Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«ԻՆՉ ՑԱՆՈՒՄ ԵՆՔ, ԱՅՆ ԷԼ ՀՆՁԵԼՈՒ ԵՆՔ»

«ԻՆՉ ՑԱՆՈՒՄ ԵՆՔ, ԱՅՆ ԷԼ ՀՆՁԵԼՈՒ ԵՆՔ»
21.02.2012 | 00:00

(սկիզբը` թիվ 9-ում)

Տարիներ առաջ դասավանդում էի Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վարժարանում, որը գտնվում էր հրեա-արաբական թաղամասերի ճիշտ բաժանատարածքում։ Նկատեցի, որ տեղացի հայերը կամա թե ակամա հարաբերվում են երկու խիստ հակառակ մշակույթ ունեցող ազգերի հետ։ ՈՒ ես, դիտարկելով այդ ազգերի ապրելակերպը, հասկացա, որ երկու հակառակորդ ազգերն էլ մեծ կարևորություն էին տալիս իրենց ընտանիքներին, քաջ գիտակցելով, որ թույլ ու անկայուն ընտանիքներն ապագա բարոյահոգեբանական պարտությունների գրավականն են։ ՈՒ երբ տեսնում էի, թե որքան համեստ հագնված են դպրոց հաճախում արաբների երեխաները, երբ տեսնում էի մուսուլման կանանց երկարափեշ, անգայթակղիչ արտաքինը, հասկանում էի, որ դրանց ընտանիքներում կարգ ու կանոն է տիրում։ Իսկ հրեաները, ի տարբերություն նրանց, մինչև 12 տարեկանն ազատ դաստիարակության կողմնակից են, իսկ այդ տարիքը լրանալուն պես, Բար-Միցվա կոչվող արարողությամբ երեխային հայտարարում են խելահաս (բայց ոչ չափահաս), ու դրանից հետո նա ներքնապես պետք է զգաստանա և իրեն դրսևորի այնպես, որ պատրաստ լինի պատասխան տալու իր սխալ արարքների համար (բայց ոչ մեղքերի, որոնց գիտակցությունը չափահասությամբ է ընկալվում)։ Իսկ հրեական ընտանիքների անդամների շատությունն իսկույն երևում էր հենց փողոցներում. ծնողների շուրջը թռչկոտող երեխաներով, մի քանիսն էլ մանկական սայլակներում նստած, ոմանք էլ դեռ մայրիկի փորում «հերթի» սպասող։ ՈՒ պետությունը պատրաստակամությամբ սպասարկում և աջակցում է բոլորին. ամեն երեխայի համար մի քանի հազար շեքել վարձատրելով։ Այո՛, վարձատրելով, որովհետև նրանք լավ գիտեն իրենց ազգային կապիտալի` «ապրանքի գինը», որովհետև եթե ընտանիքում չկա երեխա, ուրեմն ընտանիք էլ չկա (եթե, իհարկե, ամլության հարց չկա մեջտեղում)։ Եվ, ըստ հրեական օրենքի, եթե առողջ ընտանիքը երեխաներ չի ծնում, ապա դա անարգանք է համարվում ազգի համար։ Իսկ մեր քրիստոնեական ընտանիքի պահպանման սկզբունքները զորեղ են, եթե պահելու լինենք այն։ Այս խոսքերն անձամբ Տեր Հիսուսն է ասել, եթե լսելու ականջ ու կատարելու խոնարհություն ունենք. «Ինչ որ Աստված միացրեց, թող ոչ մի մարդ չբաժանի» (Մարկոս.10,9):
Այդ պատճառով մեզ հանապազօրյա հացի նման անհրաժեշտ են և՛ Խրիմյան Հայրիկի (նա մեր կաթողիկոսներից ամենաշատն է ընտանիքի հարցերին անդրադարձել), և՛ Հովհաննես Թումանյանի գրվածքները։ Ահա լուրջ ազգային մշակներ ու գործիչներ, ովքեր և՛ անձնական օրինակով, և իրենց լրջախոհ հորդորներով կուղղորդեն ազգիս մնացորդին (էլ ինչպես որակեմ օտար, ամայի ճամփեքով պանդխտացողներին նայելով)։
Մինչ վերջաբանին հասնելը կարդանք հայոց ավանդական ընտանիքի` անցյալ դարի սկզբների մեկ օրվա ապրած կյանքի ուսանելի նկարագրությունը (համ ու հոտի համար միտումնավոր գյուղական բարբառախառն խոսքով գրված)։

