Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԿՈՏՐՎԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐ

ԿՈՏՐՎԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐ
27.10.2009 | 00:00

1945 թվականի փետրվարի 13-ի լույս 14-ի գիշերն անգլո-ամերիկյան ավելի քան 1400 ռմբակոծիչներ օդ բարձրացան ռազմական օդանավակայաններից և ուղղություն վերցրին դեպի Դրեզդեն։ Այդ քաղաքը, որն արդեն իսկ ակնհայտորեն գտնվելու էր խորհրդային զորքերի գրաված տարածքում, որպես թիրախ էր ընտրվել Մեծ Բրիտանիայի վարչապետ ՈՒինսթոն Չերչիլի համառ պնդումների արդյունքում։ Քաղաքում չկային ռազմավարական նշանակության օբյեկտներ, զենք կրելու ընդունակ բոլոր տղամարդիկ գտնվում էին ռազմաճակատում, և ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ քաղաքում մնացել են միայն ծերերը, կանայք ու երեխաները։ Եվ թիրախն էլ հենց նրանք էին։
Օդային հարձակումները ծածկեցին քաղաքն ալիքաձև, երեք փուլերով, մեկը մյուսին հաջորդող կարճ ընդմիջումներով։ Գիշերվա ժամին կատարված առաջին հարձակման ժամանակ ցած նետվեցին մեծ մասամբ հրկիզող ռումբեր, իսկ դրանից 3 ժամ անց իրականացված երկրորդ հարձակումը հետապնդում էր հրդեհների մարումը և փրկարարական միջոցառումներն անհնարին դարձնելու նպատակ։ ՈՒթ ժամ անց, արդեն ցերեկային օդային հարձակմանը, ռմբակոծիչների հետ համատեղ, մասնակցում էին նաև մի քանի հարյուր կործանիչներ, որոնք փոքր բարձրությունից գնդակահարում էին գիշերային հարձակումները վերապրած մարդկանց։ Ռմբակոծությունները քաղաքը դարձրին այրվող ջահ, առաջացնելով մրրկահողմեր, ինչն է՛լ ավելի էր բորբոքում կրակը։ Ասֆալտը հալչում էր ու հոսում փողոցներով, ինչպես լավա։ Այս ամենի արդյունքում սպանվեց ավելի քան 135 հազար մարդ (ավելի, քան առանձին վերցրած Հիրոսիմայում և Նագասակիում), բազմահազար մարդիկ ստացան վերքեր ու այրվածքներ, հիմնովին ավերվեց շուրջ 35400 շինություն։
Թեև անգլո-ամերիկյան դաշնակիցների նմանատիպ գործողությունների նպատակը գերմանացի զինվորների մարտական ոգին կոտրելն էր, այն հակառակ արդյունքը տվեց։ Տեղեկանալով իրենց հարազատների մահվան և հայրենի օջախների կործանման մասին՝ գերմանացի զինվորներն է՛լ ավելի կատաղորեն էին կռվում՝ լի վրեժխնդիր լինելու մոլուցքով։ Իսկ որտե՞ղ էին ընթանում ցամաքային գլխավոր ճակատամարտերը։ Հենց արևելյան ճակատում, խորհրդային զորքերի դեմ։ Այնտեղ էր, որ գերմանացիները տվեցին Երկրորդ աշխարհամարտում իրենց ողջ կորուստների 80 տոկոսը։ Ստացվեց այնպես, որ դաշնակից համարվող ամերիկացիներն ու անգլիացիները գերմանական ատելության ալիքներն ուղղում էին իրենց հակառակ ուղղությամբ, և կարող եք վստահ լինել, որ նրանք դա գերազանց էին հասկանում։
