Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՀԵՏ ԶՐՈ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

«ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՀԵՏ ԶՐՈ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
08.06.2010 | 00:00

Աստծո անցած յոթ օրում աշխարհն ապացուցեց, որ ճիշտ էր Էռնեստ Հեմինգուեյը, երբ ասում էր. «Լավ արձակը սառցալեռան նման է` 7/8-րդը միշտ ջրի տակ է»: Հեմինգուեյը չէր ասում, որ քաղաքականությունը, պատմությունը, պետությունների ու մարդկանց փոխհարաբերությունները ևս զարգանում են լավ արձակի սկզբունքով:
Մյանմա, Լիբիա, Հյուսիսային Կորեա, Սոմալի, Սուդան, Թուրքմենստան, ՈՒզբեկստան, Հասարակածային Գվինեա, Էրիտրեա, Տիբեթ: Հիշեցի՞ք: Չգնաք այդ երկրները ոչ մի դեպքում. Freedom House-ի փոխանցմամբ` այնտեղ իշխում են ամենահետադիմական վարչակարգերը: Կարող եք գնալ կամ չգնալ Բելառուս, Գվինեա, Չինաստան, Կուբա, Լաոս, Սաուդյան Արաբիա, Սիրիա, Արևմտյան Սահարա` այդ երկրները հետադիմական դառնալու ճանապարհին են դեռ: Կարող եք ազատ լինել անազատ պետություն Ռուսաստանում, եթե ուզում եք` նաև Ադրբեջանում: Հայաստանը, Վրաստանը, Թուրքիան Freedom House-ը համարում է մասամբ ազատ պետություններ:
Իսկ զբոսաշրջիկները գալիս են ու գալիս, ավելի ճիշտ` գալու են ու գալու: Պաշտոնական վիճակագրությամբ` 2009-ին Հայաստան է ժամանել 575 հազար զբոսաշրջիկ, 2010-ին ակնկալվում է 620 հազար։ 2001-ին էլ, երբ Քրիստոնեության հռչակման 1700-ամյակն էր նշվում, Հայաստան պիտի գային ու գային: 450 հազարը նվազագույն թիվն էր: Չեկան: Հիմա էլ զբոսաշրջության գործակալությունները վիճակագրության ազգային ծառայության տվյալները չեն վիճարկում, բայց փոքրիկ ճշտում են անում` կառավարությունը մեթոդաբանական սխալ է թույլ տալիս և չի տարանջատում «այցելու» և «զբոսաշրջիկ» հասկացությունները, ուստի զբոսաշրջիկ են դառնում Ռուսաստանից ու ԱՊՀ-ից Հայաստան եկող ՀՀ քաղաքացիները, մշակութային ու մարզական միջոցառումների մասնակիցները, տարեկան մի քանի անգամ Հայաստան մտնող բեռնատարների թուրք ու պարսիկ վարորդները: Եթե հաշվարկվում են միայն հյուրանոցներում իջևանածները, ստացվում է 65 հազար զբոսաշրջիկ: Ճիշտ և ճիշտ տնտեսական երկնիշ աճի պես, որ աճում ու աճում էր, իսկ կենսամակարդակի վրա չէր ազդում ու չէր ազդում:
Եթե այսպես գնա, հասնելու ենք «ինքնաբխվելու»-ն ու «հոգեխանգարմունքի»-ն: Միանգամից պետք է օրենք ընդունել` Ազատության հրապարակի և հարակից տարածքների օգտագործման վերաբերյալ, սահմանել պետության գերակա շահն ու այդ տարածքները հայտարարել արգելոցներ, որտեղ մուտքը կլինի կա՛մ վիզայով, կա՛մ վճարով: Արդեն ձանձրալի է դառնում` շենքի ներսում հայտարարվում է, որ բոլոր հայերը քույրեր ու եղբայրներ են, շենքից դուրս նրանք երկու-երեք հոգով «մասսայական անկարգություններ» անողներ են, պարեկապահակային գնդի հրամանատարն էլ` անկոչ մարգարե, որ գիտի ով, որտեղ, ինչ է անելու` «Իրենք որտեղ կան, այնտեղ անկարգություն կա»: Հնարավոր չէ՞ր այսքան ժամանակում ավելի խելամիտ քայլեր հնարել, քան ոստիկանությանն անվերջ ժողովրդի թշնամի դարձնելը` ընդդիմադիր ու լրագրող ձերբակալելով, սադրանքներով ու պատվիրված դատավարություններով Հյուսիսային պողոտայից նորից Հյուսիսային պողոտա՞ ենք հասնելու: Պարբերաբար հրապարակ նետվող խայծե՞րն էլ չեն շեղելու` միջպետական ու ներպետական, կուսակցական ու միջկուսակցական հարաբերությունների, մեկի` քաղաքականությունից հեռանալու, մյուսի` քաղաքականություն վերադառնալու, օտարալեզու դպրոցների ու համանման այլ խաղիկների տեսքով:
«Ռուսաստանի դիրքորոշումը միանշանակ է ու անփոփոխ` Ռուսաստանն ընդունում ու հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ասել է ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը` հյուրընկալելով Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օկտայ Ասադովին: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Գրիզլովը նաև տեղյակ չի եղել, որ ռուս պատգամավորները որպես դիտորդ մեկնում են Լեռնային Ղարաբաղ, նրանից թաքցրել են։ «Նրանք հաստատ գիտեին, որ եթե դիմեն ինձ նման խնդրանքով, ես կմերժեմ», ասել է նա: Ասենք` հավատացինք: Մայիսի 31-ին Երևանում Բորիս Գրիզլովը ՀԱՊԿ-ի ԽՎ նիստից հետո զարմանում էր, թե ինչո՞ւ է Ադրբեջանը «պերսոնա նոն գրատա» հայտարարել Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցած հինգ ռուս պատգամավորների, երբ տարբեր երկրներից 100-ից ավելի դիտորդներ են եղել: Էլի հավատանք:
ՌԴ Դաշնային ժողովի նախագահ Սերգեյ Միրոնովն էլ հայտարարել է. «Ռուսաստանը չի ճանաչում «Լեռնային Ղարաբաղ» անվանումով որևէ պետական կառույց, չի էլ պատրաստվում ճանաչել հետագայում, իսկ ռուս խորհրդարանականների այցը Ղարաբաղ ինքնագործունեություն էր, ոչ մեկին պետք չեկող քայլ»: Իրեն Լյուդովիկոս 14-րդ Արև-արքայի տեղ դրած Միրոնովը հաճախ է «ոչ մեկին պետք չեկող քայլեր» անում և հետո կա՛մ ինքն է ասածը հերքում, կա՛մ ուրիշներն են «բացատրում»` ինչ էր ուզում ասել, կամ էլ պարզվում է` լրագրողներն են «սխալ հասկացել»: Այս դեպքում, կարծես, տարընթերցումներ չկան. ասել է` ինչ ասել է: Եթե չեք հավատում, ձեր խնդիրն է:
Չի բացառվում, որ օգոստոսին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը գա Հայաստան: Չի բացառվում, որ «Գառնի-Գեղարդ-Էջմիածին-Սևանը», հակառակ ամռանը, այս անգամ չաշխատի և ռազմավարական դաշնակցի հետ հույժ կարևոր քաղաքական, աշխարհաքաղաքական, տնտեսական, պատմամշակութային խնդիրներ քննարկելու հետ նա քննարկի նաև ռազմավարական դաշնակցի հարևան ճանաչված ու չճանաչված պետություններին առնչվող հարցեր, այդ թվում` Քելբաջարի, Ֆիզուլիի, Աղդամի ընդգրկումով: Իհարկե, դա լուրջ ներդրում կլինի Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, կայունության հաստատման, զարգացման հեռանկարների տեսակետից, հնարավորություն կտա կարգավորելու թուրք-հայկական հարաբերությունները, շահելու Թուրքիայի ու Ադրբեջանի անձնուրաց սերն ու նվիրումը, այլ փաստարկներ էլ կգտնվեն:
Հաագայի միջազգային քրեական դատարանին ՀԱԿ-ը 280-էջանոց հայց է ներկայացրել ընդդեմ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի: Հարակից փաստաթղթերը 4500-էջանոց են, կցված են տեսանյութեր քոչարյանական 10-ամ-յակի իրադարձությունների վերաբերյալ:
Նուրսուլթան Նազարբաևը չի ուզում օրենսդրորեն դառնալ «ազգի առաջնորդ». նա մերժել է բացառապես սեփական, միակուսակցական խորհրդարանի ներկայացրած օրինագիծը, որով ինքն ու իր ընտանիքի անդամները ցմահ անձեռնմխելի էին դառնում, քրեական ու վարչական պատասխանատվությունից դուրս` թե՛ անձնապես, թե՛ գույքով: Ակնհայտ է, որ Ղազախստանի նախագահը ոչ այնքան վստահ է, որ «ազգի առաջնորդի» կարգավիճակը պարտադիր չէ օրենքով ամրագրել, որքան համոզված է, որ օրենքներ փոխելը տեխնիկական հարց է:
Հունիսի 3-ին Բաքվում հանդիպեցին Ադրբեջանի ու Բելառուսի նախագահները և քննարկեցին սեփական ու միջազգային խնդիրներ: Ալիևն ասաց. «Մեր կապերը շատ արագ և դրական են զարգանում: Մենք հաջողությամբ բազմաթիվ համատեղ ծրագրեր ենք իրականացնում»: Լուկաշենկոն ասաց. «Մեր ժողովուրդների սերտ համագործակցության, միմյանց աջակցելու երկար տարիների պատմություն ունեցող բարի ավանդույթը պահպանվում և զարգանում է` չնայած բարդ պայմաններին»: 2009-ին Ադրբեջանի և Բելառուսի փոխադարձ առևտրի ծավալը 120 միլիոն դոլար է եղել:
Էլմար Մամեդյարովը` Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը, Վենետիկում հասկացել է, որ մադրիդյան նորացված սկզբունքները հայկական կողմը չի ընդունում ոչ թե լեզվական, այլ հայեցակարգային պատճառով. «Եթե հայկական կողմից լինի հայեցակարգային որոշում, խնդիրը կարող է տեղից շարժվել: Իսկ եթե անընդհատ ինչ-որ բանից կառչելու, ձգձգելու փորձեր լինեն, բարդություններ կառաջանան»: Նա Վենետիկում հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին և քննարկել բանակցությունների այն պահերը, «որոնք դժվարություն են ներկայացնում հայկական կողմից ընդունվելու համար»:
Թուրքիան գարնան վերջին օրը գտավ «Հարևանների հետ զրո պրոբլեմներ» բանաձևի կենսագործման բանալին` «Հարևանների հետ զրո հարաբերություններ» տարբերակով: Ակներևաբար, դա վերաբերում է ոչ միայն հարևաններին, այլև ռազմավարական դաշնակիցներին, օրինակ` Իսրայելին: Մի քանի օրում երկու երկրներին հաջողվեց ոչ միայն իրենց հարաբերությունները փչացնել, այլև հակամարտության մեջ ներքաշել այլ երկրների ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Դա սառցալեռան երևացող մասն է` պատրվակը, իսկ չերևացող և որոշիչ մասը թաքցնում է թուրք-իսրայելյան հարաբերությունների խոտորման պատճառները: Իսրայելի հատուկ ծառայությունները մայիսի 31-ին Միջերկրական ծովում գրոհեցին թուրքական «Մավի Մարմարա» նավը, որն «Ազատության նավատորմի» կազմում մարդասիրական օգնություն էր փոխադրում Գազայի հատված` պաղեստինցիներին: Հարձակման հետևանքով 