Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«ԱՄԵՆ ԻՆՉ, ՈՐ ՀԱՎԱՏՔՈՎ ԽՆԴՐԵՔ, ՊԻՏԻ ՍՏԱՆԱՔ»

«ԱՄԵՆ ԻՆՉ, ՈՐ ՀԱՎԱՏՔՈՎ ԽՆԴՐԵՔ, ՊԻՏԻ ՍՏԱՆԱՔ»
05.04.2011 | 00:00

Աղոթքն ամենակարճ և ամենախորհրդավոր բառն է բոլոր ազգերի ու կրոնների մեջ։
«Աստված Հոգի է», սովորեցրեց մեզ Հիսուսը: Հոգին անտեսանելի է ու անզննելի, բայց մարդուն հնարավորություն և իրավունք է տրված հարաբերվելու այդ Հոգի Աստծո հետ. դա աղոթքն է, քանզի Արարչի հետ հաղորդակցության միակ միջոցն է, որով մեր հավիտենական հոգիները կապվում են իրենց կյանքի աղբյուրի՝ Աստծո հետ:
Տիեզերքի մեծագույն խորհուրդը եղել և մնում է աղոթքը, որի միջոցով մշտնջենավոր երկնավոր զորություններ են գործի դրվում մեկ մարդու աղոթքով, ինչպես և գրված է Սուրբ Գրքում. «Եթե հավատք ունենաք ու չերկմտեք, մինչև իսկ եթե այս լեռանը ասեք` ելիր և ծովը ընկիր, պիտի կատարվի: Եվ ամեն ինչ, որ հավատքով խնդրեք աղոթքի մեջ, պիտի ստանաք» (Մատթ. 21. 21-22): Եվ եթե մեր Տեր Հիսուս Քրիստոսը, թե՛ սուրբ հայրերը աղոթքի զորությամբ են հաղթել սատանային, ուրեմն այս չար ժամանակներում մեզ առավել ևս խիստ անրաժեշտ է տեղյակ լինել աղոթքի գաղտնիքներին, որպեսզի կարողանանք թե մեր ազգին և թե մեր հոգիներին խաղաղություն և փրկություն գտնել:
Քանի որ «Իրատես de facto»-ի էջերում մեր եղբայր Մաքսիմ Ոսկանյանի միջոցով աղոթքի կոչ է արվել, ապա հոգեշահ է նաև իմանանք, թե ինչպես աղոթենք, որպեսզի ընդունելի լինի Նրան, Ով սպասում է մեր աղոթքներին, քանզի Ինքն է հորդորել մեզ. «Արթուն եղե՛ք, աղոթք արե՛ք, որպեսզի փորձության մեջ չընկնեք» (Մատթեոս 26.41)։
Բայց երբ մեր Տեր Հիսուսը հորդորեց աղոթելու, մի նախապայման դրեց, որին, ափսոս, քչերս ենք ուշադրություն դարձնում (ինձնից սկսած), այդ պատճառով էլ մեր աղոթքները միայն մեր ականջներն են լսում ու մինչև մեր առաստաղն է հասնում։
Ընդունելի աղոթքի այդ պայմանին ծանոթանալու համար կարդանք Հիսուսի խոսքերից մի հատված. «Ասում եմ ձեզ. ամեն ինչ, որ աղոթք անելով խնդրեք և հավատաք, թե կստանաք, կտրվի ձեզ։ Եվ երբ աղոթքի կանգնեք, թե մեկի դեմ մի բան ունեք, ներեցե՛ք, որպեսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ների ձեզ, ձեր հանցանքները» (Մարկոս 11.24-25)։
Ըստ Տիրոջ այս խոսքի, աղոթքը լսելի և ընդունելի է երկու նախապայմանով. եթե հավատանք, թե կստանանք, ու հաջորդը՝ եթե որևէ մեկի դեմ բան ունենանք ու ներենք։ Չի ասում, թե ինչպիսի մեղքի ու հանցանքի դեպքում պետք է ներենք, այլ բոլոր դեպքերում Տերը մեզ ներողամտության կոչ է անում, որպեսզի մեր աղոթքները լինեն ընդունելի, ու մենք էլ ըստ մեր ներման չափի, մեր մեղքերին ու հանցանքներին երկնավոր Հորից ներում ստանանք։
ՈՒ ոչ միայն այսքանը, ապա. «Աղոթեցե՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ և հալածում, որպեսզի որդիները լինեք ձեր Հոր, որ երկնքում է, քանի որ Նա Իր արեգակը ծագեցնում է թե՛ չարերի, թե՛ բարիների վրա» (Մատթեոս 5.44-45)։
