Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ազատագրված շրջանների տնտեսական զարգացումը` Հայաստանի տնտեսական անվտանգության թիվ մեկ խնդիր

Ազատագրված շրջանների տնտեսական զարգացումը` Հայաստանի տնտեսական անվտանգության թիվ մեկ խնդիր
22.09.2009 | 00:00

ՀԵՏԸՆԹԱՑ
(սկիզբը` թիվ 70-ում)

ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀՈՂԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՁԵՎԵՐԸ
Աշխարհի փորձը վկայում է, որ այդ ձևերը հիմնականում երեքն են. մասնավոր, համատեղ (կոլեկտիվ, կոոպերատիվ) և պետական։ Դա է հաստատում նաև Հայաստանի պատմությունը:
Պետական հողային ֆոնդը պետք է ընդգրկի.
lսահմանամերձ հողային տարածքներ,
lերթևեկելի (տրանսպորտային) մայրուղիներին կից որոշակի հողային տարածքներ,
lոռոգման մայրուղիների (գետերի, ջրանցքների, ջրամբարների) որոշակի լայնեզր հողեր,
lզորամասերի զբաղեցրած, գյուղատնտեսական նպատակներով օգտագործվող հողեր և դրանք սպասարկող որոշակի հողատարածություններ
lպետական գյուղատնտեսական ձեռնարկությունների համար նախատեսված հողեր (նշենք, որ գյուղատնտեսական պետական ձեռնարկություններ ՀՀ-ում չկան, քանի որ նույնիսկ պտղատնկային և տոհմաբուծական տնտեսությունները լուծարվեցին, սակայն ազատագրված շրջաններում դրանք պետք է նախատեսվեն),
lանտառային հողեր և անտառներ,
lկոլեկտիվ (կոոպերատիվ) գյուղատնտեսական ձեռնարկությունների համար նախատեսվող հողեր:
ՀՀ-ում այդպիսիք նույնպես բացակայում են, լուծարվեցին սեփականաշնորհման ժամանակ: Լուծարվեցին, պետք է ասել, երբեմն չհիմնավորված: Հայաստանի 37 գյուղական շրջաններում գոյություն ուներ առնվազն 50 օրինակելի կոլտնտեսություն, որոնք կարող էին և պետք է պահպանվեին ու կլինեին մրցունակ` մասնավոր շուկայական տնտեսությունների նորաստեղծ կացութաձևի պայմաններում, սակայն դարձյալ լուծարվեցին, քանի որ ագրարային բարեփոխումների ՀՀՇ-ական հեղինակները հրապարակայնորեն հայտարարել էին «սոցիալիզմը արմատախիլ անելու» իրենց մտադրության մասին: Եվ արմատախիլ արեցին նույնիսկ օգտակար բույսերը` տեղ ազատելով թունավոր մոլախոտերի համար:
Համոզված ենք, որ այժմ նոր յուրացվող շրջաններում բոլոր նախադրյալները կան մրցունակ և օրինակելի կոլեկտիվ (կոոպերատիվ) գյուղձեռնարկություններ ստեղծելու համար: Այդ նախադրյալներից ամենակարևորը նորաբնակ ընտանիքներն են, որոնք այստեղ ամեն ինչ պետք է սկսեն զրոյից: Նրանք ոչ պակաս անզեն են, քան բուն Հայաստանի նրանց եղբայր գյուղացիները: Ով նրանց կօգնի լուծել գյուղատնտեսական զենքի, ասել է թե` գյուղատնտեսական սարքավորումների և մեքենայացման հարցը, նա էլ կարող է խթանել կոլեկտիվ (կոոպերատիվ) գյուղատնտեսական ձեռնարկության կազմակերպումը:
Գյուղացիների կամավոր միավորումը կոլեկտիվ (կոոպերատիվ) ձեռնարկության մեջ նրանց համար իսկական փրկօղակ է` մանր-գաճաճ տնտեսության անլուծելի հոգսերից ազատվելու համար:
Կան մի քանի այլ օբյեկտիվ հանգամանքներ, որոնք թելադրում են կոլեկտիվ (կոոպերատիվ) գյուղացիական տնտեսությունների կազմակերպման անհրաժեշտությունը: Այդ հանգամանքներից մեկը Արցախի ագրարային բարեփոխումների դասերի ուսումնասիրությունն է: Չխորանալով այդ հարցի մեջ` նշենք ամենակարևորը:
