Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Չկռտենք մայրենին

Չկռտենք մայրենին
05.12.2008 | 00:00

ԼԱ՞ՆՔ, ԹԵ՞ ԽՆԴԱՆՔ
Վաղուց էր ուղեղումս խմորվում գրելիքիս նյութը, բայց համարձակությունս, կարծես, չէր ներում գրիչ վերցնել, պատրաստել լրագրողական մի նյութ, անունն էլ դնել հոդված, մանավանդ որ մասնագիտությամբ լրագրող չեմ` դիպլոմավորված լրագրող։ Էդ դեպքում ինչո՞ւ ես հիմա գրում, կհարցնեք։ Պարտավոր եմ պատասխանել, ընդ որում, խուլ ճիչով, որովհետև անհաշվելի անգամ պարտավոր եմ այլևս չլռել մեր շրջապատում, ի՛մ շրջապատում, բոլորի՛ս շրջապատում գոյություն ունեցող, շատ մեղմ ասած, անարդարության դեմ։ Որովհետև, անգամ ինձ` արվեստում թոթովախոս դեղնակտուցիս, որը կտուցն ամրացնելու համար դեռ երկար պետք է «սևագործություն» անի, խոսելն այլևս կենսական անհրաժեշտություն է։ ՈՒստի խնդրում եմ բոլոր ինտրիգային հարցադրողներին հանգիստ լինել, քանի որ ինձ գրամոլությունը կամ «մոլի մոլորությունը» չէ, որ հարկադրում է գրել։ Փառք Աստծո, նեղ անձնական բաներից դուրս` առավել հրատապ ու լուրջ թեմաների մասին մտածելու և գրելու պարտադրանքն, ի վերջո, ինձ էլ հասավ (պատկերացնում եմ լուրջ վաստակ ունեցող մարդկանց` արվեստագետների վիճակը)։
Բարեբախտություն, թե դժբախտություն ունեմ շփվելու հասարակության տարբեր «սոցիալական խմբերի հետ» և դժվարանում եմ հիշել մի այնպիսի ոլորտ, որտեղ լեզուն` հայոց լեզուն, լինի իր երբեմնի բարձրության, վեհության վրա, մի այնպիսի ասպարեզ, որտեղ կործանիչ անտարբերությունն ամբողջապես կամ թեկուզ մասնակիորեն չի խեղաթյուրել մեր լեզուն։
Ինչպես պաշտելի Սևակը կասեր` «պարտադրելու չափ խնդրում եմ» քայլեք փողոցներով (ընդ որում` ցերեկը, գիշերն ավելի հոգեցունց բաներ են կատարվում, բայց դա մի այլ ծավալուն խոսելիքի նյութ է), հետո մտեք մոտակա մի դպրոց, բուհ (որովհետև տաքսիների չափ «բուհ» ունենք)։ Ընթացքում գլուխը կախ պահելու փոխարեն նայեք շուրջ բոլորը ծփացող երփներանգ ու «երփնա»բովանդակ գովազդային վահանակներին, որ պաստառ էլ չէ` «պոստռ» ենք կոչում։ Դե, հիմա անմիջապես նստեք, քանի որ ուժեղ գլխապտույտ սկսվեց։ Հարցնում եք` որտե՞ղ նստել. ենթադրում եմ` պատահաբար գտնվում եք ամեն քայլափոխի հանդիպող չգիտեմ «ինչարանում», որոնք էլ «օբյեկտ» ենք անվանում։ Այստեղ էլ բացեք «մենյու» (ճաշացուցակ) ասվածը, եթե կա, իհարկե։ Ծիծաղելի՞ է։ Լիովին համաձայն եմ, բայց ողբալին դեռ առջևում է, երբ պտտում ես հեռուստացույցի, ռադիոյի ալիքները, գնում ես ներկայացում դիտելու, բացում ես մի գիրք, որտեղ ենթադրաբար գրականություն պետք է լինի կամ նախապես չընտրված երգ-երաժշտություն ես ուզում լսել, և հանկարծ այնտեղից ուղղակի, անթարթ հայացքով, անզղջում, թքելու պես, հայհոյում են դեմքիդ։ Դե, հիմա եկեք վիճենք. այդժամ «անզորությունից» լա՞նք, թե՞ խնդանք։ Երիցս փառք ու օրհնություն բոլոր այն «զորեղներին», ովքեր ամենօրյա անձնուրաց պայքարի մեջ են, թեկուզև մտոք, իշխող լեզվամտածողության դեմ։ Իսկ նրանք, Փառք Աստծո, կան մեզանում։
