Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԵՐԵԽԱՆԵՐ ՇԱՏ ԵՆ ԾՆՎՈՒՄ, ԲԱՅՑ ԴԵՄՈԳՐԱՖԻԿ ԹԻԿՈՒՆՔԸ ԴԵՌ ԱՊԱՀՈՎ ՉԷ

ԵՐԵԽԱՆԵՐ ՇԱՏ ԵՆ ԾՆՎՈՒՄ, ԲԱՅՑ ԴԵՄՈԳՐԱՖԻԿ ԹԻԿՈՒՆՔԸ ԴԵՌ ԱՊԱՀՈՎ ՉԷ
26.03.2010 | 00:00

Վերջին շրջանում բավականին շատ է խոսվում մեր երկրում ծնելիության աճի մասին: Մասնագիտական վերլուծությունների համաձայն` այդ ձեռքբերումը պայմանավորված է ոչ միայն պետական քաղաքականությամբ, այլև դեմոգրաֆիկ մի շարք տեղաշարժերով:
Ծնելիության աճի նախորդ տարվա ցուցանիշները բավականին հուսադրող են. 2009-ին ծնվել է 44466 երեխա, ինչն 8 տոկոսով ավելի է 2008-ի ցուցանիշից: Ազգային վիճակագրության ծառայությունում արդեն հաշվարկել են, որ հազար բնակչի հաշվով Հայաստանում տարեկան ծնվում է 14 երեխա, իսկ ահա հարևան Ադրբեջանում` 18, Ռուսաստանում և Վրաստանում` 13-ական, ամենաբարձր ցուցանիշը Տաջիկստանում է` 31 երեխա:
Ժողովրդագրական շարժերի մեջ մասնագետները մեծ տեղ են հատկացնում երկրում իրականացվող «Ծննդօգնության պետական հավաստագրին» և հարակից մի շարք միջոցառումների: 2009-ին երեխայի ծննդյան միանվագ նպաստը նախկին 35 հազարի փոխարեն դարձել է 50 հազար: Աշխատող մայրերի համար մինչև երեխայի 2 տարեկան դառնալը սահմանվել է ամսական 18 հազար դրամ` 2008-ի 3 հազարի փոխարեն: Երեք և ավելի երեխաների ծնունդը խրախուսելու համար սահմանվել է 430 հազար դրամ միանվագ նպաստ` անկախ ընտանեկան նպաստի համակարգում ընտանիքի ընդգրկվածությունից: Մեր երկրի ժողովրդագրական ռազմավարության կայուն զարգացման ծրագրով 2012 թվականից նախատեսվում է երրորդ և ավելի երեխաների ծնունդը խրախուսել 1 մլն դրամով:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը սովորական աշխատանքային օր է. ծնունդներ էլ կան, կեսարյան հատում և հսկողության տակ գտնվող հղիներ էլ: Ծննդատան գլխավոր բժիշկ Անդրանիկ Պողոսյանը հավաստում է, որ ծննդօգնության ոլորտում հեղափոխական այդ ծրագիրն իրենց հիմնարկի օրինակով կոնկրետ արդյունքներ է տվել, փոխվել է թե՛ հղիների, թե՛ բժիշկների վարքագիծը:
ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանի տեղեկացմամբ, միջազգային կառույցների և նախարարության տևական մոնիթորինգն արձանագրել է, որ 91-տոկոսանոց երբեմնի ստվեր ունեցող այս ոլորտում կաշառքը 4,5 անգամ կրճատվել է:
Սակայն «մաղարիչ» բաժանելու երևույթն առայժմ արմատախիլ անել չի հաջողվում. երեխայի ծնունդն այն մեծ ուրախությունն է, որի համար «շնորհակալություն հայտնելը» շատերի համար մնում է ինքնաբուխ ու հաճախ նաև անփոխարինելի տարբերակ:
2008-ի կեսերից սկսված բարեփոխումների առաջին արդյունքներն ամփոփվեցին 2009-ի վերջին: Մշտական հսկողության տակ գտնվող ծրագիրն արագ կյանք մտավ և արձագանք ունեցավ բնակչության շրջանում: Ծնունդների և հսկվող հղիների թվի աճն այն ապացույցն է, որ հաճախ բերում են ծրագրի ջատագովները:
Ծննդօգնությունն առանց համապատասխան որակյալ կադրերի և տեխնոլոգիական հագեցվածության հնարավոր չէ, ուստի կառավարության որոշմամբ շարունակական լուրջ ներդրումներ են իրականացվելու:
Վերազինված բուժհիմնարկները միայն կարող են այսօր ընդունել ցանկացած ծնունդ, հսկել հղիության ցանկացած պաթոլոգիա: Բարեփոխումների առաջին փուլը, որը խթանեց ծնելիությունը, սահուն կերպով անցնում է որակական հարթություն` պարտադրելով բժիշկներին կենտրոնանալու մատուցվող բուժծառայությունների որակի վրա:
Այս փուլում առողջապահության նպատակային խնդիրը նորածինների և մայրական մահացության դեպքերը նվազեցնելն է: Ըստ ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի, թվերը, այս առումով, դեռ պերճախոս չեն, բայց դրական միտում արձանագրում են:
Առողջապահության այս ոլորտ մտած ծրագրային փոփոխությունները նախ` ստիպեցին բուժհաստատություններին վերանայել իրենց աշխատաոճն ու սկզբունքները, բուժհիմնարկների միջև ձևավորվեց յուրօրինակ մրցակցություն: Որտեղ ծնունդների թիվը շատ է, այնտեղ բարձր են նաև աշխատավարձերը, իսկ շատ ծնունդներ գրանցվում են այն ծննդատներում, որտեղ հղիներին որակյալ բուժօգնություն են ցուցաբերում: Աշխատանքում թերացող ծննդատներ, որպիսիք, մեր տվյալներով, դեռ կան, կարող են հայտնվել ռիսկային գոտում. այլընտրանք չկա. պետք է կա՛մ կատարելագործվել, կա՛մ «փակվել»:
Բարեփոխումները դրական ազդեցին նաև բժշկական ծառայությունների որակի վրա. նախկինում որևէ մոտիվացիա չկար լավ և շատ աշխատելու: Այսօր նույն վտանգավոր գոտում կարող են հայտնվել նաև բժիշկները, շատ գինեկոլոգներ ու մանկաբարձներ ստիպված են եղել արմատապես վերանայել իրենց մոտեցումները:
Մասնագիտական դիտարկումները ցույց են տվել, որ ծնելիության աճի հարցում դերակատարում ունի այն հանգամանքը, որ հիմա արդեն ծննդաբերում են 80-ականներին ծնված մեծ թվով կանայք` այսպես ասած, վերարտադրական ներուժն է մեծացել: Այդ միտումը, սակայն, կարող է փոխվել 10 տարի անց, երբ արդեն նվազ վերարտադրողականությամբ 2000-ականներին ծնվածները երեխա կունենան: Նշենք, որ հենց այդ շրջանում է գրանցվել ծնելիության նվազագույն գործակիցը:
Երեխայի ծնունդը մեծագույն երջանկություն և միաժամանակ մտահոգության լուրջ առիթ է ծնողների համար: Երեխա մեծացնելու, դաստիարակելու ու ոտքի կանգնեցնելու այսօրվա պրագմատիկ հաշվարկները վախեցնում, անգամ սարսափեցնում են ծնողներին: Վիճակագրությունը փաստում է, որ երիտասարդ ընտանիքի կենսամակարդակը նվազում է արդեն երկրորդ երեխայի ծննդից սկսած, իսկ 3-րդ և 4-րդ երեխաներից հետո պատկերն ավելի է վատանում: Այսինքն, ոչ բոլոր ընտանիքներն են պատրաստ շատ երեխաներ դաստիարակելու, չնայած այն հանգամանքին, որ պետությունն արդեն բավականին կլորիկ գումարով խրախուսում է երրորդ և ավելի երեխայի ծնունդը:
Ծնելիության աճի ֆոնին ժողովրդագրական բավականին լուրջ ահազանգեր կան. ամենավատատեսական կանխատեսումներով` դարակեսին զարգացած և զարգացող երկրներում բնակչության թվաքանակը կիսով չափ նվազելու է, Հայաստանի համար նշվում է 1 մլն ցուցանիշը: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ յուրաքանչյուր երկիր ազգային անվտանգության մակարդակով կարևորում է բոլոր այն միջոցառումները, որոնք ուղղակիորեն և անուղղակիորեն նպաստում են բնակչության թվի աճին:
ՈՒստի ծնունդները խթանող քաղաքականությունը` հետծննդյան միանվագ և ամենամսյա նպաստները կարող են, իհարկե, իրավիճակը բարելավել, բայց դրանք բավարար չեն ապահովելու վերարտադրողականության բարձր գործակից և կանխելու հանրապետության բնակչության թվաքանակի նվազումը: Ընդհանուր առմամբ, աշխարհի շատ պետություններ հետծննդյան բավականին լուրջ նպաստներ են տրամադրում, սակայն նույն այդ երկրներում դեմոգրաֆիկ իրավիճակը շարունակում է մնալ մտահոգիչ:
Հաշվարկների համաձայն, այսպես կոչված, «դեմոգրաֆիկ թիկունքն» ապահովելու համար հայ ընտանիքներում պետք է ծնվի չորս և ավելի երեխա:
Հասմիկ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1881

Մեկնաբանություններ