Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ՔԱՐ ԳՑԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

ՔԱՐ ԳՑԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
27.05.2011 | 00:00

ԱՆԴՐԱԴԱՐՁ
Սողոմոն իմաստունն ասել է. «Կա քարեր գցելու ժամանակ, կա քարեր հավաքելու ժամանակ»։
Ահա և մեր ազգի գլխին մի ժամանակ երկրորդ դեմք ընտրված ու երեք տարի վարչապետած մեկը՝ Հրանտ Բագրատյանը, քար է նետում հայորդիներիս բազմադարյան սրբության` հայոց քսանադար կանգունությամբ երկնարմատ Եկեղեցու վրա (տե՛ս www.religions.am)։
«Եվ եթե մենք դիտարկում ենք ընդհանրապես Լուսավորչի տոհմը, ապա միանշանակ չէ, որ նրան կարելի է դրական գնահատական տալ։ Ի վերջո, հինգերորդ դարի սկզբին, մանավանդ երբ մենք գրերը ստեղծեցինք, եկեղեցու դիրքերը շատ ուժեղացան։ Մեզ դեռ հարյուրամյակներ էին պետք գրերը պետական կյանք ներմուծելու համար, սակայն եկեղեցական կյանք նրանք անմիջապես ներմուծվեցին։ Եվ եկեղեցին շատ հզոր գործիք ստացավ մոբիլիզացիայի համար։ Տարօրինակ է, սակայն հենց այդ պատճառով եկեղեցին շուտով պետք է դներ պետության գոյության հարցը»,- գրում է Հրանտ Բագրատյանը։
Նախկին վարչապետը համարձակություն չէր ունենա արտաբերելու այդ խոսքերը, եթե նրա մեջ չգործեր այս աշխարհի իշխանի՝ Նեռի հոգին, որն արդեն 2000 տարի ատամ է կրճտացնում Հայոց եկեղեցու ու նրա հիմնադիր սրբերի դեմ։ «...Երբ արաբները 7-րդ դարում մուտք գործեցին Հայաստան, ապա նրանց շնորհիվ էր, որ մենք` որպես ազգ, վերածնվելու հնարավորություն ստացանք։ Մենք պատմության էջերից անհետացող ազգ էինք։ Ի՞նչ արեցին արաբները։ Նրանք կտրուկ սահմանափակեցին, իսկ շատ տեղերում մասսայաբար վերացրին եկեղեցուն տրվող հարկը և իրենք Արաբական պետության հանդեպ դրեցին դրամական հարկ։ Դա խրախուսեց ապրանքադրամային հարաբերությունները։ Մեր նախարարներն ու եկեղեցին ստիպված հողը վարձակալությամբ էին տալիս գյուղացուն։ Սա մի բան էր, որ Եվրոպայում տեղի է ունեցել ուղիղ հազար տարի հետո։ Մանր գյուղացիական տնտեսությունների ստեղծումն առաջացրեց կենտրոնամետ տրամադրություններ, որոնք էլ ձևավորեցին պետության պահանջ»,- գրում է էքսվարչապետը։
Իսկ ես ուզում եմ հիշեցնել նրան, որ հենց իր իշխանության տարիներին հողն իբր գյուղացուն բաժանեցին (իհարկե, թանկարժեք սևահող տարածքները նախապես սեփականաշնորհելով իրենց ու մերձավորների անուններով)։ Եվ այդ «հանճարեղ» ազատամտության հետևանքը եղավ այն, որ այժմ այդ հողատարածքների կեսից ավելին չի մշակվում, քանի որ մեծահարկ տուրքերի ու ոռոգման ջրին բարձր գին դնելու իշխանական «իմաստուն» որոշումները թույլ չեն տալիս աշխատող գյուղացուն դրանք եկամտաբեր դարձնել։ ՈՒրեմն ինձ իրավունք եմ վերապահում եզրակացնելու. էքսվարչապետն ու իր շրջապատն արաբներից առավել տգիտաբար ու թշնամաբար վարվեցին սեփական ժողովրդի հանդեպ։
