Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ
30.10.2009 | 00:00

(սկիզբը՝ նախորդ համարում)

ՊԱՂԱՏԱՆՔԻ, ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՀՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔՆԵՐ
Այս աղոթքները պարունակում են Ամենակարող, Արդարադատ և Միակ Բարերար Տիրոջ փառաբանությունը: Մենք կարող ենք այս երեք տեսակի աղոթքները մի արտոնյալ խմբի մեջ ընդգրկել, որովհետև նրանց ընդհանուր հայտարարը մեկն է՝ անձուկ վիճակ և դժբախտություն: Վստահություն արտահայտող աղոթքը ճգնաժամն ուղեկցելու կամ նախորդելու նպատակ է հետապնդում: Իսկ գոհությունը ճգնաժամի ավարտի նկարագրության ու դրանից իրեն փրկող Բարերարին ուղղված երախտագիտության խորհուրդն ունի: Միևնույն սաղմոսի մեջ (ԻԱ, ԻԹ, Լ, ԾԳ, ԾԵ և Կ) կարող են միավորվել աղաչանքը, վստահությունը և գոհությունը: Այս աղոթքները ելնում են մե՛րթ անհատի շուրթերից, ավելի ճիշտ, անհատական բարեպաշտությունից, մե՛րթ ծիսական հանդիսությունների համար հավաքված համայնքի շուրթերից: Մենք, սակայն, չպետք է ընդգծենք անհատականի և հավաքականի, անհատական բարեպաշտության և հավաքական, ծիսական պաշտամունքի տարբերությունը:
Պանծեցնում եմ Քեզ, Տե՛ր, քանզի ընդունեցիր ինձ
և չթողիր, որ թշնամիներս չարախնդան վրաս։
Տե՛ր Աստված իմ, կանչեցի Քեզ, և բուժեցիր ինձ։
Տե՛ր, հոգիս դժոխքից հանեցիր և փոսն իջնողների միջից փրկեցիր ինձ։
Սաղմո՛ս երգեցեք Տիրոջը, ո՛վ Նրա սրբեր,
գոհությո՛ւն մատուցեք Նրա սուրբ հիշատակին։
Նրա բարկության մեջ ցասում կա,
իսկ Նրա կամեցողության մեջ` կյանք։
Երեկոյան լացը կդադարի, իսկ առավոտյան ուրախություն կլինի։
Հավատացյալը միայնակ չէ, եթե նույնիսկ մենակ է աղոթում. նա իր անձը Աստծու ժողովրդի հետ համերաշխ է համարում (տե՛ս ԻԴ 22, ԻԷ 9, ՀԲ 12, ԿԸ 36) և օտար չէ ծիսական պաշտամունքին (տե՛ս Ե 8, ԻԷ 2, ՃԼԹ 13-14): Բացի այդ, սաղմոսերգուի օգտագործած առաջին դեմքը՝ «ես»-ը, ժամանակ առ ժամանակ հիշեցնում է համայնքի գոյության մասին, որի անունից էլ խոսում է: Այս բանը մենք տեսնում ենք, երբ համայնքի անունից մի պաշտոնական անձ է խոսում, լինի դա քահանա, թե թագավոր: Վերջապես կան սաղմոսներ, որոնք սկզբում արտահայտել են ինքնաբուխ անհատական բարեպաշտություն՝ ելած վշտաբեկ հավատացյալից կամ երախտագետ սրտից. սրանք սաղմոսարանի մեջ ընդգրկվելիս աստիճանաբար վերաճել են հավաքական աղոթքների:
Պաղատանքի աղոթքները՝ թե՛ անհատականները, թե՛ հավաքականները, պարունակում են չորս տարր. Աստծու անունը կանչելը, որին հաջորդում է աղերսանքի աղաղակը, ապա իրավիճակի բնութագրումը, հետո պաղատանքը և վերջում՝ համոզվածությունը լսված լինելու մեջ: Այս պարզ կառուցվածքը, սակայն, տարբերակվում է. սաղմոսների հեղինակը, հավանաբար, հավելում է որոշ տարրեր կամ անտեսում մյուսները, փոխում դրանց հերթականությունը կամ կրկնում դրանք: Եվ սա զարմանալի չէ, քանզի զգացմունքների զեղումը չի կարող ենթարկվել չոր տրամաբանությանը:
Անհատական աղոթքների քանակը մոտավորապես հավասար է Սաղմոսարանի քառորդ մասին (Ե-Է, ԺԲ, ԺԶ, ԻԱ, ԻԴ-ԻԵ, ԻԷ, Լ, ԼԴ, ԼԵ, ԼԷ-ԼԸ, ԽԱ-ԽԲ, Ծ, ԾԳ-ԾԶ, ԾԸ, Կ, ԿԲ-ԿԳ, ԿԸ-ԿԹ (=ԼԹ 14-18), Հ, ՁԵ, ՁԷ, ՃԱ, ՃԸ, ՃԺԹ, ՃԻԹ, ՃԼԹ-ՃԽԲ): Մարդիկ ավելի շատ բողոքում են, քան ցնծում. դժբախտության նկարագրությունը մեզ պատեհություն է ընձեռում տրտմածների բողոքի մեջ տեսնելու աղերսողների իրական կացությունը՝ նրանց անձնական կամ հավաքական փորձություններով հանդերձ: Սրանց թվում են ապաշխարողները, հիվանդները, հալածվածները, մեղադրվածները, փախստականները և աքսորյալները: Սաղմոսների մեծ մասի մեջ իշխում է հիվանդներին չողորմող և իրենց զոհերի վրա գազանաբար հարձակվող թշնամիներից պաշտպանվելու թեման: Իրենց հալածիչներին մատնացույց անելու համար սաղմոսերգուներն օգտագործում են բազմաթիվ բառեր, որոնք շփոթության մեջ են գցում թարգմանիչներին ու մեկնաբաններին, երբ վերջիններս փորձում են պարզել այդ թշնամիների ինքնությունը: Նրանք հարձակվողների գործունեությունը հատկորոշում են ավանդական մակդիրներով և բազմաթիվ ու բազմազան փոխաբերություններով. օրինակ՝ թակարդներ ու որոգայթներ լարող որսորդներ, արյան ծարավ գիշատիչ գազաններ, ցուլեր, կորյուններ, գոմշացուլեր, շներ, օձեր և այլն: Իսկ թշնամիները, իրենց նպատակին հասնելու համար, խտրություն չեն դնում միջոցների մեջ: Ընդգծվում են վիրավորող խոսքը, սուտ վկայությունը, զրպարտությունը, բամբասանքը, անեծքը և կախարդական հնարքները: Սաղմոսերգուները Աստծու արդարությունն են խնդրում՝ ժամանակ առ ժամանակ վրեժխնդրության օրենքին ապավինելով ու իրենց թշնամիներին անիծելով: Նրանց աղաղակները մեզ հիշեցնում են Երեմիայի և Հոբի բողոքները:
Եթե ցանկանում ենք հասկանալ այդ և մասնավորապես հիվանդների ու մահվան վտանգի առաջ կանգնած անձանց աղոթքները, պետք է այդ թշվառների տեսակետներին նայել նրանց հոգևոր ու կրոնական շրջանակի մեջ, քանզի սաղմոսերգուների համար երջանկությունը միայն «ողջերի երկրում» (ԻԶ 13) պիտի իրականանար: Այս հայացքներում մի շարք մտքեր կան մարդու խառնվածքի ձևավորման, նրա կյանքի, հանդերձյալ աշխարհում նրա վիճակի և աստվածային արդարության