Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

«ՁԵԶՆԻՑ ՄԵԿԸ ՎՇՏԻ ՄԵ՞Ջ Է ԸՆԿԵԼ, ԹՈՂ ԱՂՈԹԻ»

«ՁԵԶՆԻՑ ՄԵԿԸ ՎՇՏԻ ՄԵ՞Ջ Է ԸՆԿԵԼ, ԹՈՂ ԱՂՈԹԻ»
13.03.2012 | 00:00

«ՀԱՎԱՏՈՎ ԵՂԱԾ ԱՂՈԹՔԸ ԿՓՐԿԻ ՀԻՎԱՆԴԻՆ»
Մեր հավատավոր ժողովրդի մեջ դեռևս պահպանվել է օրհնված ձեթով հիվանդությունների բժշկման սովորությունը: Այն ժողովրդական ավանդություն չէ, այլ Ավետարանից վերցված կենդանի իրողություն, ինչպես գրված է Հակոբոս առաքյալի թղթում. «Ձեզնից մեկը վշտի մե՞ջ է ընկել, թող աղոթի. մեկը բերկրանքի մե՞ջ է, սաղմոս թող ասի. հիվա՞նդ է ձեզնից մեկը, թող կանչի եկեղեցու երեցներին, և նրանք նրա վրա թող աղոթք անեն, թող յուղով օծեն նրան Տիրոջ անունով: Եվ հավատով եղած աղոթքը կփրկի հիվանդին, ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի» (Հակոբոս 5.13-5)։ Եվ հնում էլ այդ նպատակի համար օգտագործում էին եկեղեցու կանթեղների ձեթը, որը աղոթքով օծում էին հիվանդին ու ստանում Տիրոջ խոստացած բժշկությունը։ Բայց ինչ-ինչ պատճառներով այդ խորհուրդը դադարեց մեր եկեղեցում գործելուց, չնայած մյուս առաքելահիմն եկեղեցիներում՝ կաթոլիկ և ուղղափառ, մինչ այժմ գործում է։ Բայց աշխարհական քրիստոնյաները, հիմնվելով Տիրոջ խոսքի վրա, շարունակում են օգտագործել օրհնված ձեթն իրենց հոգևոր ու մարմնավոր բժշկությունների ժամանակ ու հավատքով հրաշալի արդյունք ստանում, որի վկայություններից կկարդանք վերջում, բայց, նախ, ծանոթանանք եկեղեցական այդ արարողությանը։ Այս մասին գրում և հիշեցնում եմ ընթերցողներին, որովհետև այն, բացի նրանից, որ ընտիր քրիստոնյաների հիշատակի տոնն է, որոնց բարեխոսությունից կարող ենք օգտվել, այդ օրը նաև միակ հնարավորությունն է, երբ ամեն քրիստոնյա կարող է եկեղեցուց օրհնված յուղ (ձեթ) տանել, որի բժշկարար հատկությանը շատերն են ծանոթ։ Մ. թ. 316-ին Սեբաստիայում նահատակված Քառասուն մանուկների (զինվորների) հիշատակին տարին մեկ անգամ կատարվող արարողության ժամանակ աղոթքով օրհնվող ձեթի պատմական ակունքը հետևյալն է. ըստ Շնորհք պատրիարքի «Համա-քրիստոնեական սուրբեր» գրքի, իմանում են, որ Կապադովկիայի կայսերական բանակում քրիստոնյաներ կան, հարցաքննության են կանչում քառասուն զինվորներին և ստիպում ուրանալ Հիսուսին: Տանջալի կտտանքներից հետո էլ նրանք հավատարիմ են մնում Հիսուսին: Վճռվում է բոլորին գցել Սեբաստիայի մոտի սառչող լիճը, իսկ ափին բաղնիք տաքացնել, որ ով ուրանա Քրիստոսին, թույլ տրվի լճից դուրս գալ ու մտնել այնտեղ:
Մեր շատ եկեղեցիներում այդ օրը հատուկ պատրաստված քառասուն կանթեղների մեջ լցնում են ժողովրդի ընծայաբերած ձեթից ու վառում պատրույգները՝ ի նշան այդ սրբերի ընտիր հավատի, որոնք, սառցե լճում ամբողջ գիշեր մնալով (ասենք որ, ըստ արդի բժշկագիտական տվյալների, սովորական մարդը սառցաջրում կարող է կենդանի մնալ տասը րոպեից ոչ ավելի), համբերեցին՝ մինչև ի մահ, բացի մի զինվորից, որը, լճից դուրս գալով, մտնում է տաք բաղնիք և իսկույն մեռնում: Մինչդեռ այդ պահին նահատակների համար երկնքից իջնում էին քառասուն պսակներ: Հսկող պահակներից մեկը, տեսնելով այդ, կամավոր նետվում է սառցալիճը և, իրեն նույնպես քրիստոնյա հայտարարելով, նահատակվում է մյուսների հետ՝ ստանալով քառասուներորդ պսակը: Ահա այս սրբերի տոնակատարության ժամանակ էլ օրհնվում է կանթեղների ձեթը, իսկ արարողության ավարտին բաժանվում է հավատացյալներին, որոնք տանում են իրենց տները՝ որպես հիվանդությունների և զանազան հոգևոր ու մարմնավոր տկարությունների բուժման միջոց:
Որպես նախնյաց պատմական մասունք, Սեբաստիայի Քառասուն մանուկների տոնակատարության մասին պահպանվել է հինավուրց այս վկայությունը, որն առնչվում է եկեղեցու սուրբ հայրերից մեկին՝ Գրիգոր Նյուսացուն։ Ինչպես շատերը գիտեն, նրա եղբայրն էր Բարսեղ Կեսարացին, որն այդ ժամանակ Կեսարիայի հոգևոր հոտի վերակացուն էր, այսինքն` եպիսկոպոսը։ Նրանց ընտանիքը, մանավանդ բարեպաշտ մայրը, Աստծուն անչափ սիրելով, զավակներին կրթել էր քրիստոնեական սիրով, իսկ ողջ գերդաստանը և ունեցվածքն ի սպաս դրել քրիստոնեության տարածմանը։ Երբ Քառասուն մանուկների նահատակության լուրը նաև Կեսարիա հասավ, իսկ շուտով նաև նրանց սուրբ մասունքները, առաջին անգամ բերեցին Բարսեղի և Գրիգորի հայրական տուն և, հանդիսավոր տոնակատարության օր նշանակելով, հրավիրեցին բոլոր բարեպաշտ քրիստոնյաներին այդ օրը հավաքվելու և սաղմոսներով ու աղոթքներով գիշերային հսկում կատարելու։ Այդ ժամանակ Գրիգոր Նյուսացին մի հեռու քաղաքում էր։ Նրան էլ հրավիրեցին տոնակատարությանը։ Նա չմերժեց առաջարկը, և չնայած մեծ զբաղվածությանը, երկար ճանապարհ կտրեց ու հասավ հայրական ոստան։
Սակայն ճանապարհից շատ հոգնած լինելով, նա որոշում է ավելի ուշ մասնակցել գիշերային հսկմանը, ու քնում է տանը։ Երազում տեսնում է, թե իբր ինքն ուզում է գնալ այդ հսկմանը, բայց իրենց տան այգու դռան մոտ կանգնած ահեղատեսք ու խիստ մի զինվոր իրեն արգելում է ներս մտնել, քանի որ ուշացել է բուն արարողությունից։ Գրիգորն իսկույն վեր է թռչում քնից և, շտապ հագնվելով, գնում է հայրական տան այգին, որտեղ ճրագների ու ջահերի լույսի ներքո արդեն սկսել էին սրբերի տոնահանդիսությունը։ Մի կերպ խցկվելով ծնկաչոք հավատացյալների արանքը, ամեն գնով աշխատում էր մոտ լինել սրբերի մասունքներին, հասկանալով, թե ինչ մեծ սխրանք են կատարել Քրիստոսի այդ հավատարիմ զինվոր-վկաները, իսկ ինքն իր փոքր-ինչ հոգնածությունը չէր կարողացել հաղթահարել, որ սրբերին պատվեր։ Հսկման ողջ ժամանակաընթացքում դեռ երիտասարդ Գրիգորի մոտ զղջման ու ապաշխարանքի արցունքներ էին հոսում, քանզի իր տկարություններն ու մեղքերն էր տեսնում։ Դրանից հետո նրա կյանքը այլ ընթացք ստացավ, իսկ սիրելի եղբոր՝ Բարսեղի անժամանակ մահից հետո, կարծես, դարձավ նրա փոխարինողն ու իր աստվածաբանական հոգելից աշխատություններով լի ու լի լրացրեց այն, ինչ եղբայրը չհասցրեց կատարել։
