Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԱՇՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆ (ջայլամի ձվի ոդիսականը)

ԱՇՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆ (ջայլամի ձվի ոդիսականը)
09.09.2011 | 00:00

«Ականջս որսաց մի խոսք` կարող է քանդեն գերեզմանոցը, քաղաքի լավ տեղում է, թաղապետարանի դիմաց:
Իսկ հրեա գիտնական Վենդել Սոլոմոնը գրում է.
-Բոլոր ցեղասպանությունները, ի վերջո, զուտ համաշխարհային ֆինանսական հաշվարկի վրա կազմակերպված մղձավանջներ են: Նավթը միշտ թանկ է ճշմարտությունից: Այդպես է ճշմարտությունը` գազի պես ցնդող»:

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ, «Պոլիս-2007»
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐ
(նախավարժանք)

Օգոստոսն էլ հեռացավ, բավականին անցավ (նկատի ունեմ առանց ցավի): Զի խաղեր էին համահայկական, ու գրողի ծոցում պահ մտան ազգային հոգսն ու հանրային մրմուռը:
Սեխաչրի նման կպչուն ու քաղցրաբորբ շոգը երրորդ տասնօրյակում նահանջեց: (Սեպտեմբերյան հովերի հետ համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքը թավալվեց Բրուկլինից Զանգիբասար):
Սակայն դադար տանք: Խոր շունչ ենք քաշում, սուրճը համեմում կոնյակով և, ուշադրություն` ահավասիկ խաղի նոր կանոններն աշնանային նստաշրջանում:
Այսուհետև բացասական բացիլակիրները «լճիցլիճերում» շրջում են մոխրագույն մակույկով և դոդոշ որսում: Առանց դինամիտի ու կարթի:
Դրական դարդիմանները զբոսնում են եռագույն առագաստանավով, կարմրախայտ որսում և տրվում իրիկվա զովին:
Կեցցե՛ս, ՄԻՊ Անդրեասյան, տիար Կարեն, առագաստանավի ղեկանիվը քո ձեռքում է, պտտիր թափով: Իսկ ուղևորդ ու սեղանակիցդ քահանա-բարեպաշտ Արթենյանն է:
ՈՒշադրություն. մոխրագույն մակույկի գալիք դոդոշաորսորդներին ընտրում է «լճիցլիճյան» արժանապատիվ ընթերցողը:
Բայց ինչե՜ր եկան ու անցան օգոստոսին: (Գնդակ որոտաց նոյեմբեր ամսին, գները թռան այս ամռան կեսին):
Հուշիկ և աննահանջ շերխաններն ու շակալախմբերը բորբոքեցին հանրային կրքերը, նախ թեթև ճախրեց թթվասերի գինը, պանրալեռները զուգընթաց շտկեցին ուսերն ու շորորեցին կոնքերը: Պանրի գինը, թթվասերի պատիվը պահելով, աննշան վեր սահեց: (Դեռ կգա պահը պատմական, և ազգովին հուշարձաններ կկերտենք Շեր-խանին ու Շակալախմբերին, զի նրանք բարեշնորհ ձևով թմրեցրին մեր ազգային-հանրային ըմբոստությունը, հանուն մեր բարոյահոգևոր առողջության):
Առջևում եռակի ցնցակաթվածն էր, բարձրավոլտ ցունամին, կատաղի ալեբախությունը: 3-րդ հանրապետության քաղաքատնտեսական ընտրանին հերթական աքացին հասցրեց համաշխարհային տնտեսական կանոնակարգի դրույթներին (Զանգվի ձորում գետը նետվելով կյանքին վերջ տվեց Մարքսի «Կապիտալը»): Հայոց լեռնաշխարհում խոշոր եղջերավորների գլխաքանակը շեշտակի աճեց անցած ամռանը: Եվ այդ ձե՛զ մոտ է, պարոնայք անգլոսաքսեր, խափշիկներ ու սելջուկներ, շուկան արձագանքում հարիֆային հնազանդությամբ, այսինքն` աճեց գլխաքանակը, պիտի անշեղորեն նվազի գլխագինը: Ախորժակներիդ` ժավելի սպիրտով շաղաղված քուսպ, մեր նորանկախ երկրում խոշոր եղջերավորների (հանդի տավար, գեղամեջի եզ ու գյուղապետարանի պարծանք գոմշացուլ), ինչպես նաև մանր կճղակավորների (ուլիկ, հորթիկ և մի ամլիկ գառ) սահմանադրական իրավունքն ու ինքնորոշման սկզբունքը անխախտ ու հիմնարար նորմատիվ ակտեր են, և ահա ցուլ ու մաքի հուլիսի սկզբներին կազմակերպված ընդհատակյա-բացօթյա հանրահավաքում ուղերձ հղեցին հանրապետության քաղաքատնտեսական ընտրանուն:
Ահավասիկ հեռագրի բովանդակությունը. «Մենք, ներքոբառաչյալներս, մկկացողներս ու պոզամարտի վարպետներս, հորդորում ենք` «մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին, մեր միսը վարդագույն շատ թարմ է ու սին»: Ելնելով վերոնշյալից, վիրավորական ու անհեռանկար ենք համարում հայոց շուկաշոկային ջունգլիում ազգային փոքրամասնության կարգավիճակում հայտնվելը, և պահանջատեր ենք, որ մեր մսաթոքապլոճիկագինը նույն հարթության վրա գտնվի, ուր ձվի, կարտոֆիլի, պանրի ու շաքարավազի գներն են: Լիամռունչ ենք և հաստատակող: Հուլիսի 5, Անհայտ արոտավայր, 2011 թ.»:
ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵՂՈՒՄՆԵՐ` ՎԱՂ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՑՆԾՈՒԹՅԱՄԲ
Եզան պլոճիկի հոխորտանքը. «Այսպիսի գին, ես իմ հոգին, թե ձկնկիթն ունենար…»:
Շաքարավազի թանկացումից հետո հարյուր երջանիկներ երջանկաբեր վիճակախաղով անվճար թավալվեցին հեռավոր ծովափնյա ավազին:
Սովալլուկ, բայց մարտաշունչ գիտնական, կենսաֆիզիկոս և շնաբույծ Աթանես Վրթանեսյանի հայտնագործության սեղմագիրը. «Հաշվի առնելով պետբյուջեի հավերժ կախվածությունը միջազգային դրամաշնորհներից և ազգամիջյան վարկերից, առաջարկում եմ պետբյուջեի անկախացման համալիր ծրագիր: Իմ խմբի ստեղծած անտեսանելի մալուխները անթաքույց միակցում ենք համահայկական միջոցառումների մասնակիցների կոկորդին, կոնքերին և ոտքերին:
Ինչպես հայտնի է տարաբնույթ միջոցառումների ժամանակ երգիչ-երգչուհիների, հայրենակարոտ հայրենասերների և ազգապահպան ընդդիմության վերոնշյալ օրգանները ծավալուն կենսաէներգիա են արտադրում, որը մալուխների միջոցով կկենտրոնանա ֆիզիկայի ինստիտուտի պարապության մատնված արագացուցիչում և քիմիական մաքրազերծման ենթարկվելով` կփոխանցվի Ճապոնիա, ԱՄՆ և Ապարանի բարձրավանդակ:
Մեկ տարվա կտրվածքով շուրջ 1 միլիարդ եվրոյի կենսաէներգիա կարտահանվի: Միաժամանակ այն գործում է հավերժական շարժիչի տրամաբանությամբ, այսինքն` ոչնչից արտամղում է ամեն ինչ: Այսինքն` լիցքավորման պահին մերսվում են կոկորդները, կոնքերն ու ոտքերը: Մի բան, որ, բացարձակապես անվնաս լինելով, միանգամայն առողջարար է:
Միաժամանակ, օգտվելով առիթից, միջանկյալ մի գյուտ էլ եմ ներկայացնում: Մեր հինգտարյա հետազոտություններով հիմնավորվել է, որ անբնական հումքից ստացված բնական արտադրանքը խիստ օգտակար է անասունների դաբաղը բուժելիս: Այս իմաստով շատ տեղին կլինի հեռուստատեսային «քլաբներից» դուրս թափվող փրփուրը պահածոյացնել և վաճառել մեր սարվորներին: Սույն փրփուրը համապատասխանում է գյուտի չափորոշիչներին` բեմում իսկական հումորի իսպառ բացակայություն է, դահլիճում` հևասպառ խրխինջ ու սպառնագին գալարումներ:
Հ.Գ. Եթե հայտնագործությունն ու գյուտը արժանի ուշադրության չարժանանան հանրապետությունում, կարտահանվեն Վրաստան և Քուրդիստան»:
ԵՐԵՎԱՆՅԱՆ ԽԱՂԵՐ ԵՎ ՓԱՅԼԵՐ
(Երևան դարձած իմ Քյավառ, Քյոռ Ախտա, Թայչարուխ և Բոզիգեղ)

