Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ո՛Չ ԳՈՒՄԱՐԵԼԻՆԵՐԻ ՏԵՂԵՐԸ ՓՈԽԵԼԻՍ Է ԳՈՒՄԱՐԸ ՓՈԽՎՈՒՄ, Ո՛Չ ԷԼ ՄԻԱՏԵՍԱԿ ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ

Ո՛Չ ԳՈՒՄԱՐԵԼԻՆԵՐԻ ՏԵՂԵՐԸ ՓՈԽԵԼԻՍ Է ԳՈՒՄԱՐԸ ՓՈԽՎՈՒՄ, Ո՛Չ ԷԼ ՄԻԱՏԵՍԱԿ ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ
05.02.2010 | 00:00

Ներքաղաքական զարգացումներում վերջին օրերին շրջանառվող ամենակարևոր նորությունը կառավարությունում սպասվող կադրային փոփոխություններն է։ Ինչպես հայտնի է, աշխատանքից ազատվեց երիտասարդության և սպորտի հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը (նշանակված ԲՀԿ-ի քվոտայով), սակայն այս փոփոխությունը, ըստ ԶԼՄ-ներում շրջանառվող վարկածի, ամենևին էլ վերջինը չէ։ Խոսակցություններ կան, որ ևս 6 նախարարների փոփոխություն է սպասվում, որոնց թվում` ԱԱԾ-ի տնօրեն Գորիկ Հակոբյանի, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և նույնիսկ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի։
Ինչպես միշտ, կադրային փոփոխությունների մասին լուրերը սկսում են շրջանառվել հանկարծակի, բայց դրանց հիմքում ճշմարտության հատիկ, այնուամենայնիվ, կա, ինչն արդարացավ Արմեն Գրիգորյանի` պաշտոնից հեռացվելու փաստով։ Սակայն այս կապակցությամբ անհրաժեշտ է արձանագրել մի հանգամանք. խորհրդարանական կոալիցիան գնալով ավելի մարազմատիկ դրսևորումներ է ընդունում։ Կոալիցիոն համաձայնագիրը, անշուշտ, հնարավորություններ է տալիս քաղաքական մեծամասնության մեջ ընդգրկված կուսակցությունների առաջնորդներին` առաջադրելու նախարարների թեկնածուներ, նաև վերջիններիս ազատման հարց բարձրացնելու։ Բայց, ինչպես ցույց է տալիս հայ քաղաքական կյանքի արատավոր «պրակտիկան», կոալիցիայի կուսակցությունների ղեկավարները, փաստորեն, իրենց ձեռքն են վերցրել կոալիցիոն «քվոտայով» իրենց բաժին ընկած նախարարությունների կառավարումը։ Նրանց հայեցողությամբ են նշանակվում ու ազատվում այդ նախարարությունների ղեկավարները, և տվյալ պարագայում, փաստորեն, ոչ մի նշանակություն չունեն նշանակվող կամ ազատվող կադրի պրոֆեսիոնալ ընդունակությունները, աշխատանքային փորձը, գործունեության դրական կամ բացասական արդյունքները և նույնիսկ այն հանգամանքը, թե ինչպես են դրան վերաբերվում նախագահը կամ վարչապետը։ Ավելի ճիշտ, նրանք, փաստորեն, ոչ մի կերպ չեն վերաբերվում, թերևս, համարելով, որ կոալիցիայի գործընկեր կուսակցությունները սեփական «ներուժով» կարող են որոշել իրենց բաժին ընկած նախարարությունների ճակատագիրը։ Արդյունքում ստացվում է, որ, ասենք, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կամ ՕԵԿ նախագահ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը Հայաստանում առնվազն վարչապետին հավասար մարդիկ են, որովհետև նրանցից յուրաքանչյուրը մի քանի նախարարի ազատման-նշանակման հարցը կարող է լուծել միանձնյա։ Հենց միանձնյա, որովհետև ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն անձնային, այսինքն` մեկ մարդու, լիդերի շուրջ համախմբված կուսակցություններ են, եթե այդքան իրարամերժ անցյալ ու հայացքներ ունեցող մարդկանց հավաքական խմբերը կարող են դասական իմաստով կուսակցություն համարվել։
Չնայած Հայաստանում ոչ մի բան դասական չէ, այդ թվում` նախարարական նշանակում-ազատումները։ Եվ, ըստ այդմ, կրկին խոսվում է ԱԱԾ-ի տնօրեն Գորիկ Հակոբյանի` պաշտոնից հավանական ազատման մասին։ Բայց սա արդեն Պոլիշինելի պատմությունն է դարձել, որովհետև վերջին տարիների բոլոր կադրային փոփոխությունների ժամանակ ԱԱԾ-ի տնօրենի հրաժարականը «կանխատեսվում» է և իրականություն չի դառնում։ Չի բացառվում, որ այս անգամ էլ կանխատեսումը չիրականանա։ Դրան զուգահեռ, իրականությանն ավելի մոտ է թվում ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի հավանական հեռացումը պաշտոնից։ Որովհետև նրա նշանակումից հետո ոստիկանության աշխատանքում սկզբունքորեն ոչ մի տեսանելի բարելավում չի նկատվել։ Ավելին, այդ ընթացքում էլ տեղի ունեցան մի քանի աղմկահարույց սպանություններ, վիրավորներով փոխհրաձգություններ, բայց բացահայտումները, ինչպես միշտ, խիստ սակավ են, պատասխանատվության կանչված անձանց թիվը` առավել ևս։ Այդ թվում` փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանությունը, որը, «բացահայտման ընթացքից դատելով», թերևս, համալրելու է չբացահայտված այլ աղմկահարույց հանցագործությունների շարքը։ Համենայն դեպս, մեկ տարվա ընթացքում այս ուղղությամբ ոչ միայն տեսանելի տեղաշարժ, այլև ձայն-ծպտուն չկա։
Առավել քան տարօրինակ են սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հրաժարականի շուրջ պտտվող լուրերը և մանավանդ դրանց հիմնավորումները։ Խոսվում է, մասնավորապես, թե հանրապետության ղեկավարությունը դժգոհ է սփյուռքում անցկացված վերջին հեռուստամարաթոնի արդյունքներից, հավաքված գումարն այնքան համեստ է, որ խուսափում են անգամ նշելուց, ինչը պատճառ է դարձել առաջիկայում տիկին Հակոբյանի իբր սպասվող հրաժարականի։ Եթե անգամ ընդունենք, որ վերն ասվածն ամբողջությամբ իրողություն է, ապա տվյալ պարագայում ավելի վատ նրանց համար, ովքեր նման շարժառիթներով այդպիսի որոշում կարող են կայացնել։ Որովհետև եթե Հայաստանի իշխանությունները, 20 տարի շարունակ սփյուռքից ուղղակիորեն փող ուզելուց հետո, մտադիր էին շարունակել «համահայկական գաղափարները» դրամանիշների ձևով կթելու իրենց ավանդական քաղաքականությունը, ապա այդ համատեքստում պետք է մտածեին նաև իրենց արտաքին քաղաքական նոր նախաձեռնությունների մասին, և թե որքանով դրանք կարող են արժանանալ սփյուռքում բնակվող հայրենակիցների հավանությանը։ Հեռուստամարաթոնի համեստ արդյունքները սփյուռքի ուղղակի պատասխանն են հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված Հայաստանի «նախաձեռնողական» քաղաքականությանը, ինչը բոլորովին զարմանալի չէ։ Ավելին, հեռուստամարաթոնների միջոցները տարեցտարի նվազում են, որովհետև սփյուռքը ձանձրացել է «կթու կով» ծառայելուց, Հայաստանի անկախության հռչակումից էլ անցել է գրեթե 20 տարի, ու այս երկիրը քիչ թե շատ արդյունքներ պիտի ունենար տնտեսության ոլորտում, ոչ թե հավերժական ճգնաժամերը պատճառ բռնելով` հավերժ ձեռքը մեկներ հայրենակիցների գրպանին։ Եվ նման իրավիճակում սփյուռքի ոչ մի նախարար էլ չի կարող «Հայաստան» հիմնադրամին առնչվող իշխանությունների ակնկալիքներն ապահովել, եթե անգամ սփյուռքում բացառիկ ու անվերապահ հեղինակություն ունենա։
Եթե անգամ ընդունենք, որ վերոնշյալ բոլոր հնարավոր կադրային փոփոխությունները հիմնավորված են, ավելի կարևոր է, թե հանուն ինչի և ինչ սկզբունքով են դրանք իրականացվելու։ Ցավոք, անցած 20 տարիների ընթացքում, դեռևս Տեր-Պետրոսյանի ժամանակներից, Հայաստանում հիմնվել է բավականին արատավոր կադրային ավանդույթ, երբ որևէ պաշտոնից ազատվող պաշտոնյան գրեթե անմիջապես նշանակվում է նախորդից ոչ ցածր մեկ այլ պաշտոնի։ «Ռակիրովկաների» կամ փոխատեղումների այս համակարգը, որը բնորոշ է հետխորհրդային տարածքի գրեթե բոլոր պետություններին, ոչ մի երկրում որևէ լավ բանի չի հանգեցրել, քանզի կառավարման համակարգում ստեղծում է անձեռնմխելիների դասակարգ կամ խորհրդային բնորոշմամբ` նոմենկլատուրա։ Այսինքն, մարդկանց մի շրջանակ, ովքեր ոչ միայն մինչև թոշակի անցնելը, այլև մինչև կյանքի վերջը զբաղեցնում են պատասխանատու տարբեր պաշտոններ` անկախ իրենց գործունեության դրական կամ բացասական արդյունքներից։ Հասկանալի է, որ այդպիսի «պաշտպանվածություն» ունեցող պաշտոնյան երբևէ չի մտահոգվելու իր գիտելիքների պաշարը համալրելու, փորձ ձեռք բերելու, առաջադեմ երկրներից ինչ-որ մի բան սովորելու առումով։ Նա գիտի, որ «անմահ» է, և իր պաշտոնեական անմահությունն իր մեջ ունի բոլորովին այլ շարժառիթներ, որոնք հստակ ձևակերպված են քաղաքակիրթ երկրների քրեական օրենսգրքերում` համապատասխան հոդվածների տեսքով։
Այնպես որ, եթե Հայաստանի կառավարությունում իսկապես կադրային փոփոխությունների նոր ալիք է սպասվում, հասարակության բացարձակ մեծամասնությանը հետաքրքրելու է այդ փոփոխությունների ոչ թե անձնային, կուսակցական, այլ որակական կողմը։ Արդյոք վերոնշյալ պաշտոնյաներին զբաղեցրած պաշտոններից ազատելու դեպքում նրանց տեղը զբաղեցնելո՞ւ են ավելի երիտասարդ, գիտակ, կիրթ, փորձառու մարդիկ։ Ժողովուրդը դժգոհ է իշխանության կառավարման որակից, որովհետև կառավարման համակարգի գրեթե ոչ մի օղակում հնարավոր չէ առանց զանգի, ծանոթ-բարեկամ մեջ գցելու, առանց «համապատասխան քայլերի» որևէ հարց լուծել։ Կոռուպցիայի ցուցանիշներով Հայաստանն ԱՊՀ երկրների շարքում բոլորովին էլ հետին դիրքերում չէ ու տարեցտարի մղվում է դեպի «ամենաառաջատար» շարքերը։ Այն ռեֆորմները, որ իշխանությունը վերջին երկու ընտրությունների արդյունքում առաջարկել է ընտրողներին, և որոնց օգտին, բոլոր վերապահումներով հանդերձ, այնուամենայնիվ, քվեարկել են հազարավոր մարդիկ, դեռևս իրականություն չեն դարձել։ Իշխանության «ուղղահայացն» ակնհայտորեն լիարժեք չի գործում, որովհետև բարձր ու միջին օղակներում նստած, ազդեցիկ կապերով, բարեկամ-ընկեր-ծանոթներով պաշտպանված վերոնշյալ նոմենկլատուրայի ներկայացուցիչները, անձեռնմխելիները, ուղղակի չեն կատարում իրենց պաշտոնական պարտականությունները, անձնական ու խմբակային շարժառիթներից ելնելով` կարող են «տորպեդահարել», այսինքն` ուղղակի չկատարել կամ խափանել իշխանության ամենաբարձր մակարդակից իջեցված որոշման իրագործումը։ Այս իրավիճակն է, որ պետք է փոխել։ Այլապես ո՛չ գումարելիների տեղերը փոխելիս է գումարը փոխվում, ո՛չ էլ միատեսակ չինովնիկների փոփոխությունից։
Իշխանության դիրքերը Հայաստանում ամենևին էլ այնքան ուժեղ չեն ու ամրակուռ, որքան թվում է քաղաքական մեծամասնության մեջ գտնվող, օրումեջ հեռուստաէկրաններից պարզունակ մտքեր արտահայտող «քաղաքական գործիչներին»։ Համաշխարհային տնտեսական միտումները ցույց են տալիս, որ ճգնաժամը շուտ չի հաղթահարվելու, անգամ այնպիսի երկրում, ինչպիսին Միացյալ Նահանգներն է, չխոսելով արդեն Հայաստանի մասին։ Հետևաբար, կառավարման համակարգում ցանկացած փոփոխություն իրագործելիս իշխանությունը պիտի մտածի ժողովրդի կյանքում դրա որակական հետևանքների մասին։ Եվ ոչ թե իր գործողություններով ավելի ամրապնդի ընդդիմության դիրքերն ու վարկանիշը։ Այն առանց այդ էլ ցածր չէ։
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1288

Մեկնաբանություններ