Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՈՎ ՀԱՎԱՏՈՒՄ Է ԱՍՏԾՈՒՆ, ՆԱ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՎԱՏԱԼ ՀԱՐՍՏՈՒԹՅԱՆԸ

ՈՎ ՀԱՎԱՏՈՒՄ Է ԱՍՏԾՈՒՆ, ՆԱ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՎԱՏԱԼ ՀԱՐՍՏՈՒԹՅԱՆԸ
15.04.2011 | 00:00

Իվան ԻԼՅԻՆ
Գիտե՞ս, երբ դիտում եմ ժամանակակից կյանքը, հաճախ թվում է, թե մարդիկ չափազանց մեծ նշանակություն են տալիս ունեցվածքին և հարստությանը, թվում է, մեծ կարողությունը համազոր է մեծ երջանկության։ Ինչը բոլորովին էլ ճիշտ չէ։ Ով այդպես է կարծում և զգում, նա, հավանաբար, դժբախտ կապրի։ Այդպես մտածել հանգուցյալ պապիկիցս եմ սովորել։
Ամբողջ կյանքում նա ստիպված էր ապրուստ վաստակել. ինչն այնքան էլ հեշտ չէր նրա համար։ Բայց, չնայած դրան, նա աշխարհի ամենաերջանիկ մարդկանցից մեկն էր։ Դու կհարցնես` իսկ ինչպե՞ս էր հաջողվում նրան։ Նա դա կոչում էր «տիրելու արվեստ» կամ առատաձեռնություն։
Նա յոթերորդն էր իր ընտանիքում, ընդ որում, ամենակրտսերը։ Բոլորն էլ` տղա։ Ավագ եղբայրները խստասիրտ էին ու ագահ։ Նրանց ծնողները վաղ մահացան, և եղբայրները հայտարարեցին նրան. «Բարեհաճի՛ր ինքդ քեզ համար ապրուստ հայթայթել»։ Վիճել և հակաճառել նա չէր սիրում և սկսեց սովորել այն, ինչը հատկապես գրավում էր նրան` փորագրել փայտի վրա և ջութակ նվագել։ Փորագրել նա շատ շուտ սովորեց. նրա գործերը դուր էին գալիս մարդկանց։ Եվ նա բացատրում էր այսպես. «Ես հոգով եմ անում, սիրով, իսկ մարդիկ զգում են դա, չէ՞ որ նրանք բոլորն էլ կյանքում սեր են փնտրում, պարզապես սիրո սով են զգում, այդ պատճառով էլ նրանց դուր է գալիս»։
Մեկ տարի անց նա ոչ միայն ապրուստ էր վաստակում (կյանքն այն ժամանակ էժան էր), այլև վճարում էր ջութակի դասերի համար։ Եվ նա հեռանում է իր եղբայրներից ու սկսում ապրել անզավակ հորեղբոր մոտ։ Այնտեղ նրան շատ էին սիրում ու կոչում էին` «աղունիկս»։ Եվ նրա մեջ, իրոք, աղավնային ինչ-որ բան կար։ Իսկ կրթությունը նա ավելի ուշ լրացնում էր անհագ ընթերցանությամբ։
Դու հարցնում ես «տիրելու արվեստի» մասին։ Հիմա կպատմեմ։
«Լսի՛ր, տղաս,- ասաց նա ինձ մի անգամ,- գոյություն ունի իրերին տիրելու հատուկ արվեստ, և նրա մեջ է երկրային երջանկության գաղտնիքը։ Այստեղ գլխավորն այն է, որ կախված չլինես սեփական ունեցվածքից, երդում չտաս նրան։ ՈՒնեցվածքը պետք է ծառայի ու ենթարկվի մեզ։ Այն չպետք է հանդգնի մեզ հաղթել ու իշխել։ Երկուսից մեկը` կամ դու տիրում ես նրան, կամ էլ նա գլխիդ կնստի։ Իսկ նա շա՜տ խորամանկ է։ Հենց նկատեց, որ դու ծառայում ես նրան, իսկույն կսկսի տակը մտցնել և քամել։ ՈՒ այդ ժամանակ արի դիմացիր` կուլ կտա քեզ հոգով ու մարմնով։ Եվ այդ պահից քո վերջը կգա` նա կզբաղեցնի քո տեղն ու կդառնա քո տերը, իսկ դու կլինես նրա ճորտը։ Նա կդառնա գլխավորը քո կյանքում, իսկ դու կդառնաս նրա հավելուկը։ Ահա ամենակարևորը` մարդը պետք է ազատ լինի ոչ միայն մարդկանց ճնշումից, այլև ունեցվածքի ճնշումից։ Թե չէ ի՞նչ ազատություն է` մարդկանցից անկախ, բայց ունեցվածքի ստրուկ։ Ազատ մարդը պետք է լինի ազատ նաև հարստության մեջ։ Ես տնօրինում եմ, իմ ունեցվածքը հնազանդվում է։ Այդ ժամանակ ես իրոք տիրում եմ, քանզի իշխանությունն իմ ձեռքերում է։ Այստեղ չի կարելի վախենալ և դողդողալ։ Ով վախենում է սեփական հարստության համար, նա դողում է նրա առաջ` հանկարծ նա չհեռանա իրենից ու չգցի աղքատության մեջ։ Այդ ժամանակ ունեցվածքը, գիշերային արնախումի պես, կսկսի ծծել մարդուն, ստորացնել նրան ու միայն մահվան պահին կթողնի նրան հավիտյան։
ՈՒնեցվածքը տրվում է մեզ ոչ թե նրա համար, որ լափի մեր սերը և հյուծի մեր սիրտը, այլ ընդհակառակը, այն կոչված է ծառայելու մեր սրտին և արտահայտելու մեր սերը։ Հակառակ դեպքում այն կդառնա բեռ, կուռք, տաժանավայր։
Զուր չի Ավետարանում խոսվում մամոնայի մասին։ Ով հավատում է Աստծուն, նա չի կարող հավատալ հարստությանը, իսկ ով գոնե մի անգամ խոնարհվել է օտար կամ սեփական հարստության առջև, ապա ինքն էլ չի նկատի, թե ինչպես կսկսի ծառայել սատանային։
Այն նկատի չունեմ, թե վերացնեն կամ արգելեն որևէ ունեցվածք. դա կլիներ հիմարություն, անբնական և վնասակար։ Ասածս այն է, որ չվերացնելով ունեցվածքը, հաղթահարեն նրան և դառնան ազատ։ Այդ ազատությունը չի կարող գալ ուրիշ մարդկանցից. այն պետք է մարդն ինքը վերցնի և ազատի սեփական հոգին։ Եթե ես հեշտ եմ մտածում սեփական ունեցվածքի մասին, ուրեմն ես ազատ եմ։ Ես եմ որոշում ամեն մի իրի ճակատագիրը, և նրանք ենթարկվում են ինձ։ Իմ արժանապատվությունը չի սահմանվում իմ ունեցվածքով. իմ ճակատագիրը կախման մեջ չէ իմ տիրույթից, ես նրա համար շղթայակապ շուն չեմ ու ոչ էլ գիշերվա պահակ, ես մուրացկան չեմ, ով մի կոպեկ է աղաչում և թաքցնում այն կեղտոտ գուլպայի մեջ։ Ամոթ է դողալ սեփական իրերի վրա, առավել ամոթ է նախանձել ավելի հարուստներին։ Հարկավոր է ապրել բոլորովին այլ կերպ. որտեղ պետք է` ներել պարտքը, որտեղ սիրտը կխոսի` ուրախությամբ նվիրել, զոհաբերել ուրախությամբ, եղբայրաբար մոռանալ տոկոսների մասին։ Եվ գլխավորը` լսո՞ւմ ես, տղաս, երբեք չդողալ սեփական ունեցվածքի վրա. «Աստված տվեց, Աստված էլ վերցրեց, թո՛ղ օրհնյալ լինի Նրա կամքը»։ Ով դողում է սեփական հարստության վրա, նա ստորանում է, կորցնում է սեփական արժանապատվությունը, իսկ ցածրոգի մարդն ավելի լավ է ընդհանրապես հարստություն չունենա»։ «Խելացի գրքերում գրում են,- մի օր ասաց նա,- թե ունեցվածքը կուտակված աշխատանքն է։ Ըստ իս, և՛ աշխատանքը, և՛ ունեցվածքը ոգուց են և ոգու համար են։ Իսկ ոգին նախ և առաջ սեր է։ Այդ պատճառով իսկական մարդու ունեցվածքը սրտի պաշարն է և սիրո գործիքը։ Հարուստ մարդուն անհրաժեշտ է ունենալ մեծ սիրտ. այդ ժամանակ կարելի է համարել, որ նա վաստակել է իր հարստությունը։ Շատ փող և փոքր սիրտ` ուրեմն ծանր ճակատագիր և վատ ավարտ»։
Ինձ թվում է, որ իմ պապը մտածում և ապրում էր իսկական իմաստունի պես...
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1240

Մեկնաբանություններ