Զի նավթը միշտ էլ թանկ է ճշմարտությունից, ճշմարիտը շեփորենք: Վասն քաղաքապետ տիար Կարապետյանի: Հանձին (և ի հեճուկս) տրանսպորտապետ Նավասարդյանի: Ի զարմանս ոստիկանապետ Ալիկ Սարգսյան-գեներալի:
Ի կատարումն ՀՀ ՃՈ պետի: Վերծանում ենք. ՃՈ, ասել է թե ճանապարհային ոստիկանություն: Ահա թե ոնց եվրակրթվեց սույն մարմինը ոստիկանական: Աներևույթ սուրում են պողոտաներով, արհամարհելով նրբանցք ու բակ: Կանխարգելում են կարգազանցին, հաշիվները վերջինիս հետ պարզում ծառայողականի երկրորդ շարքի նստարանին խորասուզված:
Եվ սուզվում են անտարբերության հորձանուտը: Ահա ծուխ ու մուր արտավիժելով` քաղաքն են հերկում ծխաբարոններն ու մրակոմսերը: ՈՒ լիացնում-շենացնում քաղաքաբնակների թոքերն ու մնացյալ շնչառական բարեմասնությունները:
ՃՈ-ի կողմից և ոչ մի արձագանք: Բայց ահա Կորյուն-Տերյան խաչմերուկի վրա հառնեց «Ցիտադել» համալիրը: Վեր հառնեց և բաժան-բաժան եղավ տարասեռ գրասենյակների միջև: Եվ կատարվեց անխուսափելին (մեր նորանկախ գործարարին բնորոշ չէ մանրուքներին տուրք տալը և գրասենյակային համալիր կառուցելով` կառուցելը նաև համապատասխան ստորգետնյա ավտոտնակներ): Համալիրին կից ավտոբուսային կանգառը մասնավորեցրել է ոմն ցիլինդրակիր արարած, ով զօր ու գիշեր տրանսպորտի սպասող ուղևորներին քշում է մայթից և տեղ բացում գրասենյակներ այցելողների շարժակազմերի համար:
Սա, ինչ խոսք, հոր խերի չէ: Ցիլինդրավորը «Ցիտադելի» ողորմածության շնորհիվ իր օրական գողոնն ունի: Ի հաշիվ հակահասարակական ելուզակության:
ՈՒ, ինչ խոսք, սա մանրուք է, ոչ վայել ՃՈ-ի ուշադրությանը:
Նմանապես վայել չէ նրանց Երևանի էլիտար կենտրոնում լուսարձակվել, զի երեկոյան ժամերին այստեղ սկսվում է ուշագրավ մի հանդես, էլիտար կենտրոնի օծանելիքով լոգանքն ընդունող ջահելությունը սկսում է իր «բռնոցի-պպզոցին»: Հասկանալի է, հեծած ոչ պակաս էլիտար շարժակազմերի ղեկին: Բայց դե, կներեք, էլի, ՃՈ անձնակազմը հո սեփական խելքը պետական պարգևավճարի հետ չի՞ կլանել, որ ձեռք բարձրացնի հենց նրանց վրա, ում առջև սեփական շեֆերը պապանձվում են դասից ուշացած գերազանցիկ աշակերտի պես: Մի խոսքով` ՃՈ ասել է ճողվածք և ժամանակին կատուն ճոն էր:
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐ, ԵՐԵՎԱՆՅԱՆ «ՓԱՅԼԵՐ»
(վերջաբանի մորմոքը)

Թիվ 46 երթուղու միկրոավտոբուսները հայտարարում ենք խաղից դուրս: Ոլորտում կարծես բարեփոխումներ են: Բայց կարծրատիպերը թուղթ ու գիր են արել սույն երթուղու իրական և դրածո տերերին, զի խարխուլ շարժակազմերը միջհանրային գրկախառնության և շախմատային ձիու կեցվածքով երթևեկելու մարզասրահներ են, վարորդներն անթրաշ ու մռայլ, բայց, արի ու տես, սույն երթուղում այդպես էլ ի հայտ չեն գալիս միջին տարողության ավտոբուսները: Չի՛ կարելի: Նի՛խտ: Յո՛խ: Էդ ում ձեռքը կբարձրանա այս խառնափնթոր գծի վրա, եթե դրա իրական սեփականատերն է հույժ նշանակալից մասնակցություն ունենում երկրիս չարին ու բարուն:
Ողջ ամառը թիվ 19 երթուղու «Բոգդանները» հոպ-զիլինա, զիլինա խաղացին ուղևորներիս հետ: Գիծ են մտնում, երբ ուզում են, գիծը լքում են, երբ հրահանգն է իջնում: Կռահեց, անշուշտ, արգո ընթերցողը, որը թիվ 19-ը թիվ 46-ի մրցակիցն է, բնականաբար, հայտնվել է ընկեցիկի կարգավիճակում:
Կեցցե անկախությունը մեր նորանկախ: Ահա անցնում ես փողոցով ու թե մտքիդ կա 2012-ին պատգամավոր ձեռնադրվել, նախ հուզախռով «խնչում» ես ոստիկանական պարեկի ներկայությամբ, հետո, թույլից չափավոր լկտիության ժպիտ ուրվագծելով դեմքիդ, պարեկից անձեռոցիկ ես խնդրում: Բնականաբար, հանրային հուզումներից քնահարամ ոստիկանները թե՛ անձեռոցիկ են հրամցնում, թե՛ օձիքդ հարդարում և թե՛ անեկդոտ պատմում իրենց շեֆի մասին: ՈՒ հենց էդ պահին կծում ես առաջինի ցուցամատը, տրորում երրորդի բթամատը և հարու տալիս երկրորդի ստոծանու ուղղությամբ: Բնականաբար, բերման ես ենթարկվում ոստիկանական տեղամաս և… հռչակվում քաղաքական այլախոհության նորօրյա մունետիկ:
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Գ. -«Լճիցլիճն» ամռանը փոթորկվեց և ասպարեզ իջավ նաև որպես հեռուստանախագիծ։ Ազատ, անկախ և երգիծանքի կարոտ հեռուստաընկերությունները կարող են դիմել խմբագրություն։ Մենք պատրաստ ենք երկարատև հեռուստամարտերի։ Առջևում ընտրություններն են։

Դիտվել է՝ 1893

Մեկնաբանություններ