Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«ՆՈՐ ՊԱՏՎԻՐԱՆ ԵՄ ՏԱԼԻՍ ՁԵԶ, ՈՐ ՍԻՐԵՔ ՄԻՄՅԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ԵՍ ՁԵԶ ՍԻՐԵՑԻ»

«ՆՈՐ ՊԱՏՎԻՐԱՆ ԵՄ ՏԱԼԻՍ ՁԵԶ, ՈՐ ՍԻՐԵՔ ՄԻՄՅԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ԵՍ ՁԵԶ ՍԻՐԵՑԻ»
22.03.2011 | 00:00

Ընթերցողը, իհարկե, կմտածի` իսկ ո՞րն է «սէր»-ի ու «սեր»-ի տարբերությունը, և ի՞նչ կապ ունի դրանց հետ սեռը։ Հենց այդ ներքին տարբերությունների ու արտաքին նմանությունների մասին է խոսքը։
Սկսենք նրանից, որ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի աշխարհ գալուց և համբարձվելուց հետո Փրկության Ավետարանը գրվեց ոչ թե եբրայերեն, ինչպես Հին կտակարանն էր, այլ հունարեն։ Եվ դա ժամանակների ու դեպքերի պատահականության արդյունք չէր, այլ նախախնամության պահանջ, քանի որ աշխարհի այդ ժամանակվա քաղաքակրթությունն առաջնորդվում էր հելլենիստական արժեքներով, որպես ամենաառաջնակարգը։ Այդպիսին էր նաև նրանց չգերազանցված անտիկ արվեստն ու փիլիսոփայությունը, որի նրբանուրբ ելևէջները հնարավոր էր արտահայտել ու փոխանցել միայն հունարենով։ Չզարմանանք, որովհետև մեր եկեղեցական պաշտոններն էլ են հունարենով սկզբնավորվել, օրինակ, պատրիարք՝ թարգմանվում է հայրապետ, կաթողիկոս, կամ կաթողիկե՝ ընդհանրական, եպիսկոպոս՝ տեսուչ և այլն։ Իսկ հնում մեր վանքերում պարտադիր ուսումնասիրել են քերականությունն ու օգտվել հունարենից հայոց լեզվին նրբահյուս երանգներ հաղորդելու համար, օրինակ` Գլաձորի համալսարանում:
Այդ պատճառով մենք էլ օգտվենք այդ լեզվամտածողության նրբությունից և փորձենք արդի հայերենով բացատրել ամենահայտնի և գուցե աշխարհի ամենահաճախ օգտագործվող խոսքի՝ սիրո արտահայտման մի քանի նրբերանգներ, որը միայն հունարենն ունի, ու հենց դրանցից են օգտվել սուրբ ավետարանիչները։
Եվ այսպես, հունարենում կան աշխարհում ամենատարածված սեր կոչվող զգացմունքի չորս տարատեսակ և բառական նրբահյուս բացատրություններ. էրոս, ֆիլոս, ստրոգե, ագապոս։ Իսկ որո՞նք են սիրո արտահայտման այդ չորս տարատեսակների տարբերությունները։
Սիրո ԷՐՈՍ տարատեսակը, պոետիկ լեզվով ասած, նշանակում է որևէ մեկի հանդեպ ուղղել ամբողջական զգացմունքները, լիովին տրվելով նրան։ Սիրո պաթոս կամ մարմնական ցանկության բարձրագույն արտահայտման խոսքաձևն է էրոսը։ Աշխարհի մշակութային հենքը հիմնականում այս էրոսի արտահայտություններն են, ըստ համապատասխան տեսակների: Սա կրքի ոլորտի սերն է, նախանձոտ ու ցանկասիրությամբ լեցուն, որտեղ ուրիշ այլ զգացմունքները տեղ չունեն։ Սիրո այս տեսակը բնութագրելու համար սուրբ հայրերն այն անվանել են գոտկատեղից ներքև ձգտումներ, կամ շարժումներ։
Էրոս տիպի սերը մեծ մասամբ մարդու զուտ մարմնական ոլորտի ցանկական զգացմունքների արտահայտման ձևն է, այսինքն՝ առավել ցածրակարգ մնացած երեքի հանդեպ։ Սրա նմանակը նաև կենդանական աշխարհն ունի, որը պարզապես կոչվում է զուգավորում տվյալ սերնդի շարունակական պահպանման համար։ Օրինակ, կա թիթեռի տեսակ, որն իր էգին գտնելու համար, որին, ի դեպ, երբեք չի տեսել, տասնյակ կիլոմետրեր է թռչում, ինքն էլ չիմանալով ուր, բայց, ի վերջո, հասնում է նրան և սերունդ ունենում հենց այդ էգից։ Այս անբացատրելի հրաշքը գիտականորեն կոչվում է անտրատակտ, ինչն ի զորու չենք մարդկային մտքով հասկանալու, բայց որպես արարչական գաղտնիք, կարող ենք ընդամենը հիացմունքով փաստել։
