Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ ԶԵԿՈՒՅՑՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿԻ

ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ ԶԵԿՈՒՅՑՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿԻ
27.03.2012 | 00:00

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը մարտի 19-22-ին մասնակցել է Գործարարության զարգացման ակադեմիայի կազմակերպած ամենամյա միջազգային կոնգրեսին, հանդես եկել զեկույցով, որն արժանացել է հատուկ մրցանակի:

Կոնգրեսն անցկացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Աժման քաղաքում` գիտության և տեխնոլոգիաների համալսարանում, որին մասնակցել է 32 երկրի (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Հնդկաստան, Գերմանիա, Ղազախստան, Ռուսաստան, Ֆինլանդիա և այլն) 500 գիտնական: Կոնգրեսն ամենամյա է, և յուրաքանչյուր տարի փոխվում է անցկացման վայրը (մեկ անգամ` զարգացած, մյուս անգամ` զարգացող երկրում): Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչն այս կարևոր գիտաժողովին մասնակցում է առաջին անգամ, նրա թեկնածությունը ներկայացրել է հեղինակավոր Արևմուտքի տնտեսագիտական ընկերակցությունը, որին նա անդամակցում է 1993 թվականից:
«Հայաստանի մրցակցային առավելությունները և դրանց իրացման հեռանկարները տարածաշրջանում ու համաշխարհային տնտեսությունում» թեմայով զեկույցում հեղինակն անդրադարձել է Հայաստանի ու հետխորհրդային մի շարք երկրների տնտեսություններում առկա և հաճախ ընդհանուր բնույթ կրող մարտահրավերներին, սոցիալ-տնտեսական զարգացմանը խոչընդոտող խնդիրներին, խոսել նաև համագործակցության ոլորտում գրանցված առաջընթացի մասին` կարևորելով ընդհանրական բնույթ կրող հիմնահարցերը միասնական ուժերով հանգուցալուծելու անհրաժեշտությունը։ Անդրադարձ է արվել հետխորհրդային տարածքում ԱՊՀ անդամ ութ երկրների նախաձեռնած ազատ առևտրի գոտու ձևավորմանը, որի շուրջ համաձայնությունը ստորագրվել է նախորդ տարվա հոկտեմբեր ամսին` Սանկտ Պետերբուրգում: Միաժամանակ, զեկույցում մատնանշվել են Եվրոպական միության հետ համագործակցության ծավալման ճանապարհին գոյություն ունեցող տնտեսական և քաղաքական խոչընդոտները, անդրադարձ է եղել նաև այս տարի մեկնարկած Խոր և համապարփակ առևտրի համաձայնագրին միանալու վերաբերյալ Եվրամիություն-Հայաստան բանակցություններին, ինչը լրացուցիչ ազդակ կարող է լինել երկրի մրցակցային առավելությունների բացահայտման և դրանց արդյունավետ իրացման ճանապարհին: Զեկույցի հեղինակն անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետությունում գիտելիքահենք տնտեսության ձևավորման հեռանկարներին, տեղեկատվական բարձր տեխնոլոգիաներին, նանոտեխնոլոգիաներին, որոնք, ըստ Մանասերյանի, կանխորոշում են Հայաստանի մրցակցային առավելությունները: Առանձնահատուկ կարևորվել է մասնավոր հատվածի, հասարակական կառույցների (այդ թվում` գիտական) և կառավարության համագործակցության անհրաժեշտությունը` Հայաստանում սկիզբ առած երկրորդ սերնդի բարեփոխումների համատեքստում:
Ի վերջո, համաշխարհային կոնգրեսի մասնակիցներին ներկայացվեցին այն առանցքային խնդիրները, որոնց լուծումները հնարավորություն կընձեռեն առաջիկա տասնամյակում Հայաստանը վերածելու տարածաշրջանային գիտակրթական կենտրոնի, ինչպես նաև հաջողությամբ իրացնելու Հայաստանի մրցակցային առավելությունները նախ տեղական շուկայում, որն իր հերթին թույլ կտա տարածաշրջանում և միջազգային շուկաներում գտնել այն հատվածը, որը մատչելի ու հասանելի կլինի Հայաստանի տնտեսությանը: Մատնանշված նպատակների իրագործումը, ըստ տնտեսագետի, գտնվում է բազմագործոն կախվածության վիճակում և գլխավորապես պայմանավորված է ինչպես երկրի ներսում ընթացող բարեփոխումների արդյունքներով, այնպես էլ տարածաշրջանային զարգացումներով` Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Իրան, Հայաստան-Վրաստան, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների, համագործակցության հեռանկարների համատեքստում: Այս առումով առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը, որը թույլ կտա ոչ միայն հակամարտության կողմերին, այլև ողջ տարածաշրջանին ձևավորել խաղաղության և անվտանգության պլատֆորմ, ինչը կենսական նշանակություն է ձեռք բերում հետագա առաջընթացի տեսանկյունից:
Մանասերյանը ներկայացրել է տարածաշրջանում ազատ տնտեսական գոտի ձևավորելու մոդելը` իր հիմնավորումներով և փաստարկներով, որը, նրա ներկայացմամբ, կարող է հանգեցնել ընդհանուր շուկայի ձևավորման, ինչպես նաև հնարավորություն ընձեռել տեսանելի հեռանկարում անցում կատարելու նաև տարածաշրջանային տնտեսական ինտեգրման մյուս կարևոր փուլերին: Ի թիվս տնտեսական զարգացման համար անհրաժեշտ մի շարք նպաստավոր պայմանների ձևավորման, հիմնավորվել է այն տեսակետը, որ նման գոտու ձևավորումն առավել մեծ նշանակություն կարող է ունենալ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում` վերջինիս թույլ տալով պահպանել տարածաշրջանային ստատուս քվոն և զարգանալ ազատ գոտուն հատուկ տնտեսական անկլավին բնորոշ կարգավիճակով:
Թաթուլ Մանասերյանի զեկույցի վերաբեր-յալ հնչել են նաև միջազգային մի շարք փորձագետների` Ջորջ Պույայի, Նորման Ռայթի, Շաուա Յանգի և այլոց դրական արձագանքները: Իր հերթին, կոնգրեսի նախագահությունը նշված հեռանկարները համարել է իրատեսական` Հայաստանի և տարածաշրջանի մյուս երկրների հետ արդյունավետ համագործակցության ծավալման առումով:
Հայ տնտեսագետը կոնգրեսում առիթ է ունեցել նախագահելու նաև մեկ սեկցիա` նվիրված զարգացող երկրների վրա ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությանը:
Գիտական կոնգրեսի առավել աչքի ընկնող զեկույցներն ամփոփվելու են գիտական առանձին ժողովածուի մեջ, ինչպես նաև Հայաստանում հրատարակվող «Այլընտրանք» գիտական հանդեսում:
Համաշխարհային կոնգրեսի աշխատանքներն ամփոփելիս ձեռք է բերվել համաձայնություն` 2014 թվականի Գործարարության զարգացման ակադեմիայի տարեկան կոնգրեսն անցկացնելու Երևանում:
Կարինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1925

Մեկնաբանություններ