Սխալ չհասկանաք, ոչ ոք կոչ չի անում, առավել ևս` քարոզում ամենուր «գրասենյակային լեզվի» գերիշխանությունը։ Ի դեպ, ինչպես նշում է Լևոն Հախվերդյանը, «գրասենյակային լեզու» հասկացությունը Չուկովսկին է կիրառության մեջ դրել, շեշտելով. «Այդ հիվանդությունը հազար անգամ մեծ չարիք է, քան բոլոր տեսակի ժարգոնները, քանի որ դա կարող է մեր ժամանակակից խոսքը դարձնել, և դարձնում է, հյուծված ու թուլակազմ»։ Իսկ Հախվերդյանն իր հերթին նշում է. «Խոստովանեմ` ինձ վրա շատ ծանր է ազդում մարդկանց գռեհիկ, շփերթ, խենեշ լեզուն, չխոսելով այլևս հայհոյանքի մասին, որը, իմ կարծիքով, բնորոշում է մարդ արարածի ամենաստորին աստիճանը։ Այն էլ, երբ լսում եմ պատանիների և երիտասարդների շուրթերից, նրանց, ում հետ կապում ենք մեր երկրի, մեր ազգի հույսն ու ապագան»։ Իմ պատկառելի, լուսահոգի ավագ ընկերն ի՞նչ իմանար, իսկ թե իմացել է, պարզապես հասկանալ է պետք դառնանալու չափը, որ հիմա հայհոյում են առանց սեռի ու տարիքի խտրականության։
Այժմ, ինչպես Պարույր Սևակը կասեր, «գա՜նք, գա՜նք ու հասնենք» մի նվիրական թեմայի, որի անունն է գրականություն (անըմբռնելի չէ, կարծում եմ, որ լեզվի մասին խոսելիս ակամայից անցում է կատարվում դեպի գրականություն)։ Հատկապես այս դեպքում չեմ կարող քննադատություն ասվածից պոկել զգացմունքայնությունը, երբ անկյունաքար ունենք Պարույր Սևակին, իսկ «քննադատելու թիրախ»` այդ լուսավոր տաղանդի դեմ զազրախոսներին։ Ես գալիս եմ վերջից և միանում ինձ անծանոթ, բայց գաղափարակից ու հոգեհարազատ այն ուսանողներին, ովքեր հեղինակել էին մի հոդված, որն, ի սկզբանե, և՛ մեծ ցավ, և՛ մեծ ուրախություն պատճառեց ինձ։ Մի կողմ թողնենք իմ սևակասեր, սևակապաշտ լինելու «թուլությունը». ինձ պարզապես խեղդելու չափ զայրացնում է այն լկտի, լպիրշ հանդգնությունը, որով «ձեռք» են բարձրացնում նրա վրա (հարգարժան Աշոտ Թադևոսյանի` Սևակի նվիրյալ ընկերոջ, ում մոտ է պահվում մեծ պոետի մեծ սիրտը, ականջից հեռու)` ունենալով, գուցե, ցեղային գենետիկ թշնամություն այդ ոգեղեն անպարտելիության դեմ (ինչպես հայոց լեզուն)։ Իսկ ո՞ւր մնաց մեր ազգային գենը։ Ի վերջո, եկեք մեծության դասեր քաղենք նույն Հովհաննես Շիրազից, ով ժամանակին, թերևս, միակ արժանին էր Պարույր Սևակի ընդդիմախոսն ու հակակարծիքի կրողը լինելու, որը երբեք չարության, նենգության չփոխակերպվեց։ Եվ հարկ ու արժան է երկուստեք, որ հիշենք, թե վարք ու խոսքով ինչպես դրսևորեց իրեն Հովհաննես Շիրազը` հանդեպ Պարույր Սևակը` նրա մահվան առիթով։ Այնուհանդերձ, բերկրությամբ եմ համակվում, որ կա հատկապես ուսանողական մի խումբ, որն