Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Երբ ամեն բան խառնվում է իրար, ստացվում է մի որակ, որը կարելի է անվանել ռաբիս»

«Երբ ամեն բան խառնվում է իրար, ստացվում է մի որակ, որը կարելի է անվանել ռաբիս»
24.10.2008 | 00:00

«ՊԵՏՔ ՉԷ ԱՅԴՔԱՆ ՎԱՏ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ ՍԵՐԻԱԼՆԵՐԻՆ»
60-ականների վերջին դպրոցական ընկերներ Արտավազդ Բայաթյանը, Եղիշե Պետրոսյանը, Վահան Օհանյանը, Հրանտ Ասատրյանը և Վաչագան Հայրապետյանը ստեղծում են «Արձագանք» խումբը։ Խորհրդային տարիներին հեղինակային, ինքնատիպ խոսքով ներկայացող «Արձագանքը» հետաքրքիր հայտնություն էր հանրության համար։ Այսօր թեև երգարվեստը ողողված է բազմապիսի երգերով, կատարումներով, «Արձագանքը» դարձյալ առանձնանում է իր ասելիքով։ Նա հավատարիմ է ինքն իրեն և իր հանդիսատեսին։
«Իրավունքը de facto»-ի հյուրն է հեղինակ-կատարող, «Արձագանք» ռադիոկայանի տնօրեն ԱՐՏԱՎԱԶԴ ԲԱՅԱԹՅԱՆԸ։

-Ոմանց կարծիքով` միևնույն ոճով հանդես գալը նույնն է, թե շարունակ բեմ բարձրանաս միևնույն հագուստով ու սանրվածքով։ Ի՞նչ կասեք այս մասին։
-Ես կարծում եմ, որ պետք է ոչ թե ոճի փոփոխության մասին մտածել, այլ ինքնատիպությունը չկորցնելու, ինքդ քեզ չդավաճանելու, ոչ ոքի չնմանակելու, այսպես ասած, «չկապկելու»։ Արվեստում ինքնատիպ լինելը պարտադիր է։ Ժամանակ առ ժամանակ դեմքը, ոճը, զգեստը փոխելը վերաբերվում է փոփ արվեստին։ Դա ժամանակի արտադրանք է՝ նախատեսված վաճառքի համար։ Մենք ի սկզբանե նման խնդիր չենք ունեցել։ Ինքնատիպությունը չկորցնելը չի նշանակում, թե կանգ ես առել։ Դա նշանակում է, որ աշխարհին նայում ես սեփական աչքերով։
-Դուք մոտ տասը տարի տնօրինում եք «Արձագանք» ռադիոկայանը։ Ռադիոլսողի ճաշակը Ձեզ դո՞ւր է գալիս, և ո՞րն է ռադիոկայանի դերն այդ առումով։
-Տարաբնույթ ծրագրեր ներկայացնելը պետական ռադիոկայանի խնդիրն է։ Ես բազմիցս ասել եմ, որ FM-ը կոմերցիոն ռադիոկայան է, և այդպես է ամբողջ աշխարհում։ Այն կարելի է նմանեցնել մի մեծ խանութի, որն ապրանքներ է առաջարկում։ Մեր խնդիրը ձևավորելն ու մատուցելն է այդ ապրանքներն այնպես, որ դրանք վաճառվեն։ Պետք չէ ուսուցողական և այլ բնույթի ծրագրեր սպասել FM ցանցից։
-Այնուամենայնիվ, ինչո՞վ է առանձնանում «Արձագանք» ռադիոկայանը։
-Նախքան ռադիոկայանը գործում էր «Արձագանք» ստուդիան։ Ռադիոկայանը ստեղծվեց, կարելի է ասել, ստուդիայի աշխատանքները ցույց տալու համար, ինչը պետական ռադիոկայանի կողմից անտեսվում էր։ Այդ մոտեցումը «Արձագանքի» ծրագրերում, անկախ մեր կամքից, նկատվում էր։ Երիտասարդները ներկայանալու հնարավորություն ստացան։ Աստիճանաբար ստեղծվեց նոր որակ, ի հայտ եկան նոր ծրագրեր, նոր դեմքեր, ովքեր սկսեցին նաև գումար վաստակել։ Եթե նախկինում մեզ փնովում էին, ապա այսօր բոլորը հենց դրանով են զբաղված։ Արտասահմանյան մշակույթը ներկայացնելը, իհարկե, կարևոր է, բայց եթե ուզում ես ինչ-որ բան անել, պետք է ունենաս քոնը։ Վստահ կարող եմ ասել, որ կանգնած ենք եղել Հայաստանում շոու-բիզնեսի կայացման ակունքներում։
-Եվ Ձեր կարծիքը շոու-բիզնեսի մասին...
-Այն դեռ ձևավորվում է և երկար ճանապարհ պիտի անցնի։ Մենք ունենք դասակարգման խնդիր։ Ով ջազ է երգում, պետք է ջազ երգի, ով ռոք է երգում՝ ռոք... Երբ ամեն բան խառնվում է իրար, ստացվում է մի որակ, որը կարելի է անվանել ռաբիս։ ԶԼՄ-ներում նույնպես պետք է դասակարգում լինի։ Ամեն հեռուստաալիք, ռադիոկայան, ամսագիր պետք է ունենա իր ոճը, ուղղվածությունը, ձևաչափը... իր դեմքը։
-Հայկական երգարվեստն այսօր և երեկ... ինչպե՞ս կբնորոշեիք։
-Ամեն սերունդ ունի իր և՛ լավ, և՛ կասկածելի, և՛ հետադիմական կողմերը։ Ես նայում եմ լավին։ Քանի որ առաջ տանողը լավն է։ Այն ժամանակ էլ կային նմանակումներ։ Այսօր շատ սիրված հեղինակային երգի վարպետներ ժամանակին ոգևորվում էին ֆրանսիական շանսոնով և ստեղծում հայկականը։ Կամ՝ ամբողջ Հայաստանով տարածված էր բիթլամոլությունը, ռոք երաժշտության ծաղկման շրջանում սկսեցին կիթառ նվագել, այդ ոճի երգեր երգել։ Դա բնական է։ Մենք պետք է աշխարհին լսենք, աշխարհը՝ մեզ։ Բայց լավ կլիներ, որ մեր սովորածն այնպիսի բովանդակություն, կերպ ստանար, որ մեզ նայելով` նրանց թվար, թե նոր բան են տեսնում։ Մինչդեռ, եթե ուզենան ինքնատիպ բան տեսնել, պիտի փնտրեն միայն ժողովրդական երգարվեստում։ Լավ կլիներ, որ փոփ արվեստում էլ ինքնատիպություն նկատվեր։ Թեև, եթե հաշվի առնենք մեր կենսավիճակը և աշխարհում մեր հանդես գալը («Եվրատեսիլում» և այլ փառատոներում ունեցած հաջողությունները), բավականին լուրջ քայլեր են արվում։ Նշանակում է՝ մենք ունենք այդ ուժը։ Դրան պիտի հետևեն ուրիշ քայլեր, որ այդ ուժը ներկայացնեն արժանի մարդիկ։
-Հայ երգիչներից ո՞ւմ երգերն եք լսում։
-Սիրում եմ տարբեր կատարողների տարբեր երգերը։ Ես լսում եմ ոչ միայն երաժշտության ելևէջները, այլև երաժշտության ներդաշնակությունը բառերի հետ։ Այդ առումով անփոխարինելի են Արթուր Մեսչյանը, Ռուբեն Հախվերդյանը։ Ժամանակին կար «Մելոմաններ» խումբը, որը դարձյալ պրոֆեսիոնալ ու հետաքրքիր մեկնաբանությամբ էր հանդես գալիս։
-Ասում են՝ արվեստագետներն անսովոր մարդիկ են։ Դուք Ձեզ այդպիսին համարո՞ւմ եք։
-Այո, ես ինձ համարում եմ ինքնատիպ։ Այն, ինչ բոլորին դուր է գալիս, ինձ կարող է դուր չգալ, և հակառակը։ Դա նշանակում է, որ ես սեփական վերաբերմունք ունեմ և ինքս ինձ ինչ-որ չափով ճանաչում եմ։
-Ձեր դուստրը՝ Անի Բայաթյանը, բավականին վառ կերպար է և հետաքրքիր է նաև նրանով, որ Արտավազդ Բայաթյանի դուստրն է։ Ոչ որպես հայր, այլ որպես արվեստագետ` ի՞նչ կարծիքի եք նրա կերպարի և հեռուստասերիալներում նրա դերակատարումների մասին։
-Անին մտածող, տաղանդավոր անձնավորություն է, հետաքրքիր դերասան։ Նա ամեն դեր չի խաղա։ Նրա համար պետք է ընտրեն, և ինքն էլ պիտի ընտրի իր դերը։ Եթե հնարավոր լինի, ես ամեն ինչ կանեմ, որ նա իր պոտենցիալը ցույց տա։ Անին նաև ֆլեյտիստ է, նկարում է, զգալի հաջողություններ է ունեցել գեղասահքում։
-«Դիպված» հաղորդաշարում Անին նաև ներկայացավ երգով...
-Դա դերասանական մի քայլ էր։ Ցանկացած դերասան պետք է պարել և երգել իմանա։ Եթե անգամ շատ գեր է, պետք է կարողանա փափուկ, ճկուն շարժվել։ Անին երգչուհի չէ, բայց կարող է երգը մատուցել այնպես, որ հանդիսատեսը նայի ու զգա, որ այն, ինչ ասում է, անկեղծ է։
-Հայկական սերիալների մասին Ձեր կարծիքը։
-Սերիալը շարունակությունն է շատերի կողմից սիրված այն հեռուստաձևի, որ կոչվում է հեռուստաթատրոն։ Պետք չէ այդքան վատ վերաբերվել սերիալներին։ Դա մասսայական արվեստ է։ Չմոռանանք, որ հեռուստատեսությունը նույնպես մասսայական միջոց է, պետք է հասկանալի ու մատչելի լինի։ Հակառակ դեպքում կդառնա մասնագիտացված հեռուստաալիք կամ ֆիլմ։ Ինչպես արդեն ասացի՝ դասակարգում է պետք, որ բոլոր հեռուստաալիքները նույն բանը չանեն։ Ասենք, երիտասարդական սերիալ ցուցադրող հեռուստաալիքը պետք չէ, որ այլ բնույթի սերիալ ցույց տա, և, ըստ այդմ, կարող է ընտրել երաժշտությունը, ծրագրերը, խոսքը։
-Ինչո՞վ եք զբաղված հիմա։
-Գիրք եմ գրում այն մասին, թե ինչպես մարդիկ փորձում են կյանքն ավելի կատարյալ դարձնել, ինչը հնարավոր չէ։ Գրել եմ մանրապատումներ, «Բարև, Մանուշակ» կոչվող ֆիլմի սցենարը՝ Անիի համար։ Թարգմանել եմ ամերիկյան դրամատուրգների գործերից։ Ասեմ, որ ինձ դուր է գալիս ստեղծագործական վիճակը, թեկուզ երգերի առումով. կարևորը ոչ թե երգելու, այլ ստեղծագործելու պահն է։
-«Արձագանք» խումբը վերջին անգամ մենահամերգով հանդես է եկել նախանցյալ տարի։ Մոտ ապագայի ծրագրեր չունե՞ք։
-Դեկտեմբերին պատրաստվում ենք մենահամերգի։ Ծրագրում ընդգրկված են շատ երգեր, որոնք երբեք չեն հնչել ռադիոյով, հեռուստատեսությամբ և հանրությանը ծանոթ չեն։
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 5196

Մեկնաբանություններ