Իսկ երբ Հիսուսն Իր աշակերտներին աղոթքների աղոթքը՝ «Հայր մերն» էր սովորեցնում, վերջում հավելեց. «Եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների։ Իսկ եթե դուք չներեք մարդկանց իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձե՛զ չի ների ձեր հանցանքները» (Մատթեոս 6.14)։
Սա է Աստծո պայմանը աղոթքի ու մեր ներման համար. մնացածը թողնվել է մեր կամքին։
Այս առիթով երկու վկայություն կարդանք. մի անգամ քահանայի մոտ է գալիս աշխարհական մի մարդ ու բողոքում է դրացիից, որ իր հանդեպ վատություն է արել, և ինքն ուզում է նրա արածի համապատասխան պատժել նրան։ Փորձառու քահանան հասկանում է, որ իր հոտի ոչխարը գայլի ճանկն է ընկել ու իր աններողմտությամբ ու սեփական անձի արդարությամբ ուզում է վրեժխնդիր լինել, ու դրանով իսկ իր վրա Աստծո բարկության կայծերը դիզել իր վրա։
ՈՒ քահանան մեղմաբար ասում է նրան. «Մեզ սիրող Տերը նման բան չի պատվիրել, այլ ասել է, որ վրեժխնդրությունը Իրենն է, իսկ մեզ հորդորել է Հայր մեր աղոթքի մեջ. «…և թող մեր պարտքերը, ինչպես որ մենք ենք թողնում մեր պարտապաններին», այսինքն` մեր դեմ մեղք գործողներին պարտավոր ենք ներել, որպեսզի մենք էլ երկնավոր Հորից ներում ստանանք մեր մեղքերի համար»։ Բայց այս աշխարհականը համառում էր, ու չէր ուզում հետ կանգնել իր մտադրությունից։ Այդ ժամանակ քահանան այս պայմանը դրեց. «Լա՛վ, քանի որ դու եկել ես եկեղեցի, արի միասին կանգնենք հիմա Աստծո առաջ, և դու «Հայր մեր» աղոթքը աղոթիր ըստ քո ասածի, իսկ երբ որ հասնես իմ ասած տեղը, ասա՛. «Երկնավոր Հայր, մի թող իմ մեղքերն ու հանցանքները, ինչպես որ ես չեմ ներում ու թողնում դրացուս իմ դեմ կատարած մեղքերն ու հանցանքները»։
ՈՒ միայն այդ ժամանակ, երբ նա հասկանում է, թե ինչ սատանայական ծուղակի մեջ էր ընկնելու իր աններողամտության պատճառով, սարսափով ասում է, որ պատրաստ է անպայմանորեն ներելու իր դրացուն։
Վկայություն երկրորդ. «Տիտոս երեցը (XII դար) մի լավ ընկեր ուներ՝ վանական Եվագրը։ Նրանք այնքան անկեղծորեն էին սիրում միմյանց, որ բոլոր եղբայրները զարմանում էին նրանց միակամության վրա։
Բայց բարին ատող թշնամին, սովոր լինելով որոմ ցանելու ցորենի մեջ, նրանց միջև թշնամություն մտցրեց. և այնպիսի ատելություն եղավ միմյանց հետ, որ նույնիսկ իրար երես չէին ուզում տեսնել։ Երբ նրանցից մեկը պետք է խնկարկեր եկեղեցում, մյուսը խուսափում էր խնկի ծխից, ու երեսը շուռ էր տալիս մյուսի անցնելիս։ Եվ այսպես նրանք երկար ժամանակ մնացին մեղավոր խավարում, ու չհաշտվելով միմյանց հետ, հանդգնում էին սուրբ Հաղորդություն ընդունել այդ վիճակում։
Եղբայրները շատ անգամ աղաչեցին նրանց, որ միմյանց հետ հաշտվեն, բայց ապարդյուն. քանզի ոչ մեկը լսել անգամ չէր ուզում այդ մասին։
