Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«ՄԵԾ ԴԱԴԱՐԸ», ԻՐՈՔ, ԱՎԱՐՏՎԵԼ Է

«ՄԵԾ ԴԱԴԱՐԸ», ԻՐՈՔ, ԱՎԱՐՏՎԵԼ Է
15.11.2011 | 00:00

Ղարաբաղյան շարժման առաջին փուլում` 1985-ի աշնան և 1987-ի գարնան միջև ընկած ժամանակահատվածում, հետաքրքիր աշխատանք տարվեց, որի նպատակն էր պարզել ռուսական մշակույթի, գրականության, հասարակական գործիչների կարծիքն ու գնահատականները ղարաբաղյան նախաձեռնության առնչությամբ։ Դրա շնորհիվ հավաքվեց եզակի, երբեմն էլ տեքստային նյութ, որը պատկերացում էր տալիս ռուս հասարակության կարծիքի մասին։ Դրանք էին ակադեմիկոսներ Դմիտրի Լիխաչովը, Եվգենի Պրիմակովը, Գեորգի Արբատովը, Ալեքսանդր Յակովլևը, գրողներ Սերգեյ Զալիգինը, Վալենտին Ռասպուտինը, Վասիլի Բելովը, Վիկտոր Աստաֆևը, Միխայիլ Դուդինը, Դանիiլ Գրանինը, Միխայիլ Շատրովը և էլի մի քառասուն մարդ։ Իհարկե, նրանցից ոչ բոլորն էին քաղաքականությանը մոտ, բայց արտահայտում էին որոշակի հասարակական կարծիք և հավակնում էին «մտքի տիրակալների» դերին։ 1987-ի սկզբներին միանգամայն հասկանալի էր դարձել, որ ռուս հասարակությունը ոչ միայն ծայրաստիճան բացասաբար է վերաբերվում այդ հարցին, այլև համարում է, որ այդ ուղղությամբ ցանկացած նախաձեռնություն ոչ այլ ինչ է, եթե ոչ հակառուսական գործողություն, ինչը հակասում է ռուս ժողովրդի ազգային շահերին։ Իհարկե, այդ մասին ղարաբաղյան շարժման ակտիվիստները չէին պատրաստվում աշխարհով մեկ հայտարարելու, ընդհակառակը, անհրաժեշտ էր բանը ներկայացնել միանգամայն այլ լույսի տակ և ռուս հասարակության տրամադրություններին հայամետ աստառ տալ։ Այդ անձանցից ստացված տեքստային նյութերը հմտորեն մշակվեցին և միանգամայն այլ իմաստով տարածվեցին Ռուսաստանում։ Անհրաժեշտ էր տպավորություն ստեղծել, թե ղարաբաղյան շարժումը լայն պաշտպանություն ունի, և այդ նպատակը ձեռք բերվեց, այդ թվում` բարձրաստիճան կուսակցական գործիչների, ինչպես նաև պետանվտանգության աշխատողների շրջանում։ Դրա հետ մեկտեղ, միանգամայն հասկանալի էր, որ հայերն ստիպված են լինելու բախվել ոչ միայն անտարբերության պատին, այլև ռուս հասարակության և ռուսական քաղաքականության մեջ գտնվող զորեղ հակառակորդների ու թշնամաբար տրամադրված անձանց հետ։ Ռուսական քաղաքական շրջանակները միշտ էլ ղարաբաղյան շարժումը, իսկ հետո էլ ղարաբաղյան հարցը համարել են իրենց շահերի համար շատ վտանգավոր, և յուրաքանչյուր փուլում ռուս գործիչները ջանում էին այդ հանգամանքն օգտագործել իրենց օգտին։ Սակայն ղարաբաղյան հարցի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքի էությունն այն է, որ ռուս քաղգործիչները և ռուսական քաղաքական խավը այն համարում են եվրասիական աշխարհաքաղաքականության սկզբունքային սրբագրման մի «աղաղակող նախադեպ», որը տեղի է ունեցել առանց Մոսկվայի համապատասխան հայմաձայնության, ինչը և հանգեցրել է տարածաշրջանային քաղաքականությանը ուժի արտաքին կենտրոնների լուրջ միջամտությանը։