ճանապարհների մասին (որոնք անհնար է ստուգապես ճանաչել): Սաղմոսների մեջ առկա մարդաբանությունը չի համապատասխանում մեր արդի գիտելիքների մակարդակին, որովհետև, օրինակ, տարբերություն չի դրվում մարմնի և հոգու միջև: Եբրայերեն բառը, որը մենք հակված ենք «հոգի» բառով թարգմանելու, բնագրում բազմաթիվ նշանակություններով է հանդես գալիս, օրինակ, կոկորդ, ցանկություն, որկրամոլություն, շունչ, կյանք և, վերջապես, խիղճ: Կյանքը և կենսականությունը համարվում էին զանազան դժբախտություններով առլեցուն զորություն: Հիվանդությունները, տառապանքները, դժբախտությունները և թշնամիների հարձակումները մարդուն հանձնում են մեծագույն թշնամու՝ մահվան ձեռքը: ՈՒստի հիվանդները և հալածվողները բողոքում են ննջեցյալների երկիրը իջնելու համար, ուր տիրում են խավարը, լռությունը և մոռացությունը: Մեռյալների այս քաղաքը կոչվում է «շեոլ», բայց սա գեհեն իմաստով դժոխքը չէ:
Այս վշտաբեկ մարդիկ իրենց տառապանքներին նայում էին որպես հայտնի կամ գաղտնի մեղքերի հետևանք՝ պատիժ: Խոստովանությունը նրանք դիտարկում էին որպես Աստծու զայրույթը մեղմելու միջոց, որովհետև մեղքերի խոստովանությունը ներման առհավատչյան է, իսկ աստվածային շնորհը փրկություն է բերում:
Ինչ վերաբերում է պաղատանքի հավաքական աղոթքներին (ԺԱ, ԽԳ, ԾԷ, ԾԹ, ՀԳ, ՀԸ-ՀԹ, ՁԲ, ՁԴ, ՁԹ, ՂԳ, ՃԷ, ՃԻԲ, ՃԼԲ, ՃԼԶ, տե՛ս ՀԶ, ՁԱ, ՃԵ, ՃԻԵ), ապա դրանք նույն եղանակով են կառուցված և համայնքին բաժին ընկած դժբախտությունների ծնունդ են, ինչպես ռազմական պարտությունը, ասպատակությունները, կոտորածները, Տաճարի պղծությունը, մեծերի բռնությունները փոքրերի նկատմամբ, ամբարիշտների իշխանությունն արդարների վրա, կառավարող իշխանությունների անօրենությունները: Իսրայելը բողոքում էր կեղեքումից և աղաչում Տիրոջը՝ թվարկելով Նրա բազմազան ողորմությունները, ինչը հետապնդում էր Աստծուց օգնություն ստանալու նպատակ. պատճառաբանում էին անմեղությունը (ԽԳ 18), խոստովանում մեղքերը (ՀԸ 8-9), հիշում անցյալի գործերը (ԽԳ 2-9, ՀԲ 2 և 12-17) և հատկապես կնքված ՈՒխտը (ՀԳ 20): Ի վերջո ամեն բան կախված է Աստծու գթությունից (ՀԳ 18, ՀԸ 1 և 12) և Իսրայելի նկատմամբ ունեցած հովանավորությունից (ԽԳ 26): Տարբերություն չկա ժողովրդի խնդրի ու Աստծու խնդրի միջև:
Վստահությունը պաղատական աղոթքների խթանն է և զբաղեցնում է առաջին տեղն ու սնուցում որոշ սաղմոսների իշխող թեման (Գ-Դ, Թբ, ԺԵ, ԻԲ, ԻԶ, ԿԱ, ՃԻ, ՃԼ, տե՛ս Ղ): Սրանց մեջ սաղմոսերգուները երգում են խաղաղության և ուրախության, իրենց ապահովության (ԻԲ 4-5, ԻԶ 1-3, տե՛ս Գ 7, Դ 9 և ՃԼ 2-3) ու իրենց Աստծու հետ մշտական բարեկամության մասին (ԺԵ 5-11), խոստովանում իրենց հավատքը (ԺԵ 2 և 4-5, ԿԱ սաղմոս), իրենց համերկրացիներին կոչ են անում հետևել ձեռք բերած հոգևոր փորձառությանը: Նրանք գլխավորապես միավորում են ուրախությունն ու ապահովությունը, որոնց ելման կետն Աստծու հետ հաղորդակցության և Տաճարի մեջ է, ուր հայտնվում է Աստված (Ժ 8 և ԺԵ 11), ուր Աստված լսում է Իրեն դիմող հավատացյալներին (Գ 5, Ժ 5, ԻԲ 7, ԻԶ 4): Իսկ ՃԺԳԲ, ՃԻԴ և ՃԻԸ սաղմոսները արտահայտում են այս նույն վստահությունը, բայց հավաքական իմաստով:
Գոհության անհատական սաղմոսները համեմատաբար սակավաթիվ են (Թա, Թբ, ԻԹ, ԼԱ, ԼԳ, ԼԹ 2-12, Խ, ՂԱ, ՃԺԴ, ՃԺԵ, ՃԼԷ, տե՛ս ՃԶ):
Ամեն ժամ Տիրոջն օրհներգեմ, Նրա օրհնությունն ամեն ժամ բերանումս լինի։
Խնդրեցի Տիրոջը, ու Նա լսեց ինձ և իմ բոլոր նեղություններից փրկեց ինձ։
Մոտեցե՛ք Տիրոջն ու լո՛ւյս առեք, և թող ձեր երեսը չամաչի։
Աղքատն այս Տիրոջը դիմեց, և Տերը լսեց նրան ու իր բոլոր նեղություններից փրկեց նրան։
Տիրոջ հրեշտակների բանակն Իր երկյուղածների շուրջն էր և պահպանում է նրանց:
Ճաշակեցե՛ք և՛ տեսեք, թե որքան քաղցր է Տերը.
երանելի է այն մարդը, որ հույսը դրել է Նրա վրա։
Վախեցե՛ք Տիրոջից, բոլոր սրբերդ Նրա,
քանզի նրանից վախեցողները ոչ մի պակասություն չեն ունենա։
Մեծամեծներն աղքատացան ու սովի մատնվեցին,
բայց ովքեր Տիրոջն են փնտրում, նրանցից ոչ մի բարիք չի պակասելու։
Եկե՛ք, իմ որդինե՛ր, և լսեցե՛ք ինձ. ես կսովորեցնեմ ձեզ Տիրոջ երկյուղը։
Ո՞վ է մարդն այն, որ սիրում է կյանքը և ուզում է իր օրերը բարության մեջ տեսնել։
Լեզուդ պահի՛ր չարությունից, և շրթներդ թող նենգություն չխոսեն։
Խուսափի՛ր չարից ու բարի՛ք գործիր, խաղաղություն փնտրի՛ր և դրա՛ն հետևիր։
Տիրոջ աչքերն ուղղված են արդարներին, իսկ ականջները` նրանց աղոթքին։
Տիրոջ հայացքը չարագործների վրա է` նրանց հիշատակն աշխարհից ջնջելու համար։
Արդարները Տիրոջն աղոթեցին, և Տերը լսեց նրանց
ու փրկեց նրանց իրենց բոլոր նեղություններից։
Տերը նրանց կողքին է, ովքեր սրտամաշ են եղել,
և Նա փրկում է հոգով խոնարհներին։
Արդարների նեղությունները շատ են, Տերն ազատում է նրանց այդ բոլորից։
Պահպանում է նրանց բոլոր ոսկորները և դրանցից ոչ մեկը չի փշրվելու։
Մեղավորների մահը չարաչար է, իսկ արդարներին ատողը կզղջա։
Տերը փրկում է Իր ծառաներին, և բոլոր նրանք, որ հույս են դնում Նրա վրա, չպիտի զղջան։
