Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՔԱՂԱՔԱԿԱՆ «ՓԱՍԻԱՆՍԻ» ՄԵՋ Է ՈՒԶԲԵԿԱԿԱՆ ԽԱՂԱՔԱՐՏԸ

ՔԱՂԱՔԱԿԱՆ «ՓԱՍԻԱՆՍԻ» ՄԵՋ Է ՈՒԶԲԵԿԱԿԱՆ ԽԱՂԱՔԱՐՏԸ
15.06.2010 | 00:00

Փորձը ցույց է տալիս, որ շատ ավելի հեշտ է ջինը շշից բաց թողնելը, քան նորից ներս խցկելը, հատկապես երբ գործընթացին մասնակցում են քաղաքական գործիչները, իսկ թելը քաշում են տարբեր շահագրգիռ աշխարհաքաղաքական կենտրոններից։ Այսպես, դեռևս ապրիլին, երբ Ղրղզստանում սկսվեց հերթական հեղափոխությունը, պարզ էր, որ այստեղ «քիչ արյունով» չես պրծնի և «սահմանափակ ժամանակային շրջանակներում» չես տեղավորվի։ Սոցիալական և ազգամիջյան խնդիրների, կրոնական գործոնների և բարդ հարևանների հսկայական բեռի տակ կքած այս չքավորագույն երկրում գործընթացների նվազագույն կառավարելիության նախադրյալները, փաստորեն, զրոյական էին, և դա չէին տեսնում կա՛մ կույրերը, կա՛մ հերթական քաղաքական արկածախնդիրները, որոնք շատ արագ սկսեցին չարաշահել «ղրղզական սցենարը»` հանուն իրենց օգտապաշտական շահերի։ Այդուամենայնիվ, առաջին զոհերի համար արդեն նշանակություն չուներ, թե ով և ինչու էր բացել «սարսափի անոթը», և ով էր ուզում դրանով տաքացնել ձեռքերը։ Արյունալի մոլոքն արդեն սկսել էր իր հունձը, իսկ հետագայում գործընթացն առհասարակ դուրս եկավ ոչ միայն ժամանակավոր կառավարության անդամ ղրղզ քաղաքական գործիչների վերահսկողությունից, ովքեր գերագնահատել էին իրենց հնարավորություններն ու ժողովրդի վստահությունը, այլև ավելի լուրջ, լայնախոհ քաղաքական անհատականությունների վերահսկողությունից։ Եվ այնքան էլ երկար սպասելու կարիք չեղավ, որպեսզի համաշխարհային լրատվամիջոցները նորից հեղեղվեն Ղրղզստանի հարավից ստացվող արյունալի տեսարաններով ու ռեպորտաժներով։ Այսպես, ղրղզական Օշից արդեն զանգվածային կարգով տեղափոխում են կանանց ու երեխաներին, լրագրողներին ու արտասահմանցի ուսանողներին։ Օշի ու Ջալալաբադի մարզերում արտակարգ դրություն է մտցված, երկրում հայտարարված է մասնակի զորահավաք, ուժային կառույցներին թույլատրված է կրակել դիմահար։ Այդուամենայնիվ, ջարդարարներն ու թալանչիները շարունակում են հրկիզել մեքենաները, ջարդուփշուր անել խանութներն ու տները, գազանաբար սպանել մարդկանց։ Զոհվածների թիվն արդեն հարյուրների է հասնում, հազարավոր մարդիկ վիրավոր են, և սրանք միայն պաշտոնական տվյալներն են։ Թե դրանք իրականում ինչպիսին են, այժմ ոչ ոք ասել չի կարող։ Սցենարներն ամենուրեք նման են իրար` սկզբում կողոպտում են, հետո` հրկիզում։ Օշում տները հրկիզում են ամբողջ թաղամասերով։ Քաղաքի բնակիչները ջանում են ապաստան փնտրել հարավային զորախմբի տեղաբաշխման վայրերում, որը շարունակ համալրում է ստանում Ղրղզստանի հյուսիսային շրջաններից։ Բառիս բուն իմաստով բոցերի մեջ է նաև Ջալալաբադը։ Այրվել է տեղի հեռուստաընկերությունը, զավթվել է զորամասը։ Հրշեջներն անգամ ընկնում են հրազենային կրակի տակ, հրշեջ բրիգադների մի քանի աշխատակիցներ հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել են։ Առայժմ չեն օգնում ո՛չ հայտարարված զորահավաքը, ո՛չ զենքի դիմահար օգտագործման մասին դեկրետը։ Բուն Բիշքեկում իրադրությունը