Իսկ ինչ մնում է արաբների շնորհիվ «պատմությունից անհետացող հայոց ազգին վերածնվելու հնարավորություն ստանալու» հեղինակի վարկածային մտածելակերպին, ապա միանգամից ասենք, որ այն հակադարձ համեմատական է պատմական ճշմարտությանը։ Որպես կռվան մեջբերեմ մատենագիր Ղևոնդի «Պատմություն» գրքի թեկուզ ծանոթագրական մասի այս հատվածը. «Նախքան Հայաստան հասնելը՝ արաբները նվաճել էին քրիստոնյա ազգաբնակչություն ունեցող Եգիպտոսը, Պաղեստինը, Ասորիքը և Վերին Միջագետքը, որոնք գրեթե չունեին տեղական հողատեր ազնվականություն։
Դրությունը բոլորովին այլ էր Հայաստանում։ Գալով Հայաստան՝ վաչկատուն արաբը բախվեց բավականին հզոր ազգային ինքնուրույնություն ունեցող հողատեր ազնվականությանը, որը բացարձակապես տրամադիր չէր ոչ մի զիջում կատարելու։ Այս վիճակը խալիֆայության համար աննախադեպ էր և առաջին հակազդեցությունը եղավ հայ նախարարական տոհմերը իրենց հեծյալ գնդերի հետ ամենաբիրտ ձևով բնաջնջելու փորձը»։
Իսկ արաբ պատմիչ Յակուբին (Թ դար) այսպես է նկարագրում Մոհամմադ իբն Մրաունի այդ գործունեությունը. «Նա արշավեց Հայաստան, որի ժողովուրդը ապստամբել էր, կոտորեց ու գերեվարեց։ Ապա նամակ գրեց երկրի ազնվականներին, որոնց ազատներ են կոչում, երաշխավորագիր տվեց և պատիվներ խոստացավ։ Նրանք հավաքվեցին Խլաթ գավառի եկեղեցիներում։ Նա հրամայեց նրանց վրա դռները փակել, ապա եկեղեցիներին կրակ տվեց և բոլորին վառեց» (Ղևոնդ, Պատմություն, Ծանոթագրական մաս, էջ 146-147)։
Պարոն նախկին վարչապետ, եթե եկեղեցում մարդկանց այրելով ոչնչացնելը համարում ես նախընտրելի միջոց մեր ազգային վերածննդի համար, ապա մարտի 1-ի զոհերի արյան պատասխանը նաև քեզնից է պահանջվելու, քանի որ դու ևս հող ես նախապատրաստել քո հետևորդների համար իրականացնելու այդ ոճիրը։
Անդրադառնանք Բագրատյանի հետևյալ մտքին. «99 %-ով եկեղեցին նպաստել է օտարի լծի հարատևմանը, քանի որ նա խոշոր սեփականատեր էր, իսկ օտար պետությունը միշտ պատրաստ էր նրան ավելի մեծ բաժին տալու, քան հայկական պետությունը։ Հայ եկեղեցին միշտ հասկացել ու խուսափել է հայկական պետության վերականգնումից»։ Այս խոսքերից հետո ի՞նչ պատասխան ես տալու Աստծուն, ժողովրդին, որն ազգի հարատևման սիրտը համարել է եկեղեցին, քանի որ օտար ափեր քշվելուց հետո հայ մարդն առաջին հերթին եկեղեցի ու դպրոց է կառուցել, ապա նոր մարմնավորի մասին հոգացել։ Բայց ինչպես երևում է հարցազրույցի պատասխաններից, քեզ համար մարմնավորի տնտեսագիտությունն առավել գերագույն է, քան