Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«ՉԵՔ ԿԱՐՈՂ ԵՎ՛ ԱՍՏԾՈՒՆ ԾԱՌԱՅԵԼ, ԵՎ՛ ՄԱՄՈՆԱՅԻՆ»

«ՉԵՔ ԿԱՐՈՂ ԵՎ՛ ԱՍՏԾՈՒՆ ԾԱՌԱՅԵԼ, ԵՎ՛ ՄԱՄՈՆԱՅԻՆ»
25.03.2011 | 00:00

«Քիչ բանի մեջ հավատարիմը շատի մեջ էլ հավատարիմ է, իսկ քչի մեջ անիրավը շատի մեջ էլ անիրավ է: Արդ, եթե անիրավ մամոնայի մեջ հավատարիմ չեղաք, ձեզ ո՞վ կվստահի ճշմարիտը: Եվ եթե օտարինը եղող բանի մեջ հավատարիմ չեղաք, ձերը ո՞վ կտա ձեզ: Ոչ մի ծառա երկու տիրոջ ծառայել չի կարող. որովհետև, եթե մեկին ատի, մյուսին կսիրի. կամ եթե մեկին մեծարի, մյուսին էլ կարհամարհի: Չեք կարող և՛ Աստծուն ծառայել, և՛ մամոնային» (Հիսուս):
Այս մեջբերումս ընդհանրական հետևությունն էր «Անիրավ տնտեսի» առակի, որ պատմեց Աստված ու Տերը մեր` Հիսուս Քրիստոս: Մեջբերենք այդ ուսուցողական առակը.
«Եվ Հիսուս իր աշակերտներին ասաց. «Մի մեծահարուստ մարդ կար, որ մի տնտես ուներ. և նրա մասին ամբաստանություն եղավ, որպես թե վատնում է իր տիրոջ ունեցվածքը: Տերը կանչեց նրան և ասաց. «Այս ի՞նչ եմ լսում քո մասին. տո՛ւր քո տնտեսության հաշիվը, որովհետև այլևս տնտես լինել չես կարող»: Տնտեսը իր մտքում ասաց. «Ի՞նչ պետք է անեմ, քանի որ իմ տերը տնտեսությունս ինձնից վերցնում է. հողի վրա աշխատել չեմ կարող, մուրալ ամաչում եմ: Գիտեմ, թե ինչ պիտի անեմ, որպեսզի, երբ տնտեսությունիցս հեռացվեմ, ընդունեն ինձ իրենց տները»: Եվ իր տիրոջ պարտապաններից յուրաքանչյուրին մեկ առ մեկ իր մոտ կանչելով՝ առաջինին ասում է՝ «Իմ տիրոջը ինչքա՞ն պարտք ունես»: Եվ սա ասում է՝ «Հարյուր տակառիկ ձեթ». և տնտեսը նրան ասում է՝ «Ա՛ռ քո մուրհակը և նստի՛ր ու անմիջապես գրի՛ր՝ հիսուն»: Ապա դարձյալ մյուսին ասում է՝ «Դու ինչքա՞ն պարտք ունես», և սա ասաց՝ «Հինգ հարյուր պարկ ցորեն»: Տնտեսը նրան ասաց՝ «Ա՛ռ քո մուրհակը և նստի՛ր ու գրի՛ր՝ չորս հարյուր»: Եվ տերը գովեց անիրավ տնտեսին, որովհետև հնարամտությամբ գործեց, քանի որ այս աշխարհի որդիները ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները իրենց սերնդի մեջ...»:
Ավետարանի ամենախորհրդավոր առակներից մեկն է, որի մեջ մարդկայնորեն թվում է, թե հակասականություն կա: Որովհետև տնտեսն անիրավ է, բայց տերը նրան գովեց, նրա ճարպկությունը տեսնելով, թե` իմաստությամբ վարվեց` իր ունեցած ժամանակավոր իշխանությամբ պարտք ունեցողների պարտքերը` տիրոջ հաշվին կրճատելով, որպեսզի, երբ տերն աշխատանքից դուրս անի, պարտք ունեցողներն այդ անիրավին հյուրընկալեն իրենց տներում, և տերն ահա գովեց տնտեսի իմաստությունը: Այսինքն, քանի ձեռքին իշխանություն ուներ` իր վաղվա օրվա համար հոգ տարավ, որ փողոցում չհայտնվի: Բայց հաճախ լսում ենք աշխարհի մեծահարուստների մասին, ովքեր իրենց իշխանության տարիներին մեծ գումարներ են