Հակահայ քաղաքականության բարձրակետը վրա հասավ 1991-92 թթ., երբ հայերն ստիպված եղան երկու անգամ բախվելու Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիային։ Դրա հետ մեկտեղ, Հարավային Կովկասն ու նախկին ԽՍՀՄ-ի մյուս տարածաշրջանները հաջողությամբ տեղավորվում էին ԱՄՆ-ի և, ընդհանուր առմամբ, Արևմուտքի հետ քաղաքական և ռազմական հարաբերությունների զարգացման ծիրերում, ինչը Ռուսաստանին ստիպեց Հայաստանի շահերի երկարատև բոյկոտից հետո նրան, վերջապես, որոշ ռազմական և քաղաքական աջակցություն ցուցաբերել։ Մոսկվայում հասկանում էին, որ շեշտը Հայաստանի վրա դնելու շնորհիվ իրենց դիրքերը տարածաշրջանում կամրապնդվեն, բայց միաժամանակ ռուս քաղգործիչները միշտ էլ Ադրբեջանը «կլլելու» հույսեր են փայփայել, ինչը կհանգեցներ Ռուսաստանի գերիշխանությանը Հարավային Կովկասում։ Ռուսաստանի ղեկավարներն աշխատում էին գործել «դուալիստական» կողմնորոշման մարտավարությամբ, որը, այսպես, թե այնպես, հանգեցնում էր Հայաստանի շահերի անտեսմանը։ Նախագահ Մեդվեդևը, օրինակ, այդ հարցում նախընտրեց մանր և անվստահ քաղաքական գործչի գործելաոճը, որն ուշադրության չառավ այն, որ Ադրբեջանի ուղղությամբ Վլադիմիր Պուտինի ձեռնարկած բոլոր քայլերը հանգեցրել են ձախողման։ Մեդվեդևին թվաց, թե եկել է ժամանակը, վերջապես, օգտագործելու «ղարաբաղյան քաղաքական ռեսուրսը», ինչը նշանակում էր ռուսաստանամետ «ֆորպոստից» կոպտորեն հանել մի կարևորագույն միջնաբերդ, որպիսին Մոսկվայում համարվում է Հայաստանը։ Սակայն Ադրբեջանի ուղղությամբ ռուսական քաղաքականության ձախողումների պատճառը ոչ միայն Ադրբեջանի ղեկավարության կողմից Ռուսաստանի առաջարկությունների ընդունման անհնարինությունն է, այլև Հայաստանի դիրքորոշումը, որի համար Ռուսաստանի նախաձեռնություններն ազգային աղետ են։
Դմիտրի Մեդվեդևի ղարաբաղյան քաղաքականությունը որոշ կասկածներ է հարուցում այն կապակցությամբ, որ Ռուսաստանի ղեկավարության որոշակի խմբեր ուղղակի «քաշել են» նրան և նրա թիմին, նրան առաջարկելով անձամբ մասնակցել կանխավ հայտնի փակուղային նախաձեռնություններին։ Համենայն դեպս, ինչպես էլ դիտարկելու լինենք Մեդվեդևի ավելի քան եռամյա քաղաքականությունն ու փորձերը ղարաբաղյան թեմայով, Ռուսաստանի քաղաքականությունը լիակատար ձախողում է կրել, չնայած գործողությունների բացարձակ ազատությանը, որ նրան տվել էին ԱՄՆ-ն ու Եվրոպան։ Ռուսաստանն Ադրբեջանին ժամանակակից սպառազինություն տրամադրեց, ձևացրեց, թե գոհ է «գազամատակարարման» գործարքից, ձգտեց բացահայտորեն հանդես չգալ անդրկասպյան գազամուղի նախագծի դեմ, իր համար մի գլխացավանք սարքեց Գաբալայի այդ անպետք կայանը, Հայաստանի վրա ճնշում գործադրեց անհավանական ու անթույլատրելի զիջումների հարցում, և, վերջապես, ամենազայրացուցիչը` Ադրբեջանին հանձնեց լեզգիական երկու գյուղ` Ռուսաստանի քաղաքացի 600 լեզգիով հանդերձ, սահմանային Սաուր գետի ջրի պաշարներն էլ` վրադիր։
