Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՀԱՂԹԱՆԱԿ ՈՒ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

ՀԱՂԹԱՆԱԿ ՈՒ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
21.10.2011 | 00:00

Սերբիայում մեկնարկել է մինչև 17 տարեկանների ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլը: Իններորդ խմբում ընդգրկված Հայաստանի ընտրանին առաջին խաղում հանդիպել է ՈՒելսի հավաքականի հետ և տարել կամային հաղթանակ` 3:2 հաշվով:
Արդեն առաջին խաղակեսի քսանիններորդ րոպեին, պարտվելով 0։2 հաշվով, մեր պատանիները կարողացել են արագ կենտրոնանալ, Էդգար Հարությունյանի խփած գոլերի հաշվին նախ հավասարեցնել հաշիվը, ապա և առաջ անցնել: Մրցավարի ավելացրած ժամանակի երկրորդ րոպեին Հայաստանի հավաքականի հաղթական գոլը խփել է «Փյունիկը» ներկայացնող Վարդան Բակալյանը:
Մեր տղաների հաջորդ հանդիպումը Սերբիայի հավաքականի հետ էր, որը, երկու անպատասխան գնդակ անցկացնելով մրցակցի դարպասը, կարողացել էր հաղթահարել լիտվական արգելքը: Խփելով արագ գոլ (Նաիրի Մինասյան)` մեր պատանիներն արդեն խաղի վեցերորդ րոպեին առաջ անցան, սակայն պատասխանի մեջ սերբերն այնքան էլ չհապաղեցին: Առաջին իսկ խաղակեսում հավասարեցնելով հաշիվը` նրանք կարողացան զարգացնել հաջողությունն ու հաղթանակ տոնել 2:1 հաշվով: Երկու գոլն էլ Նիկոլա Իվկովիչի ակտիվում է:
ՈՒելս-Լիտվա դիմակայությունում կարողացավ հաղթանակ տոնել առաջինը (2:0) և հավաքած երեք միավորով հասնել մեր ընտրանուն: Արդյունքում, հոկտեմբերի 22-ի վճռական խաղից առաջ, խմբում ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ մեր պատանիներին միայն ու միայն հաղթանակ է պետք խմբից դուրս գալու համար: Հայաստանն այդ օրը կհանդիպի ոչ մի միավոր չունեցող Լիտվայի ընտրանու հետ:
Իր հերթին Եվրոպայի ընտրական առաջնության ընտրական մրցաշարում ենթախմբային առաջին հանդիպումն այսօր կանցկացնի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը (գլխավոր մարզիչ` Վարազդատ Ավետիսյան):
Մեր ֆուտբոլիստների մրցակիցն է լինելու Սլովակիայի ընտրանին: Խաղը կայանալու է Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում, ժամը 16.00-ին:
Խմբում ընդգրկված մյուս թիմերն են Հունաստանի ու Անդորրայի ընտրանիները, որոնց հանդիպումը (ժամը 13.30-ին) տեղի է ունենալու «Միկա» մարզադաշտում: Ենթախմբային մյուս հանդիպումները կայանալու են հոկտեմբերի 23-ին (Հայաստան-Հունաստան, Սլովակիա-Անդորրա) ու 26-ին (Հայաստան-Անդորրա, Հունաստան-Սլովակիա):
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1451

Մեկնաբանություններ