությունը» չի կորցրել նաև 21-րդ դարում, երբ թուրքական պետությունը, դառնալով տարածաշրջանային խոշոր տերություն, կուտակելով տնտեսական, քաղաքական ու ռազմական հզորություն, գտնվելով Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում, առաջվա նման բարեկամի, գործընկերոջ, դաշնակցի պակաս ունի։ Թուրքիայում նախընտրում են տարբեր տարածաշրջաններում իրենց քաղաքականության անհաջողությունները կապել ԱՄՆ-ի ու նրա եվրոպական դաշնակիցների նյութած դավերի հետ, բայց Կենտրոնական Ասիայի ու Կովկասի, Մերձավոր Արևելքի և բալկանյան պետությունների հետ նրա հարաբերությունները ձևավորվել են, գլխավորապես, այդ տարածաշրջանների երկրների իրական շահերին համապատասխան։ Ներկայումս, չնայած տարածաշրջանային քաղաքականության որոշ հաջողություններին, գործընկերության և դաշնակիցների պակասը շարունակում է օրախնդիր մնալ, և այս իրավիճակում առանձնակի նշանակություն է ստանում Ադրբեջանը` որպես Թուրքիայի «մոտիկ ազգական» պետություն` ածխաջրածինների նշանակալի պաշարներով։

ԱՄՆ-ի ու Եվրամիության, ամբողջ Արևմտյան ընկերակցության հետ Թուրքիայի ներկա հարաբերությունները պայմանավորում են արդի համաշխարհային քաղաքականության «ամենագրավիչ» գործընթացներից մեկը։ Արևմտյան ընկերակցությունն արդի Թուրքիան համարում է խիստ հավակնոտ պետություն, որը ձգտում է վարել նվաճողական քաղաքականություն, նպատակ ունենալով վերահսկողություն սահմանել և գերիշխել մի շարք տարածաշրջաններում։ Դա, ըստ էության, ենթադրում է դուրս գալ ԱՄՆ-ի ու Եվրոպայի ավանդական վերահսկողությունից, ինչը խնդիրներ կառաջացնի` կապված Թուրքիայի հավակնությունների զսպման հետ։ Այս կապակցությամբ, այն բոլոր պետությունները, որոնք ձգտում են Թուրքիայի հետ հարաբերություններն ամրապնդել և գործընկերության ու դաշնակցության մակարդակի հասցնել (Արևմուտքի ուժի կենտրոնների սահմանած ոչ պաշտոնական կանոնների շրջանակներից դուրս), անտարակույս, ընկնում են «սև ցուցակ» և համարվում են անցանկալի տարածաշրջանային նախաձեռնությունների հնարավոր մասնակիցներ։

Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Եվրամիության հարաբերությունների ծավալման սկզբից ևեթ ուժի այդ կենտրոնները ձգտում էին հնարավորինս իրարից հեռու պահել Ադրբեջանն ու Թուրքիան, թեև այդ գործընթացը տեղի է ունենում շատ հակասական` կապված այդ երկու երկրները միացնող էներգամատակարարման նշանակալի նախագծերի հետ: 90-ականների երկրորդ կեսին Ադրբեջանն առանձնակի հույսեր չէր փայփայում Ռուսաստանի հետ իր խնդիրների լուծման առնչությամբ, և Թուրքիայի դերը, որպես Ադրբեջանի հետ հարաբերություններում Ռուսաստանի մրցակցի, սպառված էր, առավել ևս, որ Ռուսաստանն ու Հայաստանը, այսպես թե այնպես, ռազմաքաղաքական պայմանագիր էին կնքել։ Պետք է նշել, որ ԱՄՆ-ը միշտ էլ Թուրքիան և Հարավային Կովկասը համարել է իրարից բավականաչափ առանձնազատված, այն իմաստով, որ, չնայած ամերիկացիները ձևացրել են, թե ուզում են Թուրքիան «անցկացնել» Եվրամիություն, նրանք Թուրքիան համարել են ոչ թե Եվրոպա, այլ Մերձավոր Արևելք, մինչդեռ Հարավային Կովկասը համարվել է եվրոպական տարածության մաս։ Այս հայեցակարգը, կամ, ավելի ճիշտ, ապագային միտված հայացքները երբեք լայն արտացոլում չեն գտել ամերիկյան ու եվրոպական քաղաքական գրականության մեջ ու բանավեճերում, քանի որ թեման նրբին է եղել։ Բայց դա միշտ էլ լռելյայն ենթադրվել է ԱՄՆ-ի ու առաջատար եվրոպական պետությունների քաղաքականության մեջ։ Ի դեպ, հենց այդ նախադրյալը հետագայում դրվեց Թուրքիայի հավակնությունների զսպման առթիվ նյութված ամերիկա-եվրոպական «դավադրության» հիմքում, երբ ամերիկացիների ու եվրոպացիների միջև լուրջ հակասություններ էին առաջացել մի շարք այլ հարցերում։