քիչ թե շատ հանգիստ է, եղել են միայն ազգամիջյան ընդհարումների առանձին դեպքեր։ Զինվորականների ու միլիցիայի բացակայության պայմաններում (նրանք բոլորն ուղարկվել են երկրի հարավ) կարգ ու կանոնը ձգտում են ապահովել տեղի բնակիչները։ Իրադրությունը բարդ է նաև երկրի սահմանների մոտ։ Հարևան Աֆղանստանի հետ սահմանագլխին հազարավոր փախստականներ են կուտակվել։ Փակ է Ղազախստանի և Չինաստանի հետ սահմանը։ Լավ է, որ ՈՒզբեկստանը միջանցք է բացել, և ծերերը, կանայք ու երեխաները, որոնք կարողացել են փախչել չդադարող սպանդի էպիկենտրոնից, ապաստան են գտել այնտեղ։
Իսկ ի՞նչ է անում «հեղափոխական կառավարությունը», որն իշխանության եկավ արյունով և շարունակում է լող տալ դրա մեջ։ Առայժմ նա միայն թյուրընկալելի հրահանգներ է արձակում ազգային անվտանգության խորհրդի ստեղծման, «իրավիճակի վերահսկողության» մասին, խնդրանքով դիմում է Ռուսաստանի ղեկավարությանը` խաղաղարար ուժեր մտցնելու երկիր, ինչպես նաև «միջազգային ընկերակցությանը` Ղրղզստանին համակողմանի օգնություն ցուցաբերելու խաղաղության վերականգնման գործում»։ Ընդ որում, ո՛չ համաշխարհային հանրությունը, ո՛չ անգամ Մոսկվան չեն շտապում օգնություն ցուցաբերել, համենայն դեպս, ուժային։ Խոսելով ռուսական զինված ուժերի ներգրավման հնարավորության մասին, Կրեմլի կարծիքով, «ներկա պահին պայմաններ չկան դրանց կիրառության համար»։ Ինչ վերաբերում է Ղրղզստան ՀԱՊԿ-ի խաղաղարար ուժեր ուղարկելուն, նշվում է, որ այդպիսի որոշում կարող է կայացվել միայն ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան` այդ կազմակերպության բոլոր մասնակիցների հետ խորհրդակցություններից հետո։ Ճիշտ է, կիրակի օրը Ղրղզստան է մուտք գործել ռուսական դեսանտայինների մեկ գումարտակ` ռուսական բազաները պահպանելու նպատակով, ընդ որում, նրանք տեղի բնակիչներին, այդ թվում` ռուսներին, օգնելու հրաման չունեն։ Նոր իշխանությունները, ինչպես միշտ, չեն մոռանում ամեն ինչում մեղադրել ատելի Բակիևին ու նրա կլանին։ Օթումբաևան անմիջապես հայտարարել է, թե հարավում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունները հրահրել ու կառավարում են բակիևյան ուժերը, նրա եղբայրներն ու մերձավորները. «Մենք սպասում էինք, որ փորձեր կլինեն վիժեցնելու հանրաքվեն, և հիմա հիշում ենք պարոն Բակիևի խոստումը` «երկիրը խեղդել արյան մեջ»։ Իսկ ինքը` նախկին նախագահը, որ դեռևս ընտանիքի հետ գտնվում է Մինսկում, ինչպես և պետք էր սպասել, հայտարարել է, որ ոչ մի կապ չունի տեղի ունեցողի հետ և օգնության կոչ է արել ՀԱՊԿ-ին։ Սակայն փորձագետների գնահատումների համաձայն, միայն նրա մեկնումը «կոտրեց ու թուլացրեց հարավցիների դիրքերը» և, ըստ էության, կանխեց քաղաքացիական պատերազմը հյուսիսի ու հարավի միջև։ Իսկ ներկա ողբերգական իրադարձությունները, շատ դիտորդների կարծիքով, միանգամայն այլ, առայժմ ոչ այնքան պարզ մի «օպերայի» լիբրետտո են։ Դրանք սարսափելիորեն հիշեցնում են 20-ամյա վաղեմության, ԽՍՀՄ ժամանակների իրադարձությունները, երբ սպանվեցին հարյուրավոր ուզբեկներ ու ղրղզներ, Օշում բառացիորեն «արյան գետեր» էին հոսում, և հարկ եղավ զորք մտցնել ու դաժանորեն ճնշել խռովության օջախները։
