Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

«ՈՐՈՇ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ԲԻԶՆԵՍԱՅԻՆ ԲԱՌԱՊԱՇԱՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՎ, ԱՍԵՄ` ՄԵՆՔ ՄՈՆՈՊՈԼԻՍՏ ԵՆՔ»

«ՈՐՈՇ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ԲԻԶՆԵՍԱՅԻՆ ԲԱՌԱՊԱՇԱՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՎ, ԱՍԵՄ` ՄԵՆՔ ՄՈՆՈՊՈԼԻՍՏ ԵՆՔ»
29.07.2011 | 00:00

Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը կազմավորվել է 1978-ին` Հայաստանի գլխավոր ակնաբույժ Սերգեյ Մալայանի գլխավորությամբ, Հանրապետական տրախոմատոզ-գլաուկոմատոզ դիսպանսերի բազայի վրա (1952 թ.): 1988-ից կրում է առաջադեմ գիտնականի և բժշկի անունը: Հանդիսանում է ամենախոշոր ակնաբուժական կենտրոնը Հայաստանում: Մանավանդ վերջին տարիներին ակնհայտ հաջողություններով է աչքի ընկնում: Մասնագետներից շատերը որակավորվել են արտասահմանում: Հայաստանում ակնաբուժական զարգացման առումով մեծ է ակնաբուժական կենտրոնի և Հայկական ակնաբուժական նախագծի (ՀԱՆ) համագործակցության դերը: Վերջինս բարեգործական կազմակերպություն է, որի առաքելությունն է կանխարգելել ձեռքբերովի կուրությունը Հայաստանում: Այն հիմնադրվել է 1992-ին, ԱՄՆ-ում` ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանի կողմից: Սկզբնական փուլում ծրագրի շրջանակներում տարին 2 անգամ ԱՄՆ-ից բարձրակարգ ակնաբույժներ են այցելել Հայաստան` իրենց փորձը հաղորդելու և հիվանդներին բուժելու առաքելությամբ: Սփյուռքի մեր հայրենակիցների և այլ հանգանակությունների շնորհիվ Հայաստան են բերվել բազմաթիվ թանկարժեք ակնաբուժական բուժպարագաներ, սարքավորումներ և դեղորայք:
«Երկրաշարժն ու պատերազմը մեզ ցույց տվեցին, թե մենք ինչ չունենք, ինչը պետք է զարգացնենք,- ասում է Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԼԱՅԱՆԸ:- Մինչ այժմ այդ ծրագիրը գործում է: Այն մեզ թույլ տվեց պահպանել ինչ-որ ունեինք և հետո դրա վրա կառուցել մնացածը: Այսօր արդեն կարողանում ենք ինքնուրույն կանգնել ոտքի վրա: Այս տարի լրանում է համագործակցության 20-ամյակը: Ես չեմ լսել, որ հայկական որևէ հիմնարկ, մասնաճյուղ, կենտրոն այդքան երկար համագործակցի սփյուռքի որևէ կառույցի հետ»:
Ալեքսանդր Մալայանն այսօր «Իրատես de facto»-ի հյուրն է:

-Պարոն Մալայան, կենտրոնի հաջողությունները, հավանաբար, ճիշտ չէ պայմանավորել միայն դրսում վերապատրաստված կադրերի առկայությամբ, դրսից եկած նորամուծություններով:
-Այստեղ մեկ պատասխան չի կարող լինել: Համալիր գործոններ կան: Եթե մասնագետը չունի բուհական, մասնագիտական լավ կրթություն, նրա վերապատրաստվելը մասնագիտական ուղղություններով չի կարող տալ համապատասխան արդյունք: Միջակ մասնագետը չի կարող վեց ամիս Ամերիկայում վերապատրաստվելուց հետո վերադառնալ որպես հոյակապ մասնագետ: Դա պետք է հիմք ունենա, և ուղարկելիս մենք հաշվի ենք առնում այս բոլոր հանգամանքները: Բացի այդ, զուգահեռ նյութական բազա ենք ստեղծում, ինչը սկսել ենք ավելի շուտ, քան այդ կադրերի պատրաստելը: Այո, եթե մի կողմ թողնենք համեստությունը, ակնառու են մեր հաջողությունները: Բոլորովին վերջերս մենք շրջեցինք, այսպես ասած, «վերջին թերթը» ակնաբուժական ծառայության. հանրապետությունում արդեն կիրառում ենք նորագույն վիրահատություն կարճատեսության հետ կապված, որը մինչ այդ չենք արել, բայց տարածված ու ընդունված էր աշխարհի բոլոր զարգացած երկրներում: Դա նույնպես հանրապետությունում կարծիք ստեղծեց, այսինքն, լրացրեց այն կարծիքը, որը Դուք ասում եք: Որոշ ուղղություններում, բիզնեսային բառապաշարից օգտվելով, ասեմ` մենք մոնոպոլիստ ենք:
-Հնարավո՞ր է Հայաստանում միջազգային հնչողությամբ կենտրոններ ունենալ, դրսից այցելուներ: Ինչը, կարծում եմ, նաև երկրի տնտեսական դրությունը բարելավելու, հեղինակությունը բարձրացնելու միջոց է:
-Մենք հիմա էլ ենք դրսից հիվանդներ ունենում: Ճիշտ է, չի կարելի ասել, թե դա հիվանդների հոսք է: Նրանք հիմնականում մեր հայրենակիցներն են` Ռուսաստանից, Վրաստանից և այլ երկրներից: Իհարկե, այստեղ գալու գործոններից մեկը նաև հայրենասիրությունն է:
-Իսկ ֆինանսի՞ գործոնը, որքան գիտեմ, մեզ մոտ, արտասահմանյան երկրների համեմատ, բժշկությունն էժան է:
-Այո, այդպես է: Բայց իմացեք, որ բժշկությունը, մանավանդ վիրաբուժությունը, միայն վիրահատություն կատարելը չէ: Կան բազմաթիվ գործոններ, որ ձևավորում են կարծիքը տվյալ կենտրոնի մասին: Ես ենթակառուցվածքների մասին եմ խոսում: Մեզանում բավականին թույլ է միջին օղակը, բավականին ցածր է կուլտուրան, վերաբերմունքը հիվանդների, նրանց բարեկամների հանդեպ, մենք դեռ անելիքներ ունենք այս առումով:
-Սովորաբար մենք զգալիորեն հետ ենք մնում բժշկության զարգացման համաշխարհային տեմպից, հատկապես նորագույն տեխնլոգիան մեզ համար թանկ ու անմատչելի է: Ակնաբուժության դեպքում ինչպե՞ս է, հաջողվո՞ւմ է համաքայլել:
-Շատ դժվար է։ Մեր կենտրոնը վերջին հինգ տարում, կարելի է ասել, լրիվ վերազինվեց` և՛ ախտորոշիչ սարքավորումներով, և՛ վիրաբուժական, բայց չհասցրինք կիրառել, «նոր սերունդ» դուրս եկավ: Թեև հաճախ տարբերությունը շատ քիչ է լինում: Մեզ մոտ դեռևս չկա այդպիսի հասկացություն, որ ֆիրման, որից դու գնել ես այդ առարկան, գործիքը, եթե նորն է արտադրում, վերցնի քեզնից հինը, նորի հետ փոխանակի, ընդամենը տասը տոկոս իր գնից ավելի գումար վերցնելով: Մեզ մոտ պետք է հինը վաճառես շուկայական գնով, նորը գնես էլի շուկայական գնով: Ինչը անհնար է:
-Ի՞նչ կասեք լազերային վիրաբուժության մասին:
-Լազերային վիրաբուժությունը շատ մեծ տեղ է զբաղեցնում ժամանակակից ակնաբուժության մեջ: Այն կարելի է երկու մեծ խմբի բաժանել. վիրահատություններ, որոնք կատարվում են որոշակի ախտահարման ժամանակ, և վիրահատություններ, որ օգնում են վերացնելու հեռատեսությունը, կարճատեսությունը, արվում են համեմատաբար առողջ աչքի վրա: Մարդը տեսնում է, չի ուզում ակնոց կրել ու դիմում է վիրահատության: Դա ընտրական միջոց է, ընտրական ելք: Առաջին դեպքում` ստիպված ես վիրահատության դիմել: Ասեմ, որ մենք ունենք բոլոր անհրաժեշտ լազերային սարքավորումները, որոնք անհրաժեշտ են նման վիրահատությունների համար:
-Ձեր նշած «համեմատաբար առողջ աչքի» դեպքում շատերը գերադասում են ողջ կյանքի ընթացքում ակնո՞ց կրել, թե՞ դիմել վիրահատական միջոցների, լիարժեք տեսնել ու ազատվել ակնոց կրելու անհրաժեշտությունից:
-Ընտրության հարց է: Մեկին ակնոցը սազում է, չի ուզում հանել, մյուսի համար թանկ է վիրահատությունը, մյուսն էլ վախենում է վիրահատությունից, ծնողը, ամուսինը թույլ չեն տալիս և այլն: Իհարկե, մեծամասնությունը չի դիմում վիրահատության:
Որոշ դեպքերում էլ ակնոցը կա՛մ ընդհանրապես չի օգնում, կա՛մ շատ քիչ է օգնում, այդ դեպքում վիրահատությունը, իբրև միջոց, ավելի արդյունավետ է:
-Լազերային մեթոդներով հետազոտո՞ւմ են տեսողությունը: Առհասարակ, կա՞ն ավելի ժամանակակից միջոցներ տեսողության որոշման, թե՞ այսօր էլ ընդունվածը հին ու փորձված մեթոդն է, երբ տառերի միջոցով մասնագետը (երբեմն նաև ակնոցավաճառը) ստուգում է տեսողության վիճակը:
-Կան տեսողության որոշման ավելի բարդ ձևեր, միջոցներ, օրինակ, ուլտրաձայնի տարբերակը, որ թույլ է տալիս նայել հյուսվածքը տարբեր անկյան տակ` սկսած կառուցվածքից, վերջացրած դիրքավորումից: Բայց ամենատարածված, ամենահասանելի ու հասարակ միջոցը Ձեր նշածն է` և՛ մեզանում, և՛ արտասահմանում:
Լազերային նման սարքավորումներ նույնպես կան, բայց զուտ գիտական նպատակի համար են կիրառվում: Մեզ մոտ չկան, լայն կլինիկական պրակտիկայում չեն կիրառվում և տեսանելի չեն աշխարհում:
-Կա կարծիք, որ ակնոցները ծուլացնում են աչքերը:
-Ոչ, ակնոցը չի ծուլացնում աչքը: Դա կարելի է ասել որոշ դեպքերի համար: Օրինակ, թույլ կարճատեսության դեպքում, մանավանդ երեխաների, ցանկալի է չկրել կամ ցածր համարի ակնոց օգտագործել, որ աչքն աշխատի, զարգանա: Օրգանն ինչքան քիչ է աշխատում, այնքան զարգացումը թերի է մնում: Բայց դա մինչև 17-20 տարեկան հասակը, մինչև այն ժամանակ, երբ կարճատեսությունն աճում է:
-Որո՞նք են տեսողական ամենից ավելի հանդիպող խնդիրներն այսօր: Կա՞ն հիվանդություններ, որոնք մինչ օրս համարվում էին անբուժելի, բայց ժամանակակից մեթոդները թույլ են տալիս այս կամ այն չափով լուծել այդ խնդիրները:
-Վերջին տարիներին մենք ներդրեցինք հատուկ սարքավորումներ և բուժում ենք կերատոկոնուս կոչվող ախտահարումը, դրա սկզբնական շրջանները:
Ինչ վերաբերում է բուժելի և անբուժելի կուրությանը, եթե որևէ ախտահարման պատճառով վնասվում է նյարդային համակարգը, հատկապես տեսողական նյարդը, ցանցաթաղանթը, ապա տեսողության անկումն անդարձ է: Այս պահի դրությամբ: Գուցե ժամեր հետո մեկը հայտարարի, որ բուժումը գտել է: Մնացած ախտահարումները` եղջերաթաղանթի, ոսպնյակի, ցանցաթաղանթի, մենք կարողանում ենք շտկել:
-Անցած դարի 90-ականները` մութը, ցուրտը, սոցիալական պայմանները, հավանաբար, անհետևանք չեն մնացել…
-Ես այդ հարցը չեմ մեկնաբանում, որպես օրենք: Թեև քսան և ավելի տարի է, այդ հարցն ինձ տալիս են: Չեմ մեկնաբանում ոչ թե քաղաքական նկատառումներից ելնելով, այլ որովհետև համապատասխան հետազոտություններ չկան, մենք չունենք փաստեր:
-Որո՞նք են տեսողական ամենատարածված հիվանդությունները:
-Ամենատարածվածը կատարակտն է, բայց պետք է նկատի ունենալ այդ հիվանդության սոցիալական հնչողությունը: Կատարակտը, որպես սոցիալական հիվանդություն, բավականին ծանր երևույթ է, բայց որպես ախտահարում` սոցիալական հնչողություն չունի: Որովհետև տասը րոպեում վիրահատում ես, և հիվանդը «լույս աշխարհ» է գալիս, չի ստեղծում հաշմանդամների բանակ, ինչպես ստեղծում են շաքարախտը, գլաուկոման: Այո, վերջինները սոցիալական հնչողություն ունեն. եթե հիվանդը շաքարային բարդությունների պատճառով կուրացավ, դա կտևի այնքան ժամանակ, մինչև, ինչպես ասացի, հնարեն փոխարինող մի դեղ կամ միջոց:
-Ինչո՞վ է պայմանավորված կատարակտի տարածված լինելը, և կա՞ն կանխարգելիչ միջոցներ:
-Դա տարիքային երևույթ է: 40 տարեկանից հետո բոլորի մոտ կարող է զարգանալ: Կատարակտը հիվանդություն է, որ զարգանում է նյութափոխանակության խանգարման կամ ծերացման արդյունքում: Թեև չի բացառվում, որ մարդն ապրի 100 տարի ու չունենա կատարակտ:
Շատերն ասում են` տատս 90 տարեկան է, ասեղ է թելում: Բայց այդ տատիկը գուցե կարճատեսություն է ունեցել: Այդպիսի «թելող տատիկներ» շատ են գյուղերում: Գյուղում նրանք ո՛չ մեքենա են վարում, ո՛չ ինստիտուտում են սովորում, որ գրատախտակից արտագրեն, այսինքն` նրանց հեռու տեսնելն այդքան էլ անհրաժեշտ չէ: Մոտ տարածությունը լավ են տեսնում, հեռուն պետք չէ, դրա համար չեն զգում:
-Ե՞րբ են դիմում ակնաբույժին մեր քաղաքացիները, և ո՞ր ախտանիշների դեպքում պետք է հատկապես անհանգստանալ ու դիմել մասնագետին:
-Պետք է տարբերակել պրոֆիլակտիկան և առողջապահական միջոցառումները: Վերջինիս խնդիրն առողջությունը պահպանելն է, մեր խնդիրը` առկա հիվանդությունը բուժելը: Պրոֆիլակտիկան կանխում է հիվանդության զարգացումը: Ակնաբույժին պետք է դիմել մանկությունից մինչև խոր ծերություն, այսինքն` մշտապես: Իսկ 40 տարեկանից հետո արդեն պարտադիր է, եթե նույնիսկ հարյուր տոկոսով առողջ ես: Այ, դրա կուլտուրան չկա մեզ մոտ, որ մարդիկ մտածեն իրենց առողջության մասին, երբ առողջ են: Երբ մեր երկրում առողջություն պահպանելն ավելի էժան լինի, քան բուժումը, այդ ժամանակ մարդիկ առողջ կգնան բժշկի մոտ: Պետք է լինեն ապահովագրական ծառայություններ, երբ առողջ մարդը կյանքի ընթացքում, այսպես ասած, պատրաստվում է հիվանդ լինել:
-Ժամանակակից տեխնոլոգիաները (համակարգիչ, հեռուստատեսություն) ի՞նչ վնաս են հասցնում աչքերին, և ինչպե՞ս խուսափել դրանց բացասական ազդեցությունից:
-Էկրանի վրա լուսազգայուն շերտի վրայով անցնում է էլեկտրոնային ճառագայթը, և քանի որ մեծ արագությամբ և փոքր տարածության վրա է անցնում, մենք չենք տեսնում դա, տեսնում ենք պատկերը: Լարված այդ պատկերին նայելը (անգամ լարված գիրք կարդալը), իհարկե, բացասաբար է ազդում, մանավանդ, երբ աչքերն ունեն հեռատեսություն կամ կարճատեսություն, երբ կիրառվում է ոչ նորմալ պայմաններում` մութ տարածքում, կարճ տարածության վրա, կիսապառկած, երկարատև:
-«Աչքիդ լույսի պես պահիր». սա առավելագույն չափանիշն է որևէ բանի կարևորությունը ընդգծելու: Դուք ավելի հաճախ ու անմիջականորեն եք հանդիպում այս խնդրին, ի՞նչ է աչքի լույսը մարդու համար:
-Հայտնի մի ակնաբույժ ասում էր, որ ակնային օպտիկան կատարյալ է, և ոչ մի ֆիզիկական առարկա չի կարող դա կրկնել: Հիպոկրատն ասում էր, որ 90 տոկոս ինֆորմացիան մարդն ստանում է աչքերի օգնությամբ: Աչքերի միջոցով են ճանաչում, գնահատում աշխարհը, արարում, նկարում, գրում, ծանոթանում, ընտանիք կազմում:
Թեև, գիտենք, որ բնածին տեսողությունից զրկված մարդիկ կարող են ձեռքերի միջոցով նույնիսկ տարածության վրա ճանաչել պատկերը, որ երբևէ չեն տեսել, տարբերակել գույները: Մեր հոգեբանության մեջ կա պաշար բնությունից, որը զարգանում է այն դեպքում, երբ թերի է լինում մեկ ուրիշը:
-Ինչպե՞ս եք վերաբերվում տեսողության վերականգնման, բարելավման ավանդական մեթոդներին: Ասում են, որ օգտակար է աչքերը հառել, օրինակ, կապույտ երկնքին, կանաչ խոտին, մայր մտնող արևին:
-Ասեմ, որ դրանք ավանդական միջոցներ չեն: Երկնագույն երկնքին թող նայեն ինչքան ուզում են, բայց արևին նայել չի կարելի (կրակին, լույսին նույնպես անզեն աչքով չի կարելի երկար նայել): Մանավանդ մեր օրերում: Օզոնային շերտը, որ պաշտպանում է երկրագունդը ուլտրամանուշակագույն ճառագայթներից, հիմա շատ բարակ է, որոշ տեղերում բացակայում է: Իսկ այդ ճառագայթները խիստ բացասական ազդեցություն ունեն աչքի ցանցաթաղանթի վրա: Ասում են` արևը շատ սուր է, այո, այդպես է: Պետք է փախչել, խուսափել այդ արևից, կրել մուգ ակնոց, նույնիսկ տանը, եթե շատ է լուսավորությունը:
Ինչ վերաբերում է ավանդական բժշկությանը, դրանք, իհարկե, ընդունելի են, Ավիցեննան, Հերացին մեծ աշխատություններ ունեն աչքի բուժման վերաբերյալ: Մենք դեռ շատ անելիք ունենք այդ ոլորտում: Բայց այն, ինչ կատարվում է մեր որոշ գյուղերում և ոչ գյուղերում, անընդունելի է. երբ աչքի մեջ բան է ընկնում, գնում են տատիկների մոտ, որոնք լեզվով հանում են օտար մարմինը: Գուցե հանում են, բայց որքան էլ օրվա ընթացքում լվանաս ատամներդ, բերանի խոռոչում բազմաթիվ հարուցիչներ կան, մանավանդ տատիկների:
-Ընդհանուր խորհուրդ մեր ընթերցողին` ինչպե՞ս խուսափել տեսողական խնդիրներից:
-Քառասուն տարեկանն այն սահմանն է, երբ մարդը պետք է մտածի իր տեսողության մասին, առաջին հերթին դա ներակնային ճնշման մակարդակն է: Բարձրացումը սկսվում է շատ աննկատ, և տեսողության անկումը սկսվում է բավականին ուշ, երբ տեսողական նյարդը վնասված է, և օգնելը շատ դժվար է: Այն հիվանդությունների, ախտահարումների հայտնաբերման դեպքում, որոնք ունեն անմիջական կապ տեսողական օրգանի հետ (առաջին հերթին դա շաքարախտն է), առաջին իսկ օրվանից պետք է դիմեն ակնաբույժին: Որովհետև փոփոխությունն աննկատ է սկսվում հիվանդի համար, բայց ախտահարում է ցանցաթաղանթը, որն ամենախոցելին է: Առողջ մարդկանց, մանավանդ, եթե աղտոտված մթնոլորտի մեջ են ապրում, աշխատում (մեզ մոտ սովորական մթնոլորտն էլ է աղտոտված), խորհուրդ կտայի առավոտյան, երեկոյան մերսել կոպերի եզրերը, որոնց վրա ճարպային նստվածք է առաջանում, ջրիկ, չգրգռող օճառներով լվանալ, ինչի շնորհիվ հեռացնում եք յուղալի պատվածությունը, որի վրա նստում են օդում գտնվող մեխանիկական նյութերը, ծուխը, փոշին և այլն: Կարելի է նաև աչքերը լվանալ բնական թեյով, երիցուկով:
-Իսկ կոսմետիկ միջոցները չե՞ն վնասում աչքերը:
-Ոմանք ալերգիա ունեն կամ գերզգայուն են, հաճախ անորակ է լինում կոսմետիկան, որքան էլ կանայք փորձում են գտնել ամենալավը: Պետք է ճիշտ ընտրություն կատարել, ի վերջո դա ճաշակի հարց է:

Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1511

Մեկնաբանություններ