Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՅՈԹ ՕՐԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ՅՈԹ ՕՐԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
19.04.2011 | 00:00

Ծաղկազարդով Հայոց առաքելական սուրբ եկեղեցում ավարտվում է Մեծ պահքը, և սկսվում է Ավագ շաբաթը: Քրիստոսի, որպես մարդու Որդու, այս աշխարհում ապրած վերջին շաբաթն է այս` Տերունական դասերով, մատնությամբ բռնվելով, չարչարանքներով, թաղմամբ և Հարությամբ, որ կոչվում է Ավագ շաբաթ:
ԱՎԱԳ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
Այն օրվա հիշատակումն է, որ Քրիստոս անիծեց անպտուղ թզենին, և թզենին չորացավ: Սա խորհրդանշան ու զգուշացում է բոլոր այն մարդկանց, ովքեր Աստծո առաջ հոգով անպտուղ են մնում` Աստծո շնորհներով բերք ու բարիք չեն տալիս: Նաև հավատի զորության ուսուցում է, թե` քրիստոնյան քաջ պիտի լինի` ապաշնորհների գործունեությունը իր հավատով ու հարատև աղոթքներով կասեցնելու. «Եթե Աստծու հանդեպ հավատ ունենաք, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ այս լերանն ասի՝ ե՛լ և ծո՛վն ընկիր, և իր սրտում չկասկածի, այլ հավատա, թե ինչ որ ասում է, կը լինի, նա ինչ էլ ասի, կը կատարվի: Դրա համար ասում եմ ձեզ. ամեն ինչ, որ աղոթք անելով խնդրեք և հավատաք, թե կը ստանաք, կը տրվի ձեզ: Եվ երբ աղոթքի կանգնեք, թե մեկի դեմ մի բան ունեք, ներեցեք, որպեսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ների ձեզ ձեր հանցանքները»:
Անպտուղ թզենու դասի մեջ մի շատ կարևոր ու խորհրդավոր խնդիր է ներկայացվում. «Որովհետև տակավին թզի ժամանակը չէր»,- ասում է Ավետարանիչը: Որ նշանակում է, թե մարդը պիտի ջանա մշտապես պատրաստ լինել Աստծո առջև` ամեն ժամանակ և ո՛չ թե ըստ բնության եղանակների, և ո՛չ թե ըստ մարմնի կամքի հաճոյության:
Ավագ երկուշաբթի օրվա երկրորդ կարևոր խրատը` Աստծո սուրբ տաճարը ավազակաբարո մարդկանցից մաքրելն էր, նրանց դուրս վռնդելը.
«Հիսուս տաճար մտնելով՝ սկսեց դուրս հանել տաճարում գտնվող վաճառողներին ու գնորդներին և լումայափոխների սեղանները ցրեց ու աղավնեվաճառների աթոռները շուռ տվեց. և չէր թողնում, որ որևէ մեկը տաճարի միջով նույնիսկ որևէ բան անցկացնի: Եվ ուսուցանում էր նրանց ու ասում. «Գրված է՝ իմ տունը բոլոր ազգերի համար աղոթքի տուն է կոչվելու, իսկ դուք այն դարձրել եք ավազակների որջեր»: (Մարկոսի Ավետարան):
Սա նույնպես խրատ և ուսուցում էր քրիստոնեության հետնորդներիս` թույլ չտալ, որ Աստծո եկեղեցին, բացի աղոթքի վայր լինելուց, աշխարհիկ ցանկություններին ծառայի: Ավետարանում նաև վկայվում է, թե Հիսուս պարանից խարազան սարքեց և այդ խարազանով ծեծելով դուրս արեց Աստծո սուրբ տաճարն իրենց վաշխառուական գործերով ապականողներին: Այստեղ միաբան և կարճ մի աղոթքով ինքներս էլ խնդրենք. «Տե՛ր, մաքրիր քո սուրբ եկեղեցիները Հոր` Աստծուն անհաճո