Այսօր ինչ-որ մեկը նորից շատ հմտորեն ու ցինիկաբար քաղաքական «փասիանսի» մեջ է նետել ուզբեկական խաղաքարտը, և բանն անմիջապես լուրջ, հնարավոր է` անդառնալի շրջադարձ է ստացել։ Թեև նկատենք` իշխանությունները պնդում են, որ պատճառները զուտ կենցաղային են եղել, և ամեն ինչ, իբր, սկսվել է հունիսի 10-ի երեկոյան` Օշի կենտրոնում, երբ երեք հարբած ղրղզ հրաժարվել է վճարել ուզբեկ տաքսիստին, գնդակահարել են վարորդին և օգնության հասած ուզբեկներին (հիշենք, խորհրդային տարիներին պնդում էին, թե «Օշի կոտորածը» ծագել էր երեխաների միջև կեռասի պատճառով առաջացած վեճից)։ Այնուհետև իրադարձությունները ծավալվել էին սրընթաց. տարբեր լուրեր էին պտտվում, որ քաղաքի ջուրը թունավորված է, որ բռնաբարել ու սպանել են Օշի համալսարանի հանրակացարանի մի քանի ուսանողուհիների, և դա արել են ուզբեկները։ Այսինքն, ամեն տեսակի ջարդեր նախապատրաստելիս սկսում է գործել հին, ժամանակի փորձությունն անցած և կասկածելի հաջողություն խոստացող «պահակային կառույցների» զինանոցը (նույն պատկերն ենք տեսնում նաև Ցարական Ռուսաստանում հրեական ջարդերի և Խորհրդային Ադրբեջանում` հայկական ջարդերի ժամանակ)։ Հետո ամեն ինչ ծավալվում է «ձնագնդի կանոնով»։ Գտնվեցին «պաշտպաններ», հրկիզվեցին, փաստորեն, բոլոր ուզբեկների տները, ղրղզ երիտասարդներն ուղղակի որս էին սարքել ուզբեկների նկատմամբ, ծեծում էին բոլորին` կանանց, ծերերին (վկաները պատմում են, որ տղամարդկանց գազազած ամբոխը մահակներն առած փողոցում հալածում էր 10-11 տարեկան մի ուզբեկ երեխայի, և ոչ ոք չէր համարձակվում օգնել)։ ՈՒրբաթօրյա աղոթքից հետո կենտրոնական մզկիթից դուրս գալիս հարձակում կատարվեց ուզբեկական համայնքի ներկայացուցիչների վրա։ Ընդ որում, ղրղզների ամբոխը, միջադեպի վայր հասնելով հետևակի մարտական մեքենայով, սկսեց անկանոն կրակ տեղալ մզկիթից դուրս եկող մարդկանց վրա։ Պատկերացնելն անգամ սոսկալի է. մզկիթի պատերի մոտ մարտական տեխնիկան գնդակոծում է հավատացյալներին միայն այն պատճառով, որ նրանք ուզբեկներ են։ Համապատասխանաբար զենք վերցրին և իրենց թաղամասերը պաշտպանել սկսեցին նաև ուզբեկները, բայց նրանց մեծ մասը, այնուամենայնիվ, ձգտում է երկրից փախչել ՈՒզբեկստան և Աֆղանստան, որտեղ նույնպես քիչ չեն ուզբեկները։ Այժմ Ղրղզստանի ամբողջ հարավն անսանձելիորեն և, ամենայն հավանականությամբ, դեռ երկար կխրվի էթնիկ ջարդերի սարսափների խորխորատը, և նրանք, դարձյալ անսանձելիորեն, կանցնեն բացահայտ էթնիկ զտումների։ Եվ այս ամենի ծայրը դեռ չի երևում։
Հնարավոր է, որ այս ամբողջ «դժգոհությունը» հասունացել, բորբոքվել է, և այս ջարդերն էլ «ժողովրդական ցասման» տարերային բնույթ են կրում։ Իհարկե, որոշակի հանգամանքների բերումով իշխանության համար պայքարը նույնպես կարող է ավերիչ բնույթ կրել` ազգային սկզբունքով բորբոքված դիմակայության հետևանքով, սակայն ղրղզական ներկա իրադարձությունների արմատներն ամենից քիչ դրանում պետք է փնտրել։ Ավելին, «Օշի անկարգություններից» բառացիորեն մի քանի օր առաջ սպանվել էր հարավային քրեական մի հեղինակություն` ազգությամբ ուզբեկ, մականունը` «Չոռնի Այբեկ», և սպանության մեջ կասկածվում է ուզբեկական համայնքի պարագլուխ Բատիրովը։ Այսինքն, և՛ իշխանության համար պայքարը, և՛ ազդեցության ոլորտների քրեական վերաբաժանումը, որոնք, իհարկե, առկա են հեղափոխությունից հետո, չեն անցնում ազգային հատկանիշով և չեն դառնում զանգվածային։ Ղրղզների և ուզբեկների միջև անհանդուրժողականությունը միշտ էլ եղել է, բայց, ինչպես թվում է, ինչ-որ մեկը, այնուամենայնիվ, հմտորեն կարողացել է մոտեցնել «բռնկիչը»։ Ո՞վ։
