Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ե՞րբ է գալու անկախության երկուշաբթին

Ե՞րբ է գալու  անկախության երկուշաբթին
11.05.2012 | 00:00

Անկախության հանրաքվեի արդյունքներն ամփոփելուց հետո Վարդգես Պետրոսյանն ասաց. «Ավարտվեց անկախության կիրակին, վաղվանից սկսվում է անկախության երկուշաբթին»: Երբ հարցրին, թե ինչ է դա նշանակում, պատասխանեց` վերջ էյֆորիային, աշխատանք, աշխատանք, աշխատանք: Նրան, հաստատ, քչերը հասկացան, գուցե ինքն էլ չգիտեր, թե ինչ մարգարեություն էր անում անկախության երկուշաբթիի մասին, որ այդպես էլ չի եկել։

Հայաստանի Հանրապետության հինգերորդ գումարման Ազգային ժողովի ընտրության ավարտից հետո քաղաքական ուժերը հանդես եկան հայտարարություններով: Բացի ՀՀԿ-ից, ՀԿԿ-ից, ՀԴԿ-ից, «Միավորված հայերից»: Եթե առաջինի պարագայում լռությունը, թերևս, հասկանալի է, որովհետև կուսակցության փոխարեն «խոսել են» նրան քվե տվածները, գոնե հանուն պատշաճության ՀԿԿ-ն, ՀԴԿ-ն, «Միավորված հայերը» կարող էին մի քանի բառով ամփոփել իրենց մասնակցության արդյունքներն իրենց համար, եթե դրա կարիքն արդեն չէին զգում, պարզապես հաջողություն մաղթեին նրանց, ովքեր ընտրվել են: Քաղաքական մշակույթը, որի պակասի մասին հաճույքով խոսում են բոլորը, օդից չի ընկնելու դժբախտ անմշակույթներիս վրա, որ երջանկացնի, մեզնով է հաստատվելու կամ հերքվելու:

Մայիսի 6-ին ու առայսօր քաղաքական ուժերը չեն հաղթահարել ընդարմացումի հետընտրական սինդրոմը: Գուցե հոգնածությունից, գուցե ակնկալիքների ու իրականի առերեսումից: Գուցե սպասում են, որ մայիսի 6-ին չկայացած հրաշքները հետո ինքնին կկայանան: Ակնհայտ է, սակայն, որ ամեն ինչ ավարտված է: Բոլորի համար ու յուրաքանչյուրի: Եթե նույնիսկ ինչ-ինչ քայլեր ձեռնարկվեն, ընդամենը հաստատելու են մայիսի 6-ի ընտրության արդյունքները:

Իր հանդիպումներում «Հաղթանակ, հաղթանակ, հաղթանակ» ազդարարող ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, իբրև եվրոպական դաստիարակություն ստացած քաղաքական գործիչ, հայտարարությամբ շնորհավորեց խորհրդարան անցած քաղաքական ուժերին և նրանց ձայն տվածներին: Օրենքի երկրի ջատագովը ակնհայտ տխուր է. ընտրությունները նույնքան ակնհայտ դարձրին, որ նրա երազանքը հեռու է կատարվելուց: Նա արձանագրում է, որ ընտրություններն առաջին անգամ անցել են առանց լցոնումների ու ծեծկռտուքների. «Ընտրությունների վրա, սակայն, իր վճռորոշ կնիքը թողեց ընտրակաշառքների բաժանումը, որի մասին բազմիցս բարձրաձայնել եմ ընտրական ողջ ժամանակաշրջանում, չնայած գումարները մարդիկ վերցրել են կամովին և քվեարկել են նույնպես կամովին` ընտրություն կատարելով ոչ թե գաղափարների կամ մրցունակ ծրագրերի, այլ փողի օգտին»: ՕԵԿ նախագահը կարիք է զգում «ներկառուցվածքային փոփոխություններ իրականացնելու կուսակցության ներսում և խստացնելու անդամագրման կարգը», որովհետև նույնիսկ ՕԵԿ-ի բոլոր անդամներն իրենց կուսակցության օգտին չքվեարկեցին: Այդպես արդեն եղել էր ԲՀԿ-ի հետ նախորդ ընտրություններում:

Հակառակ Հրանտ Մարգարյանի համոզմունքի, որ օրվա իմաստունը ՀՅԴ-ն է, ընտրողները չցանկացան իմաստունի մոտ գնալ: Գոնե այնքան, ինչքան նախորդ ընտրությունների ժամանակ, այս անգամ ՀՅԴ խմբակցությունը կունենա թերևս 6 պատգամավոր` նախորդ 16-ի փոխարեն: Իրենց հայտարարությամբ ՀՅԴ-ականները հռչակում են «իշխանափոխության նոր փուլի սկիզբ»: Նրանք համոզված են, որ ընտրությունը չի արձանագրել ժողովրդի կամքը: Այդ պարագայում տրամաբանական կլիներ մանդատները վայր դնելը և իսկապես «իշխանափոխության նոր փուլ» սկսելը, բայց իմաստուն ՀՅԴ-ն դա չի անի, որովհետև համոզված է, որ ընտրողներն իրենց ձայն են տվել ոչ թե մանդատները վայր դնելու, այլ իրենց ձայնը խորհրդարանում բարձրացնելու համար: Ինչպես և սպասվում էր` ՀՅԴ-ն նաև չի բողոքելու ո՛չ մտքում, ո՛չ բարձրաձայն, ո՛չ հրապարակում, ո՛չ ընդհանրապես: Իսկ եթե տարատեսակ սպասելիքները չարդարանան, ՀՅԴ-ն խորհրդարանում հանդես կգա ոչ որպես կառուցողական, այլ ընդդիմադիր ընդդիմություն:

Տխուր-տխուր է նաև «Ժառանգությունը», որ ընտրարշավում, իր իսկ հնչեցրած զուռնայի ձայնից ոգևորված, հավակնում էր նույնիսկ մեծամասնության: Չստացավ: «Ժառանգությունը» (ի դեպ, առայժմ լռում է «Ազատ դեմոկրատները», որ նույնպես ակներևաբար հանդես է գալու հայտարարությամբ), կարծում է, որ ընտրատեղամասերից դուրս իրականացված զանգվածային ընտրախախտումները ստվերել են ընտրությունների օրինականությունն ու լեգիտիմությունը. «Ընտրակաշառքների և կեղծ բարեգործությունների ծավալները հասան աղաղակող չափերի, որոնք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ աննախադեպ բարձր ազդեցություն ունեցան ընտրությունների արդյունքների վրա»: Կուսակցությունն արձանագրել է մարզերից զանգվածաբար բերված ընտրողների ժամանակավոր գրանցումը երևանյան հասցեներում, որոնք երկու անգամ են մասնակցել ընտրությանը, համենայն դեպս, ընտրախախտմանն էր միտված նաև անձնագրերից մի քանի րոպեում անհետացող դրոշմակնիքի 1-2 ժամ տևած «թյուրիմացությունը»: Եվ, այնուամենայնիվ, հակառակ իր նախընտրական ահեղադղորդ պնդումների` «Ժառանգությունը» հրապարակ դուրս չի գա, որովհետև խորհրդարանը նրա համար մնում է «հրապարակային քաղաքական դաշտ, ամբիոն», ուրիշ դաշտ ու ամբիոն ժառանգականները չեն գտնում: Չեն էլ որոնում:

«Սիրելի քույրերի ու եղբայրների» հետ հետընտրական ուղերձով հաղորդակցվելու ձևն է ընտրել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա երախտագիտությամբ ու հպարտությամբ արձանագրել է, որ իրեն ու իր թիմին աննախադեպ մեծ թվով մարդիկ են ձայն տվել` 450000 մարդ: «Ինձ համար չկա ավելի թանկ բան, քան ժողովրդի վստահությունը: Եվ ես այդ վստահությունը սրբորեն պահելու եմ: Ինձ համար չկա ավելի կարևոր գործ, քան մեր ժողովրդի և պետության առջև ծառացած հիմնախնդիրները լուծելը, մարդկանց հոգսը թեթևացնելը: Սա այլևս իմ կյանքի հիմնական նպատակն է»,- ասել է ԲՀԿ-ի «50+1»-ը չստացած առաջնորդը: Իհարկե, խմբակցությունը նախկին 29-ի համեմատ 7 կամ 8 պատգամավորով ավելի կլինի, ինչը պակաս ցուցանիշ չէ, եթե համեմատում ենք այլ խմբակցությունների թվի հետ: Եվ, այնումենայնիվ, ոչինչ չասող այս ուղերձից մնում է հասկանալ` մենք գոհ ենք, բախտավոր չենք, բայց բողոքավոր էլ չենք: Մնացածը, հինգ տարի ժամանակ կա, կասենք: Կամ էլ չենք ասի, կանենք: Եվ բոլորովին էլ պետք չէ խորագնա ու հեռագնա վերլուծականների ու գուշակությունների գիրկն ընկնել հետագայի հարցում: ԲՀԿ-ն եղել և մնում է ՀՀԿ-ի «կրտսեր եղբայրը», տան փոքրերին հատուկ «չարություններով ու չարաճճիություններով», որոնք տան մեծերը կամ ներում են, կամ չեն էլ նկատում` մինչև մեծանա ու ինքը հասկանա` ինչ կարելի է, ինչ պետք չէ անել:

Ամենատխուրը, իհարկե, ՀԱԿ-ն է: Տխրությունից որոշել է դիմել Սահմանադրական դատարան... ընտրություններն անվավեր ճանաչելու համար: Իհարկե, միանգամայն ձևական-իրավական քայլ, որովհետև Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը որևէ ընտրություն (նույնիսկ չկայացածը) անվավեր ճանաչելու ոչ մի իրավական հիմք չի գտնի, այլ գլուխկոտրուկ կառաջարկի ի տրիտուր, և ՀԱԿ-ում դա փորձով գիտեն: Բայց տխուրը` տխուր, ՀԱԿ-ում նաև անհասկանալի-անպատճառ-անառիթ էյֆորիայի մեջ են: Այլապես իրենց 7 տոկոսը չէին համարի «հաղթանակ», որովհետև իրեն հարգող որևէ քաղաքական ուժ, որ հավակնում է այն ամենին, ինչ գոնե հանրահավաքներում հայտարարում է, այդ 7 տոկոսը պարտություն պիտի համարեր ու եզրակացություններ աներ իր արած ու չարած քայլերի իրավացիության ու արդյունավետության մասին: Որևէ, բայց ոչ ՀԱԿ-ը: Առաջին անգամ իր կյանքում Լևոն Տեր-Պետրոսյանը մայիսի 8-ի հանրահավաքում ունեցավ մի ելույթ, որի ամեն հաջորդ պարբերությունը նախորդի հերքումն է: Եթե նույնիսկ հակասությունների համար բացատրություն կարող ես գտնել, իրավիճակի հետ նրա համակերպումն ակնհայտորեն հոգնած առաջնորդի խոստովանություն է` ավելին ինձնից մի՛ սպասեք, քանզի արել եմ կարեցածս` «Անմեղադիր լերուք, զի կար մեր այդքան էր»: «ՀԱԿ-ի շահած ձայները լավատեսներն ու բարի կամեցողները կարող են համարել հաջողություն, իսկ հոռետեսներն ու չարախնդացողները` ձախողում», եզրակացնում է ՀԱԿ-ի առաջնորդը և մաղթում «բարձր տրամադրություն ու սեփական իրավունքներին մինչև վերջ տեր կանգնելու երկաթյա կամք»: Քաղաքականությունից անհասկանալիորեն հեռու ու անհասկանալիորեն ոգևորված նրա կողմնակիցներն էլ կարծում են, որ «այս ճեղքումը բացում է ՀԱԿ-ի առաջ կարևոր մի դուռ և հնարավորություն, որ պառլամենտում մենք ուղղակի ջարդենք նրանց»: Արդեն սեպտեմբերի վերջին պարզ կդառնա, որ «ճեղքումը» իրականում այն ճեղքն էր, որտեղ ոչ միայն կարևոր դռներ չեն բացվում, այլև դռներ ընդհանրապես չկան: Հոկտեմբերին էլ ջարդարարության կիրքը կմարի, իսկ եթե ոչ, ավելի վատ, որովհետև ջարդարարների ժամանակներն անցել են: Պարզապես պաթետիկ, մարտաշունչ հոխորտանքով ՀԱԿ-ն արդարացնում է իր համաձայնվողականությունն ու իր իսկ հայտարարած պայքարից հրաժարիմքը:

Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում շարունակվում է անկախության կիրակին, և դեռ չի եկել երկուշաբթին` չնայած անցած 20 տարիներին, և անկախության մեր գիտակցությունը մնացել է նախնական մակարդակում: Նաև նշանակում է, որ հասունացել է բոլորովին այլ քաղաքական ուժի պահանջը, այն ուժի, որ ոչ միայն կկարողանա արտահայտել հասարակության ցանկությունները, այլև մենակ չի թողնի նրան ոչ մի պարագայում, և վերջապես յուրացրած կլինի հաղթելու ու իր հաղթանակը բոլորինը դարձնելու դասը: ՈՒ դա արդեն կլինի անկախության երկուշաբթի օրը:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 847

Մեկնաբանություններ