Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՍԱԲԱՐ ՉԵՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԻ ՎՐԱ

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՍԱԲԱՐ ՉԵՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ  ՎԱՐԿԱՆԻՇԻ ՎՐԱ
14.02.2012 | 00:00

Ռուսաստանն ու Իրանն այն պետություններն են, որոնք միշտ են իրենց շահերն ու դիրքերն ունեցել Մերձավոր Արևելքում։ Կարելի է պնդել, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հենց Իրանը որոշակիորեն գրավեց Ռուսաստանի տեղը տարածաշրջանում։ Իհարկե, Իրանը չի կարող անգամ մոտավոր չափով հատուցել Ռուսաստանի դիրքերի թուլացումը, բայց հատկանշական է, որ Իրանը ոչ միայն առավելագույնս ընդլայնել է իր հնարավոր քաղաքական դիրքերը, այլև տիրացել է Ռուսաստանի դիրքերին։ Դա տեղի է ունեցել և տեղի է ունենում, փաստորեն, օբյեկտիվորեն և ինչ-որ չափով նաև ինքնաբերաբար, առանց Իրանի դերի մեծացումը ցուցադրելու և առանց տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու ցանկության։ Այդ խնդիրը որոշակի հետաքրքրություն է ներկայացնում և պետք է քննարկվի, ելնելով լիբանանցի փորձագետների, արևմտյան պետությունների դիվանագետների, ինչպես նաև իրանական աղբյուրների օգնությամբ կատարված փորձագիտական հետազոտությունների արդյունքներից։
Արաբ փորձագետների գնահատականներում, ըստ էության, որևէ պահանջ չկա Ռուսաստանից, որպես մի պետությունից, որը որոշ պատասխանատվություն է կրում և որոշակի փրկիչ դեր է կատարում տարածաշրջանում։ Տպավորություն է ստեղծվում, որ ռուս վերլուծաբանները և ձախ մամուլի ներկայացուցիչները հատկապես շեշտադրում են այն, որ արաբները կցանկանային տարածաշրջանում Ռուսաստան տեսնել հենց այդ դերում։ Դրա հետ մեկտեղ, արաբ ղեկավարներն ու հանրությունը տարածաշրջանից Ռուսաստանի ինքնահեռացումը համարում են քաղաքական իրողություն և, հնարավոր է, պատմական անխուսափելիություն։ Արաբները կարոտախտ են զգում սովետա-արաբական համագործակցության ժամանակների հանդեպ և որոնում են նոր գործընկերների ու նոր զինմատակարարների։ Նշվում է, որ արաբա-ռուսական հարաբերություններում կարևոր եղավ այն պահը, երբ Սիրիան և արաբական պետությունները հասկացան, որ Ռուսաստանի քաղաքականության ու շահերի մեջ իրոք զգալի փոփոխություններ են տեղի ունեցել։ Ռուսաստանից արաբական պետությունների ակնկալիքներն ավելի ու ավելի են զենք ստանալու հնարավորությունից տեղափոխվում միջազգային ասպարեզում արաբների շահերի պաշտպանության օգտին հանդես գալու դաշտ։ Միաժամանակ, այդ ակնկալիքները խիստ իրատեսական բնույթ են կրում, և արաբական պետությունները հասկանում են, որ Ռուսաստանը պետք է քաղաքականապես ու տնտեսապես շահագրգռված լինի դրանով։ ԱՄՆ-ը, չնայած Մերձավոր Արևելքում Ռուսաստանի դիրքորոշման հանդեպ ակնհայտ քամահրանքին, իրականում մշտապես ձգտում է ցույց տալ, որ Ռուսաստանը չունի անհրաժեշտ քաղաքական կարողություն արաբական պետությունների շահերը պաշտպանելու համար։ Վաշինգտոնը նույնպիսի քաղաքականություն է վարում Ֆրանսիայի ու Եվրամիության հանդեպ։