Որքան էլ անհավանական թվա, նման բարբարոսական գործողությունների արդյունքում դույզն-ինչ չհասնելով իրենց նպատակին, արդեն խաղաղ ժամանակներում, հետպատերազմյան Գերմանիայում տեղ գտած հոգեբանական ջլատումը հենց դրա անմիջական հետևանքն էր։ Խոսքը տանք ռուս հայտնի հեղինակներից մեկին՝ Մաքսիմ Կալաշնիկովին. «Գորգանման ռմբակոծություններն անհրաժեշտություն առաջացրին 1945 թվականից հետո տնտեսական օգնություն հայցելու ամերիկացիներից և տնտեսական ու գեոքաղաքական կախվածության մեջ նրանցից ընկնելու։ «Թռչող ամրոցները» ոչնչացրին հին, հպարտ, քաջարի Գերմանիան, զինվորական սապոգների և պողպատե սաղավարտների Գերմանիան` ստեղծելով ԳԴՀ-ն՝ տեղական արտադրության կոպիտ պոռնոգրաֆիա դիտող, գարեջրից ուռած որովայնով անհամարձակ քաղքենիների պետությունը։ Ընդ որում, ամերիկացիները ոչնչացրին հին, զինվորական Գերմանիան ոչ թե ֆիզիկապես, այլ բարոյապես։ Գերմանացիների հոգեբանությունը հայտնվեց կոտրված վիճակում և մինչ օրս չի վերականգնվել»։
ՈՒղիղ երկու տարի առաջ սերբերի մասին գրածս հոդվածը սկսել էի այսպիսի տողերով. «Գիտակից կյանքիս մեծագույն մասում հիացել եմ սերբերով։ Հիացել ու սիրել»։ Այսօր, սակայն, այնպիսի զգացողություն ունեմ, ասես իմ ճանաչած ազգին ամբողջությամբ տեղահան են արել ու երկիրը բնակեցրել բոլորովին այլ մի ժողովրդով։ ՈՒ հիմնականում հպարտ այդ ժողովրդին մեր աչքերի առջև ծնկի բերելու պատմությունը ներկայացնելու պահը գեթ մի փոքր հետաձգելու ցանկությունից է, որ ուզում եմ ձեզ հետ խորհրդածել մի հարցի շուրջ։ Ձեզ հետ, քանի որ, խոստովանեմ անկեղծորեն, ես կարող եմ միայն տալ այդ հարցը, անկարող որևէ քիչ թե շատ փաստարկված պատասխան գտնել դրան։ Մեկնումեկը կասի՞ մեզ, թե այդ ինչպե՞ս հին աշխարհի երկու մեծագույն ազգերը՝ ռազմական սխրանքների, անձնուրաց քաջության ու խիզախության, զինվորական պատվի ու արժանապատվության ջահակիրները՝ հույներն ու իտալացիները, չգիտեմ էլ անգամ` աստիճանաբա՞ր, թե՞ միանգամից վերածվեցին փափկասուն ու երկչոտ տեսակի, սարսափահար հեռու փախչելով զենքերի շառաչից, ինչպես սատանան` խնկից։
Արևելյան ճակատում կարմիր բանակի դեմ կենաց ու մահու մարտեր մղող գերմանական զորամիավորումների հրամանատարներն իրենց գործողությունները պլանավորող շտաբներից խնդրում-աղաչում էին՝ իրենց կողքին չտեղակայել իտալական զորամասեր։ Նրանց համար գերադասելի էր իմանալ, որ իրենք միայնակ են մարտի դաշտում, քան թևերում ունենալ ուժեր, որոնցից ակնկալվող միակ «օգուտն» այն էր, որ նրանց նույնպես պետք է իրենք պաշտպանեն։ Ճիշտն ասած, մարտունա՞կ են իտալական զորամասերը, թե ոչ, մեզ համար առանձնակի հետաքրքրություն չեն ներկայացնում։ Իսկ, այ, մյուս ազգի՝ հույների գենետիկական կապի խզումն իրենց առասպելական սխրագործություններով հայտնի նախնիներից ամենաանմիջական կերպով առնչվում է մեր սեփական ճակատագրին։ Ո՞վ գիտի, ինչպիսին կլիներ մեր տարածաշրջանի քարտեզն այսօր, եթե հույները 1919-1922 թվականներին հույն-թուրքական պատերազմում դրսևորեին փոքր-ինչ քաջություն ու անձնազոհություն։
Ինչ վերաբերում է սերբերին, ապա այստեղ պատկերը որոշակիորեն այլ է։ Նրանց կոտրեցին ամենևին էլ ո՛չ օդային հարձակումները, առավել ևս խոսքը սերբ զինվորների քաջությունն ու արիությունը կասկածի տակ դնելու մասին չէ (հիշենք, թեկուզ, Հարավսլավիայի ռմբակոծություններից ընդամենը մեկ շաբաթ անց Քլինթոնի արած այն հայտարարությունը, թե ՆԱՏՕ-ի զորքերը չեն մտնի Կոսովո, քանի դեռ այնտեղ կլինի գեթ մեկ սերբ զինվոր)։ Չէ՞ որ հենց այդ պատճառով միայն արևմտյան դաշնակիցներն այդպես էլ սիրտ չարեցին դիմելու ցամաքային գործողությունների։ Սերբերին կոտրեցին հենց իրենք՝ սերբերը, ավելի կոնկրետ՝ նրանց վախկոտ ու ծախու քաղաքական վերնախավը։ Բայց որպեսզի հասկանանք նման երևույթների իրական պատճառները ոչ թե մեկ երկրի, այլ, այսպես ասած, համաշխարհային մասշտաբով, ուղղակի ստիպված եմ դիմելու որոշ տեսական դատողությունների։
Քանի որ ուժով հասնել համաշխարհային տիրապետության ժամանակակից պայմաններում անհնարին է, առաջ է քաշվում և իրականացվում ինֆորմացիոն գրոհի դոկտրինան։ Շեշտը դրվում է գիտակցության փոփոխման վրա։ Այս նոր դոկտրինայի իրականացման համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ։ Դրանց ստեղծման համար ամբողջ աշխարհում ձգտում են արմատավորել դեմոկրատիա։ Ընդ որում, բոլորն էլ հրաշալի հասկանում են՝ բնավ էլ դեմոկրատիայի մասին չէ խոսքը, դա ուղղակի քող է։ Դեմոկրատիան ընդհանուր խոսքերի անհատակ մի հոր է, որոնցից ոչ մի կոնկրետ բան չի բխում, փոխարենը հնարավորություն է տալիս թանձր ծխածածկույթ ստեղծել։ Հաշվարկն այն է, որ կառաջանա մարդկանց մի խավ, որի համար այդ պահին դեմոկրատիան շահավետ է։ Առաջ է գալիս երկու տեսակի վերնախավ՝ վերին (համաշխարհային) և ստորին (ազգային)։ Վերինները քաջ գիտեն՝ ինչի համար է դեմոկրատիան։ Ստորինները իրավիճակն ընկալում են շատ ավելի համեստ չափով։ Նրանց համար բացարձակապես միևնույն է՝ ինչ համակարգ է տիրում երկրում, միայն թե հարմար տեղավորվեն այնտեղ ու կուշտ կերակրվեն։ Ազգային վերնախավի նպատակները չեն գերազանցում քաղքենու երազանքների սահմանները։ Նրանք պայքարում են հանուն դեմոկրատիայի, քանի որ միայն այդպես է հնարավոր ապրել հասարակության հաշվին։ Համաշխարհային վերնախավը դատում է մոլորակի մասշտաբով՝ դեմոկրատիայի միջոցով այն իր վերահսկողությունն է սահմանում այդ համակարգի վրա, ձևավորում համաշխարհային գիտակցություն և արդյունքում՝ վերահսկում աշխարհը։
Ստեպ-ստեպ հարմար (կամ ոչ այնքան) առիթներով հիշատակվում են Աբրահամ Լինքոլնի հետևյալ խոսքերը. «Կարելի է ողջ կյանքում խաբել մեկ մարդու, կարելի է որոշ ժամանակ խաբել բոլորին, բայց անհնարին է ամբողջ ժամանակ խաբել բոլորին»։ Նախագահը սխալվել էր։ Իրականությունը ցույց է տվել՝ կարելի է ամբողջ ժողովուրդների խաբել դարերով։ Ճիշտ է, որպես արդարացում ասենք, որ այն դարաշրջանում, երբ նա ապրել է, չեն եղել ԶԼՄ-ներ, հեռուստաալիքներ, գովազդ ու գիտակցության մանիպուլյացիա։
Յոթանասուն տարի շարունակ խորհրդային իշխանության առանցքային նպատակներից մեկը եղել է փողի ինստիտուտի նշանակության նվազեցումը, փոխարենը փորձում էին արժևորել մարդկային լավագույն որակներ՝ «Մարդը մարդուն բարեկամ է ու ընկեր» նշանաբանի հենքի վրա։ Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ առաջիններից մեկը որպես կործանման թիրախ ընտրվեց աշխարհում լավագույն՝ խորհրդային դպրոցը։ Մեզ արդեն հայտնի ընդհանուր խոսքերի տարափի ներքո ուղղակի ողջ-ողջ մասնատեցին կրթական համակարգը։ Այն համակարգը, որը, որքան էլ փորձեն լռության կամ մոռացության մատնել, դաստիարակեց ղարաբաղյան պատերազմի հաղթական սերնդին։
Մեզանում սիրում են դատողություներ անել այն թեմայով, թե մենք չենք կարողանում դիվանագիտական ճակատում ամրագրել մարտի դաշտում տոնած մեր հաղթանակները։ Եթե դատելու լինենք այսօր Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցություններով, ստիպված ենք համաձայնել նման տխուր իրողության հետ։ Երկրի ամենաբարձր քաղաքական ղեկավարությունը մի քանի անգամ, ճիշտ է, ո՛չ բաց տեքստով, բայց շատ պարզորոշ ակնարկել է, որ ինքն իր որոշումն արդեն կայացրել է և Ղարաբաղի կարգավիճակի ճանաչման դիմաց պատրաստ է հետ վերադարձնել, այսպես կոչված, հարակից տարածքները։ Նման որոշումը բացարձակապես զուրկ է որևէ պատմական տրամաբանությունից։ Եթե որևէ մեկը մատնացույց անի գեթ մեկ դեպք, երբ մեր ընդհանուր թշնամիները հետ են վերադարձրել մեզ թեկուզ մի թիզ հողատարածք, այդ դեպքում թույլատրելի կլիներ, թերևս, այդպես մտածել։ Նման մտադրություններն իրականություն դառնալու դեպքում՝ մենք մինչև աշխարհի վերջը կոտրված ժողովուրդ էլ կմնանք։
Պրոլետարիատի առաջնորդն ասել է. «Կաշառակեր մարդը դուրս է քաղաքականությունից»։ Նույնն է, թե՝ նման մարդու համար սեփական շահը վեր է թե՛ պետական, թե՛ ազգային շահերից, ինչն էլ, բնականաբար, համապատասխան իրավիճակների դեպքում կարող է հանգեցնել պետական ու ազգային դավաճանության։ Հատուկ նրանց համար, ովքեր չեն համաձայնվի նման սթափ մտքի հետ դրա հեղինակի անընդունելի անձ լինելու պատճառով, բերեմ նույն իմաստն արտահայտող միտք մեկ այլ աղբյուրից՝ Նոր Կտակարանից. «Քանի որ ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կլինեն» (Ավետարան ըստ Մատթեոսի, 6, 21)։
Այս դեպքում արդեն չհամաձայնելը, կարծում եմ, ավելի դժվար կլինի։
Ռուբեն ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1516

Մեկնաբանություններ