Ի պատասխան դրա, Ադրբեջանը նոր պահանջներ առաջադրեց, որը կնշանակեր Լեռնային Ղարաբաղի` որպես հայերի ազգային օջախի ոչնչացում, և Ռուսաստանից Հայաստանի վրա նոր ճնշման ակնկալում։ Ռուսական քաղաքականության ձախողումն այնքան ապշեցուցիչ էր ինչպես հենց Ռուսաստանի, այնպես էլ բոլոր գործընկերների համար, որ ծաղրական գնահատականների է արժանանում օվկիանոսի երկու կողմից էլ, իսկ Մոսկվան այլևս ոչ մի նոր առաջարկություն ու խորհուրդ չունի տալու ղարաբաղյան թեմայով։ Ոչ մի գերատեսչություն, ոչ մի փորձագետ ընդունակ չէ մշակելու շատ թե քիչ իմաստալից առաջարկություն։ Այդ իրավիճակում առաջանում է միակ տրամաբանական հեռանկարը։ Մինչդեռ ԱՄՆ-ի համար ստատուս քվոյի, այսինքն` տարածաշրջանում հարաբերական գոյակցության պահպանումը հիմնարար խնդիր է, Ռուսաստանին մնում է միայն խարխլել այդ վիճակը և նախաձեռնել ղարաբաղյան ճակատում պատերազմական գործողությունների վերսկսում։ ԱՄՆ-ի վարչակազմի առանցքային գերատեսչությունների առաջին-երկրորդ դեմքերը հայտարարում են, որ ղարաբաղյան թեման, կարգավորման ռուսական փորձերի ձախողումից հետո, ունի կառավարման այլ, երևի ավելի անմիջական ձևաչափի կարիք, ընդ որում, առաջարկվում է ԵԱՀԿ-ն, իսկ դա կարելի է հասկանալ որպես Մինսկի խմբի չեզոքացում։ Ֆրանսիան, որն արտահայտում է Եվրոպայի դիրքորոշումը, նույնպես ձգտում է հայտնաբերել լուծման նոր ձևեր ու մոտեցումներ։ Հնարավոր է, որ Արևմուտքը հանդես գա համախմբված, և այս անգամ քաղաքական ոլորտում Ռուսաստանի դերը կարող է հասցվել նվազագույնի, և Ռուսաստանի համար լավագույն «դաշտը» կլինի հենց պատերազմինը։ Առայժմ միանգամայն հասկանալի է, որ երկրորդ ղարաբաղյան պատերազմը, որն անպայման կվերածվի տարածաշրջանայինի, Ռուսաստանի համար կդառնար տարածաշրջանում առաջացած փակուղուց դուրս գալու ոչ ամենաընդունելի տարբերակը, քանի որ նա, ինչպես միշտ, ինքը պատրաստ չէ պատերազմի (ո՛չ մեծ, ո՛չ փոքր), բայց եթե իրավիճակը բացահայտորեն ծավալվի տարածաշրջանից նրան սկզբունքորեն դուրս մղելու ուղղությամբ, ապա իրավիճակի զարգացման լավագույն վարկածը, իհարկե, կդառնա պատերազմը։ Երկրորդ ղարաբաղյան պատերազմի հրահրման միջոցները քիչ չեն, օրինակ` Ադրբեջանին ժամանակակից և ոչ այնքան ժամանակակից զինատեսակների նոր մատակարարումները, Հայաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերությունների ցուցադրական խզումը, ռուսական լրատվամիջոցներում հակահայ քարոզչության ծավալումը, Մոսկվայում կեղծ ադրբեջանամետ խմբի ստեղծումը և այլն, և այլն, ինչը Ադրբեջանի համար ազդանշան կլիներ, որ նպաստավոր իրավիճակ է ստեղծվել պատերազմական գործողությունների վերսկսման համար։ Կասկած չկա, որ այս առումով Ադրբեջանի գլխավոր «ազդանշանորդը» Թուրքիան է, բայց Անկարայում դեռևս որոշ պատրանքներ ունեն իրենց ռազմավարական նպատակներին հասնելու առնչությամբ, ինչին պատերազմը բնավ չի համապատասխանում։ Բացի այդ, բացահայտ նշումներ կան այն բանի, որ վերջին ամիսներին, գուցե և շաբաթներին, Թուրքիան և ԱՄՆ-ը պայմանավորվածության են եկել ինչ-որ սկզբունքային հարցի շուրջ, ինչը, իհարկե, ավելի է Թուրքիային զսպելու ԱՄՆ-ի ռազմավարության շրջանակներում, և դա արդեն անդրադարձել է տարածաշրջաններում Թուրքիայի քաղաքականության վրա, և վաղ թե ուշ կկիրառվի նաև Ռուսաստանի հանդեպ։ ՈՒնի՞ դա, արդյոք, երկարաժամկետ սկզբունքային նշանակություն` հազիվ թե հասկանան նաև բուն Անկարայում, բայց, այսպես, թե այնպես, Թուրքիան առայժմ պատերազմով