Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մեծ տերությունները ձգտում են «կարկատել» պատռվածքները

Մեծ տերությունները ձգտում են  «կարկատել» պատռվածքները
27.04.2012 | 00:00

Կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, թե միջազգային իրավիճակը, որն առանց այն էլ սկսել է արագորեն փոխվել, ավելի կտրուկ շրջադարձեր է կատարում: Կասկած կա, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ավելի մեծ փոխըմբռնում է առաջացել, որ ԱՄՆ-ը նախընտրում է ավելի ակտիվորեն միջամտել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող հեղափոխական գործընթացներին, և Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) Եվրասիայում ավելի մեծ նշանակություն է ստանում:

Իրոք, տարածաշրջանային քաղաքականության մեջ տեղի են ունենում կարևոր իրադարձություններ, Թուրքիան սպառնում է շիական պետություններին, և դրանով իսկ, հնարավոր է, նրա նկրտումները որոշ չափով մոտենում են ԱՄՆ-ի շահերին: Իմ կարծիքով, մեզ համար առավել հետաքրքրականն այն է, որ ԱՄՆ-ն ընտրեց շատ հարմար պահ, այսինքն, սպասողական դիրք գրավեց և հասկացավ, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև դաշինքը խելքին մոտ բան չէ, և որոշեց վերադառնալ իր «Սևծովյան նախագծին»: Մեր ենթադրությունը, թե ԱՄՆ-ը մեր տարածաշրջանում սոսկ ժամանակավոր դադար է վերցրել, և դա չի կարող երկար տևել, արդարանում է: Պետք է ասել, որ ԱՄՆ-ը պատրաստ էր Սև ծով-կովկասյան տարածաշրջանում ակտիվ դիրքորոշման վերադառնալու` անգամ եթե Թուրքիային և Ռուսաստանին հաջողվեր իրենց դիրքերն ավելի մեծ չափով մերձեցնել: Բայց դա տեղի չունեցավ, և ամերիկացիներն ավելի ազատորեն ակնարկ արեցին Սև ծովում իրենց դիրքերի առնչությամբ: Սև ծովում «Մոնտերեյ» հածանավի հայտնվելը տարածաշրջանում «երրորդ ուժի» ցուցադրություն չէ դեռևս, բայց լուրջ հայտ է այն բանի, որ Պենտագոնը «երրորդ ուժի» խնդիրները չի մոռացել: Պետք չէ ԱՄՆ-ի այդ մտադրությունները համարել սոսկ որպես Ռուսաստանին դիմակայելու, միաժամանակ Թուրքիային զսպելու ուղղությամբ արված քայլեր: Գուցե այդ տարածաշրջանում Թուրքիայի զսպման խնդիրը ռազմավարական հեռանկարում ավելի մեծ նշանակություն ունի ատլանտյան նպատակների համար, քան Ռուսաստանին դիմակայելը: Ժամանակի ընթացքում Ռուսաստանն էլ շահագրգռված կլինի Սև ծով-կովկասյան տարածաշրջանում ԱՄՆ-ի վստահ ներկայությամբ, քանի որ շուտով ի վիճակի չի լինի ինքնուրույն զսպելու Թուրքիային: Այս առումով, եթե ԱՄՆ-ը Ռուսաստանի ինքնասիրությանը չդիպչի, ապա, ի դեմս նրա, առավել հուսալի գործընկեր կստանա ոչ միայն այս, այլև մի շարք այլ տարածաշրջաններում: Բայց ամերիկացիները դժվար թե հասկանան ուժի հավասարակշռության պահպանման առավելությունները, ուստի հերթական անգամ անմտություններ թույլ կտան:

Ռուսաստանը կձգտի «փրփուրներից կառչել»` ի դեմս Չինաստանի, միաժամանակ հասկանալով, որ Եվրասիայում Չինաստանը խնդիր ունի որոշ երաշխիքներ ստանալու Ռուսաստանից ու միաժամանակ իր նվաճողամտական քաղաքականութունն իրականացնելու տարածաշրջանում: Տպավորություն է առաջանում, որ Ռուսաստանը վերջին ամիսներին ինչ-որ հարցերում լրջորեն տանուլ է տվել, ընդ որում` մի շարք ուղղություններում միաժամանակ: Նրան չի հաջողվել, այնուամենայնիվ, համեմատաբար հուսալի գործընկերներ ձեռք բերել ո՛չ Եվրոպայում, ո՛չ Առաջավոր Ասիայում, ո՛չ Հեռավոր Արևելքում: Ռուսաստանը պետք է տեսանելի ապագայում ավելի ուշադիր լինի տարածաշրջաններում իր «կրտսեր» գործընկերների շահերի նկատմամբ, քանի որ այլ գործընկերներ պարզապես չեն ուրվագծվում: Ներկա ձևաչափով հետագա գործակցությունը Չինաստանի հետ կարող է հանգեցնել այն բանին, որ Ռուսաստանն ուժեղ կախման մեջ ընկնի նրանից (եթե ռուս քաղգործիչներն այսուհետև էլ մտադիր են Մերձավոր Արևելքում միակողմանի քաղաքականություն վարել): Կենտրոնական Ասիայում սեփական դիրքերը պահպանելու համար Ռուսաստանը պետք է իր մտադրություններն ու ծրագրերն ավելի ու ավելի շատ համաձայնեցնի ԱՄՆ-ի հետ, ինչով վերջինս ևս շահագրգռված է: Բանն այն է, որ մինչև հիմա Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններում մանրամասն մշակված պայմանավորվածություններ և պարտավորեցնող համաձայնություններ չկան Կենտրոնական Ասիայի խնդիրների առնչությամբ:

Թուրքիան մի քիչ շատ տարվեց իր հավակնոտ, կայսրապետական մտադրություններով, ինչի հետևանքով էլ դարձել է միաժամանակ թե՛ արաբների, թե՛ Իրանի թշնամին: Թուրքիան իր մասին հայտարարել է որպես շիական պետությունների ուղղությամբ գլխավոր հարվածային ուժի, հուսալով, որ այդ կերպ նոր դիրքեր ձեռք կբերի արաբական սուննիական աշխարհում: Իրականում նրան ավելի խոր աշխարհաքաղաքական մեկուսացում է սպասում իսլամական աշխարհում: Անկարայում համոզված են, որ շիաներին հարվածելը կհանգեցնի արաբական պետությունների հետ հարաբերություններում իր խնդիրների լուծմանը, բայց պետք չէ արաբներին վերաբերվել որպես նախկին օսմանյան տիրույթների: Թուրքիան արաբական աշխարհում եղել և մնում է անցանկալի գործընկեր: Առավել ևս, որ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Բրիտանիան շահագրգռված չեն Մերձավոր Արևելքում Թուրքիայի դիրքերի ուժեղացմամբ: Չափազանցություն կլիներ Թուրքիայի այդ գործողություններում ԱՄՆ-ի հետ սկզբունքային պայմանավորվածություններ տեսնել: Թուրքիայում ամրապնդվել է ներկա կառավարող վարչակազմը, ինչը կմեծացնի նրա վստահությունն իր ոչ միայն սոցիալական, այլև արտաքին քաղաքականության նկատմամբ: ՈՒստի Թուրքիան ավելի ու ավելի լայն թափով կշարունակի նորօսմանիզմի քաղաքականությունը, ինչը վաղ թե ուշ ավելի մեծ առճակատման կհանգեցնի տարածաշրջաններում:

Հարավային Կովկասում վերջին շաբաթների գլխավոր իրադարձությունն Ադրբեջանին իր իսկական տեղը ցույց տալու ԱՄՆ-ի փորձն էր, ընդ որում, ԱՄՆ-ի համար առավել ընդունելի կարող է լինել Ադրբեջանի ռազմական պարտությունը: Վրաստանը վերջնականորեն կորցրել է իր հանդեպ եղած հետաքրքրությունը` որպես ակտիվ գործընկերոջ, և կարող է սոսկ տարանցման երկրի դեր կատարել: Ակտիվ աշխարհաքաղաքական խաղացող երևակայող երկրից Վրաստանը դարձել է սոսկ տրամաբանական համակարգի տարր: Հայաստանը, որքան էլ տարօրինակ լինի, հայտնվել է ավելի նախընտրելի վիճակում, քանի որ տարածաշրջանային «հավասարակշռողի» և Թուրքիայի տարածաշրջանային նվաճողամտության զսպման գործառույթը երկիրը հետաքրքիր է դարձրել ԱՄՆ-ի ու նրա եվրոպական ընկերների համար: Միաժամանակ, Հայաստանի հետ նույն խնդիրն է կապվում Իրանի քաղաքականության մեջ:

Հետաքրքրություն է ներկայացնում ԱՄՆ-ի և Իրանի փոխհարաբերությունների կարգավորման հնարավոր հեռանկարը, որքան էլ դա տարօրինակ լինի: Շատ բան կախված կլինի այն բանից, թե ԱՄՆ-ն ինչպես կկառուցի իր քաղաքականությունը սուննիական և շիական պետությունների պայքարի նկատմամբ: ԱՄՆ-ը տվյալ պարագայում միարժեքորեն կաջակցի սուննիական պետություններին` առանց այդ ընտրությունը գաղափարական նկատառումներով հիմնավորելու: ԱՄՆ-ին հաջողվել է արաբա-իսրայելական հակամարտության պայմաններում պահպանել իր դիրքերը արաբական աշխարհում, մեծ մասամբ շնորհիվ այն բանի, որ Վաշինգտոնը երբեք հարաբերությունները չի խզել Սիրիայի ալավական վարչակազմի հետ: Ինչ-որ ճեղքում կատարելու և Իսրայելին Սիրիայի կառավարող վարչակազմի կազմաքանդման միջոցով աջակցելու միարժեք փորձը կհանգեցնի իսլամական աշխարհում դիրքերի էլ ավելի լուրջ կորստյան: ԱՄՆ-ի համար Սիրիայի հարցում ավելի ընդունելի կլիներ Ֆրանսիայի խորհուրդը լսելը: Առայժմ Իրանն ավելի ու ավելի շատ է ենթարկվում աշխարհաքաղաքական շրջափակման, որին, այսպես թե այնպես, մասնակցում է նաև Ռուսաստանը, ինչը նրան ոչ մի օգուտ չի տվել:

Ադրբեջանը կանգնած է ճնշման ու շանտաժի մարտավարության հետագա կիրառման բարդ խնդրի առջև: Այդ մարտավարությունը չի կարող համարվել ո՛չ տպավորիչ, ո՛չ արդյունավետ: Բոլոր խաղաթղթերն արդեն բացված են, բայց ինչպե՞ս վարվել: Ճնշման հնարքների սպառումը կարող է հանգեցնել միայն մեկ բանի` լայնածավալ պատերազմի, ինչը կհանգեցնի ադրբեջանական պետականության վերացման, զինված ուժերի ոչնչացման, քաղաքացիական բնակչության շրջանում հսկայական զոհերի, ինչպես նաև էներգետիկ ենթակառուցվածքի ավերման: ՈՒստի, Ադրբեջանը, զգալով, որ ճնշման ու ահաբեկման իր քաղաքականությունն ըմբռնումով է ընդունվում մի շարք պետությունների կողմից, պատրաստ է ձեռնարկելու ավելի կոշտ եղանակներ, հուսալով խուսափել մեծ պատերազմից, քանի դեռ չի ստացել արտաքին աջակցության համապատասխան երաշխիքներ:

Թուրքիան ավելի ու ավելի մոտ է պատերազմական գործողությունների վերսկսման շահագրգռությանը, իհարկե, որոշակի սցենարով, այսինքն, կառավարվող պատերազմի սցենարով, թեև միանգամայն հասկանալի է, որ Անկարայում վստահ չեն պատերազմի հենց այդ մոդելի իրականացման հնարավորությանը և շարունակում են երկյուղել ղարաբաղյան երկրորդ պատերազմի մեջ ներքաշվելուց:

ԱՄՆ-ն, ինչպես երբեք, լուրջ մտահոգված է պատերազմի վերսկսման հնարավորությամբ, քանի որ դա ամենևին չի ներդաշնակում նրա ռազմավարությանը, եթե նկատի ունենանք համակարգված տարածաշրջանային պատերազմի բորբոքումը: Բայց ամերիկացիներն արդեն չեն թաքցնում, որ ուզում են պատժել Ադրբեջանին անհնազանդության ու հիմարագույն մեծամտության համար, ու վստահ են, որ նրան կարող է պատժել միայն հայկական բանակը: Տեղային, կառավարվող պատերազմն ուղղակի գյուտ կլիներ ամերիկացիների համար, քանի որ հնարավորություն կտար խափանելու ռուս-թուրքական դաշինքի ձևավորումը, ցույց տալու, որ և՛ Թուրքիան, և՛ Ռուսաստանն ընդունակ չեն կառավարելու իրավիճակը, առավել ևս` վերահսկելու տագնապալի պահերը տարածաշրջանում, ինչպես նաև ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը ներքաշելու Հարավային Կովկասի և Սև ծովի գործընթացների մեջ ու միաժամանակ հյուսիսից շրջափակելու Իրանը: Բացի ԱՄՆ-ից, ուրիշ ոչ մի պետություն ի վիճակի չէ կառավարելու տարածաշրջանը «մակրոմակարդակով»: Պետք էր ուշադրությամբ կարդալ որոշ հայ քաղաքագետների (իրոք քաղաքագետների, ոչ թե Մոսկվայի ղեկավարների «փաստաբանների» ու նրանց թվացյալ գործընկերների) հրապարակումները, և այն ժամանակ հասկանալի կլիներ, որ տարբեր տարածաշրջաններում ԱՄՆ-ի քաղաքականության մեջ եղած դադարը սոսկ ակտիվության թուլացում էր, ոչ թե ռազմավարական խնդիրներից հրաժարում:

Եվրոպացիները բացահայտորեն քմծիծաղեցին Վրաստանի վրա` նրան համարելով ծայրաստիճան անհաջող ամերիկյան նախագիծ, և շարունակում են ցինիկ կերպով հետևել տարածաշրջանի իրադարձություններին: Այդուամենայնիվ, եվրոպացիները կարող էին ավելի ակտիվորեն մասնակցել դրանց, բայց միայն ՆԱՏՕ-ի գործունեության շրջանակներում:

Իրանը բավականին անհանգստացած է, լուրջ երկյուղներ ունի ղարաբաղյան գոտում իրավիճակի հնարավոր աղետալի փոփոխման առթիվ և պատրաստ է Հայաստանին առաջարկելու քաղաքական-տնտեսական լուրջ ռեսուրսներ, իհարկե, ավելի որոշակի և ըմբռնելի դիրքորոշման դիմաց: Հայաստանը, կարծես, Իրանին տեղեկացրել է իր իրական մտադրությունների մասին, և Իրանը պատրաստ է հավատալու դրանց, բայց արտաքին հանգամանքներն այնքան սպառնալից են, որ Թեհրանում շարունակում են կասկածել Հայաստանի մտադրություններին: Իրանը կցանկանար հարցերը լուծել միայն Հայաստանի հետ, քանի որ այլ գործընկերների հետ նման խնդիրներ լուծելն ուղղակի անհնար է, այդպիսիք չկան և չեն լինի: Իրաքի, Աֆղանստանի, Սիրիայի ու Հարավային Կովկասի իրադարձությունները վկայում են, որ Իրանը մոտ է աշխարհաքաղաքական ուրվագծի վերանայմանը, քանզի ազգային անվտանգության խնդիրների լուծման այլ ճանապարհ չկա:

Ռուսաստանն իրեն նողկալի է պահում ինչպես երբեք, փորձում է միաժամանակ Արևմուտքի աչքում բարձրացնել իր ղեկավարության վարկանիշը և զսպել Թուրքիային ու Ադրբեջանին, բառացիորեն ծնկաչոք սողալով թե՛ Արևմուտքի, թե՛ ինքնատիպ թասակներով իր նոր «ռազմավարական» գործընկերների առջև: Մոսկվան բոլոր նյարդերով զգացել է «ճշմարտության պահի» մոտենալը, երբ բոլորին հասկանալի կդառնա, որ ինքը բնավ էլ գերիշխող ուժի կենտրոն չէ և, իհարկե, ընդունակ չէ կարգավորելու այդ կարգի հակամարտությունները: Ներկա Ռուսաստանը հերթական անգամ թուլացած ու նվաստացած տարածաշրջանային պետություն է և ընդունակ չէ հասկանալու, որ ինչպես վրաց-օսական հակամարտության ժամանակ ամերիկացիներն իրենց «քցեցին», այնպես էլ «կքցեն» ղարաբաղյան մի նոր պատերազմի ժամանակ: Ռուսաստանը լուրջ հույս ուներ այնպիսի մի դադարի, ինչպիսին ամերիկացիներն ապահովեցին Սև ծով-կովկասյան հակամարտության ժամանակ: Բայց դադարը շատ պայմանական էր, ու սկսվել է տարածաշրջանում ամերիկյան նվաճողամտության իրականացման մի նոր փուլ, սակայն ուժերի հաշվեկշռի այլ պայմաններում: Ավելի ստույգ, դեռ շատ շուտ է տարածաշրջանում «երրորդ ուժի» առաջացման մասին խոսելը, բայց ամերիկացիներն այն մարդիկ չեն, որ կողմնակի հայեցողի նման հետևեն, թե ով և ինչպես է իրեն դրսևորելու տարածաշրջանում: «Երրորդ ուժը» սոսկ հնարք չէ Ռուսաստանի դեմ ուղղված, այն, ինչ Ռուսաստանի դեմ է ուղղված, այլ կերպ է անվանվում: «Երրորդ ուժը» երկու հակառակորդների` Թուրքիայի և Ռուսաստանի պարագայում է: Այդ «երրորդ ուժը» ոչ այլ ինչ է, եթե ոչ բոլոր հնարավոր օրախնդիր հակամարտությունների սառեցում և նոր, դեռևս օրախնդիր չդարձած հակամարտությունների կանխում, այդ թվում` ազգային-քաղաքական, ընդ որում, ամբողջ Կովկասում ու Սև ծովում: ԱՄՆ-ի և Իրանի շահերն օբյեկտիվորեն մոտենում են, և եթե Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ը հանդես էր գալիս շիական գոտու դեմ, իրավիճակը հավասարակշռելու համար, ապա մոտ ժամանակներս ԱՄՆ-ը, ինչպես և Եվրոպան, կսկսեն ցուցադրել իրենց շահագրգռությունը շիական միության ամրապնդմամբ: Այս առումով, Հարավային Կովկասը որոշակի իմաստով կմիավորվի Մերձավոր Արևելքին` գլխավոր կապող օղակի` Իրանի միջոցով:

Այս խոշոր իրադարձությունների պայմաններում Հայաստանի դիրքորոշումն ավելի քան հեղհեղուկ է: Մեծ տերությունները հասկացել են, որ իրենց փորձերը` վերջ դնելու բանակցությունների նմանակման սցենարին և փորձելու այն փոխարինել իրական գործընթացով, ոչ մի արդյունք չեն տվել, բացի նրանից, որ սրել են լարվածությունը և մեծացրել պատերազմի սպառնալիքը: ՈՒժի երեք կենտրոնների քաղաքականությունը հանգեցրել է Ադրբեջանի սանձարձակ դիրքորոշմանը և այդ երկրի քաղգործիչների մեջ անպատժելիության զգացողության ուժեղացմանը: Այնպիսի անօրեն սկզբունքի շարունակական առաջադրումն ու արդարացումը, ինչպիսին «տարածքային ամբողջականությունն» է, հանգեցրել է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի և առանց բացառության բոլոր արտաքին շահագրգիռ կողմերի շահերի նկատմամբ սպառնալիքների աճի: Բացի այդ, արտաքին կողմերն ու հակամարտության սուբյեկտները համոզվել են, որ Ռուսաստանի քաղաքականությունը, վերջին տարում ունենալով մեծ ազատություն, հանգեցրել է տարածաշրջաններում երկրի արտաքին քաղաքականության լիակատար վարկաբեկման, և նրա մոտեցումները բացահայտ ծաղրի առարկա են դարձել: Այժմ մեծ տերությունները ձգտում են «կարկատել» պատռվածքները և Ադրբեջանին նախազգուշացնել, որ պատերազմի սանձազերծումն անընդունելի է ցանկացած պարագայում: Այդ բանն Ադրբեջանին ուզում են ներշնչել և՛ Վաշինգտոնում, և՛ Մոսկվայում:

(շարունակելի)

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1136

Մեկնաբանություններ