Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ՓՈԽԱՌՈՒՄ ԵՆՔ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՅԹԱՅԹԵԼ ՆԱԵՎ ՍԵՓԱԿԱՆ ԵՐԿՐՈՒՄ

ՓՈԽԱՌՈՒՄ ԵՆՔ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՅԹԱՅԹԵԼ ՆԱԵՎ ՍԵՓԱԿԱՆ ԵՐԿՐՈՒՄ
13.03.2012 | 00:00

Ֆինանսատնտեսական ճգնաժամի ներկա փուլում տնտեսության աշխուժացման համար խիստ կարևորվում է փոխառու ֆինանսական ռեսուրսների դերը: Բարձր գնահատելով միջազգային ֆինանսական կազմակերպությունների և օտար-երկրյա կառավարությունների կողմից մեր երկրին տրամադրվող վարկային միջոցները, կարևոր է նկատել, որ դրանք, նպաստելով մի շարք տնտեսական հիմնահարցերի հանգուցալուծմանը, այնուամենայնիվ, առաջացնում են նոր խնդիրներ, որոնց լուծումները, իրենց հերթին, պայմանավորված են բազմաբնույթ ներքին և արտաքին գործոններով: Նախ, ավելանում է ինչպես արտաքին պարտքի բացարձակ մեծությունը, այնպես էլ արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, ինչը, իր հերթին, թույլատրելի սահմանային մեծություններ ունի, որից այն կողմ վերածվում է տնտեսական սպառնալիքի: Միաժամանակ, յուրաքանչյուր կառույցի ֆինանսական ռեուրսները տրամադրվում են Հայաստանին ոչ թե հայեցողաբար ծախսելու, այլ որոշակի նպատակներով, իսկ ավելի հաճախ` հստակ ծրագրի շրջանակներում: Այստեղից էլ առաջանում են ոչ միայն տնտեսական պայմաններ, որոնց առկայության դեպքում հնարավոր է ծախսել այդ ռեսուրսները, այլև տնտեսական և քաղաքական պահանջներ, որոնց կատարումը պարտադիր է, իսկ խախտումների դեպքում կիրառվում են պատժամիջոցներ, դադարեցվում է ծրագիրը, ձևավորվում են որոշակի կախվածություն և նոր պարտավորություններ:
Հատկանշական է, որ կառավարությունը մի կողմից ստիպված է ավելացնել արտաքին պարտքի ծավալները` նոր վարկերն օգտագործելու տնտեսության տարբեր բնագավառներում, մյուս կողմից տեղի է ունենում ժամանակավորապես ազատ ֆինանսական ռեսուրսների (երբեմն նաև` ի հաշիվ ներգրավված վարկերի) արտահոսք երկրից, ինչը տնտեսագիտության մեջ հայտնի է որպես «կապիտալի փախուստ»:
Երկրի արտաքին պարտքի ծավալների մասին խոսում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները: Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը 2009-ի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 1577,1 մլն ԱՄՆ դոլար: Միայն 2009-ին Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի և Ռուսաստանի Դաշնության հետ կնքված միջազգային պայմանագրերով և համաձայնագրերով Հայաստանի արտաքին պարտքը ավելի քան կրկնապատկվել է: Ի հավելումն նշված գումարների, 2009-ի հուլիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի վավերացրած համաձայնագրով Հայաստանը ստացել է 202,4 մլն դոլարի վարկ` հատուկ փոխառու միջոցներով: Այս ամենը մեծացնում է պետության արտաքին ֆինանսական պարտավորությունների ծավալները, որոնք արդեն անցնում են տնտեսական անվտանգության թույլատրելի սահմանները: Ավելին, վարկի մարման ժամկետանց վճարումների պարագայում, վճարվող գումարների ծավալներն ավելանում են (օրինակ, ՌԴ-ից ստացված վարկի մարման ուշացման դեպքում կգանձվի կրկնակի տոկոսադրույքով գումար):
Հայաստանի արտաքին պետական պարտքը 2012-ի հունվարի 1-ի դրությամբ կազմում է 3,57 մլրդ դոլար: Արտաքին պարտքը 2011-ին ավելացել է 8,2 %-ով կամ 270 մլն դոլարով (ստացել ենք 320 մլն դոլար, մարել 50 մլն դոլար): Պարտքի 82,7 %-ը կամ 2,9 մլրդ դոլարը բաժին է ընկնում ՀՀ կառավարությանը, 17,3 %-ը կամ 617 մլն դոլարը` ՀՀ Կենտրոնական բանկին: Հայաստանի ամենախոշոր վարկատուն շարունակում է մնալ Համաշխարհային բանկը, որին պարտք ենք 1,33 մլրդ դոլար (ընդհանուր պարտքի 37,5 %-ը): Երկրորդ խոշոր վարկատուն Արժույթի միջազգային հիմնադրամն է` 827 մլն դոլար (ընդհանուր պարտքի 23,2 %-ը): Խոշոր վարկատուներ են նաև Ռուսաստանն (համապատասխանաբար` 500 մլն դոլար և 14 %) ու Ճապոնիան (համապատասխանաբար` 397 մլն դոլար և 11,1 %):
