«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ԵՐԲ ՄՐՑԱՇՐՋԱՆՆ ԱՐԳԱՍԱԲԵՐ ՉԷ

ԵՐԲ ՄՐՑԱՇՐՋԱՆՆ ԱՐԳԱՍԱԲԵՐ ՉԷ
19.10.2010 | 00:00

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը խնդիրներ ունի, որոնք ամենևին էլ ֆինանսական չեն (միայն պետությունն այս մարզաձևին աջակցության կարգով տարեկան 110 մլն դրամ է հատկացնում): Իսկ մտահոգվելու պատճառն այն է, որ այս մրցաշրջանում Հայաստանի ազատ ոճային ըմբիշները Եվրոպայի և աշխարհի մեծահասակների առաջնություններում ոչ մի մեդալ չեն վաստակել: Պատճառների շուրջ զրուցում ենք ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ ԱՐԱՅԻԿ ԲԱՂԴԱԴՅԱՆԻ հետ:
-Ինչո՞ւ մերոնք 2010-ին անմասն մնացին խոշորածավալ ստուգատեսների պարգևներից:
-Այնպես ստացվեց, որ վերջին պահին հրաժարվեցինք Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կազմակերպված Եվրոպայի առաջնությանը մասնակցելուց, իսկ ահա Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացված աշխարհի առաջնությունում մեր մարզիկներին հաջողությունը չուղեկցեց: Չէի ցանկանա պատճառներ փնտրել, սակայն դրանք կային: Ստուգատեսի շեմին աշխարհի առաջնությունից առաջ վնասվածք էր ստացել Արթուր Առաքելյանը (60 կգ), Ժիրայր Հովհաննիսյանին (66 կգ) անհանգստացնում էր ողնաշարի ճողվածքը, Էդգար Ենոքյանը (96 կգ) աշխարհի առաջնությունից առաջ վերջին ուսումնամարզական հավաքի ժամանակ առողջական խնդիրներ ուներ, նշագեղձերն էին բորբոքվել: Ընդհանրապես, ծանր է, որ հավաքականն անմասն է մնացել խաղարկված պարգևներից, և ոչ մի մարզիկի համար արդարացում լինել չի կարող: Իսկ աշխարհի առաջնությանն առավել վատ մասնակցեցին գերծանրքաշային Ռուսլան Բասիևը, 55 կգ քաշային Գեղամ Բաբախանյանը:
-Հետևություններ չեն արվելու, մտադիր չե՞ք համալրել հավաքականի կազմը արտասահմանից հրավիրված նոր ըմբիշներով:
-55, 60, 66, 74, 84 կգ քաշային կարգերում մրցումների բովում թրծված մարզիկներ ունենք, նրանց միջև մրցակցություն կա հավաքականում տեղ զբաղեցնելու համար: Եթե դրսից ըմբիշներ հրավիրենք, ապա լրացուցիչ լարվածություն կառաջանա, մինչդեռ դրա անհրաժեշտությունը չկա: Աշխարհի առաջնությունից հետո խոսակցությունները շատ էին, որ պետք է հրաժարվել Բասիևից, սակայն նրան արժանի փոխարինող չունենք: Ներկայումս Հայաստանում չկա մեկ այլ մարզիկ, որին նույնիսկ հնարավոր լինի փորձարկել միջազգային ստուգատեսներում: Այդուհանդերձ, Բասիևի տարիքը մարզիկի համար բարձր է, նրա հետ առաջիկայում մեծ հույսեր չենք կարող կապել, բայց այդ ըմբիշին կշարունակենք փորձարկել միջազգային մրցաշարերում: Ի դեպ, Հայաստանի հավաքականի պատիվը պաշտպանելու ցանկություն է հայտնել Ռուսաստանում բնակվող հայազգի 20-ամյա գերծանրքաշային մի ըմբիշ, որին առաջիկայում գործում ստուգելու ենք:
-Իսկ Հայաստանի երիտասարդական, պատանեկան հավաքականներում չկա՞ն այնպիսի մարզիկներ, ովքեր կարող են լրացնել բացը:
-Այդ առումով ընտրության մեծ հնարավորություններ չկան: Մի քանի խոստումնալից մարզիկ կա, ովքեր աչքի են ընկել միջազգային տարբեր ստուգատեսներում, սակայն մինչև 2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերը քիչ ժամանակ է մնացել, և նրանք այդ ընթացքում չեն հասցնի այնպես թրծվել, որ կարողանան հաղթահարել վարկանիշային մրցաշարերի արգելքը, հետո էլ հանդես գան օլիմպիական խաղերում: Այդ ըմբիշները ներկայումս 17-18 տարեկան են և դեռ պետք է մրցափորձ կուտակեն: Նկատի ունեմ Սինգապուրի պատանեկան օլիմպիական խաղերի մրցանակակիր Արտակ Հովհաննիսյանին, Եվրոպայի պատանեկան առաջնության մրցանակակիրներ Էմին Գևորգյանին, Վալտեր Մարգարյանին:
-Աշխարհի առաջնությունից հետո Հայաստանի հավաքականի թեկնածուները հնարավորություն ունեցե՞լ են իրենց կարողությունները փորձելու միջազգային ստուգատեսներում:
-Մեր ըմբիշներն օրերս մասնակցել են միջազգային երեք մրցաշարի: Հայաստանի հավաքականի ըմբիշ, Դաղստանում բնակվող Հաջիմուրադ Նորմուհամեդովը (84 կգ) հաղթող է դարձել Մախաչկալայում անցկացված մրցաշարում: Դավիթ Սաֆարյանն էլ (66 կգ) Ռոստովում է միջազգային մրցաշարի հաղթող ճանաչվել: Ցավոք, Հայաստանի հավաքականի չորս ըմբիշ, Գրոզնիում մասնակցելով միջազգային մրցաշարի, դատարկաձեռն է վերադարձել, մինչդեռ այդ մրցաշարի հաղթողները որպես պարգև ստացել են 20 հազար դոլար` 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցնողները` 5 և 2 հազար դոլար: Ընդ որում, չեմպիոնի անձնական մարզիչը պարգևատրվում էր 2 հազար դոլարով: Այդ մրցանակները սահմանել էին Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը և ըմբշամարտի Ռուսաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Ադլան Վորաևը: Վերջինս եղել է օլիմպիական խաղերի, աշխարհի չեմպիոն: Տարբեր երկրների բոլոր ուժեղագույն ըմբիշներին հրապուրել էին մեծ փողերը, մասնակցում էին այդ ստուգատեսին, սակայն նրանց հիասթափություն էր սպասում: Կազմակերպիչներն այնպես էին կազմել, որ օտարերկրացի ըմբիշներն իրար հետ հանդիպեն: Փաստորեն, տանտերերն արտոնյալ պայմաններում էին, նրանք ուժեղ հակառակորդներին միայն եզրափակիչում կարող էին հանդիպել: Հնարավորն արվում էր, որ չեչեն ըմբիշներին բաժին հասնեն մրցանակները: Նրանց ամեն բան թույլատրելի էր: Նույնիսկ վիճակահանության ժամանակ տանտերերի թիմի ըմբիշները բացում էին պարկը, որ գույնի քարը պետք էր` նայում, դուրս էին բերում: Մինչդեռ քարերը փակ տարաների մեջ պետք է լինեն: Անցյալ տարի էլ մեր հավաքականը մասնակցել էր այդ ստուգատեսին, սակայն նման բանի չէր հանդիպել: Ինչևէ, Վադիմ Լալիևը (96 կգ) բավարարվեց 5-րդ տեղով: Նա հավասար պայքարում զիջեց ուժեղ մրցակցի` ռուսաստանցի անվանի ըմբիշ Հաջիմուրադ Գացալովին: Մեր մյուս մարզիկներն արդյունքի հասնել չկարողացան: 55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը երկու հաղթանակ տարավ, բայց հետո կողմնակալ մրցավարության զոհ դարձավ: Գերծանր քաշային Ռուսլան Բասիևը կրկին զիջեց իր հիմնական հակառակորդին` ադրբեջանցի Ալիևին: 74 կգ քաշային Մուսա Մուրթազալիևն էլ անցանկալի վիճակահանության հետևանքով պարտվեց:
-Ինչո՞վ են զբաղված ներկայումս մեր ըմբիշները, ի՞նչ նոր փորձություններ են սպասում նրանց:
-Արթուր Առաքելյանը (60 կգ) ապաքինում է վնասվածքը, դեռ մեկ ամիս էլ կբուժվի: Ժիրայր Հովհաննիսյանը (66 կգ) նույնպես բուժվում է, և դժվար է ասել, թե բուժումն ինչքան կշարունակվի: Հոկտեմբերի 22-24-ին Վանաձորում կայանալու է օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Ստեփան Սարգսյանի սահմանած մրցանակների խաղարկության միջազգային մրցաշարը, որին մասնակցելու ցանկություն են հայտնել արտասահմանյան 13 երկրների ներկայացուցիչներ: Հայաստանի հավաքականի մեծ թվով թեկնածուներ ևս իրենց կարողությունները կփորձեն այդ ստուգատեսում: Պարգևատրման հիմնադրամը բարձր է: Հաղթողը, երկրորդ, երրորդ մրցանակակիրները համապատասխանաբար ստանալու են 3 հազար, 2 հազար, հազար, հաղթող ըմբիշի մարզիչը` 5 հարյուր դոլար: Աչքի ընկնելը դժվար կլինի, քանի որ հանդես են գալու մի շարք տիտղոսավոր մարզիկներ: Մասնակցելու են ռուսաստանցիներ, օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի առաջնության մրցանակակիր Մախաչ Մուրթազալիևը, անվանի ըմբիշներ Ֆորնիևը, Թայմազովը, Կիտոևը: ՈՒժեղ մարզիկներով են մրցավայր ներկայանալու Իրանի, ՈՒկրաինայի, մյուս երկրների հավաքականները: Այդ փորձությունից հետո Հայաստանի ներկայացուցիչները հանդես կգան Կրասնոդարում կազմակերպվելիք միջազգային մրցաշարում, ապա կհաջորդի Հայաստանի հավաքականի տարեվերջյան ուսումնամարզական հավաքը Ծաղկաձորում, որին կմասնակցի Դաղստանի ընտրանին: Փաստորեն, կսկսենք 2011-ի մրցաշրջանի նախապատրաստությունը:
-Երևում է հաջորդ տարվա մրցաշրջանը հագեցած է լինելու:
-Մարտին Գերմանիայի Դորտմունդ քաղաքում անցկացվելու է Եվրոպայի առաջնությունը, սեպտեմբերին էլ Թուրքիայում է կազմակերպվելու աշխարհի առաջնությունը, որն օլիմպիական խաղերի համար վարկանիշային է: 1-5-րդ տեղերն զբաղեցնողներն արժանանալու են օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքի, իսկ 2012-ի Եվրոպայի առաջնությունում 1-2-րդ տեղերը գրավողներն են այդպիսի պատվի արժանանալու: Կազմակերպվելու է վարկանիշային երկու մրցաշար: Առաջինում` 1-3-րդ, երկրորդում`1-2-րդ տեղերը գրավողները կարող են օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերել: Վերջին ստուգատեսների մրցավայրերը դեռ հայտնի չեն: Ի դեպ, Հայաստանի ներկայացուցիչները ցանկություն են հայտնել հյուրընկալելու դրանցից մեկի մասնակիցներին: Եթե նախորդ` 2008-ին Պեկինում կայացած օլիմպիական խաղերում Հայաստանից հանդես էր եկել ազատ ոճի երեք ըմբիշ, ապա հույս ունենք, որ առաջիկա օլիմպիական խաղերում ավելի մեծ թվով մարզիկներ ուղեգրերի կարժանանան:
Զրույցը` Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1821

Մեկնաբանություններ