19 զոհ եղավ, 9-ը` թուրք: Առաջին հայացքից` բարբարոսություն, մի՞թե կարելի է մարդասիրական օգնությունը բռնի ուժով կասեցնել: Արդեն հունիսի 1-ին Թուրքիայի վարչապետը խորհրդարանի հատուկ նիստում հայտարարեց. «Որևէ մեկը թող չփորձի համբերությունից հանել Թուրքիային: Որևէ մեկը թող չհամարձակվի մեզ վերաբերվել որպես հետամնաց պետության: Մենք կարող ենք նվիրված բարեկամներ լինել, սակայն նույնքան կատաղի թշնամիներ ենք»: Էրդողանն ավելին ասաց. «Նույնիսկ հանցագործներն ու ծովահենները ձեռք չեն բարձրացնում կանանց, երեխաների, սպիտակ դրոշ պարզած նավերի վրա: Այս մարդիկ, սակայն, հանդգնեցին դիմել նման քայլի»: Պերճախոսության այս աղքատիկ դրսևորումը հատկանշական է. գուցե հանցագործներն ու ծովահենները երեխաների ու կանանց վրա ձեռք չեն բարձրացնում, եթե թուրք չեն: Ինչո՞ւ են մարդասիրական օգնություն տեղափոխում «կանայք ու երեխաները»: Եթե փոխաբերություն է, ուրեմն ասելիք չկա այնքան, որ Թուրքիայի վարչապետը «կանանց ու երեխաներին» է ապավինում` մոռանալով, թե նախորդ դարասկզբին իր հայրենակիցներն ինչպես էին վերաբերվում հայազգի կանանց ու երեխաներին: Թուրքիայի խորհրդարանը պահանջում է արմատապես վերանայել Իսրայելի հետ հարաբերությունները, ներողություն ու փոխհատուցում է պահանջում Իսրայելից: Արտգործնախարարն էլ պահանջեց Իսրայելից դադարեցնել «2007-ից շարունակվող Գազայի շրջափակումը»: Իհարկե, Իսրայելը պետք է շրջափակումը դադարեցնի, իսկ մի՞թե պարտավոր չէ նույնը անել Թուրքիան Հայաստանի դեպքում: Արտակարգ իրավիճակներո՞ւմ է դրսևորվում Թուրքիայի իրական քաղաքականությունը: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բոլորովին այլ բացատրություն տվեց կատարվածին, ըստ որի, դեպի Գազա շարժվող թուրքական նավում «ՀԱՄԱՍ» ահաբեկչական խմբավորմանն աջակցող ծայրահեղականներ են եղել, որոնց վնասազերծելն իսրայելցի զինվորների պարտքն էր: «Դա մարդասիրական օգնություն տեղափոխող նավ չէր, այլ ահաբեկչությանն աջակցողներ տեղափոխող նավ»,- ասաց Նեթանյահուն` ուշադրություն հրավիրելով, որ մարդասիրական օգնություն տեղափոխողները փորձել են իսրայելցի զինվորներին ծովը նետել, խլել են զենքերն ու կրակ բացել նրանց վրա, զինվորները հարկադրված են եղել իրենց կյանքը փրկել: Իսրայելի փոխվարչապետ Դան Մերիբորն էլ դիվանագիտորեն պարզաբանեց, որ Իսրայելը շահագրգռված չէ Թուրքիայի հետ հարաբերությունների վատացմամբ: Նա «ցավալի» է որակել միջերկրածովյան միջադեպը, որի ընթացքում մարդիկ են տուժել, և շարունակել է պնդել, որ իսրայելցի զինվորականները բացառապես ինքնապաշտպանվել են: «Մեր նպատակն է վերջ տալ Գազայի հատված մաքսանենգ ճանապարհով զենքի տեղափոխմանը»,- ասել է Մերիբորը: Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատան առջև բողոքի ցույցի ժամանակ հրեաներն Էրդողանին անվանել են ֆաշիստ ու ահաբեկիչ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում որոշում ընդունվեց մանրամասն ուսումնասիրելու