հոգևոր-հավիտենական արժեքները։ Այդ պատճառով էլ քո իսկ խոսքերից երևում է, որ սրտումդ մեծ հարցական է մնացել. «Ես չեմ կարողանում հասկանալ։ Ժամանակին ինչո՞ւ է ստեղծվել քրիստոնեությունը»։ Հենց «չհասկանալու» պատճառով էլ քո մտորումների ընթացքում երբե՛ք չշոշափվեց Աստծո Որդու` Հիսուս Քրիստոսի անունը, ՈՒմ Անունով և հաստատվել են քրիստոնեական հավատն ու Եկեղեցին։ Եկեղեցի բառը մեծատառով գրվեց, որովհետև այն միակն է ու համատիեզերական, քանզի Եկեղեցին վերծանում է մեկ հավատքով մեկտեղված ժողովրդի հավաքականություն։ Այն Քրիստոսի անտեսանելի մարմինն է, իսկ յուրաքանչյուր մկրտված անձնավորություն` նրա բաղկացուցիչ մասը։ ՈՒ եթե դու նրան օտար և թշնամի ես համարում, ապա նմանվում ես ճշմարիտ որթատունկից կտրված ճյուղի, որը միայն կրակի համար է պիտանի։
Հայոց եկեղեցին իր ժողովրդից ու պետությունից օտարացնելու և թշնամացնելու վայ-քաղաքագետներիդ ու մտավորականներիդ ջանքերը զուր են, քանզի դրանք, ինչպես հոգին ու մարմինն են, կհարատևեն մինչև Տիրոջ երկրորդ գալուստը, քանզի երկուսի հիմնադիրն էլ Ինքը՝ Աստված է։ Այս առիթով մի վկայություն, որն ինձ հետ պատահեց Երուսաղեմում եղածս ժամանակ։
«Այդ օրը Սուրբ Հարության տաճարում եկեղեցական տոն էր հայոց Երուսաղեմի քրիստոնյաներիս համար և, ըստ ընդունված կարգի, մեր սուրբ Հակոբյանց միաբանությունը պետք է հայոց պատրիարքի, եպիսկոպոսների, վարդապետների ու ժառանգավորաց սաների հետ հանդիսավոր թափորով, խաչով ու խաչվառներով Սուրբ Հարության տաճարը գնար: Ասեմ, որ նման դեպքերում հրեա ոստիկանների և զինվորականների երկու խումբ թափորի առջևից ու հետևից գնալով, ապահովում է մեր երթի անարգել ընթացքը, որովհետև վանքից մինչև Տաճար պետք է շուկայի նեղլիկ փողոցներով ընթանանք, ուր իրար սեղմված քայլում են հարյուրավոր ազգերի բազմահազար զբոսաշրջիկներ:
Ես էլ այդ օրը որոշել էի նկարահանել մեր թափորի մուտքը դեպի Տաճար: Երբ փորձեցի մոտենալ, հասկացա, որ գրեթե անհնար է, որովհետև տարբեր ազգերից կազմված հոծ ամբոխը անանցանելի պատնեշ տված, կանգնած է այնտեղ: Իսկ խռնված բազմության միջով ոստիկանների միջամտությամբ մի լայն միջանցք էր բացված, ու պարանով առանձնացված, որ հայոց թափորը կարողանար անարգել անցնել: Ես էլ, մի կերպ ճեղքելով այդ ստվար ամբոխը, ուզեցի առջևում կանգնել, որ կարողանայի նկահարանել: Երբ արդեն առջևի շարքին էի հասել, տեսա, որ այդտեղ կանգնածները չեն ուզում ոչ մի կերպ ինձ տեղ տալ: Ես էլ պարզամտորեն կիսատ-պռատ իմ իմացած անգլերենով հայտարարեցի, թե հայ եմ՝ «Այ եմ արմենիան», ու այս եկող թափորն էլ մերն է, այսինքն՝ ուզեցի մի կերպ՝ ձեռքով, ոտքով հասկացնել, որ զիջեն և հնար տան