շահագրգռված չէ։ ՈՒստի գլխավոր «ազդանշանորդի» դերը կարող է ստանձնել Ռուսաստանը։ Հազիվ թե ԱՄՆ-ը խոչընդոտի Ռուսաստանի այդ մտադրությանը, քանի որ ամերիկացիները վաղուց են ուզում Ադրբեջանին պատժել այն հավակնությունների համար, որով նա հանդես է գալիս տարածաշրջանային քաղաքականության մեջ և ավելի ու ավելի լայն ձևաչափով։ Ռուսաստանի հրահրած պատերազմը կհանգեցնի վիհի առաջացմանը նրա և Թուրքիայի հարաբերություններում ու միաժամանակ Ադրբեջանին և Թուրքիային ցույց կտա իրենց իսկական տեղը տարածաշրջանային և համաշխարհային քաղաքականության մեջ։ Որոշակի իմաստ ունի ռուսական բարձրաստիճան զինվորական և քաղաքական գործիչներից մեկի արտահայտությունը. «Մենք զուր չենք Հայաստանն այսքան տարի զինել, եկել է նաև կռվելու ժամանակը»։ Հայաստանը Ռուսաստանի կողմից դիտվում է ոչ թե սոսկ որպես զսպման գործոն, այլ, ավելի շուտ, որպես ավելի ակտիվ խնդիրների լուծման ռազմահենադաշտ։ Ռուսները համոզված են, որ հնարավոր է երկրորդ ղարաբաղյան պատերազմը պահել որոշակի, սահմանափակ շրջանակներում, համոզված են նաև, որ հնարավոր է եղանակներ գտնել համաձայնեցնելու դիրքորոշումները Թուրքիայի հետ, համենայն դեպս, առանց այդ համաձայնություններին ԱՄՆ-ի մասնակցության։ Այսպիսով, Հայաստանի համար խիստ հետաքրքիր հնարավորություն է առաջանում լուծելու 21-րդ դարի իր կարևորագույն խնդիրներից մեկը` ռազմական ջախջախիչ պարտության մատնել Ադրբեջանին։ Նման հնարավորությունից չօգտվել` նշանակում է այդ խնդիրները բարդել հայերի գալիք սերունդների ուսերին։ Ադրբեջանի պարտությունը ուժի համաշխարհային մի շարք կենտրոնների կողմից կդիտվի որպես ստեղծված փակուղային վիճակից դուրս գալու շատ ընդունելի ելք և տարածաշրջանում կապահովի ուժերի հուսալի հավասարակշռություն երկար ժամանակով։
ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականության մեջ արված «մեծ դադարը», որ ռուս քաղգործիչները շփոթեցին Սև ծով-կովկասյան և այլ տարածաշրջաններում ԱՄՆ-ի ներկայության վերջնական դադարեցման հետ, հաջողությամբ ավարտված է, և ամերիկացիները վերականգնում են իրենց դիրքերն այդ ընդարձակ տարածաշրջանում։
ԱՄՆ-ը վիթխարի տնտեսական դժվարությունների մեջ է, շատ բաներ նրա համար դեռևս հասկանալի չեն Մերձավոր Արևելքում, Կենտրոնական և Հարավային Ասիայում, բայց Բարաք Օբամայի վարչակազմում ավելի ու ավելի են հաղթանակած դուրս գալիս ամերիկյան արտաքին ռազմավարության ավանդական գաղափարները, և քանի որ այդ ռազմավարությունից դուրս ունայն է նաև բուն ամերիկյան պետությունը, ապա անհնար է իրականացնել համընդհանուր անվտանգության խնդիրները։ ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականության ներկա փուլում ծագել է մի նոր խնդիր, որն ամերիկացի փորձառու քաղգործիչները շատ բարդ չեն համարում և չեն դասում այն խնդիրների շարքում, որոնց լուծման համար ԱՄՆ-ը պետք է մեծ քանակությամբ ռազմական, տնտեսական և քաղաքական ռեսուրսներ ծախսի։ Դա Թուրքիան է` իր արտքաղաքական հավակնություններով։ Այս կապակցությամբ անհրաժեշտ է նշել հետևյալ հանգամանքը. այն թեզիսը, թե ԱՄՆ-ին ձեռնտու է ղարաբաղյան