Ներկայումս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցի առթիվ ԱՄՆ-ի ու Եվրամիության նախաձեռնությունների կապակցությամբ բախվելով իր շահերի կոպիտ անտեսմանը, Ադրբեջանը ջանում է արագացված կարգով կառուցել մեկ այլ, բազմավեկտոր արտաքին քաղաքականություն և պատրաստակամություն է հանդես բերում ավելի սերտ ու վստահություն ներշնչող հարաբերություններ հաստատելու Ռուսաստանի և Իրանի հետ։ Արևմուտքում այդ փորձերը դիտվում են իբրև սկզբունքորեն սնանկ, և ոչ ոք լրջորեն չի ընդունում Ադրբեջանի ու Ռուսաստանի, ինչպես նաև Իրանի միջև ռազմավարական հարաբերությունների հաստատման հնարավորությունը։ Ադրբեջանն անչափ ուժեղ է «կապված» արևմտյան գործընկերների հետ, նրա կենսագործունեությունը շաղկապված է արդեն կառուցված արևմտյան էներգաուղիներին, նրա անվտանգությունը պայմանավորված է ոչ թե Թուրքիայով, այլ Արևմտյան ընկերակցությամբ, նույնիսկ գազի զգալի ծավալների մատակարարումը Ռուսաստան լուրջ վտանգ չի ներկայացնում ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի համար։ Դեպի Արևմուտք կովկաս-կասպյան էներգապաշարների կողմնորոշման հիմնական հարցերն արդեն լուծված են, ինչը կապված է ոչ միայն փոխադրատեխնիկական, այլև ֆինանսական ու քաղաքական հարցերի հետ։ Ռուսաստանը կկարողանա Ադրբեջանի հանդեպ իր շոշափելի ազդեցությունը հաստատել միայն այն ժամանակ, երբ այդ երկրում նավթի ու գազի հիմնական պաշարները սպառվեն, այսինքն` 15-20 տարի հետո։ Ինչ վերաբերում է Իրանի հետ Ադրբեջանի հարաբերություններին, դրանք այնքան հակամարտ են, որ դրանց անգամ մասնակի կարգավորումը պահանջում է տարածաշրջանի ամբողջ աշխարհաքաղաքական և սոցիալ-մշակութային իրադրության արմատական արձագանքը։ Ներկայումս և տեսանելի ապագայում Ադրբեջանի հանդեպ ԱՄՆ-ի ու Եվրամիության գլխավոր խնդիրն է թույլ չտալ, որ այդ երկիրը մերձենա ու հայտնվի Թուրքիայի ազդեցության տակ կամ կախման մեջ ընկնի նրանից։ ՈՒշադրության առնելով Հարավային Կովկասում թուրքական քաղաքականության մտադրություններն ու ոճը, ամենազորեղ պետությունների շահերի ցուցադրական անտեսումը, Վրաստանի շահերի անտեսման պատրաստակամությունն ու Հայաստանի ներգրավումն իր ազդեցության գոտի, երևում է, որ Թուրքիան կարող է շատ հեռուն գնալ Ադրբեջանն արբանյակ պետություն դարձնելու քաղաքականության իրականացման գործում։

Ադրբեջանն այնքան էլ ազդեցիկ ու կարևոր պետություն չէ, որ ուժի համաշխարհային կենտրոնները նրա հետ քաղաքական սակարկություն անեն` օգտագործելով լուրջ ռեսուրսներ։ Ավելի շուտ, Արևմտյան ընկերակցությունը կնախընտրի պահպանել ստատուս քվոն Ադրբեջանի այժմյան դրության հարցում` որպես Արևմտյան ընկերակցության կանոններով խաղացող, Եվրամիության, մասամբ նաև ՆԱՏՕ-ի, Արևմտյան ընկերակցության տարբեր կառուցվածքների հետ համագործակցող երկրի։ Իհարկե, Ադրբեջանի ու Արևմուտքի հարաբերությունների հիմքում առաջվա նման պետք է ընկած լինեն նավթի ու գազի արդյունահանման և Արևմուտքին դրանց մատակարարման, կենտրոնական ուղղությամբ ռազմական տարանցման ապահովման, ժողովրդավարության և իրավակարգի գծով երկրի ներսում «տանելի» վիճակի պահպանման խնդիրներ։ Ադրբեջանում ռազմաշունչ հռետորաբանության սաստկացման պահերին ամերիկացիները, բրիտանացիները, Եվրամիությունը, հետո նաև Ռուսաստանը հասկացրել են, որ այդ մտադրությունները չեն կարող արժանանալ արտաքին աշխարհի հավանությանը։ Միաժամանակ, պետդեպարտամենտի կոնկրետ ներկայացուցիչներ Ադրբեջանի ղեկավարներին բացատրել են, որ նավթի հանույթից ստացվող մեծ եկամուտները, առաջին հերթին, արևմտյան տերությունների շնորհիվ են, ոչ թե Ադրբեջանի, և այդ մեծ եկամուտները չեն կարող դիտվել որպես քաղաքական խնդիրների լուծման գործում ռազմական գործողությունների կիրառման միջոց։

