Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«ՄԵԾ ԿԱՐԿԱՆԴԱԿՆ»ՈՒ ԳԱՅԼԻ ԱԽՈՐԺԱԿԸ

«ՄԵԾ ԿԱՐԿԱՆԴԱԿՆ»ՈՒ ԳԱՅԼԻ ԱԽՈՐԺԱԿԸ
25.05.2010 | 00:00

Ժամանակին Բենջամին Ֆրանկլինը նկատել է. «Մեծ կայսրությունը, մեծ կարկանդակի նման, ավելի հեշտ է եզրերից ուտել»։ Հավանաբար, լավ հասկանալով ինքնապահպանման այդ բանաձևը, բոլոր կայսրությունները` հռոմեականից մինչև խորհրդային, ոչ միայն առանձնակի ուշադրություն էին նվիրում ծայրամասերին, այլև հասկանում էին, որ կայսրությունը ոչ միայն մեծ շնորհ է, այլև մեծ պատասխանատվություն։ Սակայն այսրոպեական իրատեսության մեր դարում, տնտեսական շահն ի չիք է դարձնում մյուս բոլոր պատճառաբանությունները, առավել ևս, գաղափարախոսական, իսկ հազարամյակների ընթացքում կուտակված կայսերապետական փորձը դուրս է գալիս «իրական քաղաքականության» շրջանակներից։ Օրինակ, աշխարհի բոլոր լրատվամիջոցները չեն հոգնում կրկնելուց, որ Ռուսաստանը համառորեն ձգտում է հաջողությունների հասնել նախկին արբանյակներին իր ուղեծիրը ներքաշելու գործում։ Եվ եթե առաջ նա անհանգստացած էր իր աշխարհագրական «ազդեցության ոլորտի» նկատմամբ Արևմուտքի ոտնձգություններից, ապա հիմա, ինչպես թվում է, հաջողությամբ վերածնում է իր «կայսերապետական առաջնայնությունները»։ Այդուամենայնիվ, «ուռա-հայրենասիրական» հեծելազորային հարձակումներում ու հաջողություններում Մոսկվան լիովին մոռանում է «ծայրամասերի» և նրանց հանդեպ պատասխանատվության մասին աքսիոմը։ Համենայն դեպս, Կրեմլի ներկա քաղաքականության մեջ հստակ նկատվում է «գլխավոր գիծը». «ՈՒզում ենք կայսրությունը վերականգնել, բայց պատասխանատվություն կրել նրա ծայրամասերի հանդեպ, առավել ևս` տնտեսական, ոչ ոք ցանկություն չունի և ո՛չ էլ միջոց»։ Այսինքն, «բարեկամությունը` բարեկամություն, իսկ թութունը, այսինքն` փողը` ջոկ»։ Եվ մտածողության հենց այսպիսի ուղղվածությունը, չնայած բոլոր հայտարարություններին ու կարգախոսներին, գերակշռող է ու կայուն։ Բայց մերկախոս չլինենք և դիմենք փաստերին։
Այսպես, Ղրղզստանում և ՈՒկրաինայում, թվում է, հաջող գործողություններից հետո, նոր ռուսական կայսրության շրջանակներում «հող ձեռք գցելու» կամ, եթե կուզեք, նոր միություն ստեղծելու գործընթացը շատերին սկսեց թվալ թե՛ ճակատագրական, թե՛ անշրջելի։ Սակայն աշխարհաքաղաքական մրցակցության ներկա իրավիճակում «մոլորյալ որդիներին» նորից իր գիրկը վերադառնալ ստիպելը մի խնդիր է, նրանց այնտեղ պահելը` մեկ այլ, շատ ավելի բարդ խնդիր։ Եվ դա, ակնհայտորեն, դրսևորվեց նախկին ԽՍՀՄ երկրներում տնտեսական ինտեգրացիոն նախագծերի շուրջը տեղի ունեցող վերջին իրադարձություններում։ Ինչպես օրերս հայտարարեց Վլադիմիր Պուտինը` «Բելառուսի, Ռուսաստանի ու Ղազախստանի մաքսային միությունը չի կարող հուլիսի 1-ից լիարժեք գործել»։ Հիշեցնենք, որ մաքսային միության և միասնական տնտեսական տարածքի ստեղծման պայմանագիրը ստորագրվել էր 1999-ի փետրվարի 26-ին, իսկ այս տարվանից Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը պետք է, փաստորեն, դառնային միասնական մաքսային տարածք։ Սակայն այժմ արդեն պարզ է, որ նախատեսված ժամկետները չհիմնավորված լավատեսական են, որ այսօրվա դրությամբ կան մի շարք չհամաձայնեցված հարցեր, որոնց կարգավորումը «փոխզիջում է պահանջում յուրաքանչյուր մասնակցից»։ Ավելին, միասնական մաքսային օրենսգրքի ընդունման համար պետք է նախապատրաստել պայմանագրերի 18 նախագիծ, որոնցից առայժմ հավանության են արժանացել ընդամենը ութը, և նախատեսված ժամկետներում, ըստ երևույթին, ողջ ցանկությամբ հանդերձ, չի հաջողվի ավարտել դրանք։ Ինչպես հայտնի է դարձել, կողմերն առայժմ չեն կարողանում համաձայնեցնել «տնտեսական փոխգործակցության առանձին չափանիշների հետ կապված» մի շարք հարցեր։ Ռուսաստանի վարչապետը` մաքսային միության գլխավոր նախաձեռնողն ու «տերը», հայտարարել է, որ դրանք «միանգամայն կոնկրետ բնույթ են կրում» և պայմանավորված են «տնտեսության բոլոր ճյուղերի տնտեսական ինքնազգացողությամբ»։ Ընդ որում, նրա կարծիքով, անհրաժեշտ է «արագացնել միասնական տնտեսական տարածքի ստեղծման հետ կապված հարցերի լուծումը»։ Այդուամենայնիվ, բարդությունները ոչ միայն նշանակալի են, այլև, ամենայն հավանականությամբ, դժվար հաղթահարելի։
Ինչպես հայտնի է, մաքսային միության վերաբերյալ նախնական պայմանավորվածությունների համաձայն, ապրանքները մասնակից պետություններում պետք է ունենան միասնական մաքսային անցակարգ, և երկրներից մեկում ձևակերպելուց հետո դրանց համար երաշխավորվում է ազատ շրջանառություն բոլոր երեք պետություններում։
Դրա հետ մեկտեղ, եռակողմ ձևաչափի մասնակիցները մինչև հիմա դժվարությունների ու հակասությունների են հանդիպում։ Նախագահ Լուկաշենկոն, օրինակ, Մոսկվային շարունակ մեղադրում է պայմանավորվածություններից նահանջելու մեջ և հայտարարում, որ առանձին ապրանքախմբերի վերաբերյալ հատուկ կանոններով մաքսային միությունը «Բելառուսին պետք չէ»։ Ընդ որում, նա ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ Ռուսաստանն իր կարծիքը գործընկերների վզին է փաթաթում առանց նրանց հետ խորհրդակցելու։ Մի ամբողջ շարք տարակարծություններ ունի նաև Ղազախստանը, մասնավորապես, այնտեղ ընդլայնվում է մաքսային միության հասարակական մերժումը, շատ է խոսվում ազգային միջին բիզնեսի և առևտրի համար նրա վնասակարության մասին։ Նկատենք ևս մեկ շատ առանձնահատուկ հանգամանք. ինչպես հայտնի է, Մոսկվան վաղուց ու հաջողությամբ առևտրային փոխհարաբերություններն օգտագործում է որպես «քաղաքական մահակ»` աշխարհաքաղաքական բնույթի այս կամ այն խնդիրը լուծելու համար։ Այս առումով, նույն Կրեմլի համար միասնական մաքսային տարածությունը կարող է վերածվել «ահավոր երազի»։ Չէ՞ որ Բելառուսի ու Ղազախստանի տարածքում արգելված չեն ո՛չ վրացական, ո՛չ մոլդովական գինիները, ո՛չ «Բորժոմը», ո՛չ էլ անգամ ամերիկյան թռչնամիսը, և, դատելով ըստ ամենայնի, այնտեղ թե՛ իշխանությունները, թե՛ սպառողները միանգամայն գոհ են ազատ առևտրի այդ դրսևորումից։ Այստեղ ռուսական իշխանություններն ինչպե՞ս պիտի որոշեն առաջնային ուղղությունները։ Հարցը, անշուշտ, բարդ է։ Ի դեպ, Պուտինն էլ թվարկեց մաքսային միության, իր կարծիքով, հիմնական հակասությունները։ Այսպես, Ղազախստանի համար, նրա ասելով, դա ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների ծավալն է, Ռուսաստանի համար` ավտոարդյունաբերության խնդիրը, Բելառուսի համար` արտահանման մաքսատուրքերը։ Ընդ որում, ռուսներն անդրդվելի համառությամբ շրջանցում են հիմնական «փորձաքարերը»` էներգետիկան ու հովանավորչությունը։ Մինչդեռ այդ հարցերը ոչ միայն հիմնարար են, այլև ծայրաստիճան ցավոտ։ Ինչպես հայտնի է, արդեն մի քանի տարի Մոսկվան, իր արտադրողների շահերին համապատասխան (ճգնաժամի պայմաններում դա առանձնապես զգալի է դարձել), խոչընդոտներ է հարուցում ռուսական շուկա բելառուսական գյուղմթերքների թափանցման ճանապարհին։ Մինսկի համար է՛լ ավելի «ահավոր» է գազի տուրքերի ու գների հարցը։ Եվ այստեղ, ինչպես միշտ Ռուսաստանի նորագույն պատմության մեջ, էներգետիկ համալիրի շահերն ամեն տեսակի ինտեգրացիոն նախագծերից ու «ընդհանրության» գաղափարախոսություններից բարձր են դասվում։ Այսպես, բառացիորեն այս օրերին հայտնի է դարձել, որ եթե «Բելտրանսգազը» ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ստացած ռուսական գազի դիմաց ունեցած պարտքը չմարի, ապա «Գազպրոմը» սահմանափակումներ ու պատժամիջոցներ կկիրառի։ Պարզվում է, այն բանից հետո, երբ գազի գներն այս տարի Բելառուսի համար զգալիորեն բարձրացրին, «կամակոր Լուկաշենկոն» որոշեց «ռազմավարական գործընկերոջը» վճարել նախընթաց տարվա գներով։ Դա զայրացրեց Մոսկվային ու առիթ տվեց հայտարարելու ընթացիկ տարվա առաջին եռամսյակի 137 մլն դոլար պարտքի մասին, և որ, եթե այդ միտումը շարունակվի, ապա մինչև տարեվերջ բելառուսական կողմի պարտքը կհասնի մոտ 500 մլն դոլարի։ Ահա այսպիսի ինտեգրացում կրեմլյան նորմերով։ Ավելին, այնտեղ մտադիր են մինչև 2012 թվականը, չնայած միասնական մաքսային տարածքի ստեղծմանը, պահպանել Բելառուս մատակարարվող նավթի արտահանական տուրքերը։ Ընդ որում, Ռուսաստանի վարչապետը նշում է, որ «դա լուրջ հարց է, և դրանում չպետք է շտապողականություն լինի»։ Նա գործընկերներին «մխիթարել» է և հայտարարել, թե նրանց հանդեպ «Ռուսաստանը պլանաչափորեն կհանի աշխատուժի ազատ շարժի ճանապարհին եղած խոչընդոտները»։ Սակայն նկատենք, որ Բելառուսի ու Ղազախստանի քաղաքացիները զբաղեցնում են օտարերկրյա աշխատուժի ռուսական շուկայի մի փոքր մասը, իսկ ինչ վերաբերում է ԱՊՀ մյուս գործընկերներին, որտեղից ներգաղթյալների թիվը շատ ավելի մեծ է, ապա Պուտինը նրանց կանոնների մեղմացում չխոստացավ։ Ընդհակառակը, նա հայտարարեց. «Մենք դարձյալ չափազանց զգուշորեն կմոտենանք օտարերկրյա աշխատուժի ներգրավմանը» և խնդրեց «ըմբռնումով մոտենալ դրան»։
Բավականաչափ սկանդալային է նաև Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) անդամակցության հարցը։ Նախկինում հայտարարվում էր, թե Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանն ավարտում են միասնական մաքսային տարածքի ձևավորումն ու դադարեցնում ԱՀԿ-ին անդամակցության ինքնուրույն բանակցությունները։ Իսկ ա՞յժմ։ Տպավորություն է ստեղծվում, թե Ռուսաստանի ղեկավարությունը պատրաստ է հրաժարվելու «նախկին խորհրդային տարածքի վերաինտեգրման ռազմավարական կուրսից», որպեսզի իրացնի իր վաղեմի մտադրությունը։ Այսպես, ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը Վաշինգտոնում, ուր մեկնել է ԱՀԿ վերաբերյալ բանակցությունների հերթական փուլին մասնակցելու, հայտարարել է, որ Ռուսաստանն այդ կազմակերպությանն անդամակցելու գործընթացը կշարունակի ինքնուրույն և ո՛չ մաքսային միության շրջանակներում։ Ավելին, Մոսկվան հույս ունի տարեվերջին ավարտել այդ հոգնեցուցիչ 16-ամյա մարաթոնը։ Եվ դա դեռ ոչինչ, եթե ԱՀԿ-ին անդամակցությունն ուղղակիորեն չհակասեր մաքսային միության նորմերին։ (Հենց այդ բանը դարձավ «եռյակ միությանը» միանալուց ՈՒկրաինայի հրաժարման եթե ոչ պատճառը, ապա առիթը)։ Ստացվում է` իրատես Կրեմլը միանգամայն կարող է վերստին կողմնորոշվել առաջնային ուղղությունների հարցում և «քցել» իր ռազմավարական գործընկերներին ու դաշնակիցներին։ Այդ ամենով հանդերձ, Պուտինը, առանց դույզն-ինչ կասկածի նշույլի, Եվրասիական տնտեսական համագործակցության (ԵվրԱզԷս) նիստում այն կարծիքը հայտնեց, թե մաքսային միությունը «ընդունում է զուտ տնտեսական ձևաչափ և դառնում նոր աշխարհաքաղաքական իրողություն»։ Ավելին, նա հայտարարեց` «որքան ես գիտեմ, չկա ԵվրԱզԷս-ի ոչ մի անդամ, որը չցանկանար միանալ մաքսային միությանը»։ Դեռևս այս խարխուլ և հակասական համատեքստում ի՞նչ տեսք ունեն Հայաստանի հայտարարությունները մաքսային միությանը հնարավոր միավորման մասին։ Չէ՞ որ, բացի նույն «չարագուշակ» ԱՀԿ-ից, որի անդամ է վաղուց Հայաստանը, մեր երկիրը ոչ մի ընդհանուր սահման չունի մասնակից երկրների հետ։ Իսկ որպես կանոն, ամբողջ համաշխարհային պրակտիկայում ստեղծված բոլոր տնտեսական ու մաքսային միությունները համագործակցության պատրաստ հարևանների միավորումներ են։ Բացի այդ, եթե այդ խոսակցությունները տուրք չեն քարոզչությանը, ապա ի՞նչ կարիք կա շտապելու, երբ դեռևս պարզ չէ, թե ինչ է սպասվում ճանապարհի վերջում։ Առավել ևս, որ արդեն նշված, մեղմ ասած, «բարդություններում» հստակորեն նկատվում է միտումը` առանձին գոյության քսան տարվա ընթացքում «ինտեգրացման դրոշակակիր» բոլոր երեք երկրները սովորել են ապրել ինքնուրույն, հասել են որոշակի կարգավիճակի և իրենց օգտապաշտական ու անձնական շահերի գիտակցմանը։ ՈՒ թեև Ռուսաստանի ղեկավարությունը կարծում է, թե ինքն ամեն ինչ կարող է, որ ուժն է որոշում ամեն ինչ, դրա համար էլ չեն ուզում համաձայնության գալ, այլ երկրների ղեկավարներին չեն դիտարկում որպես հավասար գործընկերներ, միշտ չէ, որ արդյունքն սպասված է լինում։ Ինտեգրացումը վարկավորելու «հավես» այնքան էլ չկա, իսկ Կրեմլի մյուս տնտեսական «համոզմունքները» միշտ չէ, որ արդյունավետ են։ Ակնհայտ է նաև մեկ այլ բան. մաքսային միությունը կազմավորվում է կամավոր սկզբունքներով, սեղմ «հարվածային» ժամկետներում. Եվրոպային ավելի քան 30 տարի պահանջվեց այն տեսքով միասնական մաքսային տարածք ստեղծելու համար, որում այն այսօր գոյություն ունի։ Պետք է առանձնահատուկ ընդգծել, որ Եվրոպական միության, մաքսային և վալյուտային միության անդամ պետություններն ամենևին չեն կորցրել իրենց ինքնիշխանությունը։ Բացի այդ, միությունը ստեղծվել է հին և ձևավորված ավանդույթի համաձայն, ինչպես ասում են, «վերևից», առանց հանրության շրջանում այդ նախաձեռնության նախնական ու հանգամանալից քննարկման։ Եվ հիմա հանրությունը բոլոր երկրներում հարց է տալիս իշխանությանը. «իսկ մեր ինչի՞ն է պետք այդ միությունը, եթե նրա պատճառով բարձրանում են գները»։ Եվ, իրոք, ի՞նչ երաշխիք կա, որ հենց այդպիսի ինտեգրացումն է հարստության ու բարգավաճման ամենաուղիղ ճանապարհը։ Չէ՞ որ նման բան այդ տարածքում արդեն նախկինում եղել է, և հազիվ թե դա հնարավոր լինի իդեալական տնտեսական մոդել համարել։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1172

Մեկնաբանություններ