հավաքում` տեղադրելով օտար երկրների բանկերում, որ հետո վայելեն: Վերջերս նման մեկի, օտար երկրի մի արքայի մասին էին հեռուստատեսությամբ խոսում, թե առասպելական գումարներ է իր ողջ կյանքի ընթացքում տեղադրել օտար երկրների բանկերում, իսկ իշխանությունից զրկվելուց հետո, պարզվել է, որ զրկել են նաև իր հավաքած այդ գումարներից օգտվելու իրավունքից: Եթե անիրավ տնտեսի հետ այդ արքային (ցավոք, անունը չհիշեցի) և նմաններին (դրսում լինեն, թե մեր հայրենիքում) համեմատենք, անիրավ տնտեսն ավելի իմաստուն վարվեց` աղքատների պարտքերը կրճատելով ու բարեկամներ ձեռք բերելով: Իսկ սա վերջում ո՛չ բարեկամ ունեցավ և ո՛չ էլ ագահությամբ իր հավաքածը, մանավանդ որ բռնատիրությամբ ձեռքբերված այդ հսկայական հարստության մեջ, Աստված գիտի, թե որքան արյուն, այլոց զրկումներ ու խորտակված կյանքերի գին կա` ագահ այդ կուտակման պատճառով: Այժմ բռնատիրոջ կուտակածը, թերթերը գրում են, թե կրկին վերադարձվելու է իր ժողովրդին:
Սակայն տերն ահա գովեց անիրավ տնտեսին` տեսնելով նրա` իր կյանքի համար ձեռնարկած իմաստությունը: Նրա տերը մեծահարուստ էր, իր կորցրածն այդ հարստության մեջ մանրուք էր գուցե, և եթե գովեց տնտեսի իմաստությունը, ապա, հավանորեն, ներեց նաև` թողնելով նրան աշխատանքի մեջ: Գուցե: Որովհետև առակում այդ մասին չի խոսվում, և այդ ասում ենք այն խոսքից ելնելով, թե` տերը գովեց անիրավ տնտեսի այլոց պարտքերը կրճատելու իմաստությունը, որ նրանք իրենց տներում հյուրընկալեն, կերակրեն ու դրսում չմնա: Իմաստությունը գովեց, իսկ պարտքերը արդյոք ներե՞ց, հայտնի չէ:
Առակում, թեպետ տերը գովում է իր ծառայի հնարամտությունը, սակայն առավել այսպիսի տրամաբանական շարունակություն էլ կարելի է ակնկալել, թե տերը, ի վերջո, աշխատանքից հեռացնում է տերունի ունեցվածքը վատնող անիրավ տնտեսին, հավելյալ էլ` իրավունք ունի անիրավին դատաստանի մատնելու, որովհետև չի խոսվում այն մասին, թե անիրավն ապաշխարեց, մի բան, որ նախորդ` «Անառակ որդու վերադարձը» առակի մեջ ենք տեսնում: Իսկ եթե տերը միայն աշխատանքից է հեռացրել ու բանտ չի նստեցրել, ապա անիրավ տնտեսը, ճիշտ է, բարեկամներ շահելով փողոցում չի մնա, բայց անիրավ լինելով, երբ մեծահարուստին կարողացավ վնաս տալ, ապա հյուր գնալով այն մարդկանց, որոնց պարտքերը կրճատեց ուրիշի ունեցվածքի հաշվին, արդյոք նրանց էլ չի՞ խորշի մի օր վնասել ու կողոպտել: Այսինքն, ուրիշի ունեցվածքով լավություն անելով ինքը, սակայն, առանց ապաշխարության, առանց մեղքերը խոստովանելու և փոշմանելու` պարզապես կարող է դառնալ ավելի մեծ հանցավոր, քան կար: Այլ մի բան անկարելի էլ է սպասել անիրավ տնտեսից, եթե նա իր անհավատարմությունը չի ապաշխարել կամ չի կամեցել ապաշխարել:
Այս մասին են վկայում Հիսուս Քրիստոսի հետևություններն այս առակի շուրջ, թե. «Քիչ բանի մեջ հավատարիմը շատի մեջ էլ հավատարիմ է, իսկ քչի մեջ անիրավը շատի մեջ էլ անիրավ է: Արդ, եթե անիրավ մամոնայի մեջ հավատարիմ չեղաք, ձեզ ո՞վ կվստահի ճշմարիտը: Եվ եթե օտարինը եղող բանի մեջ հավատարիմ չեղաք, ձերը ո՞վ կտա ձեզ: Ոչ մի ծառա երկու տիրոջ ծառայել չի կարող. որովհետև, եթե մեկին ատի, մյուսին կսիրի. կամ եթե մեկին մեծարի, մյուսին էլ կարհամարհի: Չեք կարող և՛ Աստծուն ծառայել, և՛ մամոնային»:
Ըստ այս խոսքերի` անիրավ տնտեսը թե քչի, թե շատի մեջ անիրավ մարդ էր, հանուն իր վաղվա այսաշխարհային մարմնավոր կյանքի ապահովման, և ապրում էր ո՛չ թե հոգու համար ջանք անելու նպատակով կամ հանուն հավիտենականի, այլ մարմնավոր կյանքի ու զվարճության: Եվ, ըստ տերունական այս խոսքի. «Արդ, եթե անիրավ մամոնայի մեջ հավատարիմ չեղաք, ձեզ ո՞վ կվստահի ճշմարիտը», առակի անիրավ տնտեսին նրա տերը այդ կարևոր պաշտոնից վստահորեն հեռացնելու էր: Բայց, անիրավը, այնուամենայնիվ, իմաստուն էր, որ շնորհ է, որով գուցե թե մի օր դարձ ապրեր, արդեն ըստ հոգու ընթանալով, և գուցե հայտնվեր ապաշխարողների դասի՞ մեջ: Աստվա՛ծ գիտի: Այնուամենայնիվ, նրան իր արարքների համար դատաստանի ակնկալիք է սպասում, քանի որ նրա տերը թե՛ նախկին վատնումների մասին գիտեր, թե՛ այլոց պարտքերը տիրոջ հաշվին կրճատելու. «Եթե օտարինը եղող բանի մեջ հավատարիմ չեղաք, ձերը ո՞վ կտա ձեզ»:
Բայց այս առակը մեր մարդկային ըմբռնումներին դաս է, ամենակարևորը` Հիսուսի ողջ մարդկության ողնաշարը շտկելու արդարության ու լուսավորության խրատով, որ առակի ամբողջ հետևությունն է. «Քիչ բանի մեջ հավատարիմը շատի մեջ էլ է հավատարիմ...» և հավելյալ այդ ոսկե խոսքերի ողջ շարունակությունը, որ երկու անգամ մեջբերեցինք:
Եվ առակն արդեն հոգևոր ոսկեհատիկ դաս է դառնում մեր Տեր Աստծո այս կարևոր խրատով ևս. «Եվ ես ձեզ ասում եմ. անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի, երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ»:
Սա արդեն քրիստոնյայի մեր վարքի մասին է, որ մարդկանց հոգևոր պարտքերը կրճատելն է: Մեղքերին թողություն տալը Աստծո և մեր առջև պարտքեր ունեցողների: Որովհետև այդ թողությամբ թեթևացնում ենք պարտք ունեցողի բեռը, այդքան իսկ նա մեր բարեկամն է դառնում: Այսպես իսկ մենք նմանվում ենք անիրավ տնտեսին, կամ ինքներս անիրավ տնտեսներ ենք, քանի որ Աստծո շնորհներն ու ունեցվածքն ենք վատնել տարիներ շարունակ: Բայց Աստված, սիրելով բոլոր մեղավորներին, սակայն մեղքը ատելով, կամենում է, որ միմյանց պարտքերը կրճատենք, թողություն տանք այլոց մեղքերին: Նաև, որ նույնպես կարևոր է, Տերը ունեցվածքը «անիրավ մամոնա» է անվանում, խրատում է, որ ունևորները բաժանեն դրանց կարոտ մարդկանց