Ադրբեջանն ակտիվորեն ներգրավվում էր ՎՈՒԱՄ-ի, Սևծովյան ընկերակցության, ներկայումս` «Արևելյան գործընկերության» մեջ, որոնք իրենցից ներկայացնում են Արևմտյան ընկերակցության շինծու թերակառույցներ։ Էներգամատակարարման և ռազմատարանցման գործառույթների իրականացման իմաստն այն է, որ Ադրբեջանն առավելապես կախված չէ Ռուսաստանի, Իրանի, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերություններից, մանավանդ որ վերջինս տեղ է գտել Արևմուտքի անհուսալի, անկանխատեսելի գործընկերների «ակումբում»։ ՆԱՏՕ-ին անդամակցությունը և Եվրամիությանը ներմիավորվելու քայլերն ամենևին չեն դարձել Թուրքիայի հուսալիության երաշխիքներ` որպես դաշնակցի։

Թուրքիան և Ադրբեջանը դաշնակիցնե՞ր են, արդյոք, կոնկրետ ռազմաքաղաքական ձևաչափով։ Այդ պետությունների միջև կան մի շարք պայմանագրեր, որոնք որոշակի պարտավորություններ են ենթադրում և պաշտպանությանն ու անվտանգությանն առնչվող որոշ խնդիրներ են սահմանում։ Թուրքիան որոշակի դեր է խաղացել Ադրբեջանին «աջակցելու» գործում, որի կարիքը վերջինս ունեցել է Իրանի հետ հարաբերությունների լարված պահերին, և հանդես է գալիս որպես Ադրբեջանի անվտանգության երաշխավոր Հայաստանի հետ հերթական պատերազմի դեպքում, թեև այդ առումով հրապարակային պայմանագիր, կարծես, չկա։ Թուրք ղեկավարները քանիցս հայտարարել են, թե Թուրքիան փորձանքի մեջ չի թողնի Ադրբեջանին և նրան օգնություն և աջակցություն կցուցաբերի պաշտպանության ոլորտում։ Ի պատասխան դրա, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Եվրամիությունը, ո՛չ Ռուսաստանը երբեք իրենց կարծիքը չեն արտահայտել, ու անգամ որոշակի քաղաքագետներ ու քաղգործիչներ որևէ գնահատական ու մեկնաբանություն չեն առաջարկել, թե ուժի համաշխարհային կենտրոններն ինչ կերպ պիտի արձագանքեն, եթե Թուրքիան անմիջականորեն միջամտի Ադրբեջանին պաշտպանական աջակցություն ցուցաբերելուն, եթե պատերազմական գործողություններ սկսվեն։ Այդուամենայնիվ, 1992 թ. և քիչ ավելի ուշ, այսինքն` ղարաբաղյան նախորդ պատերազմի ժամանակ, ԱՄՆ-ը և Ռուսաստանը, փաստորեն, համաձայնեցված նախազգուշացրին Թուրքիային, թե ինչով կարող է հղի լինել նրա միջամտությունը պատերազմական գործողություններին, եթե նա ագրեսիա սանձազերծի Հայաստանի դեմ։ Պաշտպանության ոլորտում հրապարակային բնույթի պայմանավորվածությունները Թուրքիայի և Ադրբեջանի միջև ուժեղ գործոն կդառնային տարածաշրջանի ռազմաքաղաքական հաշվեկշռի խախտման առումով, պատճառ կդառնային տարածաշրջանի առաջատար պետությունների և Արևմտյան ընկերակցության տերությունների սկզբունքային շատ դիրքորոշումների ու պարտավորությունների վերանայման։ Այդուամենայնիվ, Թուրքիան համոզիչ կերպով ցույց է տվել, որ ինքը, ինչպես միշտ, այնքան էլ հաշվի չի նստում պաշտոնական պայմանավորվածությունների հետ, նախընտրելով կոնկրետ քայլեր կատարել անվտանգության ու պաշտպանության ոլորտներում։ Այդ դիրքորոշումը շատ փխրուն հավասարակշռություն է պայմանավորում տարածաշրջանում։