ՀԱՅՈՑ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԵԿ ՕՐԸ

Վաղը հաց պիտի թխեն։ Այսօրվանից ալյուրը ամբարից կամ փեթակից (փեթակը երկուսուկես արշին բարձրությամբ, մեկ ու կես արշին լայնությամբ դարմանախառն սպիտակ կավից պատրաստված մի քառանկյուն շինվածք է, որի մեջ գյուղացիներն ալյուր կամ արմտիք են լցնում) դուրս են հանում ու ալրամաղով մաղում խմորի տաշտի մեջ։ Երեկոյան խմորն է հունցվում, որից հետո ձեռքով խմորի երեսին Խաչ են քաշում, դաստախունով ծածկում, որ թթվի մինչև առավոտ։
Առավոտյան ծեգին, աղոթրանը դեռ նոր էր սկսել ճղճղնոտիլ։ Մեր Նանեն քնից զարթնելով, տեղից վեր կացավ, չախմախը զարկեց, քուքուրթի ծեղը կպցրեց ու ձեռքը մութ տեղը ափլփորելով ձիթի ճրագը ճրագթաթից վեր բերեց, վառեց։ Ինքը շորերը հագավ, մի քանի անգամ սուտ հազաց ու նրանից եդը առանձին-առանձին գնաց տղերանց տեղաշորի մոտ, առանց ձեն հանելու, հարսների կողքին բոթեց, որ զարթնեն, ու ինքը հեռացավ։
Ամուսինն էլ, որ վաղուց զարթուն էր, տղերանց անունները տալով ձեն տվեց ու ինքն էլ առավոտվա կարճ աղոթքը քթի տակ մրմնջալով, թե. «Մեղավոր անարժան ծառեդ եմ, Տե՜ր Աստված, Դու Քո ստեղծած հոգիդ չկորցնես, Տե՜ր։ Առավոտվա բարի լուսու Քրիստոս, թագավորաց Թագավոր Աստված, Քու փեշդ եմ բռնել, Դու գիտես..., Դու իմ որդվոց բանին, գործին բարի հաջողություն տաս... ավուր փորձանքներից ու անզգամի նխահ շառեն Դու հեռու պահես..», շորերը հագավ, գնաց գոմի ջրի գռի մոտ կանգնեց և «Հայր մերը» ասելով, մի քանի չոփ ջուր զարկեց երեսին, լվացվեց, չուխի փեշով երեսը սրբեց ու ճանապարհին աղոթքը շարունակելով, դիմեց դեպի եկեղեցի։
Տղերքն էլ քնատեղից վեր կացան, շորերը հագան. որը գնաց մարագից քթոցով դարման բերելու, որը ցախավելով տավարի տակը մաքրեց, որն էլ թրիքը շալակով տարավ բասմեն լցրեց։ Մեկն էլ գոմի օտի օճախը կրակ դրեց, սարքեց, քեշեքը թափ տվեց ու ավլեց, իստակեց, որ քիչ հետո իրենց հերը ժամից իր ընկեր հալիվորների հետ կգան, ու չըլնի թե բարկանա իրանց վրա։
Հարսներն ու աղջիկները արդեն վեր են կացել, լվացվել, շոր ու մազ դզոտել, մի-մի Խաչ հանել երեսները ու սկսել խմորը գնդել։ Նանեն էլ գնաց մոխիրը թնդիրից դուրս քաշեց մոխրատի մեջ, աթարը բերեց թնդրա շուրթը, թնդիրը շենքեց, անթեղը թաղած տեղից՝ մոխրի միջից հանեց, թնդիրը մուխ գցեց ու շտապեց, գնաց երդիկկալը ետ տարավ, քթոցը երդիկի ափին մխքաշ դրեց ու կրկին տուն մտավ։ Հարսները, երբ խմորը գնդել, պրծել էին, հրամայեց նրանց, որ բադատը, ռաֆատեն, փարտիչը, շիշը, ակիշը, թաթակիչը, գրտնակը, սեղանատախտակը ու մի աման ջուր բերեն թնդրի մոտ հազիր անեն։ Ինքն էլ կապույտ կտավե մխնոցը հագավ, թևնոցների թևերը քաշեց, դուրս ելավ աղոթարանի առաջ երեսին Խաչ հանեց, մի երկու ծունր դրեց, հետո ետ եկավ թնդիրը հետ առավ, փարատիչով մեջն ու կողերը սրբեց ու սկսեց հացը թխել։
Ահա Նանեի եփած հացերի տեսակները. լոշ կամ լավաշ, թափ-թափա, բոքոն, մատնքաշ, ծակուլիկ, բաղարջ և այլն։ Վերջն էլ կրակի վրա մի քանի հատ փուռնիկ գցեց ու փեշը թափ տվեց, Աստծուն փառք տվեց հաց ու բարիքի համար, ապա տեղից վեր կացավ, որ հարսները տախտ ու տուն ավլեն, հորթեն-իստակեն։
Տնական գործն ավարտեցին, հիմա էլ հարս ու աղջիկ նստած տղամարդկանց համար չուխա, շալվար, արխալուղ, շապիկ, կուռտիկ, աբա ու չիկին թառլիկ են կարում, մի կողմում էլ պաճիճ, պաճընթել ու գուլպա են գործում։ Իսկ իրանց համար էլ սայա, կապա, քաթիպա, գոգնոց կամ նախշուն միզար, թևնոց, կրծկալ կամ սրտանոց կարում։
Այսպես միով բանիվ ընտանեաց մեջ յուրաքանչյուրն իր առանձին պարապմունքն ունի ու զբաղված է ամբողջ ցերեկը։