Արաբական պետությունների և Ռուսաստանի իրատեսական փոխհարաբերությունների «դասական» օրինակ են նրա հարաբերություններն Իրաքի հետ, որոնք հիմնված էին տնտեսական ու աշխարհատնտեսական ռազմավարական շահերի վրա։ Այդ հարաբերությունները, իրոք, շատ կարևոր էին Ռուսաստանի և Իրաքի, որոշակի իմաստով նաև մյուս արաբական պետությունների համար։ Հարկ է նշել, որ Ռուսաստանի քաղաքականության գաղափարախոսազերծումը, տարբեր կարգի մարքսիստական և ձախամետ քաղաքական խմբավորումներին աջակցության դադարեցումը, արաբական երկրներում ժողովրդադեմոկրատական և սոցիալիստական վարչախմբերի քաղաքականությանը միջամտության բացակայությունը լիովին ձեռնտու են ամբողջ արաբական քաղաքական վերնախավին։ Նոր պայմաններում Ռուսաստանի հետ արաբների հարաբերություններն ավելի ընկալելի են դառնում, չպարունակելով ԱՄՆ-ի հետ հարաբերությունների և արաբական պետությունների փոխհարաբերությունների փչացման վտանգ։
Լիբանանյան «Քաթայիբ» կուսակցության առաջնորդ Պագրատունու գնահատմամբ, պետք չէ նսեմացնել Ռուսաստանի դերը Մերձավոր Արևելքում։ Այժմ Ռուսաստանը տարածաշրջանում, փաստորեն, խաղում է ոչ պակաս կարևոր դեր, քան Ֆրանսիան։ Բայց Ֆրանսիայի քաղաքականությունը շատ ավելի քիչ է ինքնուրույն, քան Ռուսաստանինը։ «Ֆրանսիան, չկարողանալով կատարել իր խնդիրը, համաձայնում է ԱՄՆ-ի հետ, իսկ Ռուսաստանը, նույնպես չկարողանալով կատարել իր խնդիրը, չի համաձայնում ամերիկացիների հետ, մնալով սեփական դիրքերում»։ Փորձագետի պնդմամբ, Ռուսաստանի կողմից տարածաշրջանում կորսված դիրքերի «վերադարձը» միանգամայն հնարավոր է, եթե հաշվի առնենք, որ նրա դիրքորոշումն ավելի ու ավելի է ներմիավորվում Եվրամիության, Եվրոպայի առաջատար պետությունների քաղաքականությանը։ Մերձավոր Արևելքում Ռուսաստանի ուժեղանալու գործում կարևոր դեր են խաղում հարաբերություններն Իրանի հետ։ Այն հարցին, թե արաբական երկրներում ինչպես են գնահատում հարաբերությունների զարգացումը Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև, փորձագետը պատասխանել է. «Արաբական պետությունները դժգոհ են այն ամենից, ինչն իրենց օգուտ չի բերում։ Այդ դիրքորոշումը վկայում է, որ արաբներն իրենց առջև փրկչի առաջադրանք չեն դնում, բացի իսլամական շարժումների նպատակներից։ Բայց իսլամական շարժումներն ինքնըստինքյան սահմանափակում են արաբների դերը որպես իշխանության և քաղաքականության համաշխարհային կենտրոնի։ Ռուսաստանն ավելի է պետք արաբներին որպես մի պետություն, որն իրեն հեռու է պահում Արևմուտքից և վարում է միանգամայն անկախ քաղաքականություն։ Բայց դրա համար անհրաժեշտ պայմաններ չկան»։
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Պարսից ծոցի արաբական պետությունները, առաջին հերթին Սաուդյան Արաբիան, դարձան Ռուսաստանի ու ԱՊՀ երկրների դեմ իսլամական շարժումների հովանավորման, աջակցության և ուղղորդման ջատագովներ։ Ընդ որում, լուծվում էր երկու խնդիր. մեկը կապված էր արաբա-իսլամական նավթային վերնախավերի արմատական աշխարհատնտեսական և աշխարհառազմավարական շահերի, մյուսը` արմատական իսլամի կուտակված կարողությունն այլ տարածաշրջաններ տարանցման անհրաժեշտության հետ։ Թեև Թուրքիան ու Պակիստանը պատշաճ օգնություն էին ցուցաբերում այդ շարժումներին և մասամբ կառավարում էին դրանք, ուղղելով ընդդեմ Ռուսաստանի և Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում նրա դաշնակիցների, սակայն հենց արաբա-իսլամական նավթային վերնախավը դարձավ համաշխարհային իշխանության, քաղաքականության և ֆինանսների` Ռուսաստանի հանդեպ թշնամական կենտրոններից մեկը։