Եղավ այնպես, որ, Աստծո հայեցողությամբ, Տիտոս երեցը ծանր հիվանդացավ, ու մահամերձ վիճակում հայտնվեց։ Այդ ժամանակ նա սկսեց դառնորեն լաց լինել իր մեղքերի համար, ու խնդրեց եղբայրներին, որ Եվագրին փոխանցեն իր զղջման խոսքերը. «Ների՛ր ինձ, եղբայր, հանուն Աստծո, որ ես քեզ անպատվեցի բարկությամբ»։ Բայց նա ոչ միայն չներեց, այլև դաժան խոսքերով անիծեց նրան։
Բայց երբ եղբայրները տեսան, որ Տիտոսն արդեն մեռնում է, ուժով Եվագրին բերեցին նրա մոտ, որ հաշտվի եղբոր հետ։ Երբ Տիտոսը նրան տեսավ, մի կերպ տեղից վեր կենալով, ընկավ նրա ոտքերը ու մեծ սրտաշարժությամբ ասաց. «Ների՛ր ինձ, հայր, և օրհնի՛ր մեղավորիս»։ Բայց Եվագրը շրջեց երեսը ու բոլորի առջև այս դաժան խոսքերն ասաց. «Երբե՛ք չեմ ների. ոչ ա՛յս կյանքում, ոչ էլ մյո՛ւս»։
Այս ասելով նա եղբայրների աչքի առաջ գետին տապալվեց։ Սրանք ուզեցին բարձրացնել նրան, բայց նա մեռած էր, ու չէին կարողանում ոչ ձեռքը ծալել, ոչ աչքերը փակել, ինչպես վաղուց մեռածին է հատուկ։
Իսկ հիվանդ երեցը այդ ժամանակ վեր կացավ լրիվ առողջացած։
Սարսափ պատեց բոլորին այս ամենը տեսնելով, ու հարցուփորձ արեցին երեցին, թե ինչպես եղավ, որ իսկույն առողջացավ, և ինչ կարող է այդ նշանակել։
Երանելի Տիտոսը պատասխանեց. «Երբ ես ծանր հիվանդացա, քանի դեռ թշնամանքի մեջ էի, տեսա ինչպես հրեշտակները հեռացան ինձանից, լաց լինելով իմ հոգու կորստյան համար, իսկ դևերն ուրախանում էին իմ բարկության համար։ Ես այդ ժամանակ խնդրեցի, որ ինձ համար աղոթք անեն ու եղբորը խնդրեն, որ ների մեղավորիս։ Դուք նրան բերեցիք, ու ես խոնարհվեցի նրա առաջ, իսկ նա հետ շրջվեց, չընդունելով իմ ապաշխարանքը։ Այդ ժամանակ ես տեսա անողորմ հրեշտակին, որը հրեղեն գեղարդով խոցեց չներող եղբորը։ Եվագրը տեղում մեռավ, իսկ ինձ այդ հրեշտակն իր ձեռքը մեկնեց ու վեր բարձրացրեց, և ահա ես առողջ եմ»։
Երկյուղած եղբայրները շատ լաց եղան մեռածի համար ու թաղեցին բաց աչքերով և բաց բերանով, ձեռքերը տարածած»։
ՈՒ որպեսզի մեզ էլ չպատահի նման աղետ, լավ կլինի հիմա մի քանի խրատներ կարդանք եկեղեցու սուրբ հայրերի խոսքից, որոնք աղոթքի ու ներողամտության կենդանի վկաներ են ու լուսատուների նման դարերով լուսավորել են այս մեղավոր ու խավար աշխարհի մարդկանց հոգիները։
«Անփութորեն ու ծուլությամբ կատարած աղոթքը դատարկախոսություն է»:
«Ինչպես ուժեղ քամին է ցրում փոշին, այդպես էլ Աստծուն փառաբանելով և աղոթքով հալածվում է մեր թշնամին՝ սատանան»:
Եփրեմ ԱՍՈՐԻ
«Եթե աղոթես խոնարհությամբ և անձդ համարես անարժան, ընդունելի է Աստծուն, իսկ եթե սիրտդ ամբարտավան է, և աղոթքի ժամանակ մեկին հիշելով դատես նրան, ընդունայն է։
Աղոթի՛ր Աստծուն կարծես թե տեսնում ես նրան, քանզի նա իսկապես տեսնում է քեզ»:
Հայր ՆԵՍՏՈՐ
«Առանց աղոթքի մեր հոգևոր կյանքը ծարավում, թոշնում և մեռնում է»:
Հովհան ՈՍԿԵԲԵՐԱՆ
«Եթե լսես, որ մեկը չարախոսել է քո մասին, ու նա քեզ մոտ գա, դու նրան մի՛ դիմակազերծիր, այլ ուրախացի՛ր նրա հետ, ու դեմքդ ժպտերես թող լինի, ու աղոթքիդ ժամանակ համարձակություն կստանաս»:
ԱՆԱՆՈՒՆ
«Աղոթողի աղոթքները ձեռքերն են, որոնցով բռնել է Աստծո ոտքերը»:
Հովհան ՄԱՆԴԱԿՈՒՆԻ
ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԻ ՎԱՐՔԻՑ
Միայնակյաց մի ճգնավոր տեսավ ինչպես մի դև հրամայում էր մի ուրիշ դևի, որ արթնացնի քնած կրոնավորին: Պատասխանեց նրան դևը և ասաց. «Չեմ կարող այդ անել, որովհետև մի անգամ արդեն արթնացրի, նա վեր կացավ, աղոթեց ու ինձ հալածեց այստեղից»:
Մի եղբայր ինչ-որ մեկից տրտմելով վեր կացավ գնաց տարեց ճգնավորի մոտ և ասաց նրան. «Հայր, տրտում է անձս»: Հարցրեց նրան տարեցը. «Ինչո՞ւ, եղբայր»: Պատասխանեց եղբայրը. ասաց. «Որովհետև մեկը ինձ տրտմեցրեց, իսկ դևը գրգռում է ինձ, որ նրան հատուցեմ առավելապես»: Ասաց նրան ճգնավորը. «Ինչ որ ասեմ, եթե լսես ու հնազանդվես, կփրկի քեզ Աստված այս ախտից»: Եղբայրն ուխտեց լսել նրան և անել ինչ որ ասի: Ասաց նրան ճգնավորը. «Գնա՛ սենյակդ, աղոթի՛ր ամբողջ սրտով և օրհնի՛ր քեզ տրտմեցնողին»: Եղբայրը գնալով մի շաբաթ արեց այդպես, ինչպես պատվիրված էր, և վերցրեց Աստված տրտմությունը նրա հնազանդության համար:
Եղբայրները հարցրին հայր Ագաֆոնին. «Ո՞ր սխրանքն է ամենադժվարը հավատացյալի կյանքում»: Նա պատասխանեց. «Ներեցեք ինձ, որ ես կարծում եմ, որ աղոթքի սխրանքը մյուսներից ավելի դժվար է: Երբ մարդ ուզում է Աստծո առջև բերել իր աղոթքը, այդ ժամանակ թշնամի դևերը շտապում են խանգարել աղոթքը, հասկանալով, որ ոչ մի բան այդքան վտանգավոր չէ, ինչքան աղոթքը: Մնացած սխրանքները իրենց մեջ որոշ հանգստություն են պարունակում, բայց աղոթքը մինչև վերջ ուղեկցվում է ջանքով ու դժվարին պայքարով»:
Հայր Վիսարիոնի աշակերտը պատմում է հետևյալը. «Մի անգամ գնում էինք ծովի ափով, և ես խիստ ծարավ զգալով ասացի հայր Վիսարիոնին. «Հայր, ծարավը ինձ շատ է տանջում»: Ծերը աղոթեց ու ասաց. «Խմի՛ր ծովի ջրից»: ՈՒ ծովի ջուրը քաղցրահամ դարձավ: Հագենալով, ես այդ ջրից իմ մոտի ջրամանն էլ լցրեցի, որպեսզի երբ պետք լինի, էլի օգտագործեմ: Ծերն այդ տեսնելով հարցրեց. «Ինչո՞ւ համար այդ արեցիր»: «Ների՛ր ինձ, հայր,- պատասխանեցի ես,- այդ արեցի զգուշությունից, վախենալով, որ նորից կծարավեմ»:
Ծերը ասաց. «Ինչպես այստեղ է Աստված, այդպես էլ ամենուր է»:
Որպես վերջաբան այս անսպառ թեմայի, կարդանք մի հատված ևս սուրբ Գրքից. «Իմ անունով կոչված ժողովուրդս եթե խոնարհվեն ու աղոթք անեն, ու իմ երեսս փնտրեն և իրենց չար ճանապարհներից հետ դառնան, Ես էլ երկնքից պիտի լսեմ ու նրանց մեղքը ներեմ և նրանց երկիրը պիտի բժշկեմ»: (Բ. Մնաց. 7. 14.)։
Եթե ընթերցող հայորդին իրեն համարում է Տիրոջ անունով կոչված, այսինքն` քրիստոնյա, ապա այս վերջին հորդորը նաև իրեն է վերաբերում, քանզի աղոթքով է, որ յուրաքանչյուրս կարող ենք մեր մեղքերից ազատվել ու դրանով իսկ մեր ազգին ու երկրին բժշկություն հայցել երկնավոր մեր Հորից։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3814

Մեկնաբանություններ