«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ «ԴԱՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ «ԴԱՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
24.01.2012 | 00:00

Ժամանակակից գերմանական արտաքին քաղաքականությունը, որն իրականացվում է երկրի ներքին խնդիրների ու գաղափարախոսության սերտ զուգորդմամբ, բավականին տխուր տեսք ունի, և, որ գլխավորն է, տպավորություն է ստեղծվում, թե որևէ էական, սկզբունքային փոփոխություն չի էլ սպասվում: Գոյություն ունի ինչ-որ սխեմա, որի շրջանակներում Գերմանիան, Ֆրանսիայի հետ մեկտեղ, կառուցում է Եվրամիության շենքը, ըստ որում, Բեռլինը ժամանակ առ ժամանակ այնքան էլ չի վստահում Փարիզին, որը շարունակ փորձում է նրան ներքաշել արտքաղաքական արկածախնդրությունների մեջ: Հանրահայտ է, որ Բեռլինին քիչ են հետաքրքրում Եվրոպայից դուրս տեղի ունեցող քաղաքական խնդիրներն ու, առավել ևս, ընդհարումները, իսկ նրա արտքաղաքական և տնտեսական նվաճողամտությունը սահմանափակվում է Արևելյան ու Հարավարևելյան Եվրոպայով, թեև տնտեսական ներկայությունը խիստ ընդգծված է աշխարհով մեկ: Եվ իրոք, շատ քիչ են փաստարկները, որոնք կարող էին հակադրվել այս պնդումներին:
Գերմանիայի արտաքին քաղաքականությունը ծայրաստիճան իրատեսական է, Հարավսլավիայի իրադարձություններից հետո նրան դժվար է համոզել Աֆղանստանում իր զորքերի ներկայության նպատակահարմարության մեջ, նա հանդես էր գալիս 2003-ին Իրաքում ԱՄՆ-ի ռազմարշավի և Լիբիայում ֆրանս-բրիտանական նախագծերի դեմ: Դրա հետ մեկտեղ, Գերմանիան, լինելով եվրոպական տնտեսության և եվրոպական արժույթի գլխավոր «հավասարակշռողը», աշխարհում երկրորդ-երրորդ տեղը գրավելով արտահանության ծավալով, նախկինի նման չի կարող մնալ սոսկ որպես «տնտեսական տերություն», պարզապես այն պատճառով, որ նման տնտեսությանը պետք են հումքի և արտադրանքի վաճառահանման նոր շուկաներ ու խոշոր արտաքին գործընկերներ: Արտաքին քաղաքականության ասպարեզում Գերմանիան առայժմ շարունակում է աշխարհատնտեսությունը գերադասել աշխարհաքաղաքականությունից` արտաքին քաղաքանությունը համարելով համապարփակ մրցունակության ապահովվման միջոց: Սակայն աշխարհատնտեսական խնդիրները չեն կարող մրցակիցների կողմից երկար ժամանակ դիտվել որպես քաղաքական առումով չեզոք, և վաղ թե ուշ աշխարհատնտեսությունը կդառնա արտքաղաքական ոլորտում կոշտ պայքարի գլխավոր մրցասպարեզ: Ներկայումս կան մի շարք խնդիրներ, որոնցից կախված են Գերմանիայի հետագա բարօրությունն ու տնտեսական անվտանգությունը:
Ամենից առաջ Գերմանիային հետաքրքրում է Բալթյան-Ադրիատիկ-Սևծովյան տարածաշրջանը, այսինքն` 20 պետություն` 185 մլն բնակչությամբ: Դա, իրոք, եզակի տարածաշրջան է` եվրոպական քաղաքակրթության բաղկացուցիչ մաս, որին բնորոշ են բարձրակարգ աշխատանքային հմտությունները, առավելապես քրիստոնյա բնակչության կրթության, մշակույթի բարձր մակարդակը: Եթե այդ տարածաշրջանին ավելացնենք Հարավային Կովկասը, ապա պատկերը հազիվ թե փոխվի: Գերմանիան անդրծովյան մեծ գաղութներ չի ունեցել ու, համապատասխանաբար, չունի աշխարհաքաղաքական և տնտեսական այնպիսի դիրքեր, ինչպիսիք ունեն Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան: Նրա համար հաճախ դժվար է խուսանավելը և առանձին տարածաշրջաններում տնտեսական ռեսուրսներ գործի դնելը: Բացի այդ, եթե բրիտանական, ֆրանսիական կամ ամերիկյան բիզնեսն Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, Հարավարևելյան Ասիայում և Մերձավոր Արևելքում ունի շատ թե քիչ «հուսալի» տանիք, ապա գերմանական կապիտալը նման երաշխիքներ չունի: ՈՒստի Գերմանիային շատ են հետաքրքրում Արևելյան և Հարավարևելյան Եվրոպան, ինչպես նաև Ռուսաստանը, որոնց նա համարում է մերձավոր տնտեսական գործընկերներ, և որոնք կարող են ներառվել գերմանական «տնտեսական կայսրության» մեջ: Այդ ընդարձակ տարածաշրջանի երկրների մի մասն ունի հանքային հանածոներ, մյուսները` գյուղատնտեսական և ջրային պաշարներ, զանազան հաղորդուղիներ, հանգստի գոտիներ և, թերևս, ամենաարժեքավորը` մարդկային ռեսուրսներ: Բացի դրանից, այդ նույն երկրները վաճառահանման կարևոր շուկաներ են: Այս ամենը կոչված է Գերմանիային թույլ չտալու լայն ճակատով մտնել հեռավոր տարածություններ: Եվ պակաս կարևոր չէ, որ այդ երկրների մարդկային ռեսուրսները Գերմանիայում կարող են փոխարինել մահմեդական երկրներից սերվածներին, որոնք Եվրոպայում դարձել են անցանկալի անձինք:
Ի դեպ, գերմանական «տնտեսական կայսրության» մասին հարկ է խոսել ոչ թե անցյալ, այլ ներկա ժամանակով, քանի որ Գերմանիայի տնտեսական ներթափանցումը տեղի է ունենում արագ տեմպերով: Գերմանիան առաջատար դիրք է գրավում այդ տարածաշրջանների, փաստորեն, բոլոր երկրների արտաքին ներդրումների և առհասարակ տնտեսական ոլորտներում: Իհարկե, Բալկաններում և ՈՒկրաինայում գերմանական տնտեսական ներկայությունն այնքան մեծ չէ, որքան Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի պետություններում և բալթյան երկրներում, բայց իրավիճակը շատ արագ է փոխվում: Դա չի կարող չանհանգստացնել Գերմանիայի գլխավոր մրցակից Մեծ Բրիտանիային, որը ձգտում է թույլ չտալ, որ Գերմանիան չափազանց մեծ ազդեցություն ձեռք բերի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, այդ թվում` ՈՒկրաինայում ու Ռուսաստանում: Բալթիկ և Սև ծովերի միջև ընկած երկրները Մեծ Բրիտանիան համարում է միաժամանակ և՛ արգելապատնեշ Գերմանիայի ու Ռուսաստանի միջև, և՛ համերաշխ դաշնախումբ` ընդդեմ գերմանական ու գերմանա-ֆրանսիական ազդեցության: Պետք է ասել, որ 2000-ականներին ուկրաինական բուռն իրադարձությունները ձեռնարկվել էին ոչ միայն ընդդեմ Ռուսաստանի, այլև Գերմանիայի: Բրիտանացի քաղգործիչները նախաձեռնել էին «Արևելյան Եվրոպա» նախագիծը, նպատակ ունենալով այդ «արգելապատնեշի» ամրապնդումը, ինչը հանգեցրեց նախագծի հանդեպ ոչ միայն Գերմանիայի, այլև Ֆրանսիայի խիստ «սառը» վերաբերմունքին, որոնք նախագիծն ընկալեցին որպես բացահայտ թշնամական ձեռնարկ:
Պետք է ասել, որ Գերմանիայի համար հեշտ չէ ակտիվ քաղաքականություն վարել այդ տարածաշրջանների երկրների ներսում, բայց, այդուամենայնիվ, հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում շատ երկրներում Գերմանիայի ազդեցության մեծացման առումով, ամրապնդվում են կապերը քաղաքական կուսակցությունների ու խմբավորումների մակարդակով: Դա հատկապես նկատելի է բալթյան երկրներում, Բուլղարիայում, ինչ-որ չափով