Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՄԱՏՆԱՆՇԱԾ ԽԹԱՆԻՉՆԵՐԸ ՄԵՆՔ Ո՛Չ ՏԵՍԵԼ ԵՆՔ, Ո՛Չ ԷԼ ՈՒՆԵՑԵԼ»

«ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՄԱՏՆԱՆՇԱԾ ԽԹԱՆԻՉՆԵՐԸ ՄԵՆՔ Ո՛Չ ՏԵՍԵԼ ԵՆՔ, Ո՛Չ ԷԼ ՈՒՆԵՑԵԼ»
28.10.2011 | 00:00

Այս օրերին մերձմոսկովյան Պոդոլսկ և հանրապետությունում ծանրորդների համար բազայինի արժեք ունեցող Աբովյան քաղաքների ուսումնամարզական բազաներում հավաքներն ավարտին հասցնող մեր ընտրանիները պատրաստվում են նոյեմբերի 5-13-ին Փարիզում կայանալիք մեծահասակների աշխարհի առաջնությանը: Հավաքականները Ֆրանսիա են մեկնում վարկանիշային ամբողջական կազմով: Ասել է թե` տղամարդկանցից մրցահարթակ կելնեն վեցը, կանանցից` չորսը: Ընտրանիների կազմի, պատրաստվածության, ինչպես նաև ընթացիկ ու հեռակա այլ խնդիրների շուրջ է մեր զրույցը ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի փոխնախարար, ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ ՍԱՄՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:
-Իհարկե, ո՛չ կազմի, այլ մարզիկների թվակազմի առումով է մեր համապատասխանությունը օլիմպիական պահանջներին, որովհետև աշխարհի, Եվրոպայի առաջնություններում մասնակցության թվերը համապատասխանաբար ութն ու վեցն են` երկուական մարզիկ ավելի,- զրույցի սկզբում հստակեցրեց ֆեդերացիայի նախագահը։- Դառնալով մասնակցությանը` տղամարդկանց պայքարում ներկայացնելու ենք երեք քաշային կարգ, երեքում էլ հանդես ենք գալու զույգ մարզիկներով: 69-ում նախապատվությունը տվել ենք սամաղարցի Վանիկ Ավետիսյանին ու քասախցի Սամվել Գրիգորյանին:
-Ի՞նչ ենք սպասում նրանցից:
-Առաջին հերթին վարկանիշային բարձր միավորներ, թեպետ հանգամանքների բարենպաստ դասավորվելու դեպքում հնարավոր է և, ինչո՞ւ չէ, մեդալ ունենանք: Ոչինչ բացառված չէ:
77 կգ քաշային կարգում աշխարհի մեր անցած տարվա չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը պիտի կռիվ տա չինացու հետ: Գիտեք, որ վերջին երկու-երեք տարիներին նրա ու Լյու Քսայոյունի միջև է ծավալվում ոսկու համար պայքարը: Ինչ վերաբերում է Առաքել Միրզոյանին, նրա խնդիրն է եղանակ ապահովելը: Մի քիչ զգուշավոր արտահայտվելս տակն աստառ ունի, որովհետև վնասվածքի պատճառով մարզիկը շուրջ երկու տարի չի եղել մեծ մրցահարթակում: Ի դեպ, գրեթե մեկ տարի էլ Տիգրանն է դադար ունեցել: Բոլոր դեպքերում ցանկալի է, որ մեջտեղ չգան հոգեբանական բնույթի հարցեր, և թափած աշխատանքը ջուրը չլցվի:
Գերծանր քաշային կարգում միանշանակ է, որ պոկում վարժությունը հաջող ավարտելու դեպքում, իսկ ես հաջող կհամարեմ 185-190 կգ բարձրացնելը, Ռուբեն Ալեքսանյանին մենք հնարավորություն կտանք հրումում արդեն իսկ երկրորդ մոտեցումով գրոհելու վարժության ոսկե կիլոգրամների վրա` փորձելով ավելի ծանրակշիռ դարձնել երկամարտի արդյունքը: Ափսոս, շատ ափսոս, որ մեր տղային խանգարում է ուսի վնասվածքը, թեպետ տագնապի քիչ տեղիք չի տալիս նաև մեծ մրցահարթակից երկու տարի նրա բացակայելը:
Իր համապատասխան առաջադրանքն ունի մեր մյուս գերծանր քաշայինը: Հայկ Հակոբյանը պիտի ուժերի սահմաններում փորձի առավելագույն միավորներ ապահովել թիմին, որ կարողանանք նախապես մեր ունեցած ոչ միայն չորս տեղի իրավունքը հաստատել Լոնդոնի օլիմպիադայում, այլև լրացուցիչ մեկ տեղ էլ ավելացնել:
-Թիմային հաշվարկով քանի՞ միավորն է ապահովելու ցանկալի տեղերի քանակը:
-11-12-ը բավարար կլինի:
-Ինչո՞վ կուրախացնեն աղջիկները:
-Գլխավոր հաշվարկադրույքը Մելինե Դալուզյան-Հռիփսիմե Խուրշուդյան զույգի վրա է: Միավորների առյուծի բաժինը նրանք պիտի ապահովեն, ընդ որում, ոչ միայն միավոր պիտի ապահովեն: Հռիփսիմեն անպայման պիտի հայտնվի մրցանակային եռյակում, Մելինեն պիտի փորձի Հայաստան բերել աշխարհի չեմպիոնուհու տիտղոսը: Համենայն դեպս, ես նրա այս պատրաստվածության աստիճանում նվազագույն տարբերակ եմ համարում արծաթը: Բնականաբար, Աստված տա, որ այդպես լինի, ու անհաջողությունները շրջանցեն մեր ընտրանուն: Մենք, ի դեմս աշխարհի 2009-ի չեմպիոն Նազիկ Ավդալյանի, արդեն լուրջ կորուստ ունենք, նկատելիորեն թուլացած կազմ:
-Ի՞նչ կարող ենք ակնկալել մեր մյուս երկու մասնակիցներից:
-53 կգ քաշային Իզաբելա Յայլյանը տակավին աղջնակ է, մեծահասակների մրցահարթակում փորձ չունեցող, ասենք` ֆիզիկապես էլ նրանց դեռևս զիջող: Նա ինչ միավոր էլ բերի, այս պարագայում մեզ համար նշանակություն ունի, որովհետև, եթե հիշում եք, նախորդ օլիմպիադային երկու մարզուհիներով մասնակցելու համար մեզ չբավարարեց ընդամենը մեկ միավոր:
Վարկանիշային միավոր բերելու խնդիր է դրված նաև գերծանր քաշային Նաիրա Հարությունյանի առաջ (նա նույնպես իր նորամուտն է նշում մեծերի մրցահարթակում- Մ.Հ.):
-Դարձյա՞լ նույն սկզբունքով:
-Այո: Կանանց ընտրանու պայքարում մենք պիտի փորձենք հավաստել օլիմպիադային առավելագույն թվով մասնակիցներ ունենալու համար աշխարհի նախորդ առաջնությունում ունեցած տեղերի քանակը: Բարդ խնդիր է, բայց դե այս աշխարհում հեշտ խնդիրներ չկան:
-Մի խոսքով` լրջորեն ենք տրամադրված:
-Միանշանակ:
-Դառնանք վերջին օրերին լայն շրջանառություն գտած Գևորիկ Պողոսյանի ու Էլեն Գրիգորյանի որակազրկման խնդրին:
-Այդ մասին մենք տեղեկացել ենք հոկտեմբեր ամսին ու անմիջապես բողոքարկել` առաջարկելով Քյոլնի լաբորատորիայում բացել B խմբի նմուշները: Դա լինելու է դեկտեմբերի 10-ին, մեր ներկայացուցիչ Արեգ Գրիգորյանը պետք է ներկա լինի: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի մատնանշած խթանիչները մենք ո՛չ տեսել ենք, ո՛չ էլ ունեցել: Եթե ինչ-որ բան էլ եղած լինի, մարզիկներն ինքնագլուխ պիտի արած լինեն: Չշտապենք, սպասենք արդյունքներին, բայց ասեմ, որ այսօրվա դրությամբ տասը մարզիկներից յոթը հարցը բողոքարկել են, մյուս երեքն ընդունել են իրենց մեղքը:
-Բոլոր դեպքերում հուսանք, որ եղածը թյուրիմացություն է, որովհետև երկու մարզիկներն էլ մեր հավաքականի համար արժեք ունեն և նրանց կորուստը ցավալի է, այն էլ քառամյայի նախաշեմին: Ինչ վերաբերում է աշխարհի առաջնություն մեկնող մեր հավաքականին, փոխանցեք մեր աջակցությունն ու ջերմ սերը:
-Շնորհակալ եմ: Չեմ էլ կասկածում, որ դա այդպես է, մնում է մարզասերների վստահությունն արդարացնենք:
Զրույցը` Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆԻ

Դիտվել է՝ 1390

Մեկնաբանություններ