Մարդկային էրոսի մեղսապարտ տարատեսակների մեջ են մտնում շնությունն ու պոռնկությունը, քանի որ անասնական աշխարհում նման մեղքեր չկան։ Շնություն է, երբ մեկն ամուսնական կապով է կապված, բայց սիրուհի կամ սիրեկան ունի (սրանց հայերեն ավելի դիպուկ ասում են՝ սեղեխ, կամ տարփուհի և տարփածու), իսկ երկրորդը, երբ ազատ են ամուսնական պարտականություններից, բայց ազատ ու խառնակ սեռական հարաբերությունների մեջ են միմյանց հետ։ Այս տարատեսակը տարածված էր հեթանոսական ժամանակներում և մեղք չէր համարվում, մինչև որ աշխարհ եկավ Փրկիչ Տերը և մաքրության ու ողջախոհության կոչ արեց Իրեն հավատացողներին, նույնիսկ կնոջը նայողն ու սրտի մեջ ցանկացողն Աստծո աչքի առաջ շնություն է համարվում։
Մարդ արարածը մեղքի ու Աստծուց կամավոր հեռանալու պատճառով հետզհետե այնքան ցածրացավ, որ նույնիսկ անասնապղծության մակարդակի իջավ, ու այդքանն էլ դեռ բավարար չհամարելով, այլասերված էրոսի մակարդակից իջավ նաև դիվական մակարդակի, այսինքն` պղծության ու այլասերվածության ոլորտը, և տղամարդիկ մերժելով կանանց հանդեպ բնական պետքերը, սկսեցին միմյանց հետ կենակցել (արվամոլական միասեռական տարատեսակը), իսկ կանայք էլ, տղամարդկանց հանդեպ բնական ցանկությունը թողած, սկսեցին միմյանց հետ հարաբերվել (լեսբուհիներ): Այս տեսակ այլասերվածության մասին Պողոս առաքյալը գրել է.«Աստված նրանց մատնեց անարգ կրքերի, որովհետև նրանց էգերը բնական կարիքները փոխանակեցին անբնական կարիքներով։ Նույնպես և արուները, թողնելով էգի հանդեպ բնական կարիքները, իրենց ցանկություններով բորբոքվեցին միմյանց հանդեպ» (Հռոմ. 1.26)։ Նման ոչ բնական սանձարձակությունների պատճառով առաջին՝ հին աշխարհը կործանվեց ջրհեղեղից, Սոդոմ, Գոմոր քաղաքները բնաջնջվեցին։ Ապագայում այդ ամենը կրկնվելու է մաքրագործող զորության` կրակի միջոցով։
Պետրոս առաքյալը, մարգարեանալով, այլասերման գնացող մարդկության վախճանի մասին գրում է. «Այն ժամանակվա աշխարհը ապականվելով կործանվեց ջրհեղեղով: Իսկ այժմ երկինք և երկիր պահված են այդ նույն խոսքով, վերապահված են կրակի դատաստանի օրվա և ամբարիշտ մարդկանց կործանման օրվա համար» (Ա Պետրոս 3.7):
Եվ այս ամենի պատճառն էրոսի սրբապիղծ, չարահնար սանձարձակությունն է։
Եթե լավ նայենք մեր շուրջը, ապա կտեսնենք, որ այդ օրը հեռու չէ մեզնից։
ՖԻԼՈՍ տեսակը ամենատարածված սիրո արտահայտությունն է, երբ խոսքը չի վերաբերում սեռական հարաբերությանը և կրքերի բավարարմանը։ Ֆիլոս սերը հոգեհարազատության արտահայտամիջոցն է որևէ անձի հանդեպ, այսինքն` անկեղծ, նուրբ, մոտ, ընկերական, մտերմիկ հարաբերության ոլորտը, որտեղ նման սերը կարող է արտահայտվել ձեռքսեղմումով, ջերմ գրկախառնությամբ, երբեմն էլ համբույրով, ինչպես լինում է մոտիկների, ընկերների ու ընկերուհիների միջև, որտեղ բացարձակապես բացակայում է կրքի նշույլն իսկ։ Պողոս առաքյալը նման դեպքում ասում է. «Բարև տվեք միմյանց սուրբ (այսինքն` մաքուր) համբույրով»։ Այս սերը մեծավ մասամբ առաջանում է մտային ոլորտում, միախառնված հոգու արժեքների հետ։