նկարահանելու: Շուրջս կանգնած տարբեր ազգերի «կերած, խմած», պարարտ ու հարուստ, անհոգ ու ապահով ներկայացուցիչները ծիծաղեցին և ամեն մեկն իր ազգի անունը տվեց` «ես էլ ֆրանսիացի եմ», «ես ամերիկացի եմ», «ես էլ անգլիացի», և աշխարհին հայտնի այլ կուշտ ու «չալաղաջ» ազգերի մի քանի անուններ, այն էլ՝ ընդգծված հպարտությամբ ու չթաքցրած ծաղրանքով իմ ազգի հանդեպ: Իսկ ոմանք էլ խղճահարությամբ (միգուցե տեղյակ լինելով մեր ազգի ներկա թշվառ վիճակին), նայում էին ինձ՝ կարծես ասելով. «Դու էլ իբր թե պարծենալու ազգի անուն գտար տալու»:
Շրջապատված, ըստ Դավթի սաղմոսի, «Բասանի ցուլերով», ես մի պահ շփոթվեցի հոգեբանական նման ճնշումից և երբ խռովված հոգով ուզում էի դուրս գալ այդ ամբոխի միջից, հանկարծ մեր հայրերի պաշտած Աստվածը ասես մի ներքին ձայնով հասկացրեց ինձ. «Եթե դու քեզ հայոց ազգի զավակ ես համարում, էլ ինչո՞ւ ես այլազգիների բազմության մեջ մոլորվել: Օգտվի՛ր քո հայրերի հավատքով ձեռք բերված իրավունքից և զատվիր ամբոխից ու անվախորեն Տաճար մտիր»: Ես էլ, համարձակություն ստանալով այդ ներքին անբացատրելի զորության այցելությունից, բոլորի համար անսպասելիորեն ճեղքեցի հոծ ու խայտաբղետ մարդկանց շարքերը, ու արգելող պարանի տակով անցնելով, մեզ՝ հայերիս համար բացված ճանապարհով համարձակաբար դեպի Տաճար քայլեցի: Ամբոխը զարմացած ու ապշած իմ հանդուգն քայլից՝ հետաքրքրությամբ սպասում էր, որ հրեա խստապահանջ ոստիկանները ինձ՝ խեղճ ու անհայտ ազգի զավակիս, կոպտաբար դուրս կհրեն կամ էլ ձեռքերս կոլորեն և կտանեն: ՈՒ երբ նրանք մահակները ձեռքներին բարկացած հայացքներով իմ կողմը վազեցին, ես հեռվից ձեռքս վեր բարձրացնելով, նրանց բարձրաձայն հայտարարեցի. «Այ եմ արմենիա՛ն»: Նրանք էլ, ինձ հասնելով, թևերիցս մեղմորեն բռնեցին և հարցական նայեցին Տաճարի դռան մոտ կանգնած մեր միաբաններին, որոնք սպասում էին թափորին: Նրանք գլխի շարժումով հաստատեցին, թե այո՛, հա՛յ է: Եվ ինչպես կատաղած մեկն է իրենից զորավորին հնազանդվում, այդպես էլ նրանք, ազգիս անունը լսելով, «փուշները թողեցին» և թույլ տվեցին, որ անարգել Տիրոջ Սուրբ Հարության տաճարը քայլեմ: Այդ պահին կարծես տեսնում էի, թե ինչպես են աշխարհի զորավոր ու ապահով ազգերի քիչ առաջ ամբարտավանորեն բացականչող ներկայացուցիչները, զարմանքից շվարած ափիբերան լինում: Հիմա թող գնան ու լավ խորհեն, թե ի՛նչ է նշանակում «Այ եմ արմենիան» խոսքը ու իր դարավոր Եկեղեցու ձեռք բերած իրավունքները այս Սուրբ երկրում, իսկ հետո, երբ գա Դատաստանի օրը, նաև երկնքում կիմանան։ Ամպագոռգոռ բառեր չեն սրանք, հուզմունքի պահի ծնունդ չեն այս խոսքերը, այլ անտեսանելի հոգևոր իրականություն, որ, ավա՜ղ, հայոց ազգս այն տեսնելու և դրանով առաջնորդվելու հավատն է կորցրել։
