Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ՏԱՍՆԱՄՅԱԿ. ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ՏԱՍՆԱՄՅԱԿ. ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ
30.09.2011 | 00:00

Ակնհայտորեն, այսօր իրեն սպառել է տնտեսության ճյուղային մոդելներով երկրի զարգացումն ապահովելու հավակնությունը: Անհետաձգելի պահանջ են դարձել երկրի մրցակցային առավելությունների իրատեսական գնահատումը, դրանց հիման վրա նոր տնտեսական քաղաքականության մշակումն ու իրականացումը: Տնտեսության համար հարցերի հարց է մնում ապապետականացված, բայց չգործող օբյեկտների վերագործարկումը: Մեր կողմից, մասնավորապես, առաջարկվում է.
. արտոնություններ սահմանել աշխատող ձեռնարկությունների համար՝ կիրառելով արտադրության հիմնական միջոցներից և անշարժ գույքից գանձվող հարկերի զրոյական դրույքաչափ գործունեության առաջին, իսկ առանձին դեպքերում` նաև երկրորդ և երրորդ տարիներին,
. սահմանել ժամանակային պրոգրեսիվ սանդղակով գանձվող գույքահարկ` չաշխատող ձեռնարկությունների արտադրության հիմնական միջոցներից և անշարժ գույքից հետևյալ ձևով.
-արտադրության հիմնական միջոցներից՝ առաջին տարում՝ դրանց շուկայական արժեքի 5, երկրորդ տարում` 10, երրորդ տարում՝ 25 %-ով,
-անշարժ գույքից՝ դրանց շուկայական արժեքի 0 %-ի չափով՝ առաջին տարում, 5 %-ի չափով՝ երկրորդ տարում և 10 %-ի չափով՝ երրորդ տարում:
Ակնկալվում է, որ չաշխատող ձեռնարկությունների սեփականատերը ստիպված կլինեն ընտրություն կատարել հետևյալ քայլերից.
. սեփական ուժերով վերագործարկել ձեռնարկությունը՝ ազատվելու աճող հարկային բեռից և օգտվելու գույքահարկի արտոնություններից,
. վերավաճառել ձեռնարկությունը շուկայական գնով, կամ վերադարձնել ապապետականացման համար վճարված անվանական գնով,
. վարձակալության տալ արտադրությունը վերագործարկելու պատրաստ բանիմաց մասնագետների՝ պայմանագրային հիմունքներով,
. պետության հետ համատեղ վերագործարկման ծրագիր մշակել` պետական բաժնեմաս տրամադրելով պետպատվերի դիմաց
. հայտարարել սնանկություն ՝ գործող կարգի համաձայն:

Առաջարկվում է հարկային արտոնություններ նախատեսել նաև վերագործարկման ծրագիր ներկայացրած ձեռնարկությունների համար՝ հետաձգելով գույքահարկի գանձումը մինչև կառավարության կողմից հավանության արժանացած վերագործարկման ժամկետները:
Հավատացած ենք, որ այս ամենը կարող է և պետք է նպաստի պարապուրդի մատնված ձեռնարկությունների վերագործարկմանը: Ավելի լայն առումով, տնտեսական աշխուժությունը պայմանավորված է նոր մոտեցումներից բխող հստակ քայլերով, որոնք ենթադրում են՝
1. ակտիվացնել պետության օժանդակող դերը՝ ներդրումների համար գրավիչ ծրագրերի մշակման ու համադրման ուղղությամբ, ինչպես նաև վերանայել ներդրումների իրականացման ճանապարհին գոյություն ունեցող մաքսային, հարկային, բյուրոկրատական ու այլ բնույթի արգելքները:
2. Առաջնահերթ աջակցություն ցույց տալ ներդրումային այն ծրագրերին, որոնք կստեղծեն նոր աշխատատեղեր, կնպաստեն ներքին շուկայի պահանջների բավարարմանը և առավելագույնս կհամապատասխանեն ընտրված տնտեսական առաջնահերթություններին. ներդրումային առավել կարևոր ծրագրերի գծով առաջարկվում է նախատեսել հարկային և մաքսային արտոնյալ կարգավիճակ՝ շահույթի ստացման առաջին (առանձին դեպքերում՝ նաև երկրորդ) տարում։ Հիշյալ առաջարկը հարկային ճկուն քաղաքականությամբ կարող է ապահովել զարգացման բարձր տեմպեր:
