Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«ՏԷ՛Ր, ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲ ԵՒ ԳԹՈՒԹԵԱՄԲ ՔՈ ԲԺՇԿԵԱ՛ ԶԱՄԵՆԱՅՆ ԲԵԿՈՒՄՆ ՀՈԳՒՈՑ ԵՒ ՄԱՐՄՆՈՑ ՄԵՐՈՑ»

«ՏԷ՛Ր, ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲ ԵՒ ԳԹՈՒԹԵԱՄԲ ՔՈ ԲԺՇԿԵԱ՛ ԶԱՄԵՆԱՅՆ ԲԵԿՈՒՄՆ ՀՈԳՒՈՑ ԵՒ ՄԱՐՄՆՈՑ ՄԵՐՈՑ»
01.04.2011 | 00:00

Ըստ հայոց առաքելական տոնացույցի` այս շաբաթ` ապրիլի 2-ին, «Սրբոց Մանկանցն Քառասնից որք ի Սեբաստիա կատարեցան» հիշատակության օրն է։
Այս մասին գրում և հիշեցնում եմ, որովհետև, բացի այն, որ ապրիլի 2-ն այդ ընտիր քրիստոնյաների հիշատակի տոնն է (որոնց բարեխոսությունից կարող ենք օգտվել), այն նաև միակ հնարավորությունն է, երբ ամեն քրիստոնյա եկեղեցուց կարող է օրհնված յուղ (ձեթ) տանել, ինչի բժշկարար օգտակարության մասին կպատմենք ստորև։
Բայց նախ ծանոթանանք այդ քառասուն սրբերի վկայաբանության հետ։
Ըստ Շնորհք պատրիարքի «Համաքրիստոնեական սուրբեր» գրքի, 316 թվին, երբ իմանում են, որ Կապադովկիայի կայսերական բանակում քրիստոնյաներ կան, հարցաքննության են կանչում նրանց և ստիպում ուրանալ Հիսուսին: Տանջալի կտտանքներից հետո էլ վերջիններս հավատարիմ են մնում Հիսուսին: Վճռվում է բոլորին գցել Սեբաստիային մոտ սառչող լիճը, իսկ ափին բաղնիք տաքացնել, որ ով ուրանա Քրիստոսին, թույլ տրվի լճից դուրս գալ ու մտնել այնտեղ: Մեր շատ եկեղեցիներում այդ օրը հատուկ պատրաստված քառասուն կանթեղների մեջ լցնում են ժողովրդի ընծայաբերած ձեթից ու վառում պատրույգները՝ ի նշան այդ սրբերի ընտիր հավատի, որոնք, սառցե լճում ամբողջ գիշեր մնալով, համբերեցին մինչ ի մահ (ասենք, որ, ըստ արդի բժշկագիտական տվյալների, սովորական մարդը սառցաջրում ողջ կարող է մնալ տասը րոպեից ոչ ավելի), բացի մեկից, որը լճից դուրս գալով, մտավ տաք բաղնիք և իսկույն մահացավ: Իսկ այդ պահին նահատակների համար երկնքից իջնում էին քառասուն պսակներ: Հսկող պահակներից մեկը, տեսնելով այդ, կամավոր նետվեց սառցալիճը և, իրեն նույնպես քրիստոնյա հայտարարելով, նահատակվեց մյուսների հետ՝ ստանալով քառասուներորդ պսակը: Ահա այս սրբերի տոնակատարության ժամանակ էլ օրհնվում է կանթեղների ձեթը, իսկ արարողության ավարտին բաժանվում է հավատացյալներին` որպես հիվանդությունների բուժման միջոց:
Որպես նախնյաց պատմական մասունք, Սեբաստիայի Քառասուն մանուկների տոնակատարության մասին պահպանվել է հինավուրց մի վկայություն սուրբ հայրերից մեկի՝ Գրիգոր Նյուսացու մասին։ Ինչպես գիտեն շատերը, նա եղբայրն էր Բարսեղ Կեսարացու, որն այդ ժամանակ Կեսարիայի հոգևոր հոտի վերակացուն, այսինքն` եպիսկոպոսն էր, իսկ նրանց ընտանիքը, մանավանդ բարեպաշտ մայրը, Աստծուն անչափ սիրելով, իր զավակներին կրթել էր քրիստոնեական սիրով, իսկ իրենց ամբողջ գերդաստանը և ունեցվածքն ի սպաս դրել քրիստոնեության տարածման համար։ Ահա, երբ Քառասուն մանուկների նահատակության լուրը հասավ Կեսարիա, իսկ հետո նաև նրանց սուրբ մասունքները բերեցին Բարսեղի ու Գրիգորի հայրական տուն և, հանդիսավոր տոնակատարության օր նշանակելով, բոլոր բարեպաշտ քրիստոնյաներին հրավիրեցին սաղմոսներով ու աղոթքներով գիշերային հսկում կատարելու։
Գրիգոր Նյուսացին հեռու քաղաքում էր, բայց նրան էլ կանչեցին այդ տոնակատարությանը։ Վերջինս, չմերժելով առաջարկն ու չնայած մեծ զբաղվածությանը, երկար ճանապարհ կտրելով հասավ հայրական ոստան։ Բայց երկար ճանապարհից հոգնած լինելով, որոշեց ավելի ուշ մասնակցել գիշերային հսկմանը և քնեց տանը։ Երազում նա տեսավ, թե ինքն իբր ուզում է գնալ այդ հսկմանը, բայց իրենց տան այգու դռանը կանգնած ահեղատեսք ու խիստ զինվորն արգելում է ներս մտնել, քանի որ ուշացել է բուն արարողությունից։ Գրիգորն իսկույն վեր է թռչում և, շտապ-շտապ հագնվելով, գնում է հայրական տան այգին, որտեղ ճրագների ու ջահերի լույսի ներքո արդեն սկսել էին սրբերի տոնահանդիսությունը։ Մի կերպ խցկվելով ծնկաչոք հավատացյալների արանքներում, փորձում էր մոտ լինել սրբերի մասունքներին, հասկանալով, թե ինչ մեծ սխրանք են կատարել Քրիստոսի այդ հավատարիմ զինվորականները, մինչդեռ ինքը չէր կարողացել հաղթահարել իր հոգնածությունը, որպեսզի պատվեր սրբերին։ Հսկման ողջ ընթացքում երիտասարդ Գրիգորի աչքերից զղջման ու ապաշխարանքի արցունքներ էին հոսում, քանզի իր տկարություններն ու մեղքերն էր տեսնում։ Դրանից հետո նրա կյանքն այլ ընթացք ստացավ, իսկ սիրելի եղբոր՝ Բարսեղի անժամանակ մահից հետո դարձավ նրան փոխարինողն ու իր աստվածաբանական հոգելից աշխատություններով լիուլի լրացրեց այն, ինչ եղբայրը չհասցրեց կատարել։
Ովքեր կցանկանան մասնակցել ձեթի օրհնության արարողությանը, տեղեկացնենք, որ նշված սրբերի հիշատակությունը, ըստ մեր առաքելական եկեղեցու տոնացույցի, միշտ կատարվում է Մեծ պահքի Տնտեսի կիրակիին հաջորդող շաբաթ օրը, առավոտյան ժամերգության ընթացքում, ինչպես արդեն ասացինք՝ ապրիլի 2-ին։
Հավելենք, որ օրհնված ձեթը, որպես զանազան հիվանդությունների բժշկության միջոց, օգտագործում են առաքելահիմք բոլոր եկեղեցիները, ինչը հիմնավորում են նախաավետարանական այն վկայությամբ, թե բարի սամարացին ավազակներից վիրավորվածին բժշկելու համար գինի և ձեթ օգտագործեց, նաև Հակոբոս առաքյալի ուղերձի հետևյալ տողերով. «Ձեզնից մեկը վշտի՞ մեջ է ընկել, թող աղոթի. մեկը բերկրանքի՞ մեջ է, սաղմոս թող ասի. հիվա՞նդ է ձեզնից մեկը, թող կանչի եկեղեցու երեցներին, և նրանք նրա վրա թող աղոթք անեն, թող յուղով օծեն նրան Տիրոջ անունով: Եվ հավատով եղած աղոթքը կփրկի հիվանդին, ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի: Եվ եթե մեղք գործած լինի, այդ նրան պիտի ներվի։ Ձեր մեղքերը միմյանց խոստովանեցե՛ք և միմյանց համար աղո՛թք արեք, որպեսզի բժշկվեք. քանզի արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է» (Հակոբոս 3.13-16):
Ըստ էության, միմյանց ներելով ու խոստովանելով մեր մեղքերը, միմյանց համար աղոթելով և օգտվելով օրհնված ձեթից, ինքներս էլ կարող ենք բժշկություն ստանալ։
Նաև ավելացնենք, որ այդ ձեթը մարմնի ցավոտ մասերին օծում են խաչանիշ ձևով, կամ այդ ձեթից մի փոքր ավելացնում են սովորական կերակուրներին։ Լավ կլինի, որ շաբաթ օրը ձեզ հետ մի շիշ ձեթ տանեք եկեղեցի, ինչն այնտեղ կօրհնվի։
Ձեթի միջոցով բժշկության մասին ունենք հինավուրց մի ավանդություն. Վայոց ձորի Անգղ գյուղից ոչ շատ հեռու, ճանապարհի կողքի խիտ ծառերի մեջ, համանուն գետի ձախ ափին կա Մարիամ Աստվածածնի անունով մի փոքրիկ վանք: Արտաքինից այն հասարակ շենքի է նման` փոքրիկ ու անշուք: ՈՒնի երեք հիմնական խորան. ավագ խորանը՝ Աստվածածնի, աջակողմյանը՝ սուրբ Գևորգի, իսկ ձախակողմյանը` սուրբ Ստեփանոսի անուններով: Սուրբ Գևորգի խորանի պատի վրա կա սուրբ Հովհաննես Մկրտչի անունով մի փոքրիկ բացվածք, մեջը՝ յուղածորան մի անցք, որտեղից ժամանակին առատորեն յուղ է ծորել: Բայց երբ տեղի միաբաններն այն սկսել են որպես շահագործման աղբյուր օգտագործել, հոսքը նվազել և կտրվել է:
Ըստ ավանդության՝ վանքի հիմնադիրն է եղել Թադեոս առաքյալը, որը, գալով Հայաստան, իր հետ ուներ աստվածամուխ Գեղարդը Քրիստոսի, Տիրամոր պատվական քողը ու մի շիշ յուղ: Քարոզելով նա հասնում է Վան քաղաքի Խոշապահ գետի եզերքը, որտեղ բարձր ու ահագին կուռքերի արձաններ էին կանգնեցրել, և բազմաթիվ մարդիկ դրանց երկրպագություն էին անում: Սուրբ Թադեոս առաքյալն այդ տեսնելով, շատ է վշտանում: Եվ մի գիշեր, աղոթքի ժամանակ, հանկարծ անպատմելի փառքով երևում է սուրբ Աստվածածինը՝ մանուկ Հիսուսը գրկին, և ասում. «Ո՜վ Թադեոս, իմ Որդու սիրելին, շուտով խորտակիր այդ դիվական կուռքերի պատկերները և դրանց տեղն իմ անվամբ տաճար շինիր և ամփոփիր այդտեղ յուղի շիշը՝ ի նշան ամեն տեսակի հիվանդի բժշկության»: Առավոտյան առաքյալը, ըստ երազի հրամանի, Աստծո զորությամբ խորտակում է բոլոր կուռքերը և, մոլորված մարդկանց ճշմարիտ Աստծուն դարձնելով, սկսում է տաճարի կառուցումը: Սակայն ցերեկն առաքյալի շինածը գիշերը դևերը քանդում էին և քարերը տանում լցնում էին Սաչա կոչվող գետը: Առաքյալը տրտմում է, Տիրամայրը երկրորդ անգամ երևալով նրան` ասում է. «Մի խաչ օծիր, յուղի շիշը վրան դիր և կտեսնես Աստծո սքանչելիքները»: Առաքյալն առավոտյան մի քարե խաչ է շինում և, իր ձեռքով օծելով յուղի շիշը, վրան է դնում, իսկ օծված խաչքարը դարձնում է շինության հիմնաքար: Դրանից հետո նոր կառույցը մնում է անխախտ, և նրա փոքրիկ պատուհանից սկսում է աղբյուրի պես յուղ հոսել:
Նաև պատմում են, որ Գրիգոր Նարեկացին, երբ մի անգամ այդ նույն վանքն ուխտի է գնում, ճանապարհին նրան մի անօգնական ու վերքոտ ծերունի է հանդիպում, որն աղերսում է իրեն էլ տանել: Սուրբն իսկույն սիրահոժար գրկում է ծերունուն և առաջարկում նրա վերքերը լվալ ու յուղով օծել: Մի քանի քայլ անելուց հետո ծերունին հանկարծ այլափոխվում է ու, գովելով նրա արարքը, անհետանում (Հ. Տաշյան, Հին Հայաստանի արևմտյան սահմանը):
Յուղի (ձեթի) հոսքի հրաշագործ ու զարմանալի խորհուրդը շարունակվում է մեր օրերում ևս, երբ աշխարհի զանազան վայրերում, լինի եկեղեցում, թե բարեպաշտ քրիստոնյայի տանը, հանկարծ Տիրոջ կամ Տիրամոր պատկերներն ու արձանիկները յուղ են դուրս տվել՝ որպես վկայություն և բժշկության միջոց հավատավոր անձանց համար:
Բայց մեր եկեղեցին ինչ-ինչ պատճառներով, դժբախտաբար, մոռացության է մատնել հիվանդներին ձեթով օծելու օգտակար սովորությունը: Մինչդեռ «Մայր մաշտոց» կոչվող քահանայական ծիսարանում կան բազմաթիվ կանոններ, որոնք ժամանակին կիրառվել են քրիստոնյա ժողովրդի զանազան կարիքների համար: Օրինակ, այդ ծիսարանում, բացի մատաղի, աղի ու հացի, այգու և պտղի օրհնական խոսքերից, կան նաև հատուկ կանոններ սաստիկ ամպրոպի, կարկտի կամ տարերային այլ աղետների դեմ, անպտղաբեր այգու, նույնիսկ ջրհորի, թոնրի, հավի ու անասունի օրհնության կանոններ, որոնց շարքում է նաև ձեթի օրհնության կանոնը (Մայր մաշտոց, կանոն 67, տե՛ս նաև Նորայր արք. Պողարյան, Ծիսագիտություն), որտեղ կա «Տէ՛ր, ողորմութեամբ եւ գթութեամբ Քո բժշկեա՛ զամենայն բեկումն հոգւոց եւ մարմնոց մերոց» աղոթքը: Այս արտասանելով և կանթեղի ձեթն առնելով՝ քահանան օծում է հիվանդին: Թեև սա մոռացության է մատնվել, բայց մեր հավատավոր ժողովրդի մեջ դեռևս պահպանվել է օրհնված ձեթով հիվանդությունների բժշկման սովորությունը 40 մանկանց նվիրյալ օրվա առավոտյան ժամերգության ընթացքում:
Ասեմ, որ Երուսաղեմում եղածս ժամանակ առաքելահիմք եկեղեցու իմ տեսած բոլոր հավատացյալներն անխտիր օգտվում էին եկեղեցիների կանթեղների ձեթից և, հատկապես, սուրբ Հարության տաճարում գտնվող մեր Տեր Հիսուսի սուրբ Գերեզմանի կանթեղների ձեթից, որոնց թիվն անցնում է հարյուրից:
Այսքանից հետո մեզ մնում է աղոթքներով հայցել Աստծո օրհնությունն ու ողորմությունը՝ հայոց ազգիս թե՛ հոգու, թե՛ մարմնի հիվանդությունների ու տկարությունների ապաքինման համար:
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1922

Մեկնաբանություններ