Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«ՄԵՆՔ ՉՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ՆՍՏԵԼ ՊԱՀԱԾՈՅԻ ՏՈՒՓԻ ՄԵՋ և ՉԱՌՆՉՎԵԼ ՈՉ ՄԵԿԻ ՀԵՏ»

«ՄԵՆՔ ՉՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ՆՍՏԵԼ ՊԱՀԱԾՈՅԻ ՏՈՒՓԻ ՄԵՋ և ՉԱՌՆՉՎԵԼ ՈՉ ՄԵԿԻ ՀԵՏ»
25.12.2009 | 00:00

«Իրավունք de facto» ակումբի հյուրն է «Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտի» տնօրեն, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ, ով լրատվամիջոցներին պարզաբանումներ ներկայացրեց հայ-թուրքական արձանագրություններին առնչվող հնարավոր զարգացումների շուրջ։
«Այն, ինչ տեղի է ունենում հայ-թուրքական հարաբերությունների գործընթացում, ես չեմ դիտարկում իբրև այդ գործընթացի դանդաղեցում։ Վավերացման համար հավանական այն ժամկետը, որն ինձ թվում էր իրատեսական, այսինքն` հաջորդ տարվա մարտ-ապրիլ ամիսները, կարծում եմ, մնում է օրակարգում»,- հայտարարեց Ալեքսանդր Իսկանդարյանը։ Ըստ նրա, Թուրքիայի գործադիր իշխանության համար սահմանագիծ է լինելու հաջորդ տարվա ապրիլի 24-ը, ուստի Անկարայի կողմից արձանագրությունների վավերացումն էլ համարում է իրատեսական, համենայն դեպս, չի կարծում, թե արձանագրությունների վավերացումը դրանից ավելի կձգձգվի և տեղի կունենա, ասենք, հաջորդ տարվա սեպտեմբերին կամ հոկտեմբերին։
Անդրադառնալով հարցադրմանը` արձանագրությունների վավերացումը կնշանակի հայկական կողմի հաղթանա՞կ, թե՞ պարտություն, «Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտի» տնօրենն առաջարկեց բևեռացված չդիտարկել երևույթը։ «Սկզբունքորեն չեմ կարծում, թե իրական քաղաքական հեռանկարում կարող են լինել իրավիճակներ, երբ մի կողմը միայն հաղթում է կամ միայն պարտվում։ Բացառությամբ, իհարկե, պատերազմների և դրանց արդյունքում տեղի ունեցող կապիտուլյացիաների։ Անկասկած, Հայաստանը կունենա ակնհայտ ձեռքբերումներ կոմունիկացիոն խնդիրներում, եվրոպական երկրների հետ կապ հաստատելու առումով, տնտեսական որոշակի առավելություններ և լավ դիրք միջազգային ասպարեզում։ Միաժամանակ պարզ է, որ կլինեն կամ կարող են լինել կորուստներ։ Եթե արձանագրությունները վավերացվեն և սահմանը բացվի, ապա, քանի որ Թուրքիան ավելի մեծ երկիր է, քան Հայաստանը, ոչ միայն իր բնակչությամբ, այլև տնտեսությամբ, կստեղծվի մի իրավիճակ, որում մենք հարկադրված կլինենք աշխատել տարբեր խնդիրների ուղղությամբ։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է շարունակենք նստել պահածոյի տուփի մեջ և ոչ մեկի հետ չառնչվել։ Եվ ոչ այն պատճառով, որ դա լավ է կամ վատ, այլ որովհետև այդպես շարունակվել ուղղակի չի կարող։ Թուրքական ապրանքները վաղուց արդեն մտնում են Հայաստան, նույնիսկ գոյություն ունի ներթափանցած թուրքական կապիտալ։ Իսկ դա նշանակում է, որ մենք հարկադրված ենք լինելու աշխատել բոլոր ուղղություններով»,- նշեց քաղաքագետը։
Նրա գնահատմամբ, եթե հայ-թուրքական հաշտեցման գործընթացը հասնի իր տրամաբանական ավարտին և առանց ղարաբաղյան հիմնախնդրում որևէ նախապայմանի բավարարման, դա ամրապնդելու է Հայաստանի դիրքերը տարածաշրջանում և թուլացնելու է Ադրբեջանին, ինչը Բաքվում էլ քաջ գիտակցում են։ Հայաստանի ղեկավարությունը վերջին հայտարարություններով հասկացնում է Անկարային, որ արձանագրությունների վավերացումը չի կարող անվերջ ձգվել և պետք է իր լուծմանը հանգի տրամաբանական ժամկետներում։ Ինչ վերաբերում է Վաշինգտոնում Թուրքիայի վարչապետի հնչեցրած կոշտ հայտարարություններին, Ալեքսանդր Իսկանդարյանը դա չի համարում Անկարայի դիրքորոշման իրական կոշտացում։ «Այդ հայտարարությունների դինամիկան միանգամայն հասկանալի է, բայց հռետորաբանության և դիրքորոշման կոշտացումը միմյանցից շատ տարբեր բաներ են։ Մենք չգիտենք, թե ինչպիսին է Էրդողանի իրական դիրքորոշումը, և ինչ է նա խոսել այնտեղ քաղաքական հռետորաբանությունից դուրս։ Հռետորաբանության կոշտացումն ընդամենը գործիք է` այս գործընթացի շրջանակներում արդյունավետ աշխատելու համար։ Արձանագրությունների նախաստորագրումից և ստորագրումից առաջ էլ կոշտ հռետորաբանության բռնկում տեղի ունեցավ։ Իմ կարծիքով, թուրքերը մտան գործընթացի մեջ` բոլոր հնարավոր հակազդեցությունները չհաշվարկելով, մասնավորապես, Ադրբեջանի արձագանքի առումով։ Նրանք չէին պատկերացնում, թե դա ինչ ծավալներ կունենա։ Հասկանալի է, որ ոչ ոք չի կարող հարյուր տոկոս վստահությամբ պնդել, թե Անկարան կվավերացնի արձանագրությունները։ Բայց դրա քաղաքական նպատակահարմարությունը կա, և հավանականությունը փոքր չէ։ Ես վավերացումը հնարավոր եմ համարում, մինչդեռ հաջորդ տարի ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման հավանականությունը, իմ կարծիքով, խիստ ցածր է»,- կանխատեսում է Ալեքսանդր Իսկանդարյանը։
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1284

Մեկնաբանություններ