Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կողմնորոշման յոթերոդ հարթությունը

Կողմնորոշման յոթերոդ հարթությունը
24.04.2012 | 00:00

Հինգերորդ գումարման Ազգային ժողովի նախընտրական քարոզարշավն արդեն հատել է հասարակածը, առայժմ քաղաքական ուժերը համեմատաբար քիչ են անդրադառնում արտաքին քաղաքական խնդիրներին:

Ցեղասպանության ճանաչման գործընթացի նշանակության և հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի վերաբերյալ իրենց քաղաքական ուժերի գնահատականները ներկայացնելու առաջարկով ընտրարշավի մասնակից մի քանի կուսակցությունների դիմելով` պարզեցինք այս պատկերը:

ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ, ՀՀԿ

Օսմանյան կառավարության իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրենքներով ու բանաձևերով, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով: 1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածները որպես նախապես ծրագրված ու հետևողականորեն իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Հայոց ցեղասպանության ճանաչումը ՀՀԿ-ն դիտարկում է պատմական արդարության վերականգնման, Թուրքիայի կողմից իր անցյալի վերարժևորման, դրանով իսկ նոր ոտնձգությունների բացառման համատեքստում: ՈՒստի հետայսու էլ շարունակվելու են ցեղասպանությունների կանխարգելման ու դատապարտման, դրանց հետևանքների վերացման խնդիրները միջազգային օրակարգում պահելու ջանքերը: Քաղաքակիրթ մարդկությունն այս չարիքի դեմ պետք է դրսևորի մեկ միասնական ճակատով գործելու ունակություն: 100-ամյա տարելիցի նախաշեմին պետք է համախմբել հայության ջանքերը Հայոց ցեղասպանության` որպես մարդկության դեմ սարսափելի ոճրի միջազգային ճանաչման, ապագայում ցեղասպանությունների կանխարգելման, բացառման, դատապարտման գործում:

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, ԲՀԿ

Հայոց ցեղասպանության ճանաչման և միջազգային դատապարտման խնդիրը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն խնդիրներից մեկն է, գալիք տարիներին պետք է շարունակել և ավելացնել ջանքերն այս ասպարեզում, մասնավորապես նկատի ունենալով 2015 թ. Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Մենք համոզված ենք, որ Թուրքիայի Հանրապետությունը մի օր գալու է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, դատապարտելու է, ինչը հնարավորություն է տալու 2 հարևաններին` թուրք և հայ ժողովուրդներին, հարևանությունը միմյանց հետ կառուցել վստահության և փոխադարձ հարգանքի վրա: Սակայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մենք ուղղակի չենք կապում Հայոց ցեղասպանության ճանաչման փաստի հետ, չնայած կարծում ենք, որ Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորման փուլում երկխոսության առաջմղվելիք խնդիրներից մեկը Թուրքիայի հասարակության բոլոր շերտերի, հատկապես մտավորականության ազատական մտածողության, ժողովրդավարական ուղղության ներկայացուցիչների հետ այդ հարցի մշտական շոշափումն ու արծարծումն է: Մենք հայ-թուրքական հարաբերություններում ունենք 2 այո-ի և 2 ոչ-ի քաղաքականություն: Մենք կողմ ենք հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը, սահմանների վերաբացմանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, դեսպանների փոխանակմանը և դեմ ենք Լեռնային Ղարաբաղի խնդրին հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը կապելը, չենք ընդունում այդ խնդիրն իբրև նախապայման հարաբերությունների կարգավորման համար, չենք ընդունում Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման խնդիրը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը ստորադասելը և կարծում ենք, որ նույնիսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո Հայոց ցեղասպանության ճանաչման և միջազգային դատապարտման գործընթացի քայլերը պետք է հետևողականորեն շարունակվեն և ուժեղացվեն:

ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆ, ՕԵԿ

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը միջազգային լայն թափ է ստացել և անկասելի է, շարունակաբար նոր երկրներ ու միջազգային կազմակերպություններ են անդրադառնում: Սփյուռքի և Հայաստանի ջանքերի միավորումն ավելի է ակտիվացնում գործընթացը: Հայաստանն այսօր, ըստ էության, միջազգային կառույցներում իր քայլերով նպաստում է աշխարհում ցեղասպանությունների կանխարգելմանը: Ցեղասպանության ճանաչումը մեզ համար պատմական արդարության խնդիր է, մեր ազգային արժեքներին է առնչվում և կարևորագույն նշանակություն ունի աշխարհում նման եղեռնագործության կանխարգելման համար: Մենք ուղղակի ցեղասպանության ճանաչման գործընթացում պետք է աշխատենք միջազգային իրավունքի և համաշխարհային քաղաքականության, հասարակական կարծիքի հետ:

Հայ-թուրքական հարաբերությունների ոլորտում Հայաստանի Հանրապետությունը վարում է հստակ քաղաքականություն ի տարբերություն Թուրքիայի, որտեղ տարբեր պաշտոնյաներ տարբեր կերպ են ներկայացնում իրենց մոտեցումները: Մենք կողմնակից ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը` առանց նախապայմանների և ոչ մեր ազգային արժեքների հաշվին: Հայկական քաղաքականությունը հստակ է, մնացածը թող Թուրքիան հստակեցնի:

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆ, ՀՅԴ

Ցեղասպանությունն իմ ցեղի, տեսակի, գոյի պատմությունն է: Ավելի ճիշտ` մեր պատմության արյունոտ հատումը, որը չփակված վերքի պես մխում է յուրաքանչյուր հայի մեջ: Ո՛չ կօտարես, ո՛չ կմոռանաս, այն այլևս գենետիկ կոդ է, հիշողությունից էլ անդին: ՈՒ քանի դեռ հասկացված չէ, կիսված ու հատուցված չեն վիշտդ, ցավդ, ողբերգությունդ, այն մխալու է` քեզ բարդույթավորելով, օրակարգդ, հայացքդ, մոտեցումդ քեզ պարտադրելով: Սրա հետ պիտի հաշտվի քաղաքակիրթ աշխարհը: Ցեղասպանության ճանաչումը նախ քաղաքակիրթ աշխարհի խնդիրն է: Մարդկային ու աստվածահաճո աշխարհ ունենալու խնդիրը: Մեզնից ավելի նրանք պիտի սա հասկանան:

Հավերժական թշնամիներ ու հավերժական բարեկամներ կարծես թե չեն լինում: Բայց հարևաններն աշխարհագրությամբ պարտադրված են, և քաղաքակրթության կանոնը գոնե հարևանիդ հետ հաշտություն է պարտադրում: Թուրքիայի հետ մեր հարևանությունը կշարունակի անհաշտ և օտար մնալ, քանի դեռ չհասկացված ու գնահատված չէ ցեղասպանությունը: Իսկ ցեղասպանության ոճիրը ժամկետանց չի լինում:

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»

Ցեղասպանության և հայոց մեծ հայրենազրկման խնդիրը, ինչպես և հայ-թուրքական հարաբերությունները, որպես արտաքին քաղաքական առաջնահերթություն, բնականաբար, իրենց արտացոլումն ունեն «Ժառանգության» ծրագրում: Թուրքիան պետք է ճանաչի սեփական պատմությունը, ընդունի համամարդկային ու համաեվրոպական արժեքները: Մենք կարծում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն պատմական արդարության, միջազգային իրավունքի, Հայոց ցեղասպանության ու մեծ հայրենազրկման փաստի ճանաչման ու հատուցման հիման վրա:

Հայ-թուրքական հարաբերությունների առումով անհրաժեշտ է ԱԺ օրակարգից հետ կանչել և վերանայել հայ-թուրքական արձանագրությունները: Անհրաժեշտ է բարձրացնել Թուրքիայի կողմից թշնամական գործողություններին վերջ տալու և սահմանի բացմամբ Հայաստանի շրջափակումը վերացնելու հարցը: Կողմերի համար լավագույն տարբերակն առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության ստորագրումն է, իսկ սահմանը պետք է բացվի: Եթե Թուրքիան շարունակի նախապայմաններ առաջադրել, Հայաստանը նույնպես բանակցային սեղանին պետք է իր նախապայմանները դնի:

ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻՆՅԱՆ, ՀԱԿ

ՀԱԿ-ը կարծում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Թուրքիայի բարոյական պատասխանատվության հարցն է ամբողջ մարդկության առաջ, քանի որ ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության դեմ: Մինչև 1998 թ. Հայաստանը վարել է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու քաղաքականություն, և ցեղասպանության հարցը չի դարձել պետական քաղաքականության օրակարգի մաս, որովհետև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը չի կարող դառնալ քաղաքական բանակցությունների կամ առևտրի առարկա: Նաև այն պատճառով, որ նման հարցի բարձրացումը Թուրքիայի առաջ հնարավոր կդարձներ Թուրքիայի կողմից Ցեղասպանության եղելության հարցն ուսումնասիրող միջկառավարական հանձնաժողովի ստեղծման առաջարկ ներկայացնելը, ինչը Հայաստանին կդներ դժվար երկընտրանքի առջև: Ընդունելը նշանակում է հարցականի տակ դնել Ցեղասպանության իրողությունը, իսկ չընդունելը կարող էր օգտագործվել Թուրքիայի կողմից որպես նշան, որ Հայաստանը վախենում է հարցի ուսումնասիրությունից: Ցավոք, կանխատեսումներն իրականացան: Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումով Հայաստանը համաձայնել է պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, ակնկալելով փոխարենը հայ-թուրքական սահմանի բացումը: Կոնգրեսը նախապես զգուշացրել էր, որ պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը համաձայնություն տալը, մի կողմից, նշանակում է` Հայաստանի իշխանություններն ուրանում են ցեղասպանության եղելությունը, ստեղծում աննպաստ իրավիճակ ցեղասպանության միջազգային ճանաչման համար, մյուս կողմից` անգամ նման զիջման գնով, միևնույն է, չեն հասնելու հայ-թուրքական սահմանի բացմանը, քանի որ Թուրքիան այդ խնդիրը կապել է և շարունակում է կապել ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ: Այս առումով` ՀԱԿ-ը համոզված է, որ իր կանխատեսումներն արդարացան, ֆուտբոլային դիվանագիտությունը տապալվեց, Թուրքիան ստացավ ինչ իրեն պետք էր, Հայաստանը ոչ միայն չստացավ իր ակնկալածը, այն է` սահմանների բացումը, այլև անդառնալի հարված հասցրեց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:

Այս գնահատականներից ու կանխատեսումներից որո՞նք են իրատեսական, ու որո՞նք կարդարանան ապագայում, ժամանակը ցույց կտա: Ապագա խորհրդարանի քաղաքական ուժի և ձեր պատգամավորի ընտրության մեջ կողմնորոշվելիս նկատի ունեցեք, որ քաղաքականության բաժանումը արտաքինի ու ներքինի խիստ պայմանական է, գործնականում հնարավոր չէ գտնել սահմանագիծը, բացի այդ, գործնականում արտաքին ու ներքին քաղաքականությունները փոխպայմանավորված են, ու մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն է: Մնացածը համադրեք, հակադրեք, գնահատեք ինքներդ. պատասխանների վեց հարթություններից բխած եզրակացության յոթերորդ հարթությունը ձերն է:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 802

Մեկնաբանություններ