Երկու սեռերի՝ տղայի և աղջկա միջև մաքուր, անբացատրելի, զուլալ, իսկական սերը, երբ բացակայում են կիրքն ու միմյանց մերձեցումը, նույնիսկ գրկախառնությունն ու համբույրը, կարող է վերագրվել ֆիլոս բարձրագույն տարատեսակին։ Որպես օրինակ կարող է ծառայել «Ռոմեո և Ջուլիետ» հայտնի ստեղծագործության հերոսների մաքուր ու անարատ սերը։ Դրա մի այլ տեսակն է Գյոթեի «Երիտասարդ Վերթերի տառապանքները» ստեղծագործությունը։ Այս տեսակ ֆիլոս սերը հետագայում սառելով ու նվազելով, հետզհետե իջնում է սովորական մակարդակի, և տեղի է տալիս էրոս տեսակին։
Սիրո երրորդ տարատեսակը կոչվում է ՍՏՐՈԳԵ, և նշանակում է ընտանեկան, արյունակցական, ծնող-զավակներ և զավակ-ծնողներ, ամուսինների միջև անդավաճան ու մտերմիկ՝ ոչ սեռական հարաբերություն, հարազատների, ինչպես նաև հայրենիքի ու ազգի հանդեպ տածած ջերմ, նուրբ, քաղցր, կարոտալից և հուզումնալից սեր, որոնց ժամանակավոր բացակայությունը խոր կարոտի զգացումներ է առաջացնում, այդ թվում և հայրենիքի հանդեպ, որ կոչում են կարոտաբաղձություն, իմա` նոստալգիա։
Մարդկային նման հարաբերություններն այլափոխվելով, շատ ժամանակ իջնում են տուր և առի, պարտք ու պահանջի, ինչպես նաև պարտականությունների չարաշահման տհաճ մակարդակի։ Օրինակ, չափազանց խիստ, նույնիսկ անտեղի կոպտության հասնող ծնողական դաստիարակությունը երեխաների հանդեպ, կամ էլ էգոիստ, քմահաճ, լկստված ու պահանջկոտ երեխաների վերաբերմունքն իրենց ծնողների հանդեպ, երբ ծնողների հետ վարվում են այնպես, կարծես նրանք պարտավոր են իրենց ամեն մի նյութական ցանկություն բավարարել, այլապես կոպիտ ու անհնազանդ դիրք են գրավում, կամ տնից հեռանում, մեծ ցավ պատճառելով խեղճ ծնողներին։ Այդ պարագայում ճիշտ վիճակը մեզ Պողոս առաքյալն է խրատում. «Որդինե՛ր, հնազա՛նդ եղեք ձեր ծնողներին ի Տեր, որովհետև դա է ճիշտը: Պատվի՛ր քո հորն ու մորը, որ առաջին պատվիրանն է՝ տրված խոստումով, որպեսզի լավ լինի քեզ համար, և երկար կյանք ունենաս երկրի վրա:
Հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր որդիներին, այլ մեծացրե՛ք նրանց Տիրոջ խրատով և ուսումով» (Եփեսաց. 6.1-3):
Հայրենիքի հանդեպ ստրոգե տեսակի սերը մարդիկ երբեմն վերածում են միակողմանի պահանջների բավարարման։ Ըստ նմանների` հայրենիքն ու կառավարությունը պարտավոր են ամեն գնով իրենց ուզած բարեկեցությունը բավարարել, բայց առանց փոխադարձ սիրո պարտականության, այսինքն` նման քաղաքացին ոչինչ չտալով կամ ոչ մի ջանք չդնելով հայրենիքի բարգավաճման ու զորացման համար, միայն անառակ զավակի նման բռնի պահանջատիրության դիրք է բռնում։ Իսկ երբ չի ստանում իր ուզածը, առաջին իսկ հնարավորության դեպքում լքում է հայրենիքը, կամ էլ մնալով տեղում, լրացնում է դժգոհների ու տրտնջացողների, շատ ժամանակ նաև հայհոյողների շարքերը։