Հարկ է նշել, որ արաբական երկրներում գլուխ բարձրացրած իսլամական շարժումներն ունեցել են առավելապես ազգային ազատագրական պայքարի ձև ու բովանդակություն և, փաստորեն, զանգվածաբար չեն տարածվել այլ, ոչ արաբական տարածաշրջաններում։ «Հըզբոլահ» կուսակցության, «Ամալ» շարժման վերլուծաբանների ու քաղգործիչների, Լիբանանի նշանավոր քաղաքագետ Սալեմ Նասերի և ուրիշ փորձագետների խոստովանությամբ, Լիբանանի, Սիրիայի, Հորդանանի, Եգիպտոսի, Ալժիրի և Պարսից ծոցի երկրների, փաստորեն, բոլոր արմատական իսլամական կազմակերպությունները, այսպես թե այնպես, մասնակցել են Հյուսիսիային Կովկասի հակառուսական գործողություններին։ Դա էին պահանջում «Մահմեդական եղբայրներ» միավորման ղեկավարները, և իսլամական կազմակերպությունները, փաստորեն, պաշտոնապես ընդունել էին այդ պահանջը։ Շիական կազմակերպությունները, նախ և առաջ, լիբանանյան «Հըզբոլահը», որոշում են ընդունել Հյուսիսային Կովկաս ուղարկելու համար իրենց շարքերում գրոհայինների հավաքագրման կամավոր բնույթի մասին։ «Հըզբոլահը», որպես կազմակերպություն, կազմակերպական և ֆինանսական առնչություն չուներ Չեչնիայում և Հյուսիսային Կովկասում, ինչպես նաև ՈՒզբեկստանում իր առանձին անդամների հայտնվելու հետ։ Լիբանանի և Պաղեստինի սուննիական կազմակերպություններն օգտվում էին այդ առաջարկություններից ու հնարավորություններից` լրացուցիչ միջոցներ ձեռք գցելու համար։ Տրամադրված ամեն մի գրոհայինի դիմաց Լիբանանի, Եգիպտոսի, Ալժիրի սուննիական կազմակերպությունները որոշակի տոկոսներ էին ստանում։ Կազմակերպությունների ձեռքին մնում էին նաև զոհվածների համար նախատեսված միջոցները։
Արաբական պետություններից, փաստորեն, միայն Սիրիան էր աշխատում իր տարածքում սահմանափակել իսլամական կազմակերպությունների հակառուսական գործունեությունը։ Դրա հետ մեկտեղ, Լիբանանի տարածքում նա նման քաղաքականություն չէր վարում, թույլատրելով սուննիական կազմակերպություններին հատկապես Տրիպոլիում որոշ գործունեություն ծավալել այդ ուղղությամբ։ Եգիպտոսը չէր սահմանափակում այդ գործունեությունը, քանի որ կառավարության կողմից նման սահմանափակումն առաջ կբերեր մահմեդականների կազմակերպված խմբերի դժգոհությունը։ Եգիպտոսում «Մահմեդական եղբայրներ» միավորման պարագլուխները երկրի ղեկավարությունից պահանջում էին միջամտել Հյուսիսային Կովկասի իրադարձություններին։
Փաստորեն, փորձագետներից ոչ ոք չի պնդել, թե Հյուսիսային Կովկասի իրադարձությունները բացասաբար չեն անդրադարձել արաբական աշխարհում Ռուսաստանի վարկանիշի վրա` խոստովանելով, որ տրված գնահատականները գերազանցապես զգացական են։ Ինչ վերաբերում է արաբական երկրների քաղաքական վերնախավին ու մտավորականությանը, ապա այդ իրադարձություններն ամենևին չեն անդրադարձել ո՛չ նրանց տրամադրությունների, ո՛չ էլ քաղաքական հայացքների վրա։ Ընդհանուր առմամբ, Հյուսիսային Կովկասն արաբական վերնախավի համար մի վայրենի և արաբների շահերին միանգամայն խորթ տարածաշրջան է, որի հանդեպ հետաքրքրությունն ավելի շուտ կրում է քաղաքական իրադարձային բնույթ։ Այդ տարածաշրջանում չկան առաջատար արաբական պետությունների շահեր, բացի Սաուդյան Արաբիայից, ինչպես նաև Պարսից ծոցի նավթարդյունահանող միապետություններից, որոնք ընթանում են սաուդյան քաղաքականության հունով։ Բայց անհրաժեշտ է նշել հետևյալը. Հյուսիսային Կովկասում ու Կասպյան ավազանում տեղի