«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՐՔԵՐ` ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏՈՎ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՐՔԵՐ` ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏՈՎ
06.12.2011 | 00:00

Ռուսական «Ինտեր ՌԱՕ» ընկերության մտադրությունների մասին ծայր առած մեկնաբանություններն իրականում պաշտոնական որևէ հիմք չունեն: Գոնե` առայժմ: Միաժամանակ, իրադարձությունների այնպիսի զարգացում, երբ հիշյալ ընկերությունը կարող է լքել Հայաստանը, նույնպես չպետք է բացառել: Ի՞նչ է սպասում երկրի էներգետիկ անվտանգությանը նման անցանկալի իրավիճակում:
Մենք իշխանությունների ուշադրությունը բազմիցս սևեռել ենք այն հանգամանքի վրա, որ տնտեսության ցանկացած ճյուղում արտաքին սահմանափակ աղբյուրներից կախվածությունը կարող է անսպասելի և վտանգավոր հետևանքների հանգեցնել: Առավել ևս այս իրողությունը պետք է շեշտադրել ռազմավարական այնպիսի կարևորագույն ոլորտում, ինչպիսին էներգետիկան է:
Թեև քիչ հավանական է, որ Ռուսաստանի Դաշնությունը կտրուկ միջոցառումներ ձեռնարկի ոլորտում իր ազդեցության հետագա ուժեղացման նպատակով, այնուամենայնիվ, լավատես լինելով, հարկ է պատրաստ լինել ցանկացած վատթար զարգացումների: Պատահական չէ, որ թիրախը ոչ թե բաշխիչ էլեկտրացանցերն են, որոնց սեփականատերը դարձյալ ռուսական ընկերությունն է, և որոնց աշխատանքից ստացված շահույթը շատ ավելին է, քան ֆինանսական կառավարման համար ստացվող պայմանագրային վարձատրությունը, այլ Հայաստանի էներգետիկ հսկան` Մեծամորի ատոմակայանը: Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ չնայած տասնամյա վաղեմություն ունեցող աճպարարությանը, երբ բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման համար հայտարարված մրցույթում միակ հայտը ներկայացրած և «հաղթող» ճանաչված Midland Resources Limited խոստումնալից բառակապակցությամբ «փորձառու» ընկերությունը, ինչպես վկայում են մեր անձնական հետազոտության արդյունքները, ընդամենն օֆշորային գոտում գրանցված և էներգետիկայի բնագավառում որևէ փորձ չունեցող ռուսաստանյան կապիտալով ռուսական ընկերություն է:
Բացի տեխնիկական և տնտեսական բնույթի ցուցանիշների վերլուծությունից, առանձնահատուկ կարևորություն են ձեռք բերում նաև էներգետիկ անվտանգության խնդիրները: Մասնավորապես, Հայաստանի էներգետիկ անվտանգության սպառնալիքներից կարևոր է առանձնացնել տնտեսական կամ քաղաքական այն իրադարձությունները, որոնք ապակայունացնում են էներգետիկ համակարգի աշխատանքը, սահմանափակում կամ խափանում էներգամատակարարումը, հանգեցնում վթարների և տնտեսության ու հասարակության համար այլ բացասական հետևանքների: Հայաստանում նման իրավիճակներ ստեղծվեցին հատկապես Սպիտակի երկրաշարժից հետո «Կանաչների շարժման» արդյունքում Մեծամորի ատոմակայանի աշխատանքների դադարեցման հետևանքով: Էներգետիկ անվտանգությունը բնութագրող սպառնալիքները բաժանվում են տնտեսական, սոցիալ-քաղաքական, արտաքին տնտեսական և արտաքին քաղաքական, տեխնածին և բնածին, ինչպես նաև կառավարման արդյունավետության հետ կապված սպառնալիքների: Մեր ուսումնասիրությունները վկայում են, որ Հայաստանի համար առավել կարևոր նշանակություն ունեն էներգետիկայի զարգացման, բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ ներդրումային ռեսուրսների պակասուրդը, տարածաշրջանում տնտեսական որոշ կապերի խզումը, վառելիքային և նյութական ռեսուրսների անարդյունավետ օգտագործումը, ինչպես նաև դրանց բարձր գներն ու վառելիքային և էներգետիկ ռեսուրսների մատակարարման մենաշնորհացման աստիճանը: Միաժամանակ, կարևոր է հաշվի առնել ֆինանսական ռեսուրսների անբավարար քանակությամբ պայմանավորված տեխնիկական սահմանափակվածությունը, վառելիքաէներգետիկ ռեսուրսների արտադրության և սպառման անհավասարակշռությունը, էներգետիկ հզորությունների պակասուրդը և ցանցերի ոչ բավարար թողունակությունը:
Ներկայումս միջուկային վառելիքով աշխատող Մեծամորի էլեկտրակայանի հզորությունը Հայաստանի էներգետիկ հաշվեկշռում կազմում է երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի կեսից մի փոքր քիչ քանակություն: Առաջին հայացքից ակնհայտ է դառնում, որ առանց ատոմակայանի անհնար է ապահովել երկրի էներգետիկ անվտանգության ապահովումը` բնակչությանը և տնտեսության տարբեր ճյուղերին մրցունակ գնով և առանց ընդհատումների բավարար քանակությամբ էլեկտրաէներգիայի մատակարարումը: Միաժամանակ, կարևոր ենք համարում մեջբերել էներգետիկայի ոլորտում իրականացրած մեր հետազոտությունների որոշ արդյունքներ, որոնք հնարավորություն կարող են ընձեռել աստիճանաբար նվազեցնելու էներգետիկ հաշվեկշռում ատոմակայանի տեսակարար կշիռը և, վերացնելով ներկայիս արտաքին կախվածության աստիճանը, հնարավորինս ապաքաղաքականացնելու էներգետիկայի բնագավառը:
Հնարավոր սցենարների մշակումը կարող է հիմնվել հետևյալ առանցքային հանգամանքների վրա: Հաշվի առնելով այն իրողությունը, որ ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումը ֆինանսական զգալի ռեսուրսներ է պահանջում, իսկ որոշ երկրների փորձը վկայում է, որ երկրի տնտեսական անբարենպաստ պայմաններում այն կարող է վտանգված լինել (Բուլղարիան, օրինակ, սկսելով նոր ատոմակայանի շինարարական աշխատանքները, մի քանի տարի անց ստիպված եղավ հրաժարվելու երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրից` ֆինանսական ռեսուրսների անբավարար քանակության պատճառով), անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել վերականգնվող էներգետիկայի զարգացմանը: Վերականգնվող էներգետիկայի զարգացման մասին քննարկումները աշխարհի տարբեր երկրներում վերստին աշխուժացան, մասնավորապես այս տարվա սկզբին Ճապոնիայում տեղի ունեցած միջուկային ռեակտորի վթարից հետո: 1993 թվականին նավթի մեկ բարելը մոտավորապես 20 դոլար էր, այսօր արդեն 146, գազն անընդհատ թանկանում է, էներգետիկայի խնդիրը դառնում է աշխարհի թիվ մեկ պրոբլեմներից մեկը, այնպես որ, այլընտրանքի որոնումը հրատապ է: Ընդ որում, որպես միջուկային էներգետիկայի այլընտրանք առավել հաճախակի հիշատակվում է արեգակնային էներգիայի օգտագործումը: Ավստրիացի մասնագետների վկայությամբ` արեգակնային էներգիայի ընդամենը մեկ տոկոսի օգտագործումը բավարար է, որպեսզի երկրագնդի էներգետիկ կարիքները բավարարվեն տասնհինգ անգամ:
Արեգակնային էներգիան էլեկտրականի փոխակերպումը ոչ միայն նորույթ չէ Հայաստանում, այլև ունի որոշակի տեղական ավանդույթներ: Եվ խոսքը միայն ակադեմիկոս Պարիս Հերունու հայտնի «Արև» ծրագրի մասին չէ: Մասնավորապես, Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանի ստեղծած արևային էներգիայով աշխատող տեխնիկական հելիոհամակարգերը ներկայումս օգտագործվում են տաք ջուր ստանալու (մեկ ընտանիքի 200 լիտր եռացրած ջուր կարող է տալ), սնունդ վերամշակելու և կենցաղային մի շարք այլ խնդիրներ լուծելու համար: Սնունդ վերամշակելիս արևային տեխնիկայի կիրառությունը բարձր տեխնոլոգիա է ոլորտում, նրա նախագծած սարքերն այսօր նմանակը չունեն աշխարհում, անցել են լրիվ փորձարկումները և պատրաստ են սերիական արտադրության: Նման սարքերի սերիական արտադրության ժամանակ մեկ կիլովատտ.ժամի արժեքը կլինի 150-200 դոլարի սահմաններում, ասենք 4-կիլովատտանոց սարքը 800 դոլար կարժենա, սակայն այդ արժեքի հետգնման ժամկետը 2 տարի է, այսինքն` 2 տարվա ընթացքում ինքն իր ծախսերը կհանի, և դրանից հետո դեռ 50 տարի կաշխատի (արև չեղած ժամանակ էներգիայի 1 կիլովատտ.ժամը մոտ 50 դրամ կարժենա, արև եղած ժամանակ` 5-10 դրամ, դա արևային տեխնիկայի կիրառումը խթանող միջոցառում կլինի):
Միջազգային փորձագետների վկայությամբ` միայն արեգակնային էներգիայից ստացվող էլեկտրաէներգիայի համաշխարհային շուկան առաջիկա տասնամյակում կարող է կազմել մոտ քառասուն տրիլիոն եվրո, իսկ հայ գիտնականների ձեռքբերումները հիմք են տալիս կանխատեսելու, որ արեգակնային էներգիան էլեկտրականի փոխակերպող սարքերի, ջրատաքացուցիչների ու նման այլ բարձր տեխնոլոգիաների արտադրությունը Հայաստանում կարող է ոչ միայն ավելացնել վերականգնվող աղբյուրների տեսակարար կշիռը, այլև լինել երկրի մրցակցային կարևորագույն առավելությունների շարքում:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 1954

Մեկնաբանություններ