Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԱՆԿԱԽԱԿԱՆ-ԱՌԿԱԽԱԿԱՆ (լուլաքյաբաբ օլիգարխի «դոշից»)

ԱՆԿԱԽԱԿԱՆ-ԱՌԿԱԽԱԿԱՆ (լուլաքյաբաբ օլիգարխի «դոշից»)
16.09.2011 | 00:00

«Սա իմ երկիրն է- չափսերով այնպիսին,
որ կարող եմ վերցնել հետս,
թե մի հեռու տեղ գնամ:
Փոքրիկ` ինչպես ծերացած մայր,
փոքրիկ` ինչպես նորածին զավակ,
իսկ քարտեզի վրա
ընդամենը մի արցունքի կաթիլ…»։
«Հայաստան»

Հովհաննես ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀՈՒՅԺ ԳԱՂՏՆԻ (հակասահմանադրական Յարխուշտա)
«Մենք բոլորս Թամամյան ենք,
Մարգար ենք մենք` պորտից ճակատ…»։
Այս շրջաբերական օրհներգն է տարածում գտել ՀՀ իրավապահ կառույցներում: Անկախության 20-րդ փառապանծ հոբելյանին դեմ հանդիման: Ոստիկաններն ընդվզում են, առկախված է նրանց սպայական պատիվը, զի Մարգարն ու այլք պարզապես շարքայիններ են այն լայնարձակ խաղերում, որ կոչվում է ոստիկանական ռապսոդիա` մենթական մենթալիտետով (հազար յոթ հարյուր յոթանասունյոթ ներողագիր օտարահունչ բառիս համար):
Եվ ի՜նչ է վերջապես հայոց ոստիկանությունը, ընդամենը հայոց իրավակարգի մի աղմկաբեր փռշտոց: Բայց ինչ է ինքը` իրավակարգը, հայոց պետության (ոտքի ենք կանգնում և ծնկաչոք ոգով թնդացնում` «Հայաստանը ես եմ, դու ես, Մարգարն է, Թամամն է և բյուր մնացյալը» «լճիցլիճյան» օրհներգը) անաղմուկ հոգնան… Ոչ ավելի և ոչ էլ պակաս։
Սակայն դադար տանք մի պահ և ունկնդրենք բազմաբեղուն պոետ-հրաբուխ Հովհաննեսին Դավիթ.
«Եթե հիմա այսպես մեզ դնում ես հոգնա,
ապա գերեզմանից ինչպես պիտի օգնես»:
Հրաբխվում էր Դավիթը անկախության արշալույսին: Հարցեր կային բազում, բազուկի սպիրտն էր գինեձոնի որոգայթը, և հինգհազարամյա մեր ընթացքը նոր ու թարմ հորիզոններ էր ուրվագծում: (Սիգն ու իշխանը ապավեն ու բալասան դարձան համազգային պարտադիր-կամավոր պահքի օրերին):
Առհասարակ Զարթոնք էր և զարթխումի (պահանջատեր եմ, որ խոսքն այս պահպանվի, զարթխում, ասել է թե` խումհար) նվագի ներքո հայեցի ոգու-մտքի-մարմնի 70-ամյա կապանքները, կաղապարները, շղթաներն ու շորշոփները հօդս ցնդեցին: Առատության եղջյուրներից վիժում էին վիճակախաղի տոմսերը, բռնիր ամուր: Եվ թնդաց ու ցնծաց ազատական կապիտալը:
(Թշվառական Ռոկֆելլեր, տնաբույս Մորգան, մտավոր Մանթաշյանց և խումհարասպան Պուտիլով): ՈՒ մինչ Արևմուտքից շուկայաբանության դոգմաներն էին Գանգրահերի շուրթերից հրաշունչ մորմոքով «շուկայական Հայ դատի» դրույթները ճշգրտում, ազատական մանչերը մեր Ռոկֆելլերի ու Դերիպասկայի ցերեկվա տառապանքը գիշերով պատկերեցին, և, ահավասիկ` հրաձգարանի ծուռվիզ գործավորը ամիս ու կեսում հայտավորվեց որպես նշանավոր-նորանկախ գերշուկայական գելխեղդ: Այլ մեկը ռուսական օղու հայկական ումպերով գոտին պնդեց, երրորդն ու չորրորդը աչառու-աչքաբաց էին վարկերի ինքնավարկավորմամբ և այլն: Երկիրը ոտքի էր ելնում: Մեծահարուստ խավը հանրապետությանն անհրաժեշտ էր ինչպես սխտորը խաշին: Ինչպես անձրևը սնկին: Եվ ինչպես օլիգարխիկ դասը Սեդրակիչին:
Սակայն բավ է, թարմանանք մի քիչ:

ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵՂՈՒՄՆԵՐ
Մեր օրերի հուր-աչը` Հրաչօն, մի առիթով գրում է. «Հերոստրատյան փառքն իրավունք չուներ շրջանցելու Հայաստանը: Սին փառքի քամակից շնչակտուր մի վազող էլ մենք ենք: Հերոստրատի, ոչ էլ Արտեմիսի տաճարի մասին չի լսել մեր էսօրվա թագավորը: Եթե լսած լիներ` թագավոր չէ՞ր դառնա»: Սա մտորվել է 2007-ին:
Դավիթ Հովհաննեսն անկեղծացել էր 1991-ին: Հովհաննես Գրիգորյանը` 1992-ին: Եվ ահավասիկ ՀԱԿ սեպտեմբերյան թռուցիկը, ուր ահա նման ամոքիչ-սրտապնդիչ մորմոք-մոլորություն է սպրդել. «WikiLeaks կայքում ԱՄՆ-ի դեսպանատան` Հայաստանին վերաբերող մի փաստաթուղթ անդրադառնում է մեր երկրում օլիգարխների հարստացման հիմնական ոլորտներին:
Նշվում է, որ շատերին է հայտնի, որ օլիգարխները օգտագործում են քաղաքական ազդեցությունը և իրենց գերակա դիրքերը` մրցակիցներին չեզոքացնելու համար, իսկ իշխանության կողմից գրեթե ոչ մի քաղաքական կամք չկա` քննելու այս իրավիճակը կամ այս բիզնեսմեններին օրենքի դաշտ բերելու համար»: Կամք չկա՞: Էս Wik-ը կամ Դարչինյանից ապերկոտ է ճաշակել, կամ մեզ սերիալային դրական հերոսի տեղ է դնում: Քաղաքականապես, պարզվում է, անկարող են իշխանությունները: Միաբջիջ-տեսաբանի երազախաբկանք է, ուրիշ ոչինչ: Զի և՛ կամք կա, և՛ կամային կամակորություն` կորցրած (կուրացած) պահելու նորանկախի ժողովրդին: Եվ անդրկովկասյան բացիլակիրներին: Քանզի մի՞թե իշխանավորներն այն աստիճանի անհեռատես են, որ կկտրեն թթենու հենց էն ճյուղը, որին հեծած «թոթ» են ճաշակում: Նորանկախ մեր հասարակարգը կանխակալել է շուկայաբանության օրենսդրությունը, կարգավորել իշխանության ու օլիգոպոլիայի գրկախառնությունը: ՈՒնկնդիր լինենք. մականուններ բազում-բեղուն` Լֆիկ, Նեմեց, Ալրաղաց, Միկա, Բուռնաշ, Լեդի (ոչ Գագա), …նաև Սյամո: Ահավասիկ` Ծաղիկ: Նմանապես` Մուկ: Հետայսու` Շմայս:
(Յուրաքանչյուրից մեկական մոխրագույն մակույկ: Օ՜ն անդր առաջ, դոդոշաորսի): Իշխանության և վերոնշյալ մականունակիրների արյունը տրոփում է միևնույն հանգով` «Մի՛-ա՛-ցո՛ւմ», կնշանակի` «Լի՛-ա՛-ցո՛ւմ»: Նաև` «Բա՛զ-մա՛-ցո՛ւմ»: Մենաշնորհների: Հանրության նվաստացուցիչ փոքրամասնությունը (իշխանություն+օլիգոպոլիա+վարկեր) ուսին է առել երկրի հույսը: Հանրապետության դարդն ու ցավը, բորբոքն ու մորմոքը: Եվ առատաձեռն ու լիասիրտ է այնքան, որ օրնիբուն երկրով մեկ հանդես է ու շուրջպար: Է ի՞նչ, մենք իրավունք չունե՞նք մեր քսանամյա հաղթանակներով զմայլվելու: ՈՒ աշխարհին էլ մասնակից դարձնելու:
ՈՒնենք: Զի թվերն ու փաստերը որքան խոսուն-խոհեմ են, նույնքան էլ տակվերանց-նենգաբարո:
Եվ ահա ահավասիկը:

ԹՎԱԲԱՆԱԿԱՆ ԼԻԿԲԵԶ (Յարխուշտայից Նազ պար)
Է, էդ ո՞ւմ վրա պիտի հենվեին իշխանությունները: Կարապետիչի և մարքսիստի՞: Ամբարիշտ են: Սանասարյան Հակոբի կամ... Անբարեհույս են: Դե ձեռքը երկար պարզած չմնաց, և մականունակիրները կիսախոնարհ բութ բթի և ճկույթ ճկույթի մերձեցան: Վաղօրոք ախտահանելով եղունգները: Բայց միայն փաստեր և եղելություններ: (Հայաստանը ես չեմ, դու էլ չես, նրանք են): Աղանդավորների քանակով առաջինն ենք աշխարհում: Վստահաբար: Տնտեսության օլիգարխացման ցուցանիշներով 1-2 տեղերը արդյոք չե՞նք բաժանում Ազերբայջանի հետ: Անշուշտ: Աշխարհի 100 առաջատար գրոսմայստերներից 10-ը հայ են: Նմանապես 100 մեծահարուստներից (քոռանամ ես) յոթը` հայաստանաբնակ հայ:
Զուգահեռաբար թեթևանում է մեր «դարդախորով» հոգեկերտվածքը: Այսպես, վերջին տասը տարիներին ՀՀ հանրակրթական կրթօջախների աշակերտների թվաքանակը անշեղորեն նվազում է: Ի հեճուկս խոշոր եղջերավորների գլխաքանակի և Կառավարական տան ծախսերի, որոնք անբռնազբոս աճում են: ՈՒրեմն էսպես. եթե 2000-ին երկրի դպրոցներում ուսանում էր 566590 աշակերտ, ապա 2010-ին` արդեն 370892: Այս համատեքստում մեր նվաճումները ցնցող-աճպարարային են: Աշակերտների և ուսանողների թվաքանակի հընթացս նվազմանը զուգընթաց թափ է առնում արտագաղթը:
Միջին բիզնեսը հուշիկ փոխադրվում է Սաակաշվիլու բնօրրան: Էլիտար սերմացուները նեխաբույր պտուղ են տալիս, և գյուղաբնակ ակտիվ զանգվածը դպրոցի նկուղից դուրս է բերում գլոբուսը, մի թեթև պտտեցնում և աչքերը խուփ մատը դնում ու պանդխտության ցուպն առնում ձեռքը: Թքա՛ծ: Բնակչության թվաքանակն անշեղորեն աճում է: Համաձայն ՀՀ վիճպետկոմի։
Զուգահեռաբար զարգացման միտումներ են արձանագրում բաժնետիրական ընկերությունները: Չե՞ք հավատում:

ԱՆԲՌՆԱԶԲՈՍ ՎԵՐՋԱԲԱՆ (փորկապը լուծված է)
Չե՞ք հավատում: Այսինքն` ունկնդիր եք զառանցանքին, թե ՀՀ-ում բաժնետիրական ընկերությունները սաղմնային վիճակում են: Ոմանք, իսկապես, ոչ միայն սաղմնային են, այլև ոչ մի հակաբեղմնավորիչ նրանց ապավեն չէ:
Սակայն ահա իրական և ազնիվ համապատկերը:
Իշխանաօլիգոպոլիկ համակարգի ամենաաշխույժ գոմշացլերից մեկը սովորություն ունի ամիսը մեկ-երկու անգամ շրջագայելու երկրով մեկ: Ահա աչքովն ընկավ գեղատեսիլ լանջին կառուցված հանգստի գոտին (այսինքն` շոգեբաղնիք-ռեստորան-մարզասրահ-սրճարան համալիրը): Ցլիկն իր ազգանվեր պարտքն է համարում թոթափվել շոգեբաղնիքում, լիցքավորվել ռեստորանում, վերստին լիցքաթափվել մարզասրահում, և ահա սրճարանում վերահաս գրոհի պահն է, միջնամատով մոտ է կանչում համալիրի սեփականատիրոջը, գնահատում նրա ջանքերը (և սպասուհի Վալյայի բարիքները) ու կեսբերան մռլտում` թղթերը բե՛ր: Սեփականատերերը հույժ ուշիմ են պատմական ակնթարթները գնահատելիս և ակնթարթ անց, առանց լրացուցիչ բացատրությունների, հիմնադիր փաստաթղթերում անմահացնում են Ցլիկի ծննդյան վկայականում վավերացված անուն-ազգանունը-հայրանունը: Մենաշնորհատեր ձեռնարկությունն աճեց բաժնետիրականի: Անկասկած: ՈՒ մի՞թե սա առաջընթաց չէ: Եվ մի՞թե 20-րդ տարեդարձին ընդառաջ շքանշանների տերևաթափը կրկին չի ողողի անկախական ցնցակաթվածի ենթարկված մտավորականին ու մոտավորականին: ՈՒ չի ամորձատի նրանց ևս մի հինգ տարի:

ՎԵՐՋԱԲԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԿՈՒՄԸ (սումախ և կիտրոն լյուլաքյաբաբին)
Ի՜նչ երանություն է: Ինչպես մաճառի առաջին բաժակը: Ինչպես Սադոյանի բազմաբույր լռությունը: Ինչպես գեներալ Խաչատուրովի մթին պարզաբանումները: Ինչպես Թոքմաջյանի չտեղակայված արձանը:
Ինչպես ուլտրաազատական պոետուհու ջարդուկտոր-պոետիկ սեթևեթանքը:
Ծաղկիր, երկիր իմ, Հայաստան:
Քսան տարվա ցամաք աղբյուրը կարկաչեց: Նախարար ու նախրապան բաժակ բռնեցին:
Հարյուրամյա եզան ճամփան մայրուղի դարձավ: Ծունկ ծնկի քուրսի նստեցին մարզպետ ու վարժապետ:
Հազարամյա ճաքած հողը ողողվեց զբոսաշրջիկի քրտինքով: Հիմնադրամների դրամները հանգրվանեցին գանձատան հեռավոր մի անկյունում:
Ի՜նչ երանություն է, ինչպիսի˜ բերկրանք: Մեր անկախության քսաներորդ ոսկեխունկ աշունն է:
Մենք ինքնաբավ ու հարուստ ենք, ինչպես երբևէ: Զի անըմբռնելի ենք և անկանխատեսելի: ՈՒ սրանով իսկ հրապուրիչ և... խիստ վանիչ։
Զի յուրաքանչյուր քայլափոխի դղյակ է և հարսանքատուն, սակայն հայրենի պետբյուջեն դատարկ է, ինչպես գայլաորջը փետրվարին: Բայց երկրում աշուն է: Շենշող ու հոգեզմայլ:
Սակայն համազգային հրավառությունն ու շուրջպարերն են հրապարակում, շքանշանների ջրվեժները, քծնաբույր ժպիտների զրահատանկային գրոհը։ ՈՒրեմն բութ մատներս դեմ տանք քունքներիս և պայմանականորեն ինքնագնդակահարվենք։
Հանուն մեր քսանամյա մորմոքուն առկախության։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1455

Մեկնաբանություններ