ունեցած բազմամյա գործընթացների հետևանքով Սաուդյան Արաբիան հասկացավ, որ ինքն ի վիճակի չէ անգամ մասամբ լուծելու իր աշխարհատնտեսական խնդիրները։ Նավթի ու գազի հետ կապված գործընթացներն ու կոնկրետ նախագծերն այդ տարածաշրջանում զարգանում են անկախ Սաուդյան Արաբիայի քաղաքականությունից։ Ավելին, Սաուդյան Արաբիայի գործողությունները` Քուվեյթի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ մեկտեղ, հանգեցրել էին Ռուսաստանի դերի բարձրացմանը` որպես մի պետության, որն ընդունակ է ապահովելու այդ տարածաշրջանում հաղորդուղիների նախագծերի անվտանգությունը, ինչը խոստովանում են ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի խոշորագույն ընկերությունները։ Որոշակի չափով, Հյուսիսային Կովկասում սաուդյան արկածախնդրության հետևանքը եղավ նավթամատակարարման արևմտյան ուղղության, մասնավորապես Բաքու-Ջեյհանի ապաքաղաքականացումը, ինչը հանգեցրել է այդ նախագծին Ռուսաստանի մասնակցությանն ու ռուսական նավթի օգտագործման նկատմամբ արևմտյան ընկերությունների շահագրգռությանը։ Սաուդյան Արաբիայի քաղաքական ու ֆինանսական ջանքերն ամենևին չեն անդրադարձել հաղորդակցական նախագծերի կենսագործման ժամկետների վրա, որոնք իրականացվել են քաղաքական ու տնտեսական այլ գործոնների բերումով։ Սաուդյան Արաբիայի գործողությունները սակավարդյունավետ են, դառնում են աննպատակ և կորցնում հետաքրքրությունը Էր Ռիադի համաշխարհային գործընկերների աչքում։ Լիբանանի քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սալեմ Նասերի խոստովանությամբ, էական ոչնչի չհասնելով աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական ոլորտներում Ռուսաստանի դեմ մղվող պայքարում, սաուդցիները ձեռնամուխ եղան հերթական արկածախնդրության մշակմանը` նպատակ ունենալով թույլ չտալ, որ Իրանը Կասպյան ավազանում մասնակցի իրեն ձեռնտու նախագծերին։ Նրա ասելով, եթե Ռուսաստանի դեմ պայքարը հանգեցրեց ԱՄՆ-ի կողմից նավթի նոր ռազմավարական աղբյուրների որոնման ուժեղացմանը` ցանկանալով թուլացնել Պարսից ծոցի նշանակությունը նավթի ոլորտում, որից Ռուսաստանն անվիճելի օգուտներ կստանա, ապա Իրանի դեմ պայքարը կհանգեցնի հենց Իրանի դերի մեծացմանն Արևմտյան ընկերակցության նավթամատակարարման գործում։ Սաուդյան Արաբիայի անհաջողությունների պատճառն այն է, որ այդ պետությունն անչափ մեծ խնդիրներ է դնում իր առջև` չունենալով դրանց իրացման անհրաժեշտ քաղաքական կարողություններ։
Արաբա-ռուսական հարաբերություններում կարևոր խնդիր են Ռուսաստանի և Իսրայելի հարաբերությունները։ Արաբ փորձագետները պնդում են, թե առաջ ռուս-իսրայելական հարաբերությունների զարգացումը կապվում էր Մոսկվայում հրեական ազդեցության ուժեղացման հետ, ինչը, նրանց պատկերացմամբ, ժամանակավոր բնույթ ուներ։ Նախընթաց տարիներին արաբական քաղաքական ու վերլուծական շրջանակներում կանխատեսումներ էին արվում այն առնչությամբ, թե քանի տարի Մոսկվայում կգոյատևի իսրայելամետ և ամերիկամետ իշխանական խմբավորումը։ Սակայն պարզվեց, որ Իսրայելի հետ հարաբերությունների զարգացումը բխում է անմիջականորեն ռուսական ազգային շահերից։ Պուտինի օրոք այդ հարաբերություններն ավելի առարկայական էին, անկեղծ ու բովանդակալի։ Իսրայելին ու հրեական շրջանակներին հաջողվել էր, փաստորեն, չեզոքացնել Ռուսաստանը, ինչը ներկա պայմաններում լիովին բավարար է Իսրայելի անվտանգության համար։