կատարվածը: Բայց առաջին արդյունքները կան. Թուրքիան առավել կուժեղացնի «Էրգենեկոնի» դեմ պայքարը, կփորձի նվազագույնի հասցնել իսրայելական ներգործությունը երկրի քաղաքական ու տնտեսական կյանքում` ունենալով այսուհետ «թշնամու» կերպար, Իսրայելն էլ առավել ազատ կլինի Թուրքիային առնչվող իր քայլերում: Իսրայելա-թուրքական հարաբերությունների նոր որակը որոշակի դժվարություններ է ստեղծում ԱՄՆ-ի համար, որը չի կարող ո՛չ Իսրայելին պաշտպանել, ո՛չ Թուրքիային, ճշմարտությունը պարզելու համար ՄԱԿ-ի ԱԽ կամ որևէ այլ կառույցի հանձնաժողովը շատ քիչ է: CNNTurk-ի գլխավոր խմբագիր Մեհմեդ Ալի Բիրանդը կարծում է, որ «Խաղաղության նավատորմի» ուղևորների և իսրայելական բանակի զինվորների բախման հետևանքով ոչ միայն թուրք-իսրայելական հարաբերություններն են վտանգվելու, այլև տարածաշրջանում փոխվելու է ուժերի հավասարակշռությունը, և նոր իրավիճակ է ստեղծվելու: Բիրանդը նախազգուշացնում է. «Այսուհետև միջազգային մամուլում հանդիպելու ենք այնպիսի հոդվածների, որոնցում կնշվի, թե Թուրքիան մեջքով է շրջվել դեպի Արևմուտք, սկսել է հետաքրքրվել Իրան-ՀԱՄԱՍ-Իսլամ եռանկյունով: Խոսակցություններ կսկսվեն «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության անցյալի մասին, զեկույցներ կհրապարակվեն, թե ինչպես է Թուրքիայի ուղեգիծը փոխում Էրդողան-Դավութօղլու տանդեմը: Լուրեր կշրջանառվեն, թե ինչքան վտանգավոր է Թուրքիայում ներդրումներ կատարելը: Այսուհետև Թուրքիան պետք է սպասի ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: Հրեական լոբբին շատ հեշտությամբ այս բնագավառում կարող է հաջողություններ արձանագրել: Իսրայելն իր գործունեությունը կակտիվացնի Քրդստանի բանվորական կուսակցության հարցում, ինչպես և որ բնագավառում դա ի հայտ կգա, դժվար է ասել: Ամենայն հավանականությամբ, մի շարք բնագավառներում իր գործունեությունը կընդլայնի Մոսադը: Իսրայելի ձեռքում մեկ այլ կարևոր զենք կա` Վաշինգտոնի վրա ազդեցությունը: Հրեական լոբբին կփորձի ավելի խորացնել Անկարա-Վաշինգտոն հակասությունները (օրինակ` Իրանի հարցում)»: Եթե Բիրանդի կանխատեսումների քառորդ մասն էլ իրականանա, 2010-ի գարնան վերջին օրը կմնա պատմության մեջ:
Ե՞րբ շնորհավորել Մեծ Բրիտանիայի թագուհու ծննդյան օրը: Մինչ այժմ այս հարցը պատասխանի երկու տարբերակ ուներ` ընտանեկան նեղ շրջանակում Եղիսաբեթ թագուհուն շնորհավորում են ապրիլի 21-ին, իսկ թագուհու պաշտոնական ծննդյան օր համարվում է հունիսի 12-ը: Դա ավանդույթ է: ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նրան շնորհավորել է մեկ շաբաթ շուտ: Ոչ թե պետական արարողակարգում նոր խոսք ասելու նպատակով, այլ թյուրիմացաբար:
Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն էր, հունիսի 5-ը` Շրջակա միջավայրի պաշտպանության: Ո՛չ երեխաների, ո՛չ միջավայրի կյանքում առանձնապես մեծ փոփոխություններ չեղան:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1135

Մեկնաբանություններ