նաև` Ռումինիայում, Հունգարիայում, Հորվաթիայում, Սլովենիայում, այսինքն` այն երկրներում, ուր առկա է եղել ավանդական գերմանական քաղաքական և մշակութային ներկայությունը: Հնարավոր է, Գերմանիայի գլխավոր հաջողությունը, ժամանակի ընթացքում, սպասվում է ՈՒկրաինայում, ուր գերմանացիները կարող են գործել ռուսական քաղաքականությանը համահունչ: Այդուամենայնիվ, այնպիսի պետություններ, ինչպիսիք են Չեխիան ու Լեհաստանը, մեծ հետաքրքրությամբ են դիտարկվում Գերմանիայի քաղաքական նախաձեռնություններում, որ բացառապես անգլոսաքսոնամետ քաղաքականություն վարելն ուղղակի անիմաստ է դառնում: Բեռլինն առաջարկում է կոնկրետ նախագծեր, եվրոպական ու տարածաշրջանային զարգացման հայեցակարգ, մինչդեռ, օրինակ, ԱՄՆ-ը նկատելիորեն թուլացրել է իր հետաքրքրությունը Արևելյան Եվրոպայի հանդեպ: Լոնդոնն ու Վաշինգտոնը հասկանում են, որ Արևելյան Եվրոպան, թեև շատ կարևոր, բայց այն տարածաշրջանը չէ, ուր հնարավոր է ներկա պայմաններում խնդիրներ ստեղծել Գերմանիայի համար: Բրիտանացիները մեծ դժգոհությամբ են հետևում ամերիկյան քաղաքականությանը` ԱՄՆ-ի ներկա հավակնությունները համարելով ոչ այնքան ուժեղ, և նախընտրում են Գերմանիային հակադրել Եվրոպայում ու աշխարհում նրա գլխավոր գործընկեր ու դաշնակից Ֆրանսիային:
Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի միջև երկկողմ ռազմական պայմանագրի կնքումը, անկասկած, «Անտանտի» նման մի բան էր, որը ժամանակին ստեղծվել էր ի հակակշիռ Գերմանիայի` այն պայմաններում, երբ ԱՄՆ-ը այնքան էլ չէր միջամտում եվրոպական գործերին: Ֆրանս-բրիտանական պայմանագիրն ինչ-որ չափով նշանակում է նաև, որ այդ տերությունները փորձում են վարել ավելի ինքնուրույն քաղաքականություն` Գերմանիայի արևելյան քաղաքականության և միջազգային քաղաքականության որոշ ուղղություններում ԱՄՆ-ի մեկուսության առկայության պայմաններում: Պետք է ուշադրության առնել, որ 11 տարի առաջ ստեղծվեցին եվրոպական զինված ուժեր` Ֆրանսիայի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի առաջադաս դերով, բայց, միաժամանակ, Մեծ Բրիտանիայի քննադատական դիրքորոշմամբ: Լիովին հասկանալի է, որ Գերմանիայի տնտեսական ու քաղաքական զորեղացումից զգուշանում է ոչ միայն Մեծ Բրիտանիան, այլև Ֆրանսիան, ինչը զգալիորեն փոխում է ուժերի հաշվեկշիռը Եվրոպայում, այսինքն` կատարվել է այն, ինչը Մեծ Բրիտանիան երազել անգամ չէր կարող մի քանի տարի առաջ: Տեղի է ունենում ոչ թե սոսկ եվրոպական քաղաքականության նոր սյուժեների ծավալում, այլ բառացիորեն վերադառնում է եվրոպական քաղաքական «դասականությունը»: Լոնդոնն ու Փարիզը հույս ունեն, որ իրենց հարաբերությունների ամրապնդումը լուրջ ազդանշան կլինի Գերմանիային, և նա կսահմանափակի իր արևելյան քաղաքականության զարգացումը, նախ և առաջ Ռուսաստանի հետ մերձեցումը, թեև «ռուսական գործոնը» տվյալ դեպքում այնքան էլ կարևոր չէ և որոշիչ դեր չի խաղում: Բրիտանացիներն ու ֆրանսիացիները հասկանում են, որ Գերմանիան առանձնապես շահագրգռված չէ Ռուսաստանի հետ չափազանց սերտ մերձեցմամբ, և նրա հետ հարաբերություններում անհնար են ոչ միայն ալյանսը, այլև ավելի համեստ ձևաչափի, պարտավորեցնող հարաբերությունները: Իհարկե, սա մարտահրավեր է և շատ լուրջ մարտահրավեր, բայց պատրա՞ստ է, արդյոք, Գերմանիան ընդունելու այն և արժանավայել արձագանքելու դրան: Կարելի է նաև հնարավոր համարել, որ ֆրանս-բրիտանական դաշնազույգը, եթե այդ հարաբերությունները կարելի է «դաշինք» համարել, բացի հեռագնա ռազմավարական նպատակներից, հետապնդում է նաև ավելի մերձակա նպատակներ: Մասնավորապես, շեշտադրվում է գերմանական ներքին քաղաքականության մեջ որոշ ճգնաժամի առկայությունը և ավելի թույլ ու անինքնավստահ սոցիալ-դեմոկրատների իշխանության վերադարձը, որը պատրաստ է մեծ զիջումների:
Կարելի է ուշադրություն դարձնել այն բանին, որ Գերմանիան Եվրոպայում մնացել է առանց անմիջական դաշնակիցների և, ըստ երևույթին, չի էլ փորձել գործընկերներ ու դաշնակիցներ ձեռք բերել` զգուշանալով արտաքին պարտավորությունների ստանձնումից: «Գործընկերներ» ու «դաշնակիցներ» ասելով նկատի են առնվում Հարավային, Հյուսիսային ու Արևելյան Եվրոպայի պետությունները, որոնք, այսպես թե այնպես, հակված են մտնելու պետությունների որոշակի «ակումբներ» ՆԱՏՕ-ի ու Եվրամիության շրջանակներում: Ֆրանսիային ու Մեծ Բրիտանիային լիովին ձեռնտու է այդ «ակումբներից» Գերմանիայի մեկուսացումը, բայց դրա պատճառը գլխավորապես այն է, որ Գերմանիան, երկար ժամանակ համաքայլ ընթանալով Ֆրանսիայի հետ, չի էլ ցանկացել մասնակիցը դառնալ այլ ակումբների: Գոյություն ուներ ֆրանս-գերմանական «ակումբ», որի հետ համերաշխորեն հարաբերվում էին Ավստրիան, Բելգիան, այլ պետություններ, և դա լիովին համապատասխանում էր Եվրոպայում ամուր դիրքեր ունենալու Գերմանիայի պատկերացումներին: Բայց այդ ձևաչափը, երևում է, այլևս արդիական չէ, և Գերմանիայի առջև արտաքին քաղաքականության նոր խնդիրներ են ծառանում:
Վերջին 20 տարվա ընթացքում տեղի են ունեցել տարբեր իրադարձություններ, որոնք ներկայումս Գերմանիայի որոշակի աշխարհաքաղաքական շրջափակման պատճառ են դարձել։ Հարավսլավիայի պատերազմները խոչընդոտ դարձան Բալկաններ Գերմանիայի ներթափանցման ճանապարհին։ Բուլղարիայի ու Ռումինիայի ներառումը ՆԱՏՕ ու Եվրամիություն ևս Գերմանիային հնարավորություն չտվեց օգտվելու բալկանյան այդ երկու պետությունների «անկախ» գոյությունից, որոնք քաղաքականապես կտրված էին Գերմանիայից։ Ինչպես արդեն ասվեց, ՈՒկրաինան դարձել է ոչ միայն բարենպաստ տնտեսական ասպարեզ, այլև հզոր արգելապատնեշ Գերմանիայի ու Ռուսաստանի միջև։ Գերմանիան պատրաստ էր, Ֆրանսիայից հետո, վատացնելու հարաբերությունները Թուրքիայի, այսինքն, Մերձավոր Արևելքում նվաճողամտության գլխավոր ուղղության հետ։ Սակայն Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը, գերմանա-թրքական և ֆրանս-թրքական հարաբերությունների վատացման պայմաններում, ավելի արդյունավետ դարձավ, երբ Լոնդոնը փորձեց ռազմավարական միջնորդ լինել Թուրքիայի և ամբողջ Արևմտյան ընկերակցության, նախ և առաջ ԱՄՆ-ի միջև։ Բացառված չէ, որ Գերմանայի ու Թուրքիայի կտրվածությունը Եվրոպայի որոշակի ազդեցիկ ուժերի ձեռքի գործը լինի։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին ու Գերմանիային, ապա այստեղ էլ է «դասական» քաղաքականություն ձևավորվում։ Անգլո-սաքսոնական աշխարհի ազդեցիկ շրջանակները ջանում են աջակցել Մոսկվայի մեդվեդևյան խմբավորմանը, որը բացահայտորեն բրիտանամետ ու ամերիկամետ դիրքորոշում ունի, ի տարբերություն Վ. Պուտինի, որն ավելի հակված է կողմնորոշվելու դեպի Գերմանիա և Ֆրանսիա։
Հետաքրքրություն է ներկայացնում գերմանական քաղաքականության իրանական ուղղությունը։ Իրանում հազիվ թե հնարավոր լինի բրիտանական արդյունաբերական ապրանքներ գտնել, բայց իրանական շուկան լի է գերմանական ապրանքներով, այդ թվում` բարձրտեխնոլոգիական արտադրանքով։ Իրանական տնտեսության կարևոր ճյուղերը սերտորեն շաղկապված են գերմանական արդյունաբերության հետ, իսկ Գերմանիան իրանական նավթաքիմիական ճյուղի կարևոր ներմուծող է։ Սակայն Գերմանիան սերտորեն ընդգրկված է այն առաջատար պետությունների ցանկում, որոնք զբաղված են Իրանի միջուկային ծրագրի խնդրով, ինչը նրան հնարավորություն չի տալիս իր դերն ու դիրքորոշումն առանձնացնելու ամերիկյանից կամ բրիտանականից։ Այսինքն, գերմանական տնտեսական ու քաղաքական ներթափանցման իրանական ուղղությունը նույնպես ինչ-որ չափով շրջափակման մեջ է։
Գերմանիայի արտաքին քաղաքականության թերությունը, նախ և առաջ, այն է, որ այն չունի բավականաչափ արտքաղաքական հավակնություններ և շարունակում է հուսալ, թե աշխարհատնտեսությունը լիովին կարող է փոխարինել աշխարհաքաղաքականությանը, և նա հաջողությամբ կարող է զարգացնել իր արտաքին հարաբերությունները` առավելապես տնտեսական ներթափանցման հիմքի վրա։ Սակայն, չնայած Եվրամիության իրողությանը և համաշխարհային տնտեսական հարաբերությունների զարգացմանը, համընդհանուր տնտեսական ներմիավորմանը, տնտեսական հարաբերությունների զարգացման գործում ազգային պետությունների դերը դեռևս բարձր է, և դա, անկասկած, կշարունակվի 21-րդ դարի ողջ ընթացքում։
ՈՒշագրավն այն է, որ Գերմանիայում հիմնականում ստեղծվում են հետազոտական ու վերլուծական հիմնարկներ` ոչ թե քաղաքական, այլ տնտեսական ու սոցիալական բնույթի, ընդ որում, դրանք ոչ մեծ ինստիտուտներ ու կենտրոններ են, ինչն արտացոլում է գերմանական հասարակության նախապատվությունները։ Միաժամանակ չի կարելի ասել, թե Գերմանիայի արտաքին քաղաքականությունը, նրա հռչակած գերակա ուղղությունների շրջանակներում, արդյունավետ է։ Հասկանալի է, որ Գերմանիան տանուլ է տալիս, և միանգամայն սպասելի է, որ Բեռլինում շուտով կնախընտրեն ավելի ակտիվ արտաքին քաղաքականություն, այդ թվում նաև` տարածաշրջանային։ Ներկայումս Գերմանիան, ինչպես նաև ամբողջ Եվրոպան տնտեսական մեծ դժվարություններ ունի և բախվել է ներքաղաքական շատ մարտահրավերների, բայց գերմանական տնտեսական զարգացման նոր բնագծերը «ճեղքումներ» կպահանջեն աշխարհաքաղաքականության մեջ, տարածաշրջանային նոր բնագավառներ նվաճելու գործում։ Խնդիրն այն է, թե երկրում քաղաքական որ խմբերն են ընդունակ առավել համարժեք արձագանքելու այդ նոր մարտահրավերներին։ Մենք չէինք ցանկանա ավելորդ ընդհանրացումներ անել, բայց շատ հնարավոր է, որ Ճապոնիայի աշխարհաքաղաքականության ծայրահեղ սահմանափակությունը, դրա փաստական բացակայությունն է հենց հանգեցրել ճապոնական տնտեսության անկմանը։ Այդ նույն բանը չի՞ սպառնում, արդյոք, Գերմանիային, որի տնտեսությունն ու առհասարակ տնտեսական կառուցվածքը շատ են նման ճապոնականին։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 875

Մեկնաբանություններ