Այն հայորդիներին, ովքեր կցանկանան մասնակցել ձեթի օրհնության արարողությանը, տեղեկացնենք, որ այդ Քառասուն մանուկների հիշատակությունը, ըստ մեր առաքելական եկեղեցու տոնացույցի, միշտ կատարվում է Մեծ պահքի Տնտեսի կիրակիին հաջորդող շաբաթ օրը, կամ Դատավորի կիրակիից առաջ, առավոտյան ժամերգության ընթացքում (այսինքն` այս տարի այն կկատարվի մարտի 17-ին): Ի լրումն վերը գրվածների, հիշատակում եմ Աստծո հրաշագործ զորության մասին վկայող մի վկայություն, որ գրառել եմ բարեպաշտ մի քրոջ պատմությունից, իսկ մյուսը տողերիս հեղինակի հետ է կատարվել:

ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՕՐՀՆՎԱԾ ՁԵԹՈՎ ԲԺՇԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մի անհավատ, կոմունիստական դաստիարակություն ստացած և կուսակցական բարձր պաշտոնյա կնոջ մայրը ականջի թարախածոր բորբոքման ու սաստիկ ցավի պատճառով հիվանդանոց է ընկնում: Բժիշկները զանազան միջոցներ են գործադրում, բայց անզոր են լինում բուժելու հետզհետե խլացող ականջը: Մնում էր վիրահատական միջամտությունը: Հիվանդը, բարեպաշտ քրիստոնյա լինելով, չէր դադարում աղոթքներով Աստծո օգնությունը հայցելուց: ՈՒ երբ լսում է, որ երկուշաբթի օրն իրեն պետք է վիրահատեն, աղջկան խնդրում է, որ գնա եկեղեցի և իր համար բերի Քառասուն մանուկների հիշատակության արարողության ժամանակ օրհնվող ձեթից, որոնց տոնը նշվելու էր առաջիկա շաբաթ՝ հենց հաջորդ օրը: Աղջիկը, որ նման «պառավական» բաների չէր հավատում, հրաժարվում է գնալուց, պատճառաբանելով, որ եթե բժիշկները չեն կարողանում ժամանակակից դեղերով բուժել, հասարակ ձեթն ի՞նչ կարող է անել: Բայց տեղի տալով մոր թախանձանքներին՝ առավոտյան մի ձեթի սրվակ առած գնում է եկեղեցի և, մյուսների հետ իր բերած ձեթն էլ լցնելով կանթեղներից մեկի մեջ, անկյունում կանգնած անհամբեր սպասում է ժամերգության ավարտին: ՈՒ երբ ձանձրացած այս ու այն կողմ է նայում, մեկ էլ հայացքը կանգ է առնում վառվող կանթեղների վրա: ՈՒ ապշած, իր աչքին չհավատալով, տեսնում է, թե ինչպես ամեն կանթեղի պռնկին մի փոքրիկ հրեշտակ է նստել ու ոտքերով խառնում է ձեթը. ճիշտ այնպես, ինչպես երեխաներն են խաղում՝ ոտքերը ջրում թափահարելով: Եվ այդ անհավատ կինը, սարսափելով տեսիլքից, տեղում մեղա է գալիս իր «երկարամյա» կարծրասրտության համար և, արցունքն աչքերին, հոգին ուրախությամբ լեցուն՝ ձեթը տանում է հիվանդ մորն ու պատմում տեսածը: Մայրն օրհնությամբ և ուրախությամբ փառք է տալիս Աստծուն այդ մեծ ողորմության համար (որով նախ և առաջ իր անաստված աղջկա հոգին էր բժշկվել) և, ձեթից աղոթքով մի քանի կաթիլ լցնելով ականջը, այդ օրը քնում է հանգիստ:
Մյուս օրը կիրակի էր: Աղջիկը գնում է սուրբ պատարագի, աղոթում է իր մեղքերի համար ու թողություն աղերսում: Միաժամանակ մոր համար է բժշկություն խնդրում, քանի որ արդեն հավատում էր Աստծո ամենակարող զորությանը: Եվ երբ եկեղեցուց ուղիղ հիվանդանոց է գնում, որտեղ հաջորդ օրը պիտի վիրահատեին մորը, անսովոր իրարանցում է նկատում: Մտնելով հիվանդասենյակ՝ տեսնում է հերթապահ բժշկին, որը մոր հիվանդ ականջն էր զննում զարմացած ու գլուխն օրորում, այսինքն՝ ոչինչ չեմ հասկանում: Թարախակալած ու դեռ մի օր առաջ ամբողջովին վերքերի մեջ կորած ականջը լիովին բժշկվել էր, և ամենակարևորը՝ հիվանդը կարողանում էր հստակ լսել:
Իհարկե, մոր ու աղջկա վկայությունները, թե եկեղեցուց բերած ձեթով է բուժվել հիվանդությունը, չեն համոզում աթեիզմի հիվանդությամբ «տառապող» բժշկին: Բայց մենք գիտենք, որ Աստված ամոթով չի թողնում հավատով Իրեն ապավինողներին և Իր ամենաբույժ խոսքով դարմանում է ամենայն ցավ ու հիվանդություն, ինչն ամենալավ վկայությունն է դեռևս անհավատության խավարում գտնվող այն հոգիների համար, ովքեր կուզենային դուրս գալ այդտեղից:

ՓՈՔՐԻԿԻ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆԸ
Մեկ տարեկան թոռնիկս ամբողջ գիշեր անհանգիստ էր: Տնային բուժման բոլոր մեր իմացած միջոցները գործադրեցինք, բայց ապարդյուն. երեխան միալար գոռում էր որովայնային ինչ-որ ցավից: Երբ այլևս ճար չկար, ծնողները որոշեցին շտապօգնություն զանգել: Ես աղոթում էի, որ Տերը թույլ չտա այդ միջոցին դիմել, որովհետև բոլորս էլ լավ գիտենք մեր հիվանդանոցներում տիրող անմխիթար վիճակը: Ճիշտ այդ ժամանակ հիշեցի (ու կարծում եմ` Աստված հուշեց), որ տանը սրվակով Քառասուն մանկանց հիշատակության տոնի ժամանակ օրհնված ձեթ կա: Իսկույն բերեցի ու ասացի, որ երեխայի շապիկը վեր բարձրացնեն: Եվ մտքումս Տիրոջ օգնությունը խնդրելով՝ փորիկին օրհնված ձեթով Խաչի նշան դրեցի: Ապա դեռևս լացող թոռնիկիս վերցրի գիրկս ու ննջասենյակում կախած փայտե Խաչի դիմաց կանգնեցի, նախապես ասելով, որ բոլորս «Հայր մեր» աղոթքը պետք է անենք: Եվ ո՜վ զարմանք, առաջին բառերը չարտասանած, երեխան ձայնը կտրեց ու դեռ մեր աղոթքը չավարտած, հանգիստ քնեց բազուկներիս վրա: Բոլորս ուրախացած միմյանց նայեցինք ու միաբերան փառք տվեցինք ամենակարող Աստծուն, որ այդքան արագ ուղարկեց Իր բժշկարար օգնությունը օրհնած ձեթով:
Կարծում եմ` այսչափ վկայություններն ու խոսքերը հավատավոր ընթերցողին այդ օրը, մի շիշ ձեթով հանդերձ, նրա ոտքերը եկեղեցի կտանեն, ու առավոտյան ժամերգության արարողությունից հետո իր ընտանիք կտանի արդեն օրհնված ձեթը, որը նաև սննդի մեջ կարող է օգտագործել, որպես օրհնության միջոց։
ՄեհրուժանԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1594

Մեկնաբանություններ