Այս կապակցությամբ, Ադրբեջանը չի կարող չդիտվել որպես քաղաքական շատ ուղղություններում Թուրքիայի վարքագիծը կառավարող «հանգուցային» երկիր։ Ներկայումս Ադրբեջանի շահերի ու անվտանգության կապակցությամբ ստեղծված իրավիճակը ձեռնտու է Թուրքիային։ Չնայած Թուրքիայի արտաքին քաղաքականության շտկումներին, նրա փորձերը` ավելի արմատապես վերաբերվելու հին ու նոր շատ խնդիրների, թուրքական վերնախավը, ամենայն հավանականությամբ, ձգտում է ոչ թե Ադրբեջանի շահերը պաշտպանելու ամեն գնով, այլ առաջ քաշել նոր դիրքեր ձեռք բերելու իր հավակնություններն ու նկրտումները։ Ընդ որում, այնպիսի մի խնդիր, ինչպիսին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է, ամենևին չի դարձել Ադրբեջանի քմահաճույքի պատանդ, ընդհակառակը, Ադրբեջանի հայտնի հոխորտալից վարքագիծը առիթ դարձավ Թուրքիայի համար` թույլ չտալու, որ «հայկական գործոնը» շարունակի օգտագործվել որպես իր հավակնությունների զսպման քաղաքականության տարր։

Հարկ է նշել, որ Արևմուտքի փորձագիտական ընկերությունը հայ-թուրքական բանակցությունների առնչությամբ Ադրբեջանի դժգոհության թուրքական վկայակոչումներն ընդունեց «հալած յուղի տեղ», թեև այնպիսի պետությունների պաշտոնական կառույցների ներկայացուցիչները, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը, համարժեք ընկալեցին թուրքական այդ խաղը։ ԱՄՆ-ի պետքարտուղար Հ. Քլինթոնի Բաքու կատարած այցը, այլ հանգամանքների հետ մեկտեղ, ցուցադրեց ԱՄՆ-ի ձգտումն Ադրբեջանը հեռու պահելու ոչ միայն Ռուսաստանից, այլև Թուրքիայից։ Եթե Ադրբեջանի հետ կապվում է ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ռազմական տարանցումը, ապա այդ տարանցումը միանգամայն «ինքնավար» պետք է լինի ոչ միայն Ռուսաստանից, այլև Թուրքիայից, թեև դա էապես հակասում է ՆԱՏՕ-ում Թուրքիայի դերին ու տեղին։ Արևմտյան տերությունները, Ռուսաստանն ու Իրանը խիստ գոհ են այն իրավիճակից, որ ստեղծվել է հայ-թուրքական հարաբերություններում կարգավորման գործընթացը դիտարկող փուլից հետո։ Այդ հարաբերությունները, «մոտիկ ազգական» երկրների միջև գործընկերության կանոնների պահպանմամբ հանդերձ, ի հայտ բերեցին Թուրքիայի պատրաստակամությունը` օգտագործելու «ադրբեջանական գործոնը» որպես Արևմուտքի և Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու միջոց։ Այդ իրադարձությունները, հայտնի չափով, ամերիկացիներին ու եվրոպացիներին ցույց տվեցին Ադրբեջանի հանդեպ Թուրքիայի ամբոխավարական վերաբերմունքը, ինչպես նաև այդ իրավիճակին արձագանքելու անհրաժեշտությունը։

ՈՒշադրության առնելով այդ իրավիճակը, ամերիկացիներն ու Եվրոպայում նրանց առաջատար գործընկերները չեն կարող ընդունել այլ որոշում, բացի Ադրբեջանի աշխարհաքաղաքական մեկուսացման քաղաքականությունը շարունակելուց, ինչը նշանակում է Ադրբեջանը հեռու պահել երեք առաջատար հարևաններից` Թուրքիայից, Ռուսաստանից և Իրանից։ Ընդ որում, Թուրքիայից Ադրբեջանը հեռու պահելու խնդիրն այս պահին գերակա է դարձել։ Ադրբեջանը չպետք է դառնա Թուրքիայի արբանյակ կամ տարածաշրջանային նվաճողամտության աշխարհաքաղաքական «կամուրջ», ընդ որում, ոչ միայն էներգամատակարարման գործառական առումով։ Իհարկե, որպես նավթի ու գազի մատակարար, Ադրբեջանը պետք է մնա Արևմուտքի լիակատար վերահսկողության ներքո, բայց խոսքը ոչ թե «նավթի տակառի» նկատմամբ իրավունքների պաշտպանության, այլ 21-րդ դարում հաջողության գագաթներին սրընթաց ձգտող Թուրքիայի մասին է։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 849

Մեկնաբանություններ