Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ինձ համար հայտնություն էր Մակար Եկմալյանի ձեռագիրը»

«Ինձ համար հայտնություն էր Մակար Եկմալյանի ձեռագիրը»
29.09.2009 | 00:00

«Շարական» համույթի գեղարվեստական ղեկավար ԴԱՆԻԵԼ ԵՐԱԺԻՇՏՆ իր վերջին ստեղծագործություններից մեկում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային: Նրա արվեստի երկրպագուներին սպասում է ևս մեկ անակնկալ` Մակար Եկմալյանի նորահայտ ձեռագրի հրատարակումը և ստեղծագործության կատարումը: Մաեստրոյի հետ մեր զրույցն այս հարցերի շրջանակում է:
-Մաեստրո, պատմեք, խնդրեմ, թե ինչպես ծնվեց Մեժելայտիսի «Ապրիլի 24» բանաստեղծության հիման վրա գրված երգը, և որքանո՞վ է հաջողվել հասցնել այն համապատասխան լսարանին:
-Նախ` ասեմ, որ վերջերս թողարկվել է «Շարական» անսամբլի ձայնասկավառակը՝ Գևորգ Հաճյանի մեներգությամբ: Նրանում ընդգրկված են Ոսկեդարից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածում ստեղծված շարականներ, տաղեր: Հիրավի, գանձեր պարունակող սկավառակ է: Շուտով պատրաստ կլինի «Շարականի» հաջորդ սկավառակը, որը ձայնագրվել է Հայաստանի կոմպոզիտորների տան «Բրևիս» ստուդիայում: Ձայնագրությունն իրականացրել է հրաշալի մի ռեժիսոր՝ Մադաթ Ավանեսովը: Այս սկավառակներում ամփոփված է «Շարական» անսամբլի երաժշտական գործունեությունը: Երկրորդ սկավառակում, բացի Գևորգ Հաճյանից, մեներգում է նաև Անահիտ Պապայանը՝ սուրբ Գեղարդ եկեղեցու երգչախմբի ղեկավարը: Սկավառակում զետեղված են ժողովրդական, ազգային-հայրենասիրական, քնարական երգեր: Ինչևէ, անդրադառնամ Մեժելայտիսի բանաստեղծությանը: Մենք՝ հայերս, շատ լավ բանաստեղծություններ ունենք մեր անցյալի, մեր ազգային ողբերգության մասին, բայց ես վերցրել եմ Մեժելայտիսի գործը, քանի որ հիմա մեզ համար օրախնդիր է, որ օտարները ճանաչեն Օսմանյան կայսրության սանձազերծած Հայոց ցեղասպանությունը: Մեժելայտիսն այն խորաթափանց բանաստեղծն է, որն անմիջապես արձագանքել է մեր ցավին: Նա եղել է Երևանում, այցելել Ծիծեռնակաբերդ և հենց այնտեղ՝ հուշարձանի մոտ, մտահղացել այդ բանաստեղծությունը, որը ես վերածել եմ երգի: Երգը մենք կատարում ենք սիրով, մարդիկ էլ լսում են հետաքրքրությամբ: Տարբեր երկրներում այն սփռվել է ռադիոյի միջոցով: Բազմիցս հնչել է օտարերկրյա լսարանում, հատկապես ապրիլ ամսվա ընթացքում: Գևորգն այս երգը կատարել է նաև Կիպրոսում՝ հունական միջնադարյան մի դղյակում, որը գտնվում է թուրքերի զավթած տարածքի սահմանին մոտ: Նա պատմում է, որ երգը սահմանապահ թուրքերի ականջին էր հասնում: Ես կուզեի, որ հասնի թուրքերի ոչ միայն ականջին, այլև սրտին, որպեսզի մի քիչ նրանց սիրտը շարժվի: Վաղուց թուրքի սիրտը չի շարժվում, և դեռ հարց է՝ երբևէ շարժվե՞լ է: Երգն առանձին տպագրվել է։ Բայց առաջիկայում նախատեսված «Հայաստանը երգերում» ժողովածուի 4-րդ հատորի հրատարակության մեջ նույնպես տեղ կգտնի:
-Վերջին շրջանում աշխատում եք Մակար Եկմալյանի մի ձեռագրի վրա: Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ ձեռագիրը և ինչպե՞ս է հայտնվել Ձեզ մոտ:
-Արծվի Բախչինյանն է սիրահոժար տրամադրել ինձ այդ ձեռագրի պատճենը: Բնօրինակը պահպանվում է Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում: Երբ տեսա այդ ձեռագիրը, այնպիսի թրթիռ ապրեցի, որպիսին երբևէ չէի ապրել: Զգացի Եկմալյանի շունչն այդ ձեռագրում: Դա սաղմոս է, որ կոչվում է «Բաբելոնի գետերի մոտ»: Դավթի 136-րդ (Աստվածաշնչի որոշ հրատարակություններում՝ 137-րդ) սաղմոսն է, որը զարմանալիորեն լայն տարածում է գտել տարբեր ստեղծագործողների շրջանում: Իտալացի հանճարեղ կոմպոզիտոր Պալեստրինա, Օռլանդո Լասսո, Բախ, Ռեյնկեն. սրանք այն երաժիշտներն են, որոնք անդրադարձել են հիշյալ սաղմոսին: Նույն այդ սաղմոսը բանաստեղծության են վերածել Բայրոնը, Րաֆֆին, Իսահակյանը, Թումանյանը: 1895-96 թթ. Վանի կոտորածին արձագանքելով՝ Կոմիտասը Բեռլինում գերմաներենով գրել է խմբերգ՝ ըստ այդ սաղմոսի: Եկմալյանի գործը գրվել է Պետերբուրգում՝ ռուսերեն: Այնպիսի տպավորություն է, որ նրանք, տարբեր լեզուներով հնչեցնելով այդ թեման, ցանկացել են աշխարհի ուշադրությունը հրավիրել Հայաստանի վրա: Սաղմոսը Բաբելոնում գերված և իրենց գերությունը ողբացող հրեաների մասին է, ովքեր կարոտում են իրենց հայրենիքը: Այս թեման միշտ հոգեհարազատ է հայերիս, որովհետև հայերս ոչ թե ինչ-որ օտար Բաբելոնում ենք գերված եղել, այլ մեր իսկ հայրենիքում: ՈՒստի այդ թեման հուզել է մեր մեծերին: Եվ այսօր ինձ համար հայտնություն էր Մակար Եկմալյանի ձեռագիրը, ու մեծ ուրախություն՝ այն կյանքի կոչելը: Ձեռագիրն ինչ-ինչ պատճառներով անավարտ է մնացել: Իհարկե, ընդհանուր գծերով ինչ-որ ավարտվածություն կա: Բայց շատ են վրիպակները, որոշակիացված չէ, թե ինչ կազմի համար է գրված այդ ստեղծագործությունը: Ես այն վերածել եմ մի գործի, որը պիտի կատարեն և՛ լարայինները, և՛ երգչախումբը, և՛ դաշնակահարը:
-Եվ ովքե՞ր պիտի լինեն կատարողները:
-Ենթադրվում է, որ այն նախատեսված է մեծ կազմի համար: Միայն մեկ դաշնակահարը չի կարող հնչեցնել այն բազմահնչյուն ակորդները, որ թելադրում է ձեռագիրը: Տասը մատից ավելի հո չունի՞ դաշնակահարը: ՈՒստի եզրակացնում եմ, որ դա, երաժշտական լեզվով ասած, դիրեկցիոնի տեսքով է շարադրված, բայց չի նշված որևէ գործիքի անուն: Այսինքն, նախատեսված է տարբեր նվագարանների համար: Կարծես թե սեղմագիր է, որը ես վերծանել եմ և երաժշտության օրենքների համաձայն կյանքի կոչել: Ձեռագիրն ինձ է հասել այնպիսի վիճակում, որ այն հնարավոր չէր ո՛չ կատարել, ո՛չ տպագրել: ՈՒստի, խորհրդակցելով գործընկերներիս՝ Կարինե Խուդաբաշյանի, Մհեր Նավոյանի հետ, եկել եմ այն եզրակացության, որ այդ ձեռագիրը հազիվ թե երբևէ կատարված լինի: Հիմա մենք, Աստծո կամքով, մտադիր ենք այդ ստեղծագործությունը կատարել հոկտեմբեր ամսին՝ Ազգային ժողովի նահատակների մահվան 10-րդ տարելիցի առիթով: Կկատարվի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ «Շարական» համույթի, «Գեղարդ» երգչախմբի երգչուհիների կողմից: Մեզ այս հարցում մեծ աջակցություն է ցուցաբերում ՀՀ մշակույթի նախարարության հոգևոր երաժշտության կենտրոնը՝ Մհեր Նավոյանի ղեկավարությամբ:
-Մաեստրո, որպես քրիստոնեական հոգևոր մշակույթ քարոզող արվեստագետ՝ ինչպե՞ս եք վերաբերվում Նավասարդյան տոները վերականգնելու, հեթանոս արմատներին մերձենալու և դրանց մեջ հայ ազգային ինքնության դրսևորումները բացահայտելու փորձերին:
-Մի առիթով Մարտիրոս Սարյանն ասել է. «Ես հինգ հազար տարեկան եմ: Նույն տարիքին է նաև Արամ Խաչատրյանը»: Վարպետը, անշուշտ, նկատի ուներ հայ ժողովրդի «ծննդյան վկայականը», որը մատնանշում է Հայկի հաղթանակը Բելի դեմ: Եթե այս պանծալի պատմական իրադարձությունը տոնախմբեն, դրանից ավելի կոգեշնչվի մեր ժողովուրդը: Սակայն այս հարցի լուծումը, ըստ իս, վերապահված է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն:
Զրույցը` Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2007

Մեկնաբանություններ