բոլոր օտար գործիչներից` իրենց ավազակաբարո գործերով մեկտեղ և փա՛ռք Քո աջին, որ խարազանովդ նույնն անես աշխարհի բոլոր եկեղեցիներում էլ, տևապես հսկելով նրանց մեջ»: Նաև այս այն խորհուրդն է, որպեսզի մեր մարմնի տաճարները ինքներս իսկ մաքրենք մեր ավազակաբարո կենցաղավարություններից, և Տերունական խոսք ու ուղղամիտ խրատների խարազանով լավ ծեծ տալով` դուրս վռնդենք մեր մարմին տաճարներից Աստծուն օտար բոլոր ցանկություններն ու մտքերը, վավաշներն ու վաշխառությունները, գայթակղություններն ու մեղքերի մարդատյաց գազաններին: «Հա՛յր, Քո տան (սրբության) նախանձն ինձ կերավ»,- ասում է Հիսուս: Նույն կերպ էլ մենք կարողանանք վերաբերվել` մեր մարմին տաճարները սրբացնելու նախանձով, որոնք էլ, տա՛ Աստված, Նրա համար աղոթքի տներ դարձնենք` բոլոր տեսակի ավազակախմբերից, վատթար շրջապատներից ազատված: Բնականաբար, Ավագ շաբաթվա մեր Տիրոջ բոլոր գործընթաց խրատներն ու դասերը մեր ողջ կյանքը փոխելու համար են և ո՛չ թե մեկ օրվա կամ մեկ շաբաթվա հիշատակման:
ԱՎԱԳ ԵՐԵՔՇԱԲԹԻ
Նույն կերպ էլ խրատ ուսուցում է Ավագ երեքշաբթի օրվա խորհուրդը, որ նվիրված է Տասը կույսերի առակին (Մատթ., ԻԵ, 1-13):
Այս առակը մի հայելի է, որի մեջ նայելով պիտի տեսնենք, թե ինչ չափի ենք պատրաստված մեր Տիրոջ գալուստին և որքան ենք հոգ տանում, որպեսզի մտնենք երկնքի արքայության մեջ, որի վերահաս գալու ժամը մեզ հայտնի չէ: Եվ ինչպես իմաստուն մեր ժամանակը բարձիթողի չանենք պարապ ու անխելամիտ զբաղումներով:
Տերն այս առակում պատմում է տասը կույսերի մասին, որոնցից հինգն իմաստուն էին, հինգը` հիմար: Իմաստունները մտածում են, որ իրենց փեսան կարող է գալ գիշերվա մի անսպասելի ժամի, և ո՛չ միայն ճրագները վառ են պահում, նաև, հավելյալ, ճրագների համար պահուստային յուղ էլ են իրենց վարք ու պահվածքով գնում-ձեռք բերում: Հիմարների ճրագները, երբ սկսում են մարել, սրանք իմաստուններից յուղ են խնդրում, իսկ նրանք արդարացիորեն հրաժարվում են տալուց. «Գուցե թե մեզ և թե ձեզ չբավականացնի, ուստի գնացեք վաճառողների մոտ և ձեզ համար գնեցեք»: Երբ նրանք գնացին, որ գնեն, փեսան եկավ, և ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, ու դուռը փակվեց: Հետո եկան մյուս կույսերն էլ ու ասացին. «Տե՜ր, տե՜ր, բա՛ց արա»: Նա պատասխան տվեց ու ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում»: Արթո՛ւն կացեք, որովհետև չգիտեք ո՛չ օրը և ո՛չ էլ ժամը»:
Այսինքն, մեծապես մոլորված են նրանք, ամենքս էլ, երբ մեր հոգու ճրագը միշտ վառ պահելու մասին չենք խորհում, մտածում, եթե ապրում ենք թեթևամիտ վարք ու բարքով: Նմանները ճիշտ և ճիշտ կրկնօրինակներն ու նմանակներն են հիմար կույսերի, որ ուզեցին և՛ աշխարհին հաճո լինել, և՛ Աստծուն ու... վրիպեցին երկնքի արքայության կոչված ժամանակից:
Ավագ երեքշաբթի եկեղեցում նաև այն խորհրդի հիշատակն է նշվում, երբ բեթանացի Մարիամը թանկարժեք յուղով օծեց Տիրոջ ոտքերը և սրբեց իր մազերով: Շատերը սխալմամբ այս կնոջը նույնացնում են Մարիամ Մագդաղինացուն, մինչդեռ Տիրոջ ոտքերն օծողը Բեթանացի էր և Ղազարոսի քույրը, այն Ղազարոսի, ով չորս օրվա մեռել էր և ում Հիսուս գերեզմանից հանելով հարություն տվեց: Եվ աշակերտները երբ տեսան թանկարժեք յուղի վատնումը, բարկացան. «Ինչի՞ համար է անուշահոտ յուղի այդ վատնումը, քանի որ կարելի էր մեծ գնով վաճառել այդ և տալ աղքատներին»: Հիսուս իմացավ ու նրանց ասաց. «Ինչո՞ւ եք նեղություն տալիս այդ կնոջը. նա իմ հանդեպ մի բարի գործ կատարեց. աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Իմ մարմնի վրա այդ յուղը թափելով՝ նա իմ թաղվելը կանխանշեց: Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում, ուր էլ այս Ավետարանը քարոզվի, պիտի պատմվի դրա հիշատակին, նաև ինչ որ դա արեց» (Մատթեոսի Ավետարան):
ԱՎԱԳ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
Այս օրն աշակերտներից Հուդա Իսկարիովտացին 30 արծաթով համաձայնեց մատնել Հիսուսին:
ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ
Ավագ հինգշաբթին հիշատակն է «Վերջին ընթրիքի»: Եվ երբ Հիսուս աշակերտների հետ զատկական ընթրիքի սեղան նստեց ու երեկո էր. «Եվ մինչ նրանք դեռ ուտում էին, նա ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մեկն ինձ մատնելու է»: Եվ նրանք խիստ տխրեցին. նրանցից յուրաքանչյուրն սկսեց ասել նրան. «Մի՞թե ես եմ, Տե՛ր»: Նա պատասխան տվեց ու ասաց. «Ով իր ձեռքն ինձ հետ պնակի մէջ մտցրեց, նա՛ է ինձ մատնելու: Մարդու Որդին կը գնա այս աշխարհից, ինչպես նրա մասին գրված է, բայց վա՜յ այն մարդուն, ում ձեռքով կը մատնվի մարդու Որդին: Ավելի լավ կը լիներ նրա համար, եթե այդ մարդը ծնված չլիներ»: Հուդան, որ մատնելու էր նրան, պատասխանեց ու ասաց. «Մի՞թե ես եմ, Վարդապե՛տ»: Նրան ասաց՝ դո՛ւ ասացիր» (Մատթեոսի Ավետարան): Այս ընթրիքին էլ եղավ հաղորդության խորհրդի հաստատումը, որ հավատացյալի համար ամենամեծ ու կյանք նորոգող խորհուրդներից ամենակարևորն է.
«Եվ մինչ նրանք դեռ ուտում էին, Հիսուս հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց և տվեց աշակերտներին ու ասաց. «Առեք, կերեք, այս է իմ մարմինը»: Եվ բաժակ վերցնելով՝ գոհություն հայտնեց, տվեց նրանց ու ասաց. «Խմեցեք դրանից բոլորդ, որովհետև այդ է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի համար՝ հանուն իրենց մեղքերի թողության: Բայց ասում եմ ձեզ, այսուհետև ես այլևս որթատունկի բերքից չեմ խմի մինչև այն օրը, երբ ձեզ հետ կը խմեմ նորը իմ Հոր արքայության մեջ»:
Եվ օրհներգեցին ու ելան Ձիթենյաց լեռը»:
Ավագ հինգշաբթի եկեղեցում պատարագ է մատուցվում, տրվում է հաղորդություն` պահքը չլուծելու պայմանով:
Ավագ հինգշաբթի օրվա երկրորդ կեսին կատարվում է «Ոտնլվայի արարողությունը».