Սովորաբար նման ստրոգե տեսակի սիրո բացակայության դեպքում վերը նշված սիրո ոլորտը կարող է փոխանցվել նույնիսկ կենդանիներին, երբ մարդ արարածը կապվում է իրեն հավատարիմ կամ դուր եկած շան (հիմա ամենատարածվածը աշխարհում), կատվի, ձիու (հնում ամենատարածվածը), կամ էլ մի այլ կենդանու հետ։ ՈՒ այդ չորքոտանիների հետ մարդիկ այնպես են կապվել տարիների ընթացքում, որ նույնիսկ իրենց մահից հետո հսկայական ժառանգություն են թողել կտակով, որ խնամեն իրենց սիրած կենդանուն։ Այդ է պատճառը, որ խեղաթյուրվելով այս տեսակ սիրո բնույթը, մարդիկ անարգելով Աստծո պատկերն ու նմանությունը կրող մարդ տեսակին, սկսել են գերադասել ծառայության համար ստեղծված անբան անասուններին (խոսք չունեցողներին, կենդանիներին)։ Նույնիսկ եղել են դեպքեր, որ այդ կենդանիների պատճառով դրանց տերերը մարդկանց են սպանել, վրեժ լուծելով իրենց սիրելի չորքոտանիներին «նեղացնելու» համար։ Այս մասին Պողոս առաքյալը նույնպես գրել է. «Ճանաչեցին Աստծուն, բայց իբրև Աստված չփառավորեցին կամ գոհություն չմատուցեցին Նրան, այլ իրենց մտածմունքների մեջ նանրացան և նրանց սրտերը անմտությամբ խավարեցին: Իրենք իրենց իմաստունի տեղ էին դնում և հիմարացան: Եվ անեղծ Աստծո փառքը փոխեցին՝ նմանեցնելով այն մարդու եղծելի պատկերի և թռչունների և չորքոտանիների և սողունների» (Հռոմ. 1.21):
Այս նույն բանը հոգևոր իմաստով կարելի է վերագրել նաև աղանդավոր քրիստոնյա հավատացյալներին` եկեղեցի առումով, երբ նմանները, չսիրելով անձամբ Տիրոջ առաքյալների հիմնած, նահատակ սրբերի արյունով ոռոգված, իր ազգային Մայր Եկեղեցին, մեծավ մասամբ հարում են զգացմունքների վրա առաջացած տարանուն հարանմանությունների, որտեղ անարգում են ազգային սրբությունները, Խաչը, սուրբ Տիրամորը և Աստծո նահատակ սրբերին, որոնք իրենց կյանքից առավել սիրեցին Տիրոջը։ Կան և այնպիսիք, որ չհարելով դրանց, պահանջողի դիրքում են կանգնում, որ իբր եկեղեցին պարտավոր է այս կամ այն ծառայությունը, կամ էլ հոգևոր գրքերի տարածումը կատարել ձրիաբար, առանց դրամական ակնկալիքների։ Բայց նման «քրիստոնյան» մոռանում է իր պարտականությունների մասին, որ եկեղեցու պահպանման ծախսերը ո՛չ պետությունն է հոգում, ո՛չ էլ երկնքից է ընկնում, այլ պարզ ու հավատարիմ հավատացյալների փոքրիկ լումաներով է գոյանում։ Հին ուխտում կար տասանորդի օրենքը, երբ կրոնախմբի ամեն մի անդամ պարտավոր էր իր ստացածի տասներորդ մասը տաճարի գանձանակը գցել։ Այդ օրենքը նաև քրիստոնեության մեջ է կիրառվում, և այդ կատարում են կամավորության սկզբունքով՝ ըստ հնարավորության։ Այն գործում է նաև մոմավառության ձևով, երբ մարդը գնում է փոքրարժեք մոմը որոշ գումարով, որի հավելյալ մասը գնում է որպես ակամա ընծայաբերություն եկեղեցու կարիքների համար։ Իսկ տասանորդի կիրառմանը բողոքականներն ու եհովականները մեծ կարևորություն են տալիս և համատարած ու պարտադիր կիրառում են այդ սկզբունքը, որովհետև դրանից են կախված նրանց բարգավաճման ու քարոզչական ընդարձակման հնարավորությունները։

(շարունակելի)
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1546

Մեկնաբանություններ