Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԿԱԹՈՂԻԿԵ ՍԲ. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ

ԿԱԹՈՂԻԿԵ ՍԲ. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ
25.01.2011 | 00:00

Երևանում չափազանց քիչ են դարերի պատմություն ունեցող ճարտարապետական հուշարձանները, առավել ևս` միջնադարյան ճարտարապետական համալիրները, քանզի 1679 թ. հունիսի 4-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառով միջնադարյան քաղաքը հիմնահատակ ավերվել է: Բնակելի տների հետ, ցավոք, կործանվել են նաև քաղաքի եկեղեցիները, որոնք այդպես էլ կիսավեր են մնացել տասնյակ տարիներ: Ըստ ճարտարապետ Կարո Ղաֆադար-յանի` հավանաբար, այդ տարիներին քաղաքի բնակիչները կարգի են բերել իրենց բնակելի տները և միայն դրանից հետո են հնարավորություն ունեցել մտածելու ավերակ եկեղեցիները վերակառուցելու մասին: Երկրաշարժից կանգուն են մնացել միայն երեք հուշարձան` Կաթողիկե Սբ. Աստվածածին եկեղեցին, Նորքի կամուրջը և Ավանի Հովհաննաշեն եկեղեցին (այն կիսով չափ է տուժել երկրաշարժից):
Երկրաշարժից հետո մնացորդների վրա վերակառուցված եկեղեցիների մեծ մասն էլ, որոնք մեր վաղմիջնադարյան մշակույթի խոսուն վկաներն էին, անցյալ դարի 30-ական թվականներին զոհ գնաց խորհրդային իշխանությունների անաստված քաղաքականությանը:
Ցավալին այն է, որ մենք չունենք վաղմիջնադարյան, մինչերկրաշարժային Երևանի տեսքի որևէ ամբողջական նկարագրություն: Քաղաքի առաջին հակիրճ նկարագրությունները կատարել են հիմնականում օտարերկրյա ճանապարհորդները 16-17-րդ դարերում: Նրանց շարքում հատկապես ուշագրավ են ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենի հուշերը: Վերջինս, ավերիչ երկրաշարժից յոթ տարի առաջ, հայտնում է, որ «քաղաքում շատ եկեղեցիներ կան, որոնցից գլխավորներն են` եպիսկոպոսական, որ կոչվում է «Երկու երեցի» (թարգմանաբար` երկաթոռ) և «Կաթովիկ» եկեղեցիները, որոնք գոյություն են ունեցել Հայաստանի թագավորների ժամանակներից, իսկ մյուսները կառուցվել են հետագայում»: Շարդենը, սակայն, այս եկեղեցիների տեսքի կամ նրանց դիրքի մասին որևէ տեղեկություն չի հայտնում:
Երկուերեսնի կամ Սբ. Նշան եկեղեցու մասին շատ քիչ բան է հայտնի, քանզի ավերիչ երկրաշարժից հետո որևէ հիշատակություն չի պահպանվել: Ենթադրվում է, որ այն կառուցվել է 12-14-րդ դարերում և գտնվել է կամ ներկայիս Սբ. Սարգիս եկեղեցու տեղում, կամ նրա մոտակայքում: Երկուերեսնի է կոչվել երկու բեմ ունենալու պատճառով: Այնտեղ մի հին ձեռագիր է պահվել` «Վիշապենց ավետարան» վերնագրով, որին վերագրել են հիվանդություններ բուժելու զորություն:
Քաղաքի մյուս գլխավոր եկեղեցին` Սուրբ Կաթողիկեն, որի մասին առաջին անգամ հիշատակում է Շարդենը` կոչելով այն «Կաթովիկ», գտնվում էր Երևանի Շհար (պարսկ.` քաղաք) քաղաքամասի կենտրոնում (այժմյան Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկի անկյունում): Հայտնի չէ, թե երբ և ով է կառուցել այս եկեղեցին: Հայտնի է միայն, որ այն մեծ երկրաշարժի ժամանակ ավերվել է: «Վերաշինության ժամանակ, սակայն, ինչպես երևում է, այն բոլորովին կործանված չի եղել և վերաշինվել է, ըստ երևույթին` հնի ձևով և ոճով, հնի մնացորդների վրա»,- նշում է Երվանդ Շահազիզը: Հետազոտողները վերաշինության սկիզբ համարում են 1693-ը` հիմք ընդունելով արևմտյան պատի ճակատին ագուցված մարմարի սալին փորագրված խաչքարի վրա «Յիշատակ է խաչս Օհաննեսի որդի Աղամալին թվ. ՌՃԽԲ-1693» արձանագրությունը: Աղոթասրահի պատերին ագուցված 1694 և 1695 թթ. կրող խաչքարերի առկայությունն էլ հիմք է ծառայել հավանական կարծիք հայտնելու, որ եկեղեցու շինարարությունը տևել է երկու տարի, քանզի «մի տարվա ընթացքում անհնար էր վերակառուցել այդ մեծ շինությունը»:
Կաթողիկե եկեղեցին, որն ուղղանկյուն մեծ շինություն էր` կառուցված տուֆաքարով և կրաշաղախով, պատկանում էր եռանավ բազիլիկ, անգմբեթ եկեղեցիների տիպին: ՈՒներ չորս հաստահեղույս սյուներ և արտաքին պատերի վրա նստած երկթեք տանիքով թաղակապ ծածկ: Ներքին չորս սյուների միջոցով դահլիճը բաժանված էր երեք թաղի, որոնցից միջինի կենտրոնում գտնվում էր անհամաչափորեն փոքրիկ մի զանգակատուն: Աղոթասրահի (14,0x19,3 մ) և արտաքին պարագծի (16,4x28,4 մ) չափերով, այն, թերևս, հին Երևանի ամենատարողունակ եկեղեցիներից էր: Մուտքեր ուներ հարավային (կամարակապ նախամուտքի տակից) և արևմտյան ճակատներից: Պատերն արտաքուստ և ներքուստ զուրկ էին ճարտարապետական արտահայտչամիջոցներից: Եվ դա զարմանալի չէ, քանզի, ինչպես նշում է Կարո Ղաֆադարյանը. «Մեծ երկրաշարժից հետո վերաշինված եկեղեցիները միևնույն կառուցվածքն ունեն և իրարից տարբերվում են միայն չափսերով և զանազան մանրամասնություններով: Բոլորն էլ իրենց արտաքին տեսքով և ընդհանրապես ճարտարապետությամբ բոլորովին հրապուրիչ չեն և, միջնադարյան ավելի վաղ ժամանակների ճարտարապետության համեմատությամբ, շատ բանով հետ են մնում: Ավելին էլ չէր կարելի պահանջել, քանզի տասնյակ տարիների դադարից հետո մի փոքր հնարավորություն էր ստեղծվել շինարարության համար, բայց չկային հին վարպետները, իսկ սովորական տներ կառուցող մարդիկ հազիվ այդքան վարպետություն կարող էին ունենալ»:
Սակայն իր ճարտարապետական պարզության հետ մեկտեղ` այս տաճարը, իր կառույցի առանձնահատկություններով և տարօրինակություններով, մի փոքրիկ առեղծված էր, որը մշտապես գրավում էր ուսումնասիրողների ուշադրությունը: Նրանց հատկապես զարմացնում էր այն, որ եկեղեցու սեղանը շենքի արևելյան ծայրին առանձին գմբեթ ուներ, որը կիսով չափ թաղված էր մեծ դահլիճի պատերի և ծածկի մեջ: Անբնական էր նաև տաճարի արևելյան պատի արտաքին տեսքը. նա ուներ երեք մասի բաժանված ճակատ, որոնցից կենտրոնականը վերաբերում էր եկեղեցու սեղանին, իսկ երկու կողքինները` աջ և ձախ կողմերի ավանդատներին:
Պակաս տարօրինակ չէին նաև արևելյան պատի կենտրոնական մասի երկու խորշերը: Այդպիսի խորշեր ունենում են առանձին եկեղեցիները: Բացի այդ, արևելյան պատի կենտրոնական մասը կիսագլան եզրագծեր ուներ, որոնք նրան առանձնացնում էին նույն պատի երկու ծայրամասերից: Այդ բաժանումը նկատելի էր նաև քարերի շարվածքի ձևի և բարձրության մեջ: Երկու ծայրերը տարբերվում էին կենտրոնական մասից: Այս բոլորից կարելի էր եզրակացնել, որ Կաթողիկեի արևելյան պատի կենտրոնական մասը հին է, իսկ կողքի մասերը` հետադարյան հավելվածք:
Այդ մասին նշում է նաև Ե. Շահազիզը. «Կաթողիկեի արևելյան պատը, որ խոր, դեպի արևելք երկարացած սեղանի և դրա վրա բարձրացող գմբեթի հետ հիշեցնում է մեզ մեր 14-րդ դարի եկեղեցիները, իր շինության ոճով ոչ մի բանով չի նմանվում, չի կապվում գլխավոր շինության հետ»:
Այդ տեսակետին հակասում էր միայն ավագ սեղանի պատուհանը, որ լայն էր և ուղղանկյուն տեսք ուներ: Նա բոլորովին նման չէր միջնադարյան նեղ ու երկար պատուհաններին: Սակայն պատուհանի բացվածքի ձևից պարզ երևում էր, որ այն նախապես եղել է միջնադարյան սովորական նեղ ու երկար լուսամուտ, բայց հետագայում «այժմեականացվել» է լայնքն ավելացնելու միջոցով:
Շահազիզը Կաթողիկեն անվանում էր Սբ. Աստվածածին, բայց Շահխաթունյանցի գրածից պարզ երևում է, որ «Աստվածածին» անունը հատկացված է եղել միայն սեղանին, իսկ դա ևս խորթ էր հայ եկեղեցուն, քանզի սեղանները եկեղեցուց տարբեր անուն կարող են ունենալ, երբ մի քանի սեղան կա եկեղեցում:
Բոլոր այս տարակուսանքները ի մի բերելով` Կարո Ղաֆադարյանը, դեռևս նախքան եկեղեցին քանդելը, եկել էր այն եզրակացության, որ «Կաթողիկե եկեղեցու մեջ հին եկեղեցի կա` հին ժամանակներից մնացած»: Նմանատիպ կարծիք հայտնել էր նաև Թորոս Թորամանյանը` նկատի ունենալով եկեղեցու գմբեթի թմբուկի և վեղարի ձևերը:
Հին եկեղեցու գոյության մասին վարկածը լիովին հաստատվեց 1936-ին, երբ խորհրդային իշխանությունները որոշեցին հին Երևանի հերթական եկեղեցիներից մեկը քանդել և նրա տեղը կառուցել որևէ հասարակական շենք: Քանդման ընթացքում, որը սկսվեց դեկտեմբեր ամսին և տևեց մինչև հաջորդ տարվա մարտ ամիսը, պարզվեց, որ Կաթողիկեի սեղանի տեղում գոյություն ունի մի ավելի փոքր, բայց ավելի հին եկեղեցի, որը կապ չունի հետագայում կառուցված և այն ընդգրկող մեծ ժողովրդարանի հետ: Նորահայտ փոքրիկ այդ եկեղեցին հնում կոչվել է Աստվածածին։ Այդ է պատճառը, որ հետագայում մեծ եկեղեցու համար սեղանի վերափոխվելուց հետո էլ իր այդ անունը պահպանել է:
Սբ. Աստվածածինը գրեթե միակ շենքն է, որ մեծ երկրաշարժի ժամանակ կանգուն է մնացել: Կարո Ղաֆադարյանը նշում է, որ այն երկրաշարժից չի կործանվել փոքրածավալ և ամրակուռ կազմվածք ունենալու և խնամքով կառուցված լինելու պատճառով: Կանգուն մնալուն, սակայն, նպաստել է նաև երեք կողմերից նրան հարող հին ժամատունը, որը թեև հիմնահատակ փլատակվել է, բայց կործանումից փրկել է բուն եկեղեցին: Ղաֆադարյանի այս եզրակացությունը հերքում է Ռուբեն Հարությունյանը, որը, հիմնվելով Շարդենին ընկերակցած նկարիչ Գրելոյի նկարի վրա, որում պատկերված էր միջնադարյան, մինչերկրաշարժային Երևանը (1672 թ.), նշում է, որ ժամատունը կառուցված է եղել ոչ թե Սբ. Աստվածածնի եկեղեցու արևմտյան կողմում և երկրաշարժի ժամանակ փրկել է եկեղեցին կործանումից, այլ առանձին` համալիրի այլ տեղում, քանզի նկարի վրա հստակ երևում է, որ եկեղեցու արևմտյան և հարավային կողմերը շինություններից ազատ են և ծառապատ: Դեռ ավելին, Ռուբեն Հարությունյանը, հիմնվելով Գրելոյի նկարի վրա, նշում է նաև, որ Սբ. Կաթողիկե եկեղեցական համալիրն ունեցել է ոչ թե մեկ եկեղեցի, ինչպես կարծում էին շատ հետազոտողներ, այլ երկու` մեծ և փոքր եկեղեցիներ և օժանդակ շինություններ: Բացառված չէ, որ մեծ եկեղեցին կառուցվել է շատ ավելի վաղ, քան իր կողքի` 13-րդ դարի, մեզ արդեն հայտնի Սբ. Աստվածածին փոքր եկեղեցին: 1679-ին երկրաշարժի ժամանակ Սբ. Կաթողիկեի մեծ եկեղեցին հիմնահատակ ավերվել է, իսկ Սբ. Աստվածածին փոքր եկեղեցին, իր ամրակուռ կառուցվածքի շնորհիվ, պահպանվել է: Եվ քանի որ 17-րդ դարի վերջում ավերված եկեղեցիների վերականգնումը կատարվում էր հիմնականում պահպանված մասերի հիման վրա, նպատակահարմար են գտել հիմնահատակ ավերված Սբ. Կաթողիկե համալիրի մեծ եկեղեցու վերականգնման փոխարեն կանգուն մնացած Սբ. Աստվածածին փոքր եկեղեցու արևմտյան կողմում կառուցել նոր մեծ դահլիճ, որի համար Սբ. Աստվածածինը ծառայել է որպես ավագ խորան: Ի դեպ, այդ երկու եկեղեցիներն էլ գմբեթավոր են եղել, և ոչ մեկը չի եղել բազիլիկ տիպի:
Փաստորեն, Ռուբեն Հարությունյանի առաջ քաշած վարկածը պարզաբանում է Ղաֆադարյանի այն տարակուսանքը, թե «Զարմանալիորեն 13-րդ դարի և 14-րդ դարի սկզբի մի քանի արձանագրությունների մեջ եկեղեցին ընդհանուր անվամբ Երևանոյ ժամատեղիք է կոչվել հոգնակի թվով»:
Ի դեպ, անդրադառնալով եկեղեցու անվանը, Ղաֆադարյանը նշում է, որ եկեղեցին ի սկզբանե Կաթողիկե չի կոչվել: Այդ անունը, որն առաջին անգամ հիշատակված է 1598-ի արձանագրության մեջ, հավանաբար ժառանգել է այն բանից հետո, երբ արդեն մեծ ժամատուն և այլ շենքեր ուներ:
Վերոնշյալ ժամատունը կառուցվել է 1609-ին: Երվանդ Շահազիզը, խոսելով ժամատան մասին, նշում է, որ այն կառուցել է Արգում բեկի որդի Խոջա Գրիգորը, որը եկեղեցուն նվիրել է նաև ձեռագրեր և եկեղեցական իրեր: Նա նաև նշում է, որ եկեղեցին ունեցել է քահանաների օթևան, որտեղ երբեմն բնակվել են կաթողիկոսներ: 1642-ին փոքրիկ եկեղեցու դիմաց կառուցվել է մեկ այլ դահլիճ (ժամատուն), որը ևս կործանվել է երկրաշարժի ժամանակ:
Պետք է նշել, որ բոլոր այս տեղեկությունների վկաները եկեղեցու պատերին ագուցված արձանագրություններն են, որոնցից հնագույնները վերաբերում են Սբ. Աստվածածնին: Նրա հարավային պատին` դրսից («ի թվիս ՉԺԳ (1264) Աստուծոյ ողորմութեամբ ու ելզանին ուժովն ես` Սահմատինս, Պարոն Աւետեաց որդիս զԵրևան գնեցի հողով և ջրով...») 1264-ին փորագրված արձանագրությունն ամենահինն է: Ի դեպ, ոչ միայն այդ արձանագրությունը, այլև ամբողջ հարավային պատը` գմբեթից մինչև պատի ստորին մասում գտնվող արևային ժամացույցը, տեղ-տեղ վնասվել է հրացանից արձակված գնդակներից, թնդանոթի արկերի բեկորների հարվածներից: Կարո Ղաֆադարյանը կարծում է, որ այդ վնասվածքները կարող էին առաջացած լինել միայն պարսից շահ Աբբասի` Երևանը գրավելու մարտերի ժամանակ` 1604 թ., որովհետև մինչ այդ հրազեն չի օգտագործվել:
Այդ քանդումների ընթացքում, ճիշտ է, զոհ գնաց Կաթողիկե եկեղեցին, սակայն փոխարենն ի հայտ եկավ ավելի հին մի եկեղեցի, որը միջնադարյան կանգուն հուշարձաններից զրկված Երևանի համար կատարյալ հայտնություն էր, ուստի Երևանի քաղաքային խորհուրդը, հանրապետության ղեկավար մարմինների համաձայնությամբ, որոշեց Կաթողիկեի փոքրադիր նորահայտ եկեղեցին, իբրև պատմության մեծարժեք կոթող, պահպանել տեղում, վերանորոգել և բարեկարգել շրջապատը:
Այսօր արդեն եկեղեցական արարողությունների համար սահմանափակ հարմարություններ ունեցող այս փոքրիկ եկեղեցին Երևանի գործող եկեղեցիներից մեկն է, որի բակը կիրակնօրյա պատարագների և եկեղեցական տոնակատարությունների ժամանակ լեփ-լեցուն է հավատացյալներով:
Լյուսյա ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4610

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