Մենք պաղատական աղոթքների մեջ արդեն հանդիպել ենք երախտագիտության տարրական ձևերին (ԻԱ 23-32 և ԾԵ 12-13): Իսկ երբ հավատացյալը ստանում է Աստծուց իր խնդրածը, բարձրանում է Տաճար՝ Իր ուխտը կատարելու: Նրան ուղեկցում են հարազատներն ու ընկերները: Պարզորոշ կերպով երևում է, որ գոհության սաղմոսները՝ և՛ անհատականները, և՛ հավաքականները, արմատավորված են ծիսական տոնակատարության մեջ (ԿԵ-ԿԶ, ՃԺԷ, ՃԻԳ, տե՛ս ԿԴ, ԿԷ): Սրանք սովորաբար բաղկացած են հետևյալ կարևորագույն տարրերից. սկսվում են առաջաբանով կամ ծանուցումով (Թ 3-12, ՂԱ 2-7, ՃԺԷ 5-18), ապա սաղմոսերգուն հիշում է իր առաջ կանգնած վտանգներն ու փորձության մեջ իր ասած աղոթքը և Ամենակարող Տիրոջ միջամտությամբ իր կացության հանկարծական փոփոխությունը: Սաղմոսն ավարտվում է ներկաներին ուղղված կոչով: ՃԶ սաղմոսն առանձնահատուկ կերպով է գրավում մեր ուշադրությունը: Այս ծիսական կարգի մեջ մեկը մյուսին հաջորդում են արտոնյալների չորս խմբեր. դրանք անապատից վերադարձող քարավանների քարավանապետերն են, վերաբնակեցված գերիները, բժշկված հիվանդները և ծովից փրկվածները: ՃԺԷ սաղմոսի մեջ նույնպես տեսնում ենք ծեսի ազդեցությունը, իսկ սաղմոսն անհատական գոհության աղոթքի ձևի մեջ արտահայտում է Իսրայելի երախտագիտությունն իր Փրկչի նկատմամբ:

ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ՍԱՂՄՈՍՆԵՐ

Նախորդ երկու մեծ խմբերում կան խրատական և ուսուցողական արժեքավոր նյութեր: Որոշ սաղմոսներ, սակայն, առանձնահատուկ ուսուցողական նշանակություն ունեն (տե՛ս ԾԹ 1-ի «ՈՒսանելու համար» խորագիրը): ՈՒսուցման եղանակը չի սահմանափակվում մեկ գրական սեռով. սաղմոսերգուները դիմում են բազմապիսի սեռերի, ինչպես, օրինակ՝ պատմական դաս, մարգարեների ոճին հատուկ քարոզ, ծիսական նախազգուշացում, իմաստուն խորհրդածություն բարոյականության շուրջ և այլն: Նրանք հետևում են իմաստուններին և օգտագործում առակներ ու գրական սեռեր, ինչպես՝ այբբենական հերթականությունը (ԼԶ, ՃԺԱ և ՃԺԸ), որը նպաստում է անգիր սովորելուն և գուցե ցույց տալիս, որ նրանք ասել են այն ամենը, ինչ կամենում էին ասել: Այս խմբի սաղմոսների միջև առկա աղերսները ճկուն են, ինչը դյուրացնում է դաստիարակչական նպատակին հասնելու գործընթացը:
Երեք սաղմոսներ (ՀԷ, ՃԴ և ՃԵ) սրբազան պատմության մանրամասնությունների մեջ են մտնում և արծարծում հետևյալ գլխավոր թեմաները. հայրերի ավանդությունը, ուր գերիշխում է խոստման ու կնքված ՈՒխտի (ՃԴ) հիշատակումը, հրաշքներով Եգիպտոսից դուրս գալը, անապատում դեգերելը, Սինա լեռան վրա Աստծու հայտնությունը, Ավետյաց երկիր մտնելը (ՀԷ, ՃԴ և ՃԵ): Սաղմոսերգուները չեն սահմանափակվում իրադարձությունների թվարկումով, այլ ի հայտ են բերում դրանց նշանակությունը, որոնք Աստծու փառքն են (ՀԷ 4, ՃԴ 1 և 5) և վկայում են Աստծու վստահելիության, հավատարմության, երկայնամտության և ողորմածության մասին: Անցյալին հառած այս հայացքը ենթադրում է գործնական մոտեցումներ, ինչպես «Երկրորդ օրինացի» պարագայում է:
Հետաքրքրությունն այս ուսուցման նկատմամբ ի հայտ է գալիս նաև որոշ ծիսակարգերում (ԺԴ, ԻԳ, ՃԼԳ, տե՛ս Ղ և ՂԴ): Սաղմոսերգուն օգտվում է առիթից, ինչպես սրբարանի դռանը հասնելիս (ԻԳ 7 և ՃԺԷ 20), որպեսզի հիշեցնի Տաճար մտնելու և Աստծու ներկայության առաջ կանգնելու անհրաժեշտ պայմանները:
Գոյություն ունեն մարգարեական խրատներ՝ «Երկրորդ Օրենք» գրքի (Ձ գլուխ) նմանությամբ՝ աստվածային խոստումներով ու սպառնալիքներով հագեցած (ԺԳ, ԽԹ, ԾԱ, ԾԲ, ՀԴ, Ձ և ՂԴ): Այս սաղմոսներն ընդգծում են ճշմարիտ բարեպաշտությունը և ՈՒխտի պահանջները, խստագույնս քննադատում անհավատությունն ու անբարոյականությունը (ԺԳ 51 և ՀԴ): ԽԹ սաղմոսը հանդիմանում է բարոյական պայմաններին չառնչվող զոհաբերություններին տարերային արդյունավետություն վերագրող ժողովրդական հավատալիքը: Տերը չէ մարդու, այլ մարդն է Տիրոջ պարտապանը:
Վերջապես, գոյություն ունի լիիրավորեն ուսուցողական կոչվելու արժանի սաղմոսների մի խումբ (Ա, ԼԶ, ԽԸ, ՀԳ, ՃԺԱ, ՃԺԸ, ՃԻԶ, ՃԼԲ, տե՛ս ՃԻԷ և ՃԼԹ): Այս բանաստեղծությունների արծարծած թեմաների շարքում օրենքի թեման առանձնահատուկ տեղ է գրավում (Ա և ՃԺԸ, տե՛ս ԺԸ 8-15): Եթե հավատացյալը սիրով հայի օրենքին, ապա այն անսպառ բարիքների աղբյուր կդառնա նրա համար: Սաղմոսերգուները անդադրում խոսում են արդարների երջանկության և չարերի կորստյան մասին՝ այսպիսով բարձրացնելով հատուցման խնդիրը: Նրանք տեսնում էին, որ իրականությունը միշտ չի համապատասխանում այս ավանդական ուսմունքին, քանի որ անհավատներին ուղեկցում էր հաջողությունը, իսկ արդարներին՝ անհաջողությունը: Եվ սա անհանգստացնում էր հավատացյալներին: Սաղմոսերգուները, որպես այս ամենի հետևանք, հուսահատված աղաղակում էին և հավատքի իսկական ճգնաժամ ապրում (ՀԲ): Սակայն փորձությունը դրդում և օգնում էր նրանց ճնշելու իրենց մտքերն ու զգացմունքները: Արդյո՞ք նրանք զգում էին, որ այս աշխարհում կորցրածը հանդերձյալ աշխարհում է հատուցվելու: Որոշ ոչ հստակ պնդումների մեջ մենք տեսնում ենք այս հատուցմանն առնչվող հույսերը (ԽԸ 16, ՀԲ 24, տե՛ս Ծննդ. Ե 24 և Դ Թագ. Բ 1-11):
(շարունակելի)
Տպագրության պատրաստեց
Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 4873

Մեկնաբանություններ