Չլինելով «համաշխարհային դավադրությունների» տեսությունների կողմնակից, նկատենք` Ղրղզստանը և հատկապես նրա հարավը, կարևոր «աշխարհաքաղաքական խաչմերուկ է, որտեղ բախվում են շատ տերությունների շահեր։ Այստեղ ակտիվ են և՛ Չինաստանը, և՛ ԱՄՆ-ը, և՛ Ռուսաստանը, անմասն չէ նաև Աֆղանստանը։ Բոլորս էլ հիշում ենք «Մանաս» բազայի շուրջ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև ծավալված ծանր պայքարը, հիշում ենք նաև, թե ինչքան դժգոհ էր Մոսկվան, որ նախկին նախագահ Բակիևը համաձայնել էր երկրում տեղակայել ամերիկյան ևս մեկ բազա։ Բառացիորեն վերջերս դարձյալ հաղորդումներ երևացին այն մասին, որ, այնուամենայնիվ, հնարավոր է իրացվի Ղրղզստանի հարավում հակաահաբեկչական վարժակենտրոն կառուցելու Պենտագոնի խոշոր ծրագիրը։ Ընդ որում, շատ անհանգստացնող մի հանգամանք ևս` այն պետք է տեղակայվեր Օշում։ Ահա այս տարօրինակ զուգադիպությունից հետո, թե՛ իրադարձությունների աշխարհագրության, թե՛ դրանց իրացման ժամկետների առումով, եկ ու կասկածից մի պայթիր։
Սակայն Վաշինգտոնի ու Մոսկվայի արդեն սովորական, իսկ վերջին ժամանակներս բացահայտորեն «ալարկոտ» դարձած պայքարին Ղրղզստանում ավելացել է ծայրաստիճան կարևոր ու վտանգավոր մի գործոն ևս` իսլամական արմատականությունը։ Իսլամական գրոհայիններն առաջին անգամ կենտրոնասիական բեմահարթակին հայտնվեցին 1999 թվականին, երբ փետրվարին ՈՒզբեկստանի իսլամական շարժումը Տաշքենդում կազմակերպեց մի շարք պայթյուններ, որից հետո բավականին կանոնավոր կերպով իր ներխուժումներով սկսեց տհաճություններ պատճառել Ղրղզստանի հարավում:.0 Ամառն ավանդաբար տարածաշրջանում իսլամական արմատականների ակտիվացման շրջան է, որոնք միանգամայն անվտանգ անցնում են սահմանը և միանգամայն վստահորեն գործում տեղի իրենց զինակիցների աջակցությամբ։ Մի շարք փորձագետներ ենթադրում են, որ նրանց ակտիվացման վտանգն այս տարի կարող է զգալիորեն մեծանալ Ղրղզստանում ծայր առած անկայունության հետևանքով։ Ընդ որում, Ղրղզստանի «աֆղանացումը» խիստ ցավագին հարց է և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի համար։ Իսկ հիմա մեծ հավանականություն կա, որ «երկու հեղափոխությունների հանրապետությունը» կխրվի «բասմաչականության» ճահիճը։ Հիշեցնենք, այն ավանդաբար ուժեղ է եղել այս տարածաշրջանում, և խորհրդային իշխանությունը բասմաչներին կարողացավ վերացնել հսկայական կորուստների գնով` անցած դարի 30-ականների վերջերին միայն։ Այժմ էլ չի բացառվում, որ եթե Ղրղզստան մտնեն խաղաղարար զորամիավորումներ, լիարժեք բասմաչական շարժումն այստեղ կարող է դառնալ շատ լուրջ ու նոր գործոն։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1128

Մեկնաբանություններ