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Այս էր կարդացածդ ընտանիքի բոլոր անդամների պարտականությունների նկարագրությունը, որ ժամանակակից ամեն հայի ընտանիքի անդամ իրեն համեմատի մեր նախնիների պատկերի հետ՝ թե՛ հավատքով, թե՛ վարքով և թե՛ հագ ու կապով, որովհետև այս ճիվաղային դարում մեր տղաները դարձել են ծույլ ու անբան, ծնողներին անհնազանդ, աղջիկները` ալարկոտ, ժամերով միայն արտաքինին հետևող, հագածներն էլ միայն հազիվ եվայական ամոթույքները մի կերպ ծածկող, պորտերը բաց, կամ կիպ հագուստներով՝ մարմնի կորերն ընդգծող, անամոթ գայթակղության պատճառ հանդիսացող քայլող ցանկություն են դարձել։ ՈՒ հազարին գայթակղելով՝ մեկին են ընտրում, ու այդ մեկի հետ էլ տասից մեկն է մինչև մահ հավատարիմ մնում։ Իսկ ծնողներից շատերն աղոթք ու օրհնանք, եկեղեցի ու Ավետարան մոռացած՝ միայն մարմնավորն ապահովելու հետևից վազող ու բանող խեղճ էակների են վերածվել՝ չհասկանալով, որ ինչ սերմանում են, այն էլ դառը խրձերով են հնձելու իրենց անհնազանդ երեխաներից։ Եվ ընդհանրապես, Սուրբ գրքի ամենաիմաստուն այրերից մեկը ընտանիքի և կանանց մասին գրել է. «Իմաստուն կանայք իրենց տունն են շինում, իսկ անզգամ կանայք իրենց ձեռքով իրենց տունն են քանդում»:
Այս նույն հարցի վերաբերյալ մի սրբուհու տեսիլային վկայությունն էի կարդում, որտեղ մեր բոլորի Մայրը՝ Աստվածածին Կույսը, հետևյալ հորդորն էր տալիս ընտանիքի մայրերին.
«ՈՒզում եմ կանանց ուշադրությունը հրավիրել այս հարցի վրա:
Չափից ավելի շատ ընտանիքներ են խարխլվում կնոջ մեղքով, որոնք սեր չեն տածում, որն իր մեջ պարունակում է բարություն, կարեկցություն և ամուսնուն մխիթարելու կարողություն։ Մարմնավոր տառապանքները, որոնք ծանրացած են կնոջ ուսերին, այդքան չեն ճնշում տղամարդուն։ Բայց նրանց վրա է մնում բարոյական տառապանքի բեռը. փող վաստակելու անհրաժեշտությունը, որոշումներ կայացնելը, մեծ պատասխանատվությունը հասարակության և սեփական ընտանիքի առջև։ Օ՜, ինչ ծանր է տղամարդու բեռը։ Եվ որքան մխիթարություն է անհրաժեշտ նրան։ Եվ շատ հաճախ ինքնասիրահարված կինն իր սպառված ու հոգնատանջ ամուսնու բեռին ավելացնում է իր անօգուտ, երբեմն էլ նույնիսկ չհիմնավորված բողոքները։ Այդպիսի կինն իր ամուսնուն չի սիրում, որովհետև սերը միայն կարիքների ու ցանկությունների բավարարում չէ։ Սիրել նշանակում է ծառայել նրան, ում սիրում ես՝ մոռանալով սեփական կարիքների մասին, նշանակում է օգնել նրան, պահել իր թևերը երկինք բացված, հույսի և խաղաղության մեջ»։
