Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դիրքերի վերականգնման որոնումներում

Դիրքերի վերականգնման որոնումներում
16.09.2008 | 00:00

«ՓԱԿԱՆՆԵՐ»
Ռուս-վրացական պատերազմից հետո իրադարձությունների զարգացումը ցույց է տալիս, որ ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում հիմնավորապես խախտված է։ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը Մոսկվայի կողմից ստեղծել է բոլորովին նոր իրավիճակ, և, ըստ այդմ, ռուսական քաղաքական և հատկապես փորձագիտական շրջանակներում ինտենսիվ քննարկումներ են ընթանում տարածաշրջանի երկրների հետ հետագա հարաբերությունների կառուցման հնարավոր մոդելների շուրջ։ Ռուսաստանյան քաղաքական դաշտի, վերլուծական շրջանակների ներկայացուցիչների ելույթներում և մամուլում ներկայացված տեսակետներում ուրվագծվում են տարածաշրջանում Ռուսաստանի դերակատարության վերականգնման մի քանի կոնցեպցիաներ, որոնք պարունակում են ինչպես ԱՄՆ-ի հետ հակադրության հետագա խորացման, այնպես էլ հնարավոր համաձայնությունների ձևավորման սցենարներ։
Բոլոր դեպքերում ակնհայտ է մեկ հանգամանք. Մոսկվայում չեն համարում, թե վերջնականապես կորցրել են Վրաստանի վրա ազդեցության լծակներն ու հնարավորությունները։ Տարածված է այն տեսակետը, թե Վրաստանն ինքնուրույն պետություն չէ և ռուսական ազդեցության գոտում կարող է հայտնվել, եթե կայացվեն համապատասխան պայմանավորվածություններ Վաշինգտոնի հետ։ Այս մոտեցման ջատագով հանդիսացող փորձագետները (Վ. Տրետյակով, Ս. Մարկեդոնով և այլք) համարում են, որ վրաց-ռուսական հակամարտությանն ակտիվորեն միջամտելու ԱՄՆ-ի և Եվրամիության վճռականությունը պայմանավորված էր բացառապես Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Սուփսա նավթամուղների և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի անխափան գործունեությունն ապահովելու մտահոգությամբ։ Ըստ այդմ, շրջանառվում է տեսակետ, որ եթե Մոսկվան Վաշինգտոնին և Բրյուսելին հստակ երաշխիքներ տա, թե էներգետիկ հոսքերն անխափան կգործեն, ապա միանգամայն հնարավոր է փոխադարձաբար ձեռնտու պայմանավորվածությունների ձևավորումը։ Մասնավորապես այն համատեքստում, որ տարածաշրջանի անվտանգության հարցերը լուծում է Ռուսաստանը, իսկ Արևմուտքն իրեն առանձնապես հետաքրքրող նավթա-գազային ծրագրերն անխափան իրագործելու ազատություն է ստանում։ Հարկ է նշել, որ սա նոր կոնցեպցիա չէ, այն շրջանառության մեջ է եղել նաև վերջին տարիներին, սակայն չի արժանացել արևմտյան տերությունների հավանությանը։ Մասնավորապես այն պատճառով, որ Արևմուտքում համարում են, թե նման պայմանավորվածությունները, ի վերջո, կրկին կհանգեցնեն Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ռուսական ազդեցության ամբողջական վերականգնման, որի արդյունքում արևմտյան ներդրումների հաշվին կառուցված այլընտրանքային էներգետիկ հոսքերի «փականները» կրկին կհայտնվեն ռուսական վերահսկողության ներքո, ինչը հնարավորություն կտա Մոսկվային, ցանկության դեպքում, քաղաքական նպատակներով դիմել էներգետիկ շանտաժի։ Մինչդեռ վերոհիշյալ էներգետիկ ծրագրերն Արևմուտքն իրագործել է և դրանք ընդլայնելու մտադրություն ունի հենց ռուսական ազդեցությունը բացառելու համար։ Եվ, այնուհանդերձ, չի