ատում է «սուսիկփուսիկությունը»` հանուն սուրբ գրականության և նրա նույնքան սուրբ ջահակիրների։ Վերջապես, Պարույր Սևակ ոգեղենությունն այլևս թթխմոր ուղեղների «բացահայտումների» ու գնահատականների կարիքն ու հարկը չունի, քանի որ ժամանակը, արդեն երեսունյոթ տարվա հեռավորությունից, հաստատել է նրա «բացարձակ գերազանցիկությունը»։ Իսկ որպեսզի մեղանչած չլինեմ մեր բոլոր ստեղծագործողների գրական վաստակի առաջ, պետք է ասեմ պարզապես` թող պարտական մնան բոլոր նրանք, անգամ իրենց թերի միջակությամբ, ովքեր դեռ կեղտոտ կամք ունեն բռնադատելու նրանց ստեղծագործական ուղին։
«Գրական մակուլատուրա». համաձայնեք, որ զվարճալի մակդիր կամ, որպես արտահայտություն, նորարարություն է մեր բառապաշարում։ Եթե այն ինձ անհայտ գրական տերմին չի եղել վաղուց, ուրեմն, արդյո՞ք այս նորը որքան որ զվարճալի է, նույնքան լավ է ու անհրաժեշտ, որպեսզի երկար կյանք ունենա։ Նախ, դույզն-ինչ հետ գնալով` թույլ տվեք նկատել, որ լեզուն նույնքան բացարձակ նշանակություն ունի գրականության համար, որքան օդը ջրի բաղադրության մեջ, և ինչքան այն բացիլակիր է, այնքան ջուրը պղտոր է։ Իսկապես, այսօր ավելի, քան երբեք, պղտորվել է սուրբ գրականությունը` որպես կենարար աղբյուր։ Եվ սա բացառապես արվում է լեզվի միջոցով ու հրամցվում է հանրությանը տպագիր փայլուն գրքերի տեսքով։ Ստացվում է, որ եթե «գիրք դարձած» բանաստեղծությունը հանգավորվում է հայհոյանքով (բա ո՞ւր մնաց մեր 250000 հատիկ բառը), ապա ինչո՞ւ այն չի կարող «համեմել» առօրյա բանավոր խոսքը։ Այն, կարծես, գործածվում է որպես հակադեպրեսանտ, որը հասանելի է անխտիր բոլորին (լուսահոգի պապս կասեր` հերսոտած վախտ բա մարդ մի ուշունց չտա՞` սիրտը հովացնի)։ Առիթն օգտագործելով` հիշեմ ձեռս ընկած մի գրքույկի մասին` «Հայհոյանքը` մեծ չարիք», որում խոսվում է դրա ծնած անդառնալի հետևանքներից, մանավանդ որ մենք` մեծերս, մեր մի քանի վայրկյանի եղկելի «հաճույքի» համար, հայհոյանք ենք դնում նոր-նոր լեզու առած մանկան թլվատ շուրթերին, երբեմն` նաև աղջիկ երեխաների։ Պերճ Զեյթունցյանը հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ ասաց, որ ընդդիմախոսությունն էլ պետք է դրդված լինի սիրուց և առաջնորդվի սիրով։ Իսկ բեմարվեստի մանկավարժական համալսարանի ռեկտոր Արմեն Նալբանդյանն էլ այն համոզմունքն ունի, թե «առանց չարության ընդդիմանալու համար պետք է պարզապես անհատնում սեր ունենալ, այլապես զուտ քննադատությունը, մեղմ ասած, որպես կանոն, անարդյունավետ է»։ Դժվար է առարկել կամ չընդունել ասվածի ճշմարտացիությունը, քանզի կույր, հետևաբար` ոչ կառուցողական քննադատությունը նման է անհոգի նշտարի, որն ի վիճակի չէ կտրելով բուժելու, այլ բութ ցավ է պատճառում։ Միա՛յն։
Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 4243

Մեկնաբանություններ