և բարեկամներ ձեռք բերեն, բարեկամներ, որոնք սկսում են, որպես շնորհակալություն, աղոթել ունեցվածք բաժանողների հոգիների փրկության համար, և որքան շատ բարեկամներ ձեռք բերեն` ունեցվածքը բաժանելով դրան կարոտ աղքատներին, այնքան նրանց համար աղոթողների բանակն է մեծանում, և այդ աղոթքների շնորհիվ ողորմածաբար բաժանողներն ընդունվում են հավիտենական բնակավայրերում. «Եվ ես ձեզ ասում եմ. անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ»,- խրատում է Հիսուս: Եթե ունևոր ես, բաժանի՛ր աղքատներին, որ բարեկամներ ձեռք բերես, թե՛ նյութական տեսակետից, թե՛ հոգևոր: Միայն պիտի կարողանաս բաժանել սրտանց, առանց «նավսի», որովհետև կան մարդիկ, որ մի բան տալիս, որպես կապանք են անում` մի բան տալով հոգիդ գցում են դժոխքի դռները, մի կտոր հացի դիմաց հավիտենական համոզվածությամբ` կյանքդ էլ դիմացը պահանջելով, երազանքներդ ու նպատակներդ դարձնելով մի կտոր հացի վաճառվող խաբեական խեղկատակություն կամ պատրանք: Երբ ամեն օր էլ մեկ անգամ ստացածիդ չափ պարտքդ վերադարձնես, պարտքդ, ով զարմանք, ամեն օր վերստին աճեցնում են` անխիղճ վաշխառուի իրենց անհատական ստահակ տոկոսներով, որպես թե հանուն Աստծո «ողորմածներ», կեղծ բարի դեմքերով` քեզ մի իրի, անշունչ առարկայի պես դարձնելով ասես իրենց սեփականությունը, վերաբերվելով քեզ հետ որպես մի անբան անասունի: Այդ բանի համար Ավետարանն իր ամբողջության մեջ է միայն հասկանալի, մեր Տիրոջ հետևյալ խրատներով. «Եթե ողորմություն տաս... քո ձախ ձեռքը թող չիմանա, թե ինչ տվեցիր քո աջով»:
Սա՛ է արդեն քրիստոնեական ողորմածությունը: Որովհետև նենգորեն մի բան թե տաս` գազանի պես մտքիդ որոգայթի թփուտը մտնելով, որ հարձակվես աղքատի վրա ու հոշոտես նրան, վաղը տվածիդ հազարապատիկն ու միլիոնապատիկը հետ ստանալու պահանջով, երբևէ այդպես ինքդ մարդ չես դառնա և քեզ վրա պիտի մնա Աստծո զայրույթը` դատաստան անելու ժամանակ, որովհետև արածդ ոչ թե Աստծո ողորմածություն կամ ընկերոջ օգնություն կլինի, այլ «քրիստոնեության ոչխարի մորթու տակ մտած գայլություն»: Որ մի օր կբացվի, և ատելի կլինես թե՛ Աստծո առաջ, թե՛ հոգևոր, իմաստուն այրերի: Այս մասին է նաև Պողոս առաքյալի խոսքը. «Եղբայրնե՛ր, դուք կոչված եք ազատության. միայն թե ձեր ազատությունը սոսկ մարմնի ցանկությունների համար չլինի, այլ սիրո՛վ ծառայեք միմյանց. որովհետև ամբողջ օրենքը այս մեկ խոսքի մեջ է ամփոփվում. «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ»:
Ընկերոջն իր անձի պես սիրողը ինչպե՞ս կարող է նրան թալանել, շարունակ պատրվակներ ու որոգայթներ հորինելով նրա առաջ, շարունակ նրան մատնելով մահվան դատաստանի, որովհետև այդ մի բան տվողը ի սեր Աստծո ողորմած չի եղել, այլ կեղծավորել է, շողոքորթել` մարմնավոր, սպանող, հոգիներ շորթելու որոգայթով, որպես անհամեմատ ավելի վատթար, քան առակի «Անիրավ տնտեսը»: Նմաններն Աստծո անվամբ, սակայն, ըստ այս աշխարհի մոլության են իրենց թփուտներում թաքնվելու գազանությունը կամենում ամրագրել` թե այս աշխարհինը և թե այն` ունենալու համար, որ Տերն ասել է` անհնար բան է:
Եվ կամ, նույնի մասին է առաքյալի հետևյալ խոսքը. «Եվ եթե իմ ամբողջ ունեցվածքը տամ աղքատներին և իմ այս մարմինը մատնեմ այրվելու, բայց սեր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենա: Սերը համբերող է, քաղցրաբարո. սերը չի՛ նախանձում, չի՛ ամբարտավանանում, չի՛ գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա...»:
Սակայն «անիրավ մամոնայից»` նյութական բաներից Հիսուս պատվիրեց «բարեկամներ ստանալ» և ոչ թե թշնամիներ կամ հակառակորդներ:
Այսինքն, Ավետարանի հիմքն ու արմատը սերն է, միմյանց սիրելը, միմյանց սիրով օգնելը և ոչ թե գոռոզանալը մեր այս կամ այն ողորմած արարքի կամ արած օգնության կամ բարեգործության համար: Սիրո՛վ պիտի բարեգործենք, որ աստվածահաճո պտուղ առաջանա:
Այսինքն` միմյանց օգնելը միմյանց կյանքը որոգայթելը չէ, երբևէ չէ, որ ոմանք անում են: Դա կլիներ գայլերի ավետարան, ոչ թե Քրիստոսի:
Ի վերջո, Քրիստոսի խրատը մեր բարիք գործելու դիմաց այսպիսի պահվածքը պիտի լինի, որ ոչ թե ունևորը երբևէ աչք դնի իր, որպես օգնություն, տվածին, այլ բարի այդ արարքի համար գովողներին իր իսկ Տիրոջ տված խրատով այսպես պատասխանի. «Անիրավ ծառան եմ Աստծո, ինչ պարտավոր էի, այդ արեցի»: Որովհետև ամենքս էլ Աստծո առաջ ինչ-որ տեղ անիրավ տնտեսներ ենք, սակայն արդեն ապաշխարության շապիկներ հագած, և մեր բարիք գործելն իսկ պարտավորություն է Աստծուն, տեսակի խնդիր է և ոչ թե գովեստ ստանալու համար:
Վերջում կրկին հիշեցնենք, որ ամեն օր, երեկոյան ժամը ութից մինչև ութ անց կես (ժամի մեջ արդեն փոփոխություն կա) աղոթում ենք մեր հայրենիքի համար, ըստ քրիստոնեական ոսկե պատվիրանների բանալիներով ամենքիս ուղղվելու և քրիստոնեական սուրբ կյանքով ապրելու նպատակը դարձնելով մեր աղոթքներին նյութ: Նաև Մեծ պահքի կիրակիների խորհուրդներն իսկ կարող ենք դարձնել աղոթքի նյութեր: Վերհիշեցնեմ այդ աղոթաժամի համար մեր ավագ եղբայրների առաջարկած աղոթքները. «Տերունական աղոթքը», Շնորհալու «Հավատով խոստովանիմը» և մեր առաքելական եկեղեցում երգվող «Տեր, ողորմեան»:
Բարի պահք ենք մաղթում թե՛ մեզ, թե ձեզ: Ամե՛ն: Եվ տա՛ Աստված, որ մեր մերձավորները ևս Մեծ պահքի մասնակիցները դառնան: Որովհետև ուշացումով էլ կարելի է մտնել Մեծ պահքի իմաստուն ու լուսավոր դռներից ներս և շահել թե՛ հոգևոր, թե՛ մարմնավոր առումով:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2221

Մեկնաբանություններ