բացառվում, որ վրացական վերջին իրադարձություններից հետո, երբ Մոսկվան ցույց տվեց, թե իրեն հարմար պահի այս կամ այն պատրվակով կարող է դիմել ուժային գործողությունների, Ռուսաստան-Արևմուտք համաձայնությունը կայանա, և տեղի ունենա գործառույթների բաժանում։ Երբ Մոսկվան կստանձնի տարածաշրջանային անվտանգության երաշխավորի ֆունկցիաները, Արևմուտքը կստանա էներգետիկ ոլորտում բոլոր ծրագրերի իրագործման լիարժեք ազատություն, իսկ այդ պայմանավորվածության գինը կլինի նախկին ԽՍՀՄ հանրապետություններին ՆԱՏՕ-ի կազմ հրավիրելու գործընթացի դադարեցումը։ Այսպիսի զարգացման պարագայում Վրաստանում իշխանափոխությունը միանգամայն հավանական է՝ Մոսկվայի և Արևմուտքի համար փոխզիջումային քաղաքական ֆիգուրի՝ նախագահի պաշտոնում «նշանակելու» տարբերակով։ Հայաստանն ու Ադրբեջանը տվյալ պարագայում արտաքին քաղաքականության ոլորտում կտրուկ սրբագրումներ անելու անհրաժեշտություն չեն ունենա, քանզի դա կնշանակի տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վերականգնում, որի դրսևորումներից մեկը կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության շարունակումը և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա պրոցեսի պահպանումը։
Սակայն Վրաստանի հետ հարաբերությունների դիտարկման առումով Ռուսաստանում սկսում է ձևավորվել նաև այլ մոտեցում։ Վերլուծաբանների մեկ այլ խումբ (Մ. Լեոնտև, Ս. Կուրղինյան և այլք) համարում է, որ այժմ Մոսկվա-Արևմուտք հարաբերությունները կզարգանան կտրուկ հակադրության սառըպատերազմյան սցենարով։ Եվ, ըստ այդմ, Ռուսաստանը հարկադրված կլինի նոր ԽՍՀՄ-ի ձևավորման ուղղությամբ կտրուկ քայլեր ձեռնարկել, ու այդ քայլերն առաջին հերթին կբնորոշվեն Վրաստանում նոր անջատական շարժումների հրահրմամբ (Մեգրելիա, Սվանեթիա, Ջավախք)։ Այս տեսակետի կողմնակիցների կարծիքով, նույն համատեքստում հնարավոր է հրահրվի ՈՒկրաինայի մասնատման գործընթաց, եթե չհաջողվի Յանուկովիչ-Տիմոշենկո նոր ձևավորվող տանդեմի միջոցով Վիկտոր Յուշչենկոյին հեռացնել իշխանությունից։ Այս կոնցեպցիայի զարգացման դեպքում էլ Արևմուտք-Ռուսաստան հիմնական հակադրությունը կկենտրոնանա Վրաստանի վրա, և Մոսկվան կաշխատի Ադրբեջանի ու Հայաստանի միջև հավասարակշռություն պահել՝ մինչև Վրաստանում և ՈՒկրաինայում «հարցերի հիմնավոր լուծումը», հետագայում արդեն Երևանին ու Բաքվին կառաջարկվի ինտեգրացիայի նոր մոդել, եթե Թբիլիսին և Կիևը հարկադրված լինեն ընդունելու ռուսական գերիշխանությունը։ Այս մոդելը, փաստորեն, չի ենթադրում Իրանի և Թուրքիայի ակտիվ ներգրավում տարածաշրջանային գործընթացներում։ Այսինքն՝ Մոսկվան գործելու է բացառապես սեփական ուժերով, համարելով, որ նույնիսկ Թեհրանի ու Անկարայի հետ չկա շահերի համընկնման այն աստիճանը, որպեսզի նրանք դառնան առանցքային դաշնակիցներ Արևմուտքի հետ սկսված խաղում։