Ինչ վերաբերում է «կապիտալի փախուստին», այստեղ որևէ հստակ պաշտոնական տվյալ կամ գնահատական գոյություն չունի: Հաշվառված են միայն ՀՀ առևտրային բանկերի միջոցով Հայաստանից «արտագաղթող» գումարների ծավալները: Սակայն հասկանալի է, որ, նախ, ոչ բոլոր գումարներն են արտահոսում ՀՀ առևտրային բանկերի միջոցով, և երկրորդ, խիստ անորոշ է, թե ինչ նպատակների համար են ծախսվում դրանք արտերկրում: Ավելին, Հայաստանի ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող ֆինանսական ռեսուրսները վերջին տարիներին հանգրվանում են Արևմուտքի առավել բարձր վարկանիշ ունեցող բանկերում, որտեղից ազգային կապիտալի այս կարևոր հատվածը կարող է ծախսվել տարբեր գործարար ծրագրերի ֆինանսավորման համար: Կապիտալի արտահոսքի հաշվարկների բոլոր հնարավոր մեթոդների կիրառումը հնարավորություն է տալիս խիստ մոտավոր գնահատականներ տալ, որոնք անցնող տարվա կտրվածքով կազմում են 1,7-1,9 մլրդ ԱՄՆ դոլար: Դրանք հիմնականում ուղղվել են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով զգալիորեն արժեզրկված անշարժ գույքի ձեռքբերմանը ԱՄՆ-ում, Եվրոպայում, անգամ արաբական երկրներում: Մի որոշակի հատված ուղղվել է Ռուսաստանում, ՈՒկրաինայում և ԱՊՀ անդամ այլ երկրներում նոր արտադրությունների ստեղծմանն ու ընդլայնմանը: Վերջապես, Հայաստանի քաղաքացիներն ու գործարար շրջանակները շոշափելի ներդրումներ են կատարում Վրաստանում` ինչպես զբոսաշրջության, ռեստորանների և հյուրանոցների բիզնեսում, այնպես էլ դեղագործության, շինարարության, անգամ ինովացիոն ծրագրերում: Կան նաև արտերկրում գիտաժողովների, առևտրային և այլ բնույթի ցուցահանդեսների, համերգների, այլ մշակութային միջոցառումների հովանավորման նպատակով կատարվող ծախսեր, սակայն դրանք հարադեպային և հաշվառման առումով առավել խրթին բնույթ են կրում:
Եզրակացությունը մեկն է: Հայաստանը միջազգային կառույցներից և արտերկրի կառավարություններից փոխառում է վարկային միջոցներ, որոնք, պարզվում է կարելի է հայթայթել նաև սեփական երկրում:
Ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն է առաջացել հաշվառելու, գնահատելու և հնարավորինս արդյունավետ օգտագործելու երկրում առկա, իսկ հետագայում նաև` հայկական կապիտալի ժամանակավորապես ազատ զանգվածը:
Ժամանակավորապես ազատ դրամական զանգվածը, որ բնակչության մի մասը պահում է բանկերից դուրս, պատկերավոր ասած` բարձի տակ կամ գզրոցներում, գնալով ավելանում է հատկապես ֆինանսական ճգնաժամի պայմաններում` բանկերի և այլ ֆինանսական կառույցների հանդեպ վստահության անկմանը զուգահեռ: Նույնը նկատվում է նաև ԱՄՆ-ում, Եվրամիությունում, այլ երկրներում բնակվող հայերի շրջանում, հաշվի առնելով տվյալ երկրներում բանկերի զանգվածային սնանկացումները և դրա շղթայական ռեակցիան ներդրումների բնագավառում: Արդյունքում մարդիկ սկսում են ավելի զգուշությամբ, եթե ոչ անվստահությամբ վերաբերվել մասնավոր բանկերին, որտեղ պահվող խնայողություններն ուղղակի կորչում են:
Այս պայմաններում գնալով ավելի պահանջարկված է դառնում պետության դերը: Նույնիսկ ամենազարգացած շուկայական տնտեսություն ունեցող երկրներում պետությունը «փրկագին» է վճարում, գնում սնանկացած բանկեր և անգամ արդյունաբերական ընկերություններ: Չի կարելի թերագնահատել նաև պետության դերը շուկայական տնտեսություն կառուցող այնպիսի երկրի համար, ինչպիսին Հայաստանն է:
Միաժամանակ, ուշադրության արժանի է այն երևույթը, որ, տնտեսագիտական համեստ հաշվարկների համաձայն, ներկայումս բնակչության (ներառյալ` միջին և խոշոր ձեռներեցները) ձեռքին կուտակված ժամանակավորապես ազատ դրամական զանգվածը կազմում է 10-11 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Հետևաբար, խնդիրը ոչ այնքան դրամական միջոցների անբավարար քանակի, որքան դրանք գրավիչ պայմաններով հավաքագրելու և արդյունավետ օգտագործելու մասին է:
Մեր համոզմամբ` Հայաստանի կառավարությունը, ավելի մեծ վստահություն ներշնչելով իր բնակիչներին և գործարարներին և ավելի գրավիչ պայմաններ առաջարկելով, քան դա կարող են անել տեղի կամ արտերկրի մասնավոր առևտրային բանկերը, կարող է լավագույնս օգտագործել Հայաստանի, իսկ հետագայում նաև` աշխարհասփյուռ հայության ֆինանսական կապիտալի զգալի մասը:
Պետությունը, ի դեմս ՀՀ կառավարության (հետագայում` ի դեմս Համահայկական բանկի), կարող է փոխառել երկրում և արտերկրում առկա դրամական միջոցները և զգալիորեն ավելի նպաստավոր պայմաններով (4-5%), քան առևտրային բանկերը (14-24%), տրամադրել այն գործարարներին, որոնք ունեն իրենց ձեռնարկությունների գործարկմամբ և զարգացմամբ ազգային տնտեսություններն աշխուժացնելու իրատեսական ծրագրեր կամ հայեցակարգային հստակ առաջարկներ: Պետության կողմից բոլոր վարկատու ֆիզիկական և իրավաբանական անձանց պետք է տրամադրել վերադարձելիության ամենահուսալի գործիքը` պետական երաշխիքներ:
Հայկական միջազգային կապիտալի հավաքագրման և դրա արդյունավետ օգտագործման նպատակով անհրաժեշտ է մշակել Հայաստանի պետական բոնդերի (պարտատոմսերի) ծրագիր: Հայաստանի կառավարության կողմից խնդրի անհրաժեշտության գիտակցման և դրա մասին պաշտոնապես հայտարարելու դեպքում կարող են թողարկվել երկարատև մարման ժամկետով Համահայկական բոնդեր, որոնց իրացումը հիմնականում ակնկալվում է իրականացնել ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում, և նպատակ է հետապնդում ձևավորելու պետության կարիքների համար անհրաժեշտ նյութական միջոցներ: Սովորական պետական բոնդերից տվյալ ծրագիրը տարբերվում է նրանով, որ նախ, պետությունը տնօրինում է այդ միջոցները բացառապես համապետական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար, իսկ նման ծրագրերի իրականացման վերաբերյալ որոշում կայացնում է կոլեգիալ մարմինը` ՀՀ նախագահի գլխավորությամբ: Յուրաքանչյուր սփյուռքահայ կարող է հետագայում կտակել իր ձեռք բերած բոնդերը կամ փոխանցել այլ սեփականատիրոջ` պահպանելով իր մասնակցությունը Հայաստանում իրականացվող տարբեր ծրագրերին:
Հայկական միջազգային բոնդերի իրացումից ստացված միջոցների հաշվին ձևավորված ֆոնդը կարող է հիմք լինել նաև այլ ծրագրերի համար երաշխիքներ տրամադրելու կամ ծառայելու որպես համաֆինանսավորման աղբյուր: Ամենահամեստ հաշվարկներով, հաջող մեկնարկի և կազմակերպական աշխատանքների պարագայում արդեն առաջին տարում կարելի է ակնկալել առնվազն 10-15 մլրդ ԱՄՆ դոլարից ավելի գումարների ներհոսք: Միջոցների նպատակային օգտագործման պարագայում այդ ծավալները կարող են արագ բազմապատկվել:
Երկրից դուրս գտնվող քաղաքացիների ֆինանսական ռեսուրսների հավաքագրման նման ծրագրերի հաջող օրինակներ են գրանցվել Իսրայելում, Հունգարիայում և այլ երկրներում: Հայաստանի պարագայում Հայկական միջազգային բոնդերի ծրագիրը կարող է պատկառելի գումարներ ներգրավել, որոնք անհամեմատելի են ժամանակ առ ժամանակ սփյուռքում դրամահավաքներ և հեռուստամարաթոններ կազմակերպելու միջոցով հավաքագրված միջոցների հետ: Բոնդ գնելով, յուրաքանչյուր հայ իրավունք ունի նաև հաշվետվություն պահանջելու այդ միջոցներով իրականացվող ծրագրերի ընթացքի և արդյունքների մասին, իսկ վստահության դեպքում` կրկնապատկելու իր ներդրումները:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 2274

Մեկնաբանություններ