ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

«ՓԻԼԻՊՈ՛Ս, ՀԻՇԻ՛Ր, ՈՐ ԴՈՒ ՄԱՐԴ ԵՍ»

«ՓԻԼԻՊՈ՛Ս, ՀԻՇԻ՛Ր, ՈՐ ԴՈՒ ՄԱՐԴ ԵՍ»
15.03.2011 | 00:00

...Խժռում են իմ ժողովրդին
իբրև կերակուր ու հաց...

Սաղմոս 13

Մեծ բանաստեղծ Հայնրիխ Հայնեն այսպես է ներկայացրել իր մոր խոստովանանքը. «Հղիության ժամանակ մի այգում ծառի վրա տեսել է խնձոր, բայց չի ցանկացել պոկել այն, որ իր զավակը գող չդառնա: Ամբողջ կյանքիս ընթացքում գեղեցիկ խնձորների նկատմամբ գաղտնի տենչանք եմ ունեցել, սակայն կապված ուրիշի սեփականության հանդեպ հարգանքով և գողության հանդեպ զզվանքով» (թպվՐՌւ թպռվպ, հՏոՐՈվՌպ րՏփՌվպվՌռ, Ց. 9, Ծ., 1956, րՑՐ. 143):
Հարց է ծագում` Հայաստանը կողոպտողների, հայաթափ անողների մայրերը հղի ժամանակ ի՞նչ են կերել, որ իրենց զավակներն այսօր ուտում են մեր կյանքը, փչացնում, փոշիացնում այդքան թանկ գնով ձեռք բերված նյութական և հոգևոր արժեքները: Ինչպե՞ս է դրանց հաջողվել սողոսկել իշխանության, տնտեսության, կառավարման և այլ ոլորտներ: Ինչպե՞ս են զավթել հասարակական կյանքը տնօրինելու իրավունքը, ժողովրդին զրկել աշխատելու, հետևապես և ապրելու իրավունքից: Արդյոք նման մարդկանց մասին չէ՞ր ողբում Դավիթ սաղմոսերգուն. «Անզգամն ասաց իր սրտում, թե չկայ Աստուած. ապականուեցին ու պղծուեցին իրենց անօրէնութեան մեջ. Ինչպես չեն գիտակցում բոլոր նրանք, ովքեր անօրէնութիւն են գործում, ովքեր խժռում են իմ ժողովրդին իբրև կերակուր ու հաց...»: Հայտնի գրողը կեսկատակ-կեսշիտակ ասել է, թե մտավորականների մեջ էլ են խելացի մարդիկ պատահում։ Նույնպես և իշխանավորների շրջանում, այնպես որ, մեր քննադատությունը չի կարող վերաբերել բոլոր իշխանավորներին, ղեկավարներին։
Զարգացած երկրներում ասում են. «Եթե խելոք ես, ինչո՞ւ հարուստ չես»: Մեզանում խելքը առանձնապես դեր չի խաղում: Ահա տիպիկ մի դեպք: Մեծահարուստ պաշտոնյաներից մեկը հերթական մի խնջույքի ժամանակ բաժակը ձեռքին հպարտանում էր. «Ե՛ս, որ կյանքումս ոչ մի գիրք չեմ կարդացել, պակա՞ս տղա եմ»:
Ժամանակին սրա նման մեկը հանդիպել էր Բեռնարդ Շոուին, որը տարիներ շարունակ բուսակեր էր և ուներ սլացիկ կեցվածք: Մեծ գրողին այդ հաստափորը հեգնել էր. «Պարոն, այնքան եք նիհարել, որ Ձեզ տեսնողը կկարծի, թե աշխարհում սով է»: Շոուն պատասխանել էր. «Իսկ Ձեզ տեսնողը կկռահի, թե աշխարհիս սովի պատճառն ով է»։
Մի գրականագետ, ոգևորված Լև Տոլստոյի հանճարով, կատակել է. «Եթե Աստված որոշի վեպ գրել, նախ պիտի ուսումնասիրի Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» կատարյալ վեպը»:
Ո՛չ, նույնիսկ Տոլստոյի մարգարեական շնորհը զերծ չպահեց նրան վրիպումներից: Օրինակ, պնդում էր, թե իր տքնաջան աշխատանքով մարդը կարող է ապահով ապրել: «Չէ՞ որ,- ասում էր գրողը,- նույնիսկ բանող անասունին տերը վարձահատույց է լինում` կերակրում է, խնամում»: Անարդար հասարակարգում մարդն այնքան է աղավաղվել, արժեզրկվել, որ չի համապատասխանում արարչագործության չափանիշներին: «Ձեզնից ո՞վ է այն մարդը, որից իր որդին եթե հաց ուզի, մի՞թէ քար կը տայ նրան... Եվ կամ, եթե ձուկ ուզի, մի՞թէ օձ կը տայ նրան» (Մատթէոս 7, 8):
Այսօր ոչ միայն հացի տեղ քար են տալիս, ավելին` նույն քարը գլխիդ են տալիս...
Նման հասարակարգում չափանիշները, օրենքները չեն կարող արդար գործել: Սա հիշեցնում է այն մարդուն, որն առևտուր էր անում առանց կշռաքարի, ասելով, թե իր ոտքը յոթ կիլոգրամ է կշռում: Այսպես էլ առանց կշեռքի ու չափանիշի ապրում ենք, պետական այրերն ու «չայրերը» հասարակությունը ղեկավարում են ոչ թե ինչպես դիրիժորը` ճշգրիտ, նոտաներով, այլ մոտավորապես «լսողությամբ»: Ղեկավարվում և ղեկավարում են ոչ թե աստվածային կարգավորությամբ, այլ իրենց կրքերով, քմահաճույքով ու բնազդներով:
Յարոսլավ Հաշեկի հերոսներից մեկը հոգեբուժարանում անընդհատ ապացուցում էր, թե երկրագնդի ներսում կա մի ուրիշ երկրագունդ, բայց չափերով ավելի մեծ, քան մերը: Եթե սա «թարգմանենք» այսօրվա լեզվով, բնավ անհեթեթություն չի համարվի: Մեր պետության ներսում կա մի պետություն, որն ավելի մեծ է, զորեղ, քան մերը:
Դիպուկ է ասված. «որքան իրերը թանկանում են, գները բարձրանում, այնքան մարդն էժանանում է»: Եվ մարդը դիտվում է որպես միանգամյա (ՐՈջՏՉօռ) օգտագործվելիք իր: Ըստ մի զավեշտի, Ստալինը պնդում էր, թե նույն անունը կրող երկու մարդ պետության համար ծախսատար են, և պահանջում էր դրանցից մեկին գնդակահարել: Այսպիսով, բռնակալը հացի խնդիրը լուծում էր ոչ թե հացը շատացնելով, այլ մարդկանց քչացնելով: Մի՞թե հնարավոր է առողջ հասարակություն, պետություն, բանակ ստեղծել հիվանդ, արժեզրկված, «էժան» մարդկանցով:
Ժամանակին, անդրադառնալով Արևելքի բռնապետական երկրների բարքերին, Հելվեցիուսը նշել է, որ այնտեղ ժողովուրդն արհամարհանքով է վերաբերվում առաքինություններին, և «եթե առաքինի մարդիկ քիչ են, ովքեր կարող են օրինակ ծառայել, ապա բնական է, որ օրինակ պիտի վերցնեն փչացած մարդկանցից» (թպսՖՉպՓՌռ, հՏփՌվպվՌ, Ց. 1, Ծ., 1977, րՑՐ. 432): Ըստ փիլիսոփայի, «արևելյան ժողովուրդների անտարբերությունը ճշմարտության հանդեպ, քաղաքացիների խավարամտությունը և արատավորությունը, որպես իրենց կառավարման ձևի հետևանք, մարդկանց դարձնում են ստահակներ` միմյանց հանդեպ և վախկոտներ` թշնամու հանդեպ» (նույն տեղում, էջ 433):
Հելվեցիուսն ուսանելի օրինակներ է բերում անցյալից: Ի հեճուկս քննադատություն չսիրող ղեկավարների, «ճոխության հաշիշով» թմրած ղեկավարների, փիլիսոփան վկայակոչում է Փիլիպոս Մակեդոնացուն, ով վարձատրում էր սպասավորներին ամեն օր մեկ նախադասություն հիշեցնելու համար. «Փիլիպո՛ս, հիշի՛ր, որ դու մարդ ես»... Իսկ Պլուտարքոսը տարակուսում էր. «Արդյոք կա՞ ավելի ստորացուցիչ տեսարան, քան բարձրաստիճան անձերին գովեստներ վաճառող իմաստունների վարքը» (նշված աշխ., էջ 442): Հելվեցիուսն այնուհետև եզրակացնում է. «Միով բանիվ, անսահման իշխանության լծի տակ հառաչող ժողովուրդները կարող են ունենալ միայն կարճատև հաջողություններ, միայն փառքի բռնկումներ. վաղ, թե ուշ դրանք կընկնեն ազատ և ձեռներեց ժողովրդի իշխանության տակ» (նույն տեղում, էջ 435):
Նման վախճան կարող ենք ունենալ նաև մենք, եթե չսթափվենք, չէ՞ որ «Հաննիբալը դարպասների մոտ է», ավելի շուտ, արդեն «բախում է դուռը»... Մեր հանճարեղ նախնիները ևս զգուշացրել են, կոչ արել զգաստության: Կոստան Զարյանը մտահոգված էր, որ հայ ժողովուրդը չդառնա «խանութպան», չընկնի «արդի քաղաքակրթության ծխնելույզի տակ» (Կոստան Զարյան, «Նավատոմար», Ե., 1999, էջ 226):
Ժամանակին «խելացի և աշխատասեր հայ ժողովրդի առևտրական հատուկ ոգին» գովաբանել է փիլիսոփա Կանտը, նշելով, որ «հայ վաճառականներին ամենուր ընդունում են գրկաբաց` Չինաստանից մինչև Գվինեա» (ԽՈվՑ, հՏփՌվպվՌ, Ց. 6, Ծ., րՑՐ. 572): Հիրավի, աշխատասեր, որովհետև նշված ճամփան նրանք անցնում էին ոտքով... Այսօրվա «խանութպանները» շուկան լցրել են կեղծ, անորակ, բայց և թանկ ապրանքներով, ուստի գրկաբաց ընդունելու մասին խոսք չի կարող լինել:
Ըստ Նժդեհի. «Սոցիալապես որքան արդար, այնքան զորավոր է Հայրենիքը» (Գարեգին Նժդեհ, «Ասոյթներ», Ե., 2002, էջ 58):
Այսօր անարդարությունը հասել է աննախադեպ չափերի: Տարօրինակ է կոռուպցիայի դեմ պայքարը. շատ կաշառք վերցնողները պատժում են քիչ կաշառք վերցնողներին, և ստացվում է, որ պատժվում են քիչ կաշառք վերցնելու համար: Հելվեցիուսը նշում է, որ մի երկրում պատժում էին ոչ թե գողության, այլ բռնվելու, արհեստավարժության պակասի համար: (Ի դեպ, կոռուպցիա նշանակում է նաև փչանալ):
Մյուս աղետը արտագաղթն է. այն շատանալու միտում ունի, ծնելությունը` քչանալու: Մի օր «Զվարթնոց» օդանավակայանում մի ընտանիք երիտասարդներին ճանապարհում էր Լոս Անջելես, արտասվում էին, բայց ոչ թե որ բաժանվում են, այլ որ իրենք մնում են Հայաստանում:
Մենք մեզ մխիթարում ենք, որ վտանգի պարագայում ժողովուրդը միշտ էլ համախմբվել է, միաբանվել: Այսօրվա իրավիճակի նմանը երբեք չի եղել: Նորությունն ու վտանգն այն է, որ այժմ ժողովրդի, երիտասարդության զգալի մասը կամավոր տրվում է չար, թշնամական ուժերին, ինչպես նապաստակը կամավոր մոտենում ու մտնում է իրեն հիպնոսացրած օձի երախը:
Ժողովրդի այդ զանգվածը` հեռուստասերիալներով, անբարո երգերով և ցուցքերով, թշնամու հակամշակույթի թափոններով սնված, բջջային հեռախոսների, համակարգիչների կցորդ դարձած, այդպես էլ իսկական հայ չդարձած, ուրացել է ազգային արժեքները և այլևս կորցնելու ու պաշտպանելու բան չունի: «Որտեղ հաց, այնտեղ կաց»,- ի վերջո սա է դառնում նրանց նշանաբանը։
Հեռուստաեթերից տեսանք, թե ինչպես «Կուրսկ» սուզանավի կործանումը ողբալով` Վլադիմիր Պուտինը «ոռնալ էր ուզում, հեկեկալ», իսկ ի՞նչ են զգում մեր ղեկավարները` դիտելով Հայաստանի վերքերը և անորոշ ապագան:
Կոմիտասի «Հայրենյաց սիրով» երգում ասվում է.
«Սի՞րտ կը դիմանա, սիրտ, որ ազգասեր ըլլալ կցանկանա:
Տեսնել հայրենյաց այսքան բյուր աղետ
Եվ դեռ անտարբեր ցարդ մընալ հավետ»...
Խորհրդային Միությունում մեղադրում ու պատժում էին այն գործողությունների համար, որոնք թուլացնում էին «երկրի պաշտպանունակությունը», օրինակ, եթե մի բժիշկ առողջ զինակոչիկին հիվանդ ներկայացներ ծառայությունից խուսափելու համար: Մի՞թե ժողովրդին հարվածողը հայրենիքին չի վնասում, խոցելի դարձնում արտաքին թշնամու համար, մի՞թե ժողովրդին «թիապարտ», զոմբի դարձնողը արժանի է հայի կոչմանը:
Դարձյալ` Կոմիտասի հիշյալ երգում ասվում է. «Սուրբ սերն է նշան ճշմարիտ հայուն»... Մեկ այլ երգում.
Վրա հասիր, հայ ազգասեր,
Ձեռքից կերթա Հայաստան։
Եվ այսպես էլ կյանքից հիասթափված ժողովուրդը հիշում է իրեն պաշտպանող անցյալի պանծալի զավակներին, համարելով, որ Անդրանիկը, Նժդեհը գերեզմանում ավելի զորեղ են և հայրենասեր, ավելի կենդանի, քան մեր այսօրվա նյութապաշտ զորեղները: Այս մասին վկայում են դարձյալ երգերը, ահավասիկ.
Անտարբեր չես եղել հայ ազգիդ համար,
Վե՛ր կաց գերեզմանից, Անդրանիկ փաշա,
Շրջիր հայկական զորքերիդ առաջ,
Վե՛ր կաց գերեզմանից, Անդրանիկ փաշա...
Կոմիտասի «Պատարագում» ժողովուրդն ապավինում է Արարչին. «Հա՛ս յօգնութիւն, ծառայից Քոց, անօգնական ազգիս հայոց»:
Հիրավի, Հայաստանը, հայ ժողովուրդը վտանգված են թե՛ դրսից և թե՛ ներսից։ Հայաստանը գողացել են հայ ժողովրդից և մաս-մաս վաճառում են թե՛ դրսում, թե՛ ներսում։ Մաս-մաս, ինչպես գողացված մեքենան, քանզի մաս-մաս վաճառելն ավելի շահեկան է։
Խորհրդային տարիներին, ամառվա ամիսներին դպրոցականներին տանում էին այսպես կոչված պիոներական ճամբարներ: Մի քանի անգամ ես եղել եմ Կապան քաղաքի մոտ գտնվող Կարմրաքարի ճամբարում: Մի օր մեր ջոկատավարը, համաձայն ավանդույթի, երեխաներին տարավ անտառ զբոսանքի: Երբ հասանք Արծվանիկ գյուղի մոտ, ջոկատավարը մի փշածածկ թմբի մոտ շարք կանգնեցրեց և հորդորեց հետևել իրեն: Նա մոտեցավ թմբին և ... թքեց: Երեխաները հետևեցին նրա օրինակին, հետո հավաքվեցին մի ծառի տակ: Ջոկատավարը բացատրեց, որ այդ թմբի տակ, ինչպես ինքը բարբառով ասաց, «սատկում է շոն Ֆրանգյուլը»` հայ ժողովրդի թշնամին: Հետո իմացանք, որ Դավիթ-Բեկի ազատագրական պայքարի ժամանակ Ֆրանգյուլը անցել էր թշնամիների կողմը, մեծ վնաս պատճառել իր հայրենակիցներին: Ջոկատավարի այդօրինակ վերաբերմունքը այժմ էլ փոխանցվում է սերնդեսերունդ:
Հետագայում էլ մեր կյանքն անցել է բազում հերթերի բովով։ Նույնիսկ հեգնում էին, թե` «հերթը խորհրդային «մոտեցումն» է խանութներին»։ Հերթաշատ մի օր անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը խոստովանել է. Էսքան տարի գնում-գալիս եմ Լոնդոն, ոչ մի հերթ չեմ տեսել, բացի երկու դեպքից։ Մեկը տարեմուտի ակցիա էր` «Ճախրող հրեշտակ» հուշանվերի, մյուսը դիրիժոր Յուրի Տեմիրկանովի համերգն էր Լոնդոնի սիմֆոնիկով»։
Դեռ չեն սպիացել սև-մութ տարիների հերթերից ստացած վերքերը, նսեմացումները հացի, նավթի, մարդասիրական օգնության (ողորմության)։ Այսօր էլ կան հերթեր, որոնց վերջին հանգրվանը սոցիալական ապահովության ոլորտն է` մեղվի պես աշխատած թոշակառուների «կառափնարանը»։ Չնչին գումարի համար ծերունիների, հիվանդների «քարավանն» անվերջ գնում է ամենաամուր շղթաներով շղթայված, այսինքն` բազմացող փաստաթղթերի «սարդոստայնում խճճված»։ Եվ կյանքի վերջին ժամերը նրանք անց կացնում են արհեստական հերթերում հաշմանդամության կարգ ստանալու, թոշակ ստանալու, փաստաթղթեր թարմացնելու և այլ մանիպուլյացիաներում, որոնցից հենց կարելի է հաշմանդամ դառնալ։ Այսպիսով, մարդուն ստորացնող վերջին հարվածը հասցնում է սոցապը, ինչպես վարձկանն ընկած զոհի գլխին ուղղում է վերջին ստուգիչ փամփուշտը։ Եվ ամեն անգամ հերթ կանգնելիս հիշում եմ մանկությանս առաջին հերթը, ու թվում է, թե հերթերը «բեմադրել» է նույն շուն Ֆրանգյուլը։
Դառնալով անցյալին, նշեմ, որ աթեիստական դաստիարակություն ստացած ջոկատավարը դժվար թե կարդացած լիներ արգելված Աստվածաշունչը, որի մեկնիչներից մեկը պատմում է նման մի դեպք: Հրեա հոգևորականները պատանիներին պարբերաբար տանում են Դավիթ թագավորի որդի Աբիսողոմի դամբարանը, քարկոծում են այն և մատաղ սերնդին հորդորում չնմանվել հոր դեմ ապստամբած Աբիսողոմին, կոչ են անում հարգել ծնողներին:
Գալիք սերունդները, հավանաբար, կպահպանեն նախնյաց ավանդույթները: Կկառուցեն հերոսների, հանճարների Պանթեոնի հակապատկեր մի «Պանդեմոնիում