Իսկ այն օրերին, երբ մենք Տաճարում պատարագի արարողություն ունենք, ըստ «Ստատիկոնի» (Տաճարային հաստատված Գոյավիճակի)` պետք է Տիրոջ Գերեզմանն ազատվի բոլոր ուխտավորներից ու այցելուներից, որպեսզի հայ եպիսկոպոսներն ու վարդապետները, սարկավագների հետ, հերթով սուրբ Գերեզման մտնեն, երկրպագեն ու համբուրեն այն, որից հետո միայն պատարագը սկսեն Երկրորդ Գողգոթա կոչվող վերնասրահում: Մեր հոգևորականները Տաճար են մտնում մուսուլմանական հնաոճ տարազով, փուփուլավոր ֆեսերով, թրերը կողքերից կախած ղավազների առաջնորդությամբ, որոնք ձեռքների ծանր երկաթասայր գավազանով հարվածում են քարե սալահատակին, որից ուժեղ ձայն է առաջանում, որ մարդիկ ճանապարհ տան եկողներին: Շատերի մոտ բնական հարց կարող է ծագել. ինչպե՞ս է, որ մեր փոքր և շատերին անհայտ ազգն ու Եկեղեցին նման իշխանություն ունեն աշխարհի կենտրոնում, և ո՞րն է այդ զորության ակունքը: Պատասխանը մեկն է. ճշմարտություն փնտրող մեր հայրերն առաջինը գտան Միակ ու Ճշմարիտ Աստծուն՝ Հիսուս Քրիստոսին` Որդուն կենդանի Աստծո, և համարձակաբար Նրա մեծ ու փառավոր անունն ազգովին առաջինը դավանեցին աշխարհի բոլոր ազգերի առջև, և այդ հավատքը մշտավառ պահելու համար բազում ճգնություններ, աղոթքներ ու սխրանքներ արեցին, նաև իրենց արյունը չխնայեցին, որպեսզի այսօր ես ու դու, ով սիրելի հայորդի, ապրենք մեր իսկ հայրերի հողում, խոսենք մեր իսկ հայրերի լեզվով, դավանենք մեր իսկ հայրերի հավատը, և գնանք ու երկրպագենք Միածնի իջման վայրում` Էջմիածնում, և ասենք. «Օրհնյա՜լ, գովյա՜լ ու փառավորյա՜լ լինես, մեր հայրերի Աստված, որ մեզ դարեդար պահեցիր Քո սուրբ ու ամենակարող անունով և աշխարհակալ ու խուժուդուժ, արյունարբու և մարդատյաց ազգերի արյունոտ ատամներին որպես որս չթողեցիր, այլ պահեցիր ու հասցրիր մինչև այս օրերը, և հավատում ենք, որ հիմա էլ չես թողնի այս նեղությունների մեջ, այլ նորից, մինչև Քո Երկրորդ Գալուստը փրկության լույս ճանապարհով կտանես մեզ»:

Կրկին անդրադառնամ Բագրատյանին. «Ես կուզենայի տեսնել ընթացք դեպի քրիստոնեական եկեղեցիներ և նրանց հետ մերձեցում։ Պետք է աստիճանաբար արմատախիլ լինի ազգային եկեղեցի հասկացությունը։ Ես դա ասում եմ` որպես հավատացյալ»,- գրում է էքսը։ Ես նույնպես, որպես եկեղեցու հավատացյալ, համամիտ եմ դրան, քանի որ մնացածները նույնպես մեր ազգի հոգեզավակներն են, և բարոյահոգևոր միասնությունը միայն ողջունելի է, բայց Մայր Եկեղեցու շուրջը, որովհետև այն վերազգային՝ իմա երկնային ծագումնաբանություն ունի, ինչն առայժմ քեզ համար մութ է և անընդունելի։
