Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Այդ վարակիչ հիվանդությունը` թանկացում

Այդ վարակիչ հիվանդությունը` թանկացում
27.03.2009 | 00:00

ՇՂԹԱՅԱԿԱՆ ՌԵԱԿՑԻԱ
Երբ մարտի 3-ին դոլարի արժևորման հետևանքով Հայաստանում ապրանքները կտրուկ թանկացան, թերևս այդ պահին շատ քչերի մտքով էր անցնում, որ դա պարզապես չնչին իրադարձություն է ապրիլի 1-ից գազի, հոսանքի և ջրի գների թանկացման համեմատ:
Ինչևէ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն հաստատել է այդ ապրանքատեսակների գների բարձրացման հայտերը, մնում է սպասել, թե ինչպիսին է լինելու շուկայի արձագանքը:
Թերևս արժե հիշել, որ երբ Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազը 2007-ին 56-ից դարձավ 110 դոլար, ապա ներքաղաքային երթուղային տաքսիները միանգամից արձագանքեցին, և ուղեվարձը մի քանի օր 150 դրամ էր: Թեև այն ժամանակ ՀՀ կառավարության ու քաղաքապետարանի միջամտությունից հետո երթուղայինների ուղեվարձը վերադարձավ նախկին` 100 դրամին, սակայն այդ իրողությունից օգտվելով` Երևանի քաղաքապետարանն իրեն պատկանող ավտոբուսների շահագործման ուղեվարձը 50-ից դարձրեց 100 դրամ:
Բայց այժմ ոչ թե 2007, այլ 2009 թվականն է, և Հայաստանում 10000 և ավելի խորանարդ մետր գազ օգտագործողների համար ապրիլի 1-ին տեղի է ունենալու 40-տոկոսանոց թանկացում: Գազի լիցքավորման կայանները բարձրացնելու են սեղմված գազի գինը, իսկ դա անմիջապես ազդելու է առաջին հերթին քաղաքային ուղևորափոխադրումներ իրականացնողների վրա: Չնայած, ինչպես տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հ. Նավասարդյանը, դեռևս ոչ մի ներքաղաքային ուղևորափոխադրող ընկերություն հայտ չի ներկայացրել ուղեվարձի բարձրացման համար, սակայն չբացառեց, որ ընկերությունները դա կարող են անել ապրիլի 1-ից հետո:
Իսկ մինչ այդ Երևանի փողոցներում մեր շրջայցի և երթուղայինների վարորդների հետ զրույցներից պարզ դարձավ, որ գազի թանկացման պարագայում նրանց փաստացի ձեռք չի տա շարունակել վարորդի գործունեությունը, քանի որ երթուղայինները շահագործող ընկերություններին սպասարկման օրավարձից, գազալիցքավորման դիմաց սեփական գրպանից հավելյալ գումար մուծելուց հետո, անիմաստ է պարզապես նստել ավտոմեքենայի ղեկին և քաղաք դուրս գալ: Ոմանք էլ նշեցին, որ եթե ուղեվարձը բարձրանա, ապա երթուղայիններից օգտվողների քանակը հաստատ կնվազի: Սակայն նրանք մի միջոց էլ առաջարկեցին: Եթե իրենցից գանձվող օրավարձը պակասեցվի այնքանով, ինչքանով գազն է թանկանալու, իսկ դա, ըստ նրանց, 2500-3500 դրամ է կազմում, ապա իրենք կարող են հանգիստ շարունակել գործունեությունը, և գների բարձրացում էլ տեղի չի չունենա:
Այլ խոսքով ասած, թանկացում կարող է չլինել, եթե երթուղային գծեր շահագործող ընկերությունները սահմանափակեն իրենց շահույթի չափաբաժինը և պակասեցնեն վարորդներից գանձվող օրավարձը: Սակայն հարկ է նշել ևս մեկ տարբերակ: Ապրիլի 1-ից հետո քաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման խոչընդոտ կարող է հանդիսանալ մայիսի 31-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունը, քանի որ թանկացումն ուղղակիորեն առնչվում է մայրաքաղաքի բնակչության մեծամասնությանը, իսկ դա լուրջ բարդություն կարող է ստեղծել հաղթանակի ձգտում ունեցող իշխանական թեկնածուի համար:
ՈՒ թեև այժմ տրանսպորտային ուղեվարձի բարձրացում տեղի չի ունեցել, ապա նույնը չի կարելի ասել հանապազօրյա հացի մասին, որն արդեն իսկ որոշ վաճառակետերում 10 դրամով թանկացել է: Այն հարցին, թե ինչով է դա պայմանավորված, վաճառողները պատասխանեցին, որ մատակարարները դա բացատրել են գազի և հոսանքի սպասվելիք թանկացմամբ, իսկ այն խանութներում, որտեղ դեռևս հացի գնային փոփոխություն տեղի չէր ունեցել, վաճառողները հավելեցին, որ դա տեղի կունենա ապրիլի մեկից հետո:
Գազի և հոսանքի սպասվելիք թանկացմանն արդեն իսկ արձագանքել է շինանյութի շուկան: Մասնավորապես, ցեմենտի և գաջի մեկ տոննան թանկացել է 25 տոկոսով: Պարզ է, գազի և հոսանքի թանկացման այս ալիքին դեռևս կարձագանքեն շուկայի այլ հատվածներ ևս, քանի որ թանկացումների վարակիչ հիվանդությունը մեզանում շատ արագ է տարածվում: Այս պարագայում տնտեսական պաշտպանության հանձնաժողովն առաջիկայում բավականին անելիքներ կունենա: Ինչպես ասում են, դե եկ, կառավարություն, ու դիմացիր այս փորձությանը:
Ի միջի այլոց, այս շաբաթն արժանահիշատակ է այնքանով, որ ռուսական «Գազպրոմ»-ը, գնելով մեկ այլ ռուսական ընկերության` «Իտեռային» պատկանող բաժնետոմսերի 4,5 տոկոսը, դարձել է «ՀայՌուսգազարդ»-ի բաժնետոմսերի 80 տոկոսի սեփականատերը, իսկ ՀՀ կառավարության մասնաբաժինն ընդամենը 20 տոկոս է մնացել, և որոշակի հանգամանքներում բացառված չէ, որ «Գազպրոմ»-ը միանձնյա տնօրինի հայաստանյան գազի շուկան:
Արտակ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3566

Մեկնաբանություններ