Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԼՈՒՅՍԻ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ Է

ԼՈՒՅՍԻ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ Է
14.02.2012 | 00:00

ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ. ՓԵՏՐՎԱՐԻ 14

«ՏԵՐՆ ԸՆԴ ՁԵԶ»
Ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի հրաշափառ Ծննդից 40 օր հետո, Հայ առաքելական եկեղեցին տոնում է քառասուն օրական Փրկչին Երուսաղեմի տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը: «Տեառնընդառաջ» նշանակում է «Տիրոջն ընդառաջ գնալ»: Տոնի խորհուրդը Տիրոջն ընդառաջ գնալու հրավերն է: Եվ ինչպես Նա` Քրիստոս, խոնարհվեց ու դեպի մեզ եկավ մեր փրկության համար, այդպես էլ մենք պետք է գնանք Նրան ընդառաջ: Այս տոնը ժողովրդի մեջ հայտնի է նաև Տերնդեզ, Տրնդեզ և այլ անուններով, որոնք «Տերն ընդ ձեզ» խոսքի բարբառային արտահայտությունն են։
Այս տոնը ավետարանական հիմք ունի, ինչի մասին գրված է. «Երբ նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսեսի օրենքի համաձայն, Նրան Երուսաղեմ տարան՝ Տիրոջը ներկայացնելու համար, ինչպես գրված էր Տիրոջ օրենքում. «Ամեն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի» (Ղուկ. Բ 22)։

ՔՐԻՍՏՈՍԻ ԸՆԾԱՅՈՒՄԸ ՏԱՃԱՐԻՆ
Մովսիսական օրենքի համաձայն, երբ լրանում է Աստվածորդու Ծննդյան ութերորդ օրը, Նրան թլփատում են և, ինչպես Գաբրիել հրեշտակապետն էր պատվիրել, անվանում Հիսուս (Ղուկ. Ա 31): Այնուհետև, ինչպես օրենքն էր թելադրում մայրերի մաքրագործման և առաջնածիններին Աստծուն նվիրաբերելու մասին, Հովսեփն ու Մարիամը Բեթղեհեմում 40 օր մնալուց հետո վերցնում են մանուկ Հիսուսին և գնում Երուսաղեմ՝ Նրան «Տիրոջը ներկայացնելու» (Ղուկ. Ա 22): Սրբազան ավանդության համաձայն, երբ տեղ են հասնում, տաճարի արևելյան դուռը, որն Աստծո հրամանով փակված էր, բացվում է՝ համաձայն Աստծո խոսքի՝ ասված Եզեկիել մարգարեի միջոցով. «Այդ դուռը փակ է մնալու ու չի բացվելու, նրանով ոչ ոք չի անցնելու, որպեսզի Իսրայելի Տեր Աստվածը մտնի այնտեղով... Նա մտնելու է դռան կամարի տակի ճանապարհով և նույն տեղով էլ դուրս է գալու» (Եզեկիել ԽԴ 1-3):
Երբ տաճարի դռներն աղմուկով բացվում են, քաղաքում մեծ դղրդյուն է բարձրանում: Երուսաղեմի բնակիչները ջահերով ու լապտերներով շտապում են դեպի տաճար և տեղ հասնելով՝ տեսնում մանուկ Հիսուսին ծնողների հետ:

ՄԱՅՐԵՐԻ ՄԱՔՐԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ ՏԱՃԱՐԻՆ ԸՆԾԱՅԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆՈՒՄ
Համաձայն Մովսիսական օրենքի, երբ որևէ կին զավակ էր ծնում, որոշ ժամանակ անմաքուր էր համարվում: Եթե նորածինը տղա էր, նրան ութերորդ օրը թլփատում էին և անվանակոչում: Այնուհետև մայրը ևս 33 օր պետք է սպասեր, իսկ եթե ծնվածը աղջիկ էր, ապա` 80 օր, մինչև լրանային մաքրության համար սահմանված օրերը։ Այս օրերի լրանալուց հետո ծնողները տաճար էին գնում ու մեկ տարեկան մի գառ տանում՝ ողջակեզի, մի զույգ աղավնի կամ տատրակ` մեղքերի քավության համար: Իսկ եթե ծնողներն աղքատ էին, ինչպես Հիսուսի պարագայում էր, նրանք պետք է 2 տատրակ կամ աղավնու 2 ձագ ընծայաբերեին՝ մեկը ողջակեզի, իսկ մյուսը՝ մեղքերի քավության համար (Ղևտ. ԺԲ):
Հին կտակարանում հատուկ օրենք կար անդրանիկ արու զավակների համար: Աստված, եգիպտացիների բոլոր անդրանիկ զավակներին կոտորելուց հետո (Ելք ԺԲ 29-30), Մովսեսին պատվիրում է. «Ինձ նվիրաբերիր բոլոր իսրայելացիների անդրանիկ զավակներին» (Ելք ԺԳ 1-2): Սակայն երբ Մովսեսը որոշ ժամանակ անց բարձրանում է Սինա լեռը՝ պատվիրանները բերելու, հրեաները մոռանում են Աստծուն և իրենց համար ոսկե հորթ պատրաստում՝ նրան պաշտելու համար: Ըստ Մովսեսին տրված աստվածային հրամանի՝ Ղևիի որդիների ձեռքով ժողովուրդը պատժվում է (Ելք ԼԲ 26-29): Այդ պատճառով Աստված պատվիրում է Մովսեսին Ղևիի որդիներին առանձնացնել Իրեն ծառայելու համար, իսկ մնացյալ անդրանիկները, որոշակի փրկագին վճարելով, ազատվում էին այս ծառայությունից:
Մարիամի և Հովսեփի համար տաճար գալը զուտ օրենքի գործադրություն էր: Նրանք ենթակա չէին օրենքին: Ս. Աստվածածնի պարագայում այս օրենքն անիմաստ էր, քանի որ նրանից Ծնվածը` Հիսուսը, հղացվել էր Սուրբ Հոգուց, և Ս. Աստվածածինը չուներ սրբագործվելու խորհրդի կատարման անհրաժեշտություն, ինչպես սովորական կանայք: Հիսուսն Աստծու Միածին Որդին է, Հոր անդրանիկ ծնունդը ժամանակից դուրս` հավիտյանս հավիտենից, և Մարիամի անդրանիկ ծնունդը ժամանակի մեջ: Եվ Նա տաճար էր բերվում Իր իսկ սահմանած օրենքը կատարելու (ինչպես և թլփատության դեպքում էր)` դրանով հաստատելով Իր ճշմարիտ մարդեղությունը: Նաև օրինակ էր տալիս հնազանդության ու խոնարհության, հաստատում օրինավորության անհրաժեշտությունը և մերժում օրինազանցությունը:

ՍԻՄԵՈՆ ԾԵՐՈՒՆՈՒ ԵՎ ԱՆՆԱՅԻ ՄԱՐԳԱՐԵԱՑՈՒՄԸ
Ըստ Ղուկասի ավետարանի, երբ Մարիամն ու Հովսեփը տաճար են մտնում, նրանց ընդառաջ է գալիս Սիմեոն ծերունին: Համաձայն ավանդության՝ Սիմեոնը Եգիպտոսի Պտղոմեոս թագավորի հրամանով Ալեքսանդրիայում մասնակցել էր Հին կտակարանի գրքերը եբրայերենից հունարենի վերածելու «Յոթանասնից» թարգմանությանը: Թարգմանությունը կատարելու ժամանակ Սիմեոնը Եսայու գրքում հանդիպում է «Ահա կույսը պիտի հղանա ու որդի ծնի» (Եսայի Է 14) նախադասությանը, մտածում է, թե շատերը թերևս չեն հավատա այս խոսքին, և ջնջում է այն: Որոշ ժամանակ իր արածի մասին մտորելուց հետո շուտով նիրհում է, իսկ երբ արթնանում է, տեսնում է, որ այն հատվածը, որ ջնջել էր, ոսկե տառերով նորից գրվել է նույն տեղում: Սիմեոնը փառաբանում է Աստծուն և երանի տալիս նրանց, ովքեր ականատես պետք է լինեին այդ դեպքին: Աստծո Սուրբ Հոգին, տեսնելով Սիմեոնի հավատքը, ասում է. «Մահ չես տեսնի, մինչև չտեսնես Տիրոջ Օծյալին»: Եվ երբ Սիմեոնը «Հոգով առաջնորդված» տաճար է գնում և տեսնում Հիսուսին, օրհնում է Աստծուն. «Այժմ, ո՛վ Տեր, խաղաղությամբ արձակիր Քո ծառային ըստ Քո խոսքի, որովհետև աչքերս տեսան փրկությունը Քո, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ» (Ղուկ. Բ 29-31): Այնուհետև Սիմեոն ծերունին Հիսուսին հանձնում է մորը և, ավանդության համաձայն, հենց տաճարում էլ ավանդում հոգին:
Քառասուն օրական մանուկներին տաճար տանելու և Աստծուն ընծայաբերելու հինկտակարանյան օրենքը նոր շունչ ստացավ և պահպանվեց նաև քրիստոնյաների մեջ: Յուրաքանչյուր ընտանիքում երբ երեխա է ծնվում, մեր Եկեղեցու հայրերի հաստատած կարգի համաձայն` ծնողները նրան ծննդյան քառասուներորդ օրը եկեղեցի պետք է տանեն, ուր կատարվում է հատուկ ծես` քառասուն օրական մանուկների ընծայման կարգ:
Նախատոնակի արարողությունը երեկոյան է սկսվում, եկեղեցում, մոմեր կամ ճրագներ վառելով, որպես օրինակ Քրիստոսի` երեկոյան ժամին տաճար գալու: Հավատացյալները տոնին մասնակցում են ձեռքներին օրհնված մոմեր պահած, որոնք արարողության ավարտին վառում են եկեղեցու կանթեղներից և տանում տները: Այս ամենը կարծես լույսի տոնախմբություն է հիշեցնում` խորհրդանշելով Սիմեոնի` Հիսուսին տված «Լույս» անունը:
ԽԱՐՈՒՅԿ ՎԱՌԵԼԸ և նրա շուրջ պտտվելը կամ վրայից թռչելը Տեառնընդառաջի տոնի ժողովրդական ավանդույթներից է և ճշմարիտ հավատքի հետ կապ չունի:
Տոնի նախորդ օրը` երեկոյան, եկեղեցու բակում խարույկ են վառում, որից վառած կրակով իրենց հետ տանում և խարույկ էին վառում նաև տների բակերում:
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3812

Մեկնաբանություններ