Արցախում կոլեկտիվ պետական գյուղձեռնարկությունները, բարեբախտաբար, չեն լուծարվել, այլ պահպանվել են բաժնետիրական ընկերությունների ձևով: Դա նշանակում է` պահպանվել է խոշոր (կոլեկտիվ և պետական) գյուղձեռնարկությունների հետագա բարեփոխման և զարգացման հնարավորությունը, պահպանվել են դրանց հեռանկարային զարգացման այլընտրանքային տարբերակները: Այլ խոսքով` Արցախում կոլեկտիվ տնտեսություններն արմատախիլ չեն արվել:
ՄԱՍՆԱՎՈՐ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ` ՄԱՍՆԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Բայց քանի որ հայերս ճնշող մեծամասնությամբ մասնավոր սեփականության և մենատնտեսության ընդգծված կողմնակիցներն ու այդ կատեգորիայի հազարամյա կրողներն ենք, ապա և ազատագրած շրջանների գյուղատնտեսական հողերի ճնշող մասը, ակներևաբար, կբաշխվի հենց այդ ուղղությամբ: Հատկապես գյուղատնտեսական հողատարածքները պետք է հատկացվեն նորաբնակներին` մասնավոր հողօգտագործման համար: Ընդգծենք` մասնավոր հողօգտագործման, սակայն ոչ մասնավոր սեփականության իրավունքով:
Հատկացնելով նորաբնակներին հողն անմիջապես որպես մասնավոր սեփականություն` մենք դրանով իրավունք ենք տալիս նրանց ցանկացած պահին իրենց հողը հանել առք ու վաճառքի, որը շուտով կարող է հանգեցնել սպեկուլյացիայի և դրա հետ կապված անառողջ երևույթների, ինչն անկայուն միջավայր կստեղծի նորաբնակների շրջանում:
Այդ իսկ պատճառով գյուղատնտեսական հողատարածքների հատկացումը նպատակահարմար է կատարել երկարատև (10-15 տարի) օգտագործման իրավունքով, ընդհուպ մինչև ժառանգական հողօգտագործման իրավունքը: Դա հնարավորություն կտա բնական ընտրության եղանակով առանձնացնել հողօգտագործողների այն կայուն, հավատարիմ խավը, շերտը, որին, ի վերջո, հողը կամրացվի մասնավոր սեփականության իրավունքով:
Այսպիսով, ազատագրված շրջաններում մենք գործ ունենք օբյեկտիվորեն հողատիրության 3 ձևերի հետ, ընդ որում, եթե պետական և կոլեկտիվ համաձայնական հողատիրության կարգը կարող են սահմանել պետական օրենքով կամ համայնքի կանոնադրությամբ, ապա շատ ավելի բարդ է մասնավոր հողատիրության խնդիրների լուծումը. զուտ ձևական իրավական առումով մասնավոր հողատիրությունը կարող է հռչակվել օրենսդրական ակտով (ինչը և արվել է մինչ օրս), սակայն իրական-տնտեսական բովանդակության առումով այն օրենքով հռչակել չես կարող, քանզի պահանջում է շատ ավելի երկար ժամանակաշրջան, որի ընթացքում իրավական հողատերը կդառնա իրական տնտեսական շուկայական հարաբերությունների կրող, շուկայի ամենօրյա սուբյեկտ: Իրական հողատերը` իրական մասնավոր տնտեսության մասնակիցը, այսպես ասած, երկարատև երկունքի ծնունդ է: Շատ ավելի երկարատև, քան մեր նշած 10-15 տարին: Սա միայն անցումային փորձնական շրջան է, որի ընթացքում անհատ հողօգտագործողը կամ վարձակալը թրծվում-կոփվում է որպես մասնավոր մենատնտես, մասնավոր սեփականատեր:
Քանի որ ազատագրված շրջանների յուրացումն առաջին քայլերն է կատարում, և գյուղական համայնքներում այժմ նվազագույն թվով բնակչություն է հավաքվել, ապա հասկանալի պատճառով յուրաքանչյուր համայնքի հողերի մեծ մասը (առնվազն 50 տոկոսը) պետք է հատկացվի անձեռնմխելի (պահուստային) ֆոնդին, որը կծառայի համայնքի հետագա զարգացման խնդիրների լուծմանը: Պահուստային ֆոնդի հողերը կարող են տրամադրվել կարճաժամկետ վարձակալության կարգով, մինչև նորաբնակների թվի ավելացումը:
(շարունակելի)
Նորայր ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

Դիտվել է՝ 2834

Մեկնաբանություններ