Հարցազրույցդ ավարտում ես այսպես. «Ես առայժմ մնում եմ Հայ առաքելական եկեղեցու հավատավոր, բայց եթե իրադարձություններն այսպես շարունակվեն, եթե էլի մի քանի հոգի բենթլի գնի, ես նույնիսկ կառաջարկեմ իմ երեխաներին ընդունել կաթոլիկություն կամ ուղղափառություն և վերջ։ Այդպիսի եկեղեցի մեզ պետք չէ»:
Պատասխանենք քո չգնահատած ու նաև չսիրած Գրիգոր Լուսավորիչ Հայոց հայրապետի ծոռան խոսքերով. երբ Արտաշիր թագավորի իգամոլ վարքից զզված, նրան պարսիկներին մատնելու համար Սահակ Պարթևին դիմեցին հայոց նախարարներն ու իշխանավորները, նա պատասխանեց. «Քա՛վ լիցի, որ ես իմ մոլորված ոչխարը մատնեմ գայլերին, որ ես չպատեմ բեկվածին, կամ հիվանդացածին, այլ գահավեժ անեմ»։ Այսպես է վարվում քո սրտում արդեն մերժված Հայ առաքելական եկեղեցին իր բոլոր զավակների հետ։
Իսկ ինչ մնում է եկեղեցու ոչ քրիստոնեավայել անհատ հոգևորականներին, ապա նրանց վարքը թողնենք Աստծո դատաստանին, քանզի այն անաչառ է լինելու, իսկ մենք մեր աչքի գերանը փորձենք հանել, որպեսզի օգնենք ուրիշի աչքի միջի շյուղը հանելուն։
Եվ վերջում մի օգտաշատ վկայություն ևս կարդանք. տարիներ առաջ քաղաքագլուխ նշանակված քեզ լավ ծանոթ Վանոն մի օր քեզ նման հարցազրույց ունեցավ «Հայաստանի Հանրապետություն» թերթի լրագրողուհու հետ։ Տպագրվեց նյութն ու հաջորդ իսկ օրը (24 դեկտեմբեր, 1997 թ.) այն կարծես ռումբի պայթյունի վերածվեց. բոլոր լրատվամիջոցներն անընդմեջ կրկնում էին Վանոյի ասած հատկապես այս խոսքերը.
«- Ես եկեղեցին չեմ ընդունում որպես հավատի տուն։ Հայի համար այն հավատի տուն չի եղել, այլ իր ճարտարապետական շնորհքը, ամբիցիաները իրագործելու միջոց։
…Չկա՛ Աստված… ցավալի է, բայց՝ չկա։
-Չե՞ք վախենում, որ էդպես եք ասում։
-Բոլորովին… (ծիծաղո՜ւմ է)»։
ՈՒ ծիծաղեց «անվախ» քաղաքագլուխն ընդամենը քառասուն օր և իր հետևից ընդմիշտ փակեց շքեղ առանձնասենյակի դուռը, իսկ հետո նաև Հայաստան աշխարհից ինքնաարտաքսվեց. սուրբ նախնիների հողը չհանդուրժեց մոլորյալ հանդուգնին։
Այս հրապարակման երբեմն խիստ գրելակերպը կարող է դառնություն հարուցել, բայց, հուսով եմ, այն կնմանվի մի դեղահաբի, որը դառնության հետ նաև բուժիչ հատկություն կունենա։
«Դու»-ով, ոչ թե ընդունված «դուք»-ով այս գրելաոճը ոչ թե իմ կոպտության կամ առավել ևս արհամարհանքի արտահայտություն է, այլ մեր նախնի հայրերի դիմելու կերպը, թեկուզ և իշխանավորներին ու օգոստոսափառ թագավորներին. ինչը, կարծում եմ, ընդունելի է ուղղամիտների համար։
Կարծում եմ, ժամանակն է գցած քարերը զղջումով ու ապաշխարությամբ հավաքելու։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Երուսաղեմի սուրբ Հակոբյանց վարժարանի կրոնի նախկին ուսուցիչ

Դիտվել է՝ 1442

Մեկնաբանություններ