Մերձավոր Արևելքում և արաբական աշխարհում Ռուսաստանի ազդեցության ուժեղացման խնդիրը բազմակողմանի է և պահանջում է, առաջին հերթին, Ռուսաստանի ազգային շահի ավելի որոշակի ընկալում։ Ռուսաստանի առջև ծառացած են հետևյալ խնդիրները. ապահովել անվտանգությունը Հարավային ռազմավարական ուղղությունում, ինչպես նաև ածխաջրածինների կարևորագույն ակունքների ու հաղորդուղիների նկատմամբ վերահսկողությունը, նշանակալի դիրքեր գրավել արաբական և մերձավորարևելյան զենքի, մետաղի, տեխնոլոգիաների շուկաներում, ներմիավորել աշխարհի գազի ու նավթի տնօրինման քաղաքականությունը, արաբական պետությունների կապիտալը ներգրավել այդ ճյուղերի զարգացման գործում` որպես ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու եվրոպական պետությունների մրցակիցների։ Այդ խնդիրների լուծման համար պահանջվում է զարգացնել գործունեության հետևյալ ուղղությունները. Ռուսաստանը հույս չունի, թե արաբական բոլոր պետությունները կամ դրանց մեծ մասը շահագրգռված կլինեն Մերձավոր Արևելքում Ռուսաստանի դերի ու ազդեցության մեծացմամբ։ Դա առաջ էլ չի եղել։ Ռուսաստանը միշտ էլ շեշտը դրել է արաբական մեկ կամ երկու առաջատար պետության հակաամերիկյան քաղաքական վարչակազմերի վրա։ Ներկայումս արաբ քաղգործիչները քննարկում են հավաքական քաղաքականության կիրառման հարցերը, ինչն օբյեկտիվորեն պետք է հանգեցնի դաշինքների կամ ռազմաքաղաքական դաշնախմբերի ստեղծմանը։ Արաբ ու եվրոպացի փորձագետները հոռետեսորեն են գնահատում միջարաբական կամ արաբա-իրանական դաշինքի առաջացման հեռանկարը` դա հիմնավորելով արաբական երկրների ավանդական պառակտվածությամբ և Իրանի հանդեպ արաբական երկրների հակակրանքով։ Իրոք, ներկայումս արաբական պետությունների միջև այդպես էլ չի հաջողվել ապահովել պատշաճ քաղաքական երկխոսություն, որը կհանգեցներ դաշինքի ստեղծման։ Է՛լ ավելի խնդրահարույց են արաբական պետությունների ու Իրանի փոխհարաբերությունները, որոնք հավակնում են արաբական պետությունների շարժիչ ուժի դերին։ Սակայն իրաքա-սիրիա-լիբանանյան դաշինքն արդեն իրողություն է։
Սրանք ենթադրում են տարածաշրջանում Ռուսաստանի համար սկզբունքորեն նոր քաղաքական ասպարեզի առաջացում։ Հիշյալ արաբա-իրանական դաշինքի հետ Ռուսաստանի գործընկերությունը, անտարակույս, կհանգեցնի տարածաշրջանում և աշխարհում նրա դերի մեծացմանը։ Այդ դաշինքը հյուսիսից սահմանակից կլինի Հարավային Կովկասին և կասպյան ավազանին` Ռուսաստանի կենսական շահերի գոտիներին։ Ռուսաստանի խնդիրն է ոչ միայն համագործակցել այդ դաշինքի հետ, այլև կանխել նրա հակառուսական կուրսի հնարավոր ձևավորումը (թեև դա քիչ է հավանական)։ Այդ դաշինքը, չնայած բավականին զարգացած ենթակառուցվածքին, տեխնոլոգիապես լինելու է լուսանցքային կազմավորում, քանի որ այդ պետությունները մեծ կախում են ունենալու սպառազինությունների ու տեխնոլոգիաների մատակարարումներից։ Սակայն Ռուսաստանի այդ խնդիրը միջնաժամկետ բնույթ ունի։ Ռուսաստանի կարճաժամկետ խնդիրները տարածաշրջանում, ըստ երևույթին, Սիրիայի, Լիբանանի և Իրաքի հետ ավանդական կապերը պահպանելու փորձերն են։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 916

Մեկնաբանություններ

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Ռազմավարական գործընկերություն
Ռազմավարական գործընկերություն