«Հիսուս իմացավ, որ Հայրը ամեն բան իր ձեռքն էր հանձնել, և որ ինքը Աստծուց էր ելել և Աստծու մոտ էր գնում: Նա վեր կացավ ընթրիքի սեղանից, մի կողմ դրեց զգեստները և մի սրբիչ վերցնելով՝ մեջքին կապեց: Եվ ապա ջուր վերցնելով՝ լցրեց կոնքի մեջ և սկսեց իր աշակերտների ոտքերը լվանալ և սրբել մեջքին կապած սրբիչով: Մոտեցավ Սիմոն Պետրոսին, և սա ասաց նրան. «Տե՛ր, դո՞ւ ես իմ ոտքերը լվանում»: Հիսուս պատասխանեց նրան. «Ինչ որ ես անում եմ, դու հիմա չես իմանում, բայց հետո կիմանաս»: Պետրոսը նրան ասաց. «Իմ ոտքերը հավիտյան չես լվանա»: Հիսուս պատասխանեց. «Եթե քեզ չլվանամ, ինձ հետ մաս չունես»: Սիմոն Պետրոսն ասաց նրան. «Տե՛ր, ո՛չ թե միայն իմ ոտքերը, այլև իմ ձեռքերն ու գլուխն էլ լվա»: Հիսուս նրան ասաց. «Լվացվածին ուրիշ բան պետք չէ, բայց միայն ոտքերը լվանալ, քանի որ ամբողջությամբ մաքուր է. և դուք մաքուր եք, բայց ոչ բոլորդ»: Քանի որ նա գիտեր նրան, ով իրեն մատնելու էր, դրա համար ասաց. «Բոլորդ չէ, որ մաքուր եք»: Եվ երբ նրանց ոտքերը լվաց, վերցրեց իր զգեստները և դարձյալ սեղան նստեց ու ասաց նրանց. «Գիտե՞ք, թե այդ ինչ արեցի ձեզ: Դուք ինձ Վարդապետ և Տեր եք կոչում. և լավ եք անում, քանի որ իսկապես ե՛մ. իսկ արդ, եթե ես՝ Տերս և Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ. որովհետև մի օրինակ տվի ձեզ, որ, ինչպես ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձևով անեք:
Ճշմարի՛տ, ճշմարի՛տ եմ ասում ձեզ, ծառան ավելի մեծ չէ, քան իր տերը, և ոչ էլ ուղարկվածը՝ ավելի մեծ, քան նա, ով նրան ուղարկեց: Եթե այս բաները գիտեք, առավել երանելի եք, եթե դրանք կատարեք» (Ավետարան Հովհաննեսի):
Ավագ ուրբաթի արարողությունները սկսվում են հինգշաբթի օրվա ուշ երեկոյան, քանի որ եկեղեցական օրը սկսվում է երեկոյան ժամերգությունից հետո և տևում մինչև հաջորդ երեկո: Քրիստոսի մատնությանը, չարչարանքներին ու խաչելությանը նվիրված Ավագ ուրբաթի արարողությունները առաքելական եկեղեցում կոչվում են Խավարման կարգ: Տասներկու մոմ է վառվում, որոնցից մեկը սև է, և որն էլ խորհրդանշում է Հուդայի մատնությունը:
Իսկ Տերը պիտի Խաչելությամբ զոհագործվեր, որ, բազմաթիվ կանխասացություններից բացի այդ մասին աշակերտներին ասաց իր Խաչելությունից երկու օր առաջ. «Գիտեք, որ երկու օր հետո զատիկ է, և մարդու Որդին պիտի մատնվի խաչը ելնելու համար»:
Մատթեոսի Ավետարանում այս նույն խոսքն ավելի է մանրամասնվում. «Ահավասիկ Երուսաղեմ ենք բարձրանում, և մարդու Որդին պիտի մատնվի քահանայապետերին ու օրենսգետներին. և նրան մահվան պիտի դատապարտեն ու նրան հեթանոսներին պիտի մատնեն՝ ծաղրվելու, ծեծվելու և խաչը հանվելու համար, սակայն նա երրորդ օրը հարություն պիտի առնի»:
(շարունակելի)
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2475

Մեկնաբանություններ