խնդրի կարգավորման ցանկացած ելք, թերամտություն է, ավելի շատ օտարերկրյա որոշ, բնավ էլ ոչ քաջատեղյակ փորձագետների մտքի արգասիք։ ԱՄՆ-ի առջև ծառացած է Թուրքիայի զսպման խնդիրը, ընդ որում, այդ «զսպումը» ենթադրում է տարբեր ուղղություններ Մերձավոր Արևելքում, Բալկաններում և Սև ծով-կովկասյան տարածաշրջանում անվտանգության և ուժերի հավասարակշռության խնդիրների լուծում։ ՈՒստի պնդել, թե ԱՄՆ-ի համար ընդունելի է ղարաբաղյան թնջուկի ցանկացած հանգուցալուծում, այսինքն` նաև Հայաստանի աղետալի պարտություն, ղարաբաղյան մարզի կորուստ, լիակատար անմտություն է, քանի որ Հայաստանն ու հայկական թեման Թուրքիայի զսպման կարևոր գործոններ են։ Հայաստանը նաև մի ասպարեզ է, ուր կարող էին զուգորդվել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Իրանի շահերը` որոշակի պայմաններում։ ԱՄՆ-ի ինչի՞ն է պետք Հայաստանի պարտությունը, նեոօսմանյան կայսրության ստեղծմա՞ն։ Ոչ այնքան վաղուց մեր հրապարակումներում հնարավոր էինք համարել, որ շուտով ԱՄՆ-ը ռազմական համագործակցություն է սկսելու Հայաստանի հետ, և ամենևին էլ ոչ քարոզչական նպատակով։ Այդ նախաձեռնությունն արդեն առկա է, և դրա իմաստը մի շատ սկզբունքային խնդիր է` կապված այն ակներև իրավիճակի հետ, որ Ռուսաստանն այլևս չի կարող հանդես գալ որպես Թուրքիային զսպող միարժեք ուժ։ Ավելին, ԱՄՆ-ը և նրա եվրոպական դաշնակիցներն ամենևին էլ նպատակ չունեն խարխլելու ռուս-հայկական ռազմական համագործակցությունը։ Այս հարցի հետազոտությունը հանգեցնում է այն համոզմանը, որ այժմ Արևմտյան ընկերակցությունը փոքր-ինչ այլ կերպ է տեսնում Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում։ Այսինքն, Ռուսաստանը համարվում է զսպիչ ուժ, որը, սակայն, քաղաքական որոշումներ ընդունելիս սահմանափակումներ պիտի ունենա։ Նման «վիրավորական» դերը, իհարկե, ամենևին ձեռնտու չէ Ռուսաստանին, սակայն միանգամայն ակնհայտ է, որ նրա համար նկատի ունեն հենց այդ դերը։
Հարավային Կովկասում Ռուսաստանը կշարունակի փորձել խաղալ մի բազմաճյուղ խաղ` կապված Վրաստանի և Ադրբեջանի ներկլանման խնդրի հետ։ Առանց Հարավային Կովկասում գերիշխանության կամ գոնե ուժեղ դիրքերի, Ռուսաստանը չի կարող իրեն անվտանգ զգալ, հատկապես Հյուսիսային Կովկասում և Կասպից ծովում տեղի ունեցող գործընթացների պայմաններում։ Ներկայումս Ադրբեջանը, վերակողմնորոշվելու լուրջ փորձերին զուգընթաց, աշխատանք է տանում Վրաստանի հետ, որին ազդանշաններ են ուղարկվում վերադարձնելու Աբխազիան և Հարավային Օսիան` Ռուսաստանի հանդեպ լոյալության դիմաց։ Այս կապակցությամբ վերանայված են նույնիսկ Սաակաշվիլու հանդեպ եղած հայացքները, որը հիմա կարող է դիտվել որպես գործընկեր։ Ռուսաստանը վրացի քաղգործիչների և տարբեր գաղափարախոսական ուղղվածության կուսակցությունների հետ շփումներ է սկսել այդ առնչությամբ։ Ընդ որում, Մոսկվան շտապում է, քանի որ հասկանում է` «մեծ դադարը», իրոք, ավարտվել է։
Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունները բավականին բազմաբնույթ են, և դրա համար կան բազային շատ պայմաններ։ Նախ, պետք է ասել, որ ադրբեջանցի ղեկավարները, երկար մտորումներից հետո, հասկացել են` Ադրբեջանին հակացուցված են առճակատային հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Նրանց աչքի առջև Վրաստանի պերճախոս օրինակն է, որը կործանման եզրին է, և, բացի այդ էլ, ո՛չ ամերիկացիները, ո՛չ եվրոպացիները պատրաստակամություն չեն հայտնել ղարաբաղյան հարցը լուծել հօգուտ Ադրբեջանի։ Ռուսաստանի հետ հարաբերություններն Ադրբեջանին թույլ են տալիս ավելի բովանդակալից երկխոսություն ծավալել Արևմուտքի և Իրանի, ինչպես նաև Թուրքիայի հետ։ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բավական լայն ու պարտավորեցնող հարաբերություններ են հաստատվել, և դրանք, ինչ խոսք, հետագա զարգացում կստանան, ներառյալ տնտեսական, քաղաքական և ռազմատեխնիկական հարցերը։ Երկու տասնամյակի ընթացքում Ռուսաստանը բավականին զոհողությունների է գնացել և շատ հարցերում զիջումներ է արել Ադրբեջանին, այդ թվում` ճնշումներ Հայաստանի վրա, և հիմա ավելի մեծ ըմբռնում է ակնկալում Ադրբեջանից։ Միաժամանակ, Ռուսաստանն ու Թուրքիան, չնայած Արևմուտքի փորձագետների հոռետեսական գնահատականներին, դաշինքի ստեղծման հեռանկարներ են ցուցադրում, որի կազմավորումը մի շարք փուլեր կունենա։
Հասկանալի կլինի Հայաստանի վիճակը, եթե տարածաշրջանում հզոր «հանգույց» ձևավորվի, ինչպիսին կարող է լինել Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան դաշինքը։ Այն հույսերը, թե այդ դեպքում Ռուսաստանը կմտածի իր սեփական ճակատագրի կամ, ծայրահեղ դեպքում, ավելի հեռավոր ապագայում Հարավային Կովկասում իր դիրքերի մասին, այնքան էլ մեծ չեն։ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ կարող են Ռուսաստանին երկարաժամկետ համագործակցության այնքան ընդունելի ու հուսալի պայմաններ առաջարկել, որ Հայաստանն առհասարակ ռուսների համար որևէ արժեք չի ներկայացնի այդ խաղում։ Այս կապակցությամբ որոշիչ հանգամանք կլինի ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ընդունակությունը` իրականացնելու Թուրքիայի զսպման քաղաքականություն, նրան պահելու իրենց ռազմավարական վերահսկողության ներքո։ Մյուս վարկածը Թուրքիայի էական թուլացումն է, նրան տարածաշրջանային տերությունների շարքից հանելը, նրա աշխարհաքաղաքական դերի սկզբունքային նվազեցումը։ Այդ սցենարը ենթադրում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի որակապես այլ բնույթի փոխհարաբերություններ, միանգամայն արմատական փոփոխություններ Մերձավոր Արևելքում և այլ տարածաշրջաններում։ Եվ այդ սցենարը միանգամայն իրագործելի է, բայց առայժմ այլ սպասելիքներ են նշմարվում, որոնք կարող են հանգեցնել թուրք-ռուսական դաշինքի ձևավորման, և որին կարող է լծվել նաև Ադրբեջանը։
Սև ծով-կովկասյան տարածաշրջանում ի հայտ է եկել մի «երրորդ ուժ», այսինքն` ԱՄՆ-ի ռազմավարությունը, ավելի ճիշտ այն վաղուց առկա է այդտեղ, բայց հիմա ԱՄՆ-ը վերադարձել է այդ մի փոքր մոռացված ծրագրի իրագործմանը։ Դա էլ հենց կլինի տարածաշրջանային գլխավոր ինտրիգը մոտակա ժամանակահատվածում։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 922

Մեկնաբանություններ