Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պետական բյուջեի պակասուրդն ու արտաքին վարկավորման խնդիրները

Պետական բյուջեի պակասուրդն ու արտաքին վարկավորման խնդիրները
05.06.2009 | 00:00

ՌԵՍՈՒՐՍ
Ազգային ժողովին կառավարության ներկայացրված Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, որն ընդունվեց ԱԺ արտահերթ նիստում, պարունակում է հստակ առաջարկ` 1997 թ. հունիսի 24-ին ընդունված օրենքի հոդված 12-ի 3-րդ մասի 5-րդ պարբերությունում «5 տոկոս» բառը փոխարինել «7,5 տոկոս» բառով:
Գաղտնիք չէ, որ սրանից 12 տարի առաջ Ազգային ժողովի ընդունած օրենքի այս դրույթը նպատակ էր հետապնդում ապահովել պետության ֆինանսաբյուջետային անվտանգությունը և զերծ պահել ֆինանսական հնարավոր ցնցումներից: Մասնավորապես, եկամուտների համեմատ ծախսերի ծավալները չեն կարող անվերջ աճել, և դրանք 5 տոկոսի սահմաններում ամրագրելն օրենքի ընդունումից հետո ընկած ժամանակահատվածում խաղաց իր որոշակի դերը: Ավելին, վերջին տարիներին ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը հիմնականում չի գերազանցել նույնիսկ 3 տոկոսի սահմանը, և այս միտումը կարող էր շարունակվել, եթե համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, ի թիվս այլ երկրների, չսասաներ նաև մեր տնտեսության կայուն զարգացման միտումը:
Ընդհանուր առմամբ ըմբռնելի է կառավարության մտահոգությունը` օրենքի շրջանակներում ապահովել պետական բյուջեի կատարումը` թույլ չտալով բյուջեի ծախսային մասի շեշտակի ավելացում, միաժամանակ ապահովելով սոցիալական ծախսերի ժամանակին հատկացումները: Միաժամանակ ցանկալի է, որ եկամուտների հանդեպ պետական բյուջեի ծախսերի գերազանցումը` դեֆիցիտը, օրենքի մեջ ֆիքսվի 7,5 տոկոս միմիայն ֆինանսական ճգնաժամի ներկայիս փուլում, և պետք է ակնկալել, որ տնտեսության զարգացման փուլ թևակոխելիս կառավարությունը հանդես կգա համանման նախաձեռնությամբ` բյուջեի թույլատրելի դեֆիցիտն ամրագրելով 5 տոկոսի սահմաններում:
Հայտնի է, որ ՀՀ պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման երկու աղբյուրներ կան` ներքին և արտաքին: Օրենքում մասնավորապես նշված է ընդհանուր առմամբ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտության մասին, սակայն չի հստակեցված, թե կառավարությունը որքան ֆինանսական ռեսուրսներ է պատրաստվում ներգրավել ներքին աղբյուրների և որքան` արտաքին աղբյուրների հաշվին: Ի վերջո, պետք է պարզել, թե դրանցից որն է ավելի նախընտրելին տվյալ փուլում երկրի տնտեսության համար: Վերջապես, ցանկալի է իրավիճակը կայունացնել ոչ միայն ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու հաշվին, այլև պետական բյուջեի եկամուտների ավելացման կամ առնվազն պահպանման հաշվին: Հասկանալի է, որ ֆինանսական ճգնաժամի պատճառով կրճատվել են բյուջեի հիմնական հարկատուների արտադրության ծավալները, անկում է ապրել տեղական արտադրությունն ընդհանրապես, և ավելացել են ներմուծման ծավալները: Մեր կարծիքով, կառավարությունը պետական բյուջեի պակասուրդի նվազեցման գործում պետք է նոր ելքեր որոնի ստվերային տնտեսության տեսակարար կշռի կրճատման ուղղությամբ:
Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ ներկայացված օրինագիծը ժամանակի թելադրանքն է, և, կոչ անելով գործընկերներիս դրական վերաբերմունք արտահայտել դրա նկատմամբ, միաժամանակ հույս եմ հայտնում, որ այն կծառայի օրինագծի հիմնավորման մեջ նշված նպատակին:
Հավելենք, որ արտահերթ նիստում Ազգային ժողովը վավերացրեց կառավարության առաջարկած «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետությանը վարկ տրամադրելու մասին» 2009-ի մայիսի 20-ին Մոսկվայում կնքված համաձայնագիրը: Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվում է 500 մլն ԱՄՆ դոլարի վարկ:
Թե՛ տնտեսական և թե՛ քաղաքական առումներով նման համաձայնագրերով երկիրը զարգացման համար լրացուցիչ միջոցներ է ձեռք բերում: Ըստ որում, վարկի տրամադրման պայմանները հնարավորություն են ընձեռում տրամադրել ոչ միայն կարճաժամկետ, այլև արտադրական նշանակության երկարաժամկետ և միջնաժամկետ վարկեր:
Ակնհայտ է, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ներկայիս փուլում գրեթե բոլոր երկրները ձգտում են ոչ միայն արդյունավետ օգտագործել սեփական ֆինանսական ռեսուրսները, այլև հնարավորության դեպքում նպաստավոր պայմաններով ներգրավել արտաքին ֆինանսական միջոցներ: Ակնհայտ է նաև, որ Ազգային ժողովին ՀՀ կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծն ու վավերացման ենթակա սույն համաձայնագիրը սերտորեն կապված են: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ ակնկալվում է Ռուսաստանի Դաշնության կողմից տրամադրվող վարկային ֆինանսական միջոցների մի մասն ուղղել ՀՀ պետական բյուջեի ակնկալվող պակասուրդի ֆինանսավորմանն այն չափով, որն անհրաժեշտ կլինի տարեվերջին: Այս առումով պակաս կարևոր չէ հաշվի առնել, որ ֆինանսական ճգնաժամի հետևանքները մեղմելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունն ակնկալում է նաև Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությունը, որն ընդհանուր առմամբ կկազմի ևս մեկ միլիարդ ԱՄՆ դոլարից ավելի գումար: Թե դրանց որ մասը կարող է օգտագործվել բյուջետային պակասուրդի ֆինանսավորման համար, դեռևս հստակ չէ:
Բացի պետական բյուջեի պակասուրդի արտաքին ֆինանսավորումից, Ռուսաստանի Դաշնությունից ստացվող ֆինանսական միջոցներով կառավարությունն արդեն սկսել է փոքր և միջին բիզնեսի գործունեության ֆինանսական աջակցությունը: Այս առումով կարևոր է պարզել, թե որքան է մտադիր կառավարությունը հատկացնել բիզնես ծրագրերի համար, և ինչ ծրագրեր են դրանք: Դրանից բացի, շատերի համար հստակ չէ, թե ինչ պայմաններով են հատկացվում վարկերը մասնավոր հատվածի ներկայացրած գործարար ծրագրերին, և որոնք են ծրագրերի ընտրության հիմնական չափորոշիչները: Ինչո՞ւ որոշ ընկերություններ դիմում և ստանում են վարկեր, իսկ մյուսները դիմում և չեն ստանում նման միջոցներ: Նկատենք, որ Ռուսաստանի Դաշնությունից ստացվող 500 մլն դոլարի վարկը արտոնյալ վարկերի շարքին դասել չի կարելի: Վարկային ռեսուրսները տրամադրվում են ԼԻԲՈՐ գումարած 3 տոկոս, իսկ ուշացումների դեպքում ՀՀ կառավարությունը պարտավորվում է վճարել ԼԻԲՈՐ գումարած 7 տոկոս: Ընդ որում, եթե ֆինանսատնտեսական ճգնաժամի ներկա փուլում ԼԻԲՈՐ տոկոսադրույքը չի գերազանցում 2 տոկոսը, ապա մեկ-երկու տարի անց այն կարող է վերադառնալ մինչև 7 տոկոս մակարդակի: Չմոռանանք, որ վարկը տրամադրվում է 15 տարի ժամկետով: Վերջապես, վավերացված համաձայնագրի 9-րդ հոդվածով կողմերը հաստատում են նախկին ԽՍՀՄ ռեզիդենտ-իրավաբանական անձանց հանդեպ «Վնեշէկոնոմբանկում» վերջիններիս հաշիվներին մինչև 1992-ի հունվարի 1-ը մուտքագրված արտարժութային միջոցների հետ կապված` նախկին ԽՍՀՄ ներքին պարտքի գծով փոխադարձ ֆինանսական պահանջների բացակայությունը:
Հիշյալ և այլ համաձայնագրերով ստացվող ֆինանսական միջոցները, մի կողմից, ավելացնում են երկրի արտաքին պարտավորությունները, մյուս կողմից, դրանց արդյունավետ օգտագործման պարագայում, կարող են էապես նպաստել ճգնաժամի բացասական հետևանքների մեղմացմանը, ինչպես նաև տնտեսության հնարավոր աշխուժացմանը:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 3760

Մեկնաբանություններ