Տիրամոր այս հորդորական խոսքը` ուղղված կանանց, մեր ժողովրդական խոսքի մեջ էլ է առկա. «Կին կա, որ մարդուն թևեր է տալիս, կին էլ կա, մարդու թևերն է կոտրում»։ Անձամբ ինքս շատ ընտանիքներ գիտեմ, որոնց բարօրությունն ու խաղաղությունը բառիս բուն իմաստով կախված են կանանց լեզվի ծայրից, ինչի պատճառով էլ շատ ամուսիններ իրենց խմելու տվեցին, որ դիմանան կնոջ անդադար սղոցող խոսքերին ու, առողջությունը ժամանակից շուտ կորցնելով, մեռան։ Ի՞նչ շահեց նման ընտանիքի կինը, միայն որբ երեխաներ, թշվառություն, իսկ վերջում էլ Աստծո պատիժ, քանզի Տիրոջ առաջ եկեղեցում խոստացել է հավատարիմ ու հնազանդ լինել ամուսնուն։
Նաև այս իմանանք, որ ինչպես սատանան հենց դրախտի պարտեզում նախաստեղծ ընտանիքն ապականեց, այնպես էլ մինչ օրս իր եռաժանին ուղղված է պահում բոլորիս ընտանիքների դեմ, քանի որ քայքայված ու բաժանված ընտանիքներից են առաջանում որբացած, անծնող, հայրական խրատ չտեսած կամ էլ մայրական գուրգուրանք չվայելած երեխաները, որոնք կարճ ժամանակում հայտնվում են չարի իշխանության տակ, դեռ մանկական հասակից վարժվելով ծխելուն, հարբելուն, թմրեցուցիչներ օգտագործելուն և, ի վերջո, անառակություններով կյանքն ապականելուն։ Կան տվյալներ, որ զարգացած երկրներում տարեկան մի քանի միլիոն մինչև քսան տարեկան երիտասարդներ մի օր տնից դուրս են գալիս ու այլևս չեն վերադառնում. սատանան գրկաբաց սպասում է նրանց։
Այսչափ հորդորական խոսքերից ու Սուրբ գրքի պատվիրանները իմանալուց հետո, վերջում մեզ մնում է հիշատակել մի աղոթք` ուղղված առաջին Սուրբ ընտանիքի խնամակալ, սուրբ Հովսեփի բարեխոսությանը, ով համարվում է ընտանիքների պահապան սուրբը։ Հավատքի դեպքում ընթերցողն էլ կարող է ամեն օր աղոթքով օգտվել այդ մեծագույն սրբի բարեխոսությունից, ում վիճակված էր առաջինը գրկել Աստծո Որդուն՝ Հիսուս Քրիստոսին։

ԱՂՈԹՔ ՍՈՒՐԲ ԵՎ ԱՐԴԱՐ ՀՈՎՍԵՓԻ ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅԱՆ

Ով սուրբ հայր Հովսեփ, ընտանիքների պաշտպան,
աղքատների մխիթարիչ, հիվանդների հույս,
բարի մահվան սուրբ, որ արժանացար առաջինը
Մանուկ Հիսուսին հայրաբար գրկելու և խնամելու,
աղոթի՜ր նաև մեր ընտանիքների պահպանության,
բարօրության և խաղաղության համար,
որպեսզի մենք ամբողջ ընտանիքով ժառանգենք
Տիրոջից խոստացված երկնքի արքայությունը։ Ամեն։

Այս ամենից հետո, թող մեր բոլորի Հայրը՝ Արարիչն ու Տերը, Իր զորաց Աջով անսասան պահի մեր ազգն ու տակը, տունն ու տեղը խաղաղության մեջ և արժանացնի բոլորիս Իր Երկնային ընտանիքի զավակները դառնալուն, ամեն։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1286

Մեկնաբանություններ