3. Առաջնահերթությունների համակարգում ներառել նոր տեխնոլոգիաների մշակումն ու կիրառումը, հաշվի առնելով, որ հանրապետության արտահանման կարողության զարգացումն անհնար է պատկերացնել առանց դրանց օգտագործման, տեխնոպոլիսների ստեղծման և երկրի մտավոր, մասնագիտական ներուժի առավել լրիվ օգտագործման՝ հիմնականում՝ արդյունավետ գործող բաժնետիրական ընկերությունների ստեղծման, փոքր ու միջին բիզնեսի զարգացման և արդյունաբերությունը սպասարկող ենթակառույցների արմատական բարեփոխման: Հիշյալ առաջարկության իրագործման գործնական քայլ կարող է լինել ՀՀ և ԱՄՆ-ի կառավարությունների միջև ձեռք բերված համաձայնության հետևողական իրականացումը՝ կիսահաղորդիչների համատեղ արտադրության գծով։
4. Տեղի ձեռնարկատերերին (հատկապես լեռնային և սահմանամերձ բնակավայրերում) արտաքին շուկայի մրցակցության հարվածներից պաշտպանելու, ավերված տնտեսությունները վերականգնելու և տեղական ապրանքների մրցունակության բարձրացման, նոր արտադրություններ հիմնելու սկզբնական փուլում կիրառել արտաքին առևտրի կարգավորման տարիֆային և ոչ տարիֆային ձևերը:
5. Առանձին դեպքերում դիմել ներքին շուկայի պահանջների բավարարման համար որոշ ապրանքների արտադրության գծով պետական պատվերների կիրառմանը՝ տեղական ձեռնարկություններին հնարավորություն ընձեռելով ամրացնելու իրենց դիրքերը տեղական ու միջազգային շուկաներում:
6. Աջակցել հանրապետությանը տրամադրվող դրամաշնորհներից կամ արտոնյալ վարկերից վարկային գծերի տրամադրմանը՝ տնտեսության հեռանկարային զարգացումն ապահովող առավել կարևոր գործարար ծրագրերի համար, առաջնահերթ ուշադրություն դարձնելով լքված գյուղերի վերաբնակեցման և սահմանամերձ բնակավայրերը զարգացնելու նպատակով փոքր ու միջին արտադրությունների վերագործարկման ծրագրերին:
7. Հատուկ ուշադրություն դարձնել անկախացման տարիներին երկրից արտագաղթած գործարարներին մասնակից դարձնելու տարբեր ճյուղերում իրականացվող ներդրումային ծրագրերին՝ վերադարձնելու ազգային հարստության մաս կազմող նյութական, մասնագիտական և մտավոր կարողություններն ու դրանք ծառայեցնելու տնտեսության առողջացմանը։
8. Մշակել և իրականացնել Արցախի հետ տնտեսական ինտեգրման ընթացիկ ու հեռանկարային համապարփակ ծրագիր:
9. Արդյունաբերության զարգացման ռազմավարությունը մշակելիս ուշադրություն դարձնել արդյունաբերության բոլոր ենթաճյուղերով փոքր ու միջին արտադրության հիմնումով (կամ վերագործարկմամբ), աշխատանքով ապահովելու աղետի գոտու, սահմանամերձ գոտու, լքված և լքվող գյուղերի բնակիչներին:
10. Սկսել լքված գյուղերի աստիճանական վերաբնակեցումը: Այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է.
. ներդրումներ կատարել ճանապարհային շինարարության մեջ (հատկապես սահմանամերձ գյուղերը մարզկենտրոնների հետ կապելու համար),
. տեղերում ստեղծել բնական գազի և այլ վառելիքի պահեստարաններ,
. լուծել համեմատաբար էժան գներով էլեկտրաէներգիայի կանոնավոր մատակարարման խնդիրը` արևի, հողմի, երկրի ընդերքի, ջրի էներգիան լավագույն ձևով օգտագործելով լեռնային և սահմանամերձ գյուղերում,
. ձեռք բերել լեռնային տեղանքին համապատասխան հատուկ գյուղմեքենաներ, խթանել դրանց տեղական արտադրությունը,
. հիմնել գյուղմթերքները վերամշակող և էկոլոգիապես մաքուր արդյունաբերական փոքր ձեռնարկություններ, օրինակ, գյուղատնտեսական մթերքները վերամշակող կամ դրանցից ստացվող սննդամթերքի փաթեթավորման, սառեցման և պահեստավորման փոքր արտադրություններ, ինչպես նաև գորգագործության, կարպետագործության, ասեղնագործության, բրուտագործության, փայտամշակման արհեստանոցներ,
. վերականգնել կենցաղսպասարկման տեղական փոքր կենտրոնները:
11. Նպաստել ապահովագրական ժամանակակից համակարգի ձևավորմանն ու զարգացմանը, որը տեղական ընկերություններին թույլ կտա վերաապահովագրումից անցնել անմիջական ապահովագրմանը: Իր հերթին, ապահովագրական ընկերությունների և բանկերի վարկանիշի բարձրացումը կարող է լրջորեն խթանել ներդրումների ներգրավմանը և նպաստել տնտեսության վերելքին:
12. Վերանայել գործող հարկային քաղաքականության դրույթները.
. բացառել հարկային օրենքների հաճախակի փոփոխությունները, նոր ընդունված օրենքները կիրարկել ֆինանսական տարվա սկզբից,
. հարկային տեսուչների գրպաններից դեպի պետական գանձարանը հարկերի հոսքն ապահովելու, կաշառակերությունը նվազեցնելու նպատակով յուրաքանչյուր ֆինանսական տարվա համար հիմք ընդունել նախորդ տարվա փաստացի հարկերը՝ բազմապատկած որոշակի գործակիցներով, ելնելով տնտեսավարողի եկամուտների իրական շարժից,
. ապրանքային փաստաթղթերի պահանջները տնտեսավարման պարտադիր պայման դարձնել հավասարապես բոլորի համար,
. հաստատագրված դրույքաչափով հարկատուներից պահանջել տարեկան եկամուտների հայտարարագիր,
. պետական ծառայության բոլոր օղակների աշխատողներից պահանջել եկամուտների տարեկան հայտարարագրեր:
13. Արմատապես վերակառուցել հարկային համակարգը: Առաջարկվում է սահմանել հարկային գոտիներ Հայաստանի ողջ տարածքով մեկ, ինչը թույլ կտա բարձր հարկեր սահմանել չափից ավելի կենտրոնացված կապիտալի ու գերշահույթի ստացման շրջաններում, որոնք սովորաբար ներառում են մայրաքաղաքի կենտրոնական և դրանց հարող տարածքները, առևտրական կենտրոնները և, որոշ չափով, վերաբացված արդյունաբերական շրջանները: Բարձր հարկերի տարածքների սահմանումը, իր հերթին, կնպաստի առևտրական և արդյունաբերական կապիտալների ապակենտրոնացմանը, դրանց վերաբաշխմանը դեպի այն մարզերը, որոնք այդ կապիտալների ներդրումների կարիքն ունեն: Բնականաբար, Գյումրիում, Վանաձորում, ինչպես նաև հանրապետության հարավում և հյուսիս-արևելքում՝ լեռնային և նախալեռնային շրջաններում, հարկային շրջանայնացումը պետք է նախատեսի ոչ միայն ցածր հարկեր, այլև դրանցից ժամանակավորապես ազատ ձեռնարկատիրություն: Միայն նման մոտեցումը թույլ կտա հավասարակշռել ժողովրդի կենսամակարդակի խիստ բևեռացված վիճակը և մարզերի անհամաչափ զարգացումը: Այս լծակի օգտագործումը տնտեսության ավելի գրավիչ պայմանների ձևավորմամբ, կօգնի արդյունաբերական ու գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման անհրաժեշտ բազայով հիմք դնելու ռազմավարական նշանակության սոցիալ-տնտեսական այնպիսի կարևոր հիմնահարցերի լուծմանը, ինչպիսիք են աղետի գոտու վերականգնումը, գաղթականների խնդիրը, սահմանամերձ, լքված գյուղերի վերաբնակեցումը, բնական աճի խթանումը, գյուղացիական տնտեսությունների համապարփակ զարգացումը և արտագաղթի կասեցումը:
14. Ձևավորել հանրապետության արտաքին տնտեսական կապերի համակարգ:
Տնտեսության առողջացման առաջարկները սրանով չեն կարող սահմանափակվել: Դրանք ներառում են նաև էներգետիկան, տրանսպորտը, բանկային և դրամավարկային, այլ համակարգերը, ինչպես նաև տնտեսական անվտանգության արդի հիմնահարցերը: Այս ամենը կարող է և պետք է ներառվի ոչ ստանդարտ, անգամ հավակնոտ նոր տնտեսական քաղաքականության հիմնադրույթներում, որի իրականացումը պահանջում է երկրի առանձնահատկություններին լավատեղյակ և արդի մտածելակերպով բանիմացների և համախոհների:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 2171

Մեկնաբանություններ