Ռուսական փորձագետների երրորդ խումբը, սակայն, կարծում է, որ Ռուսաստանն այսօր չունի բավարար ուժեր Արևմուտքի հետ միայնակ հակադրության մեջ մտնելու համար և հարկադրված է լինելու հարավկովկասյան քաղաքականության մեջ օգտագործել մասնավորապես Իրանի գործոնը։ Այս մոդելի կողմնակիցները (Ս. Մարկով, Ա. Միտրոֆանով և այլք) համարում են, որ հարավկովկասյան քաղաքականության մեջ Մոսկվայի համար անցել են հավասարակշռություն պահելու ժամանակները։ Վրաստանը կորսված է, և նրան հետ բերելու ու խելոքացնելու համար Ռուսաստանն իբրև առանցքային դաշնակից պետք է հենվի Ադրբեջանի վրա՝ Իրանի միջոցով չեզոքացնելով դեպի Անկարա Բաքվի ձգտումները։ Այս մոդելը ենթադրում է Մոսկվայի շահերի տեսանկյունից Ադրբեջանին առավել մեծ դերակատարության վերապահում։ Հենց այս համատեքստում է շոշափվում ղարաբաղյան հակամարտության «կարգավորման» այն տարբերակը, թե առաջիկայում Մոսկվան փորձելու է հասնել նրան, որ Բաքուն և Երևանը միաժամանակ հրաժարվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատով բանակցային գործընթացը շարունակելու մտադրությունից։ Հակամարտության կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դուրս մղվելու դեպքում Ռուսաստանը կստանձնի այս հարցում միանձնյա միջնորդի գործառույթներ և հանրագումարում հնարավոր է հետևյալ պայմանավորվածությունների ձևավորումը. Ադրբեջանը հրաժարվում է արևմտյան և թուրքական կողմնորոշումներից ու ընդունում Ռուսաստանի գերիշխանությունը, միաժամանակ թույլատրելով ռուսական զորքերի մուտքն իր տարածք՝ իբրև ղարաբաղյան հակամարտության շփման գծում տեղակայվող խաղաղապահ զորակազմ։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ հիշյալ սցենարը ենթադրում է, թե մինչ այդ Մոսկվան կհարկադրի Երևանին` համաձայնել Ադրբեջանին վերադարձնել ազատագրված տարածքների մեծ մասը, այնպես որ ռուսական խաղաղապահ զորակազմը տեղակայվի նախկին ԼՂԻՄ սահմանների երկայնքով՝ ներառյալ Լաչինը և գուցե Քելբաջարի մի մասը։ Ամենայն հավանականությամբ, այս սցենարի իրագործման ձգտումը բավական իրական է, եթե նկատի ունենանք, որ Հայաստանը վերջին ժամանակներս ավելի ու ավելի է շեշտադրում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները շարունակելու իր վճռականությունը։ Եվ եթե Մոսկվայում փորձեն գնալ այս սցենարի իրագործման ճանապարհով, բոլորովին չի բացառվում, որ, Վրաստանից բացի, նաև Հայաստանը հայտնվի արևմտյան ազդեցության դաշտում։
Ի դեպ, նույնը կարող է տեղի ունենալ, եթե Ռուսաստանը փորձի իրագործել այսօր դարձյալ շրջանառվող և այնքան էլ անհավանական չթվացող չորրորդ և Հայաստանի համար ամենավտանգավոր սցենարը։ Այն է՝ ռուս-թուրքական դաշինք ընդդեմ արևմտյան ազդեցության ծավալման։ Ըստ որում, դա ենթադրում է Մոսկվայի կողմից Անկարայի պանթուրքիստական ձգտումների որոշակի բավարարում։ Այս պարագայում ակնհայտ է, որ եթե տարածաշրջանում ընդդեմ Եվրամիության և ԱՄՆ-ի ձևավորվի ռուս-թուրքական դաշինք, Հայաստանը, ամենայն հավանականությամբ, կկանգնի Ղարաբաղից և ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու պարտադրանքի առջև։ Բայց քանի որ իրադարձությունների նման զարգացումը լրջագույն սպառնալիք է դառնալու նաև Վրաստանի համար և խիստ անցանկալի է Իրանին, բոլորովին չի բացառվում, որ Արևմուտքը կսկսի ջանքեր գործադրել Վրաստան-Հայաստան-Իրան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ, մանավանդ որ այս երեք երկրները, հաջորդաբար սահմանակից լինելով, կդառնան լիարժեք առանցք ընդդեմ Մոսկվա-Բաքու-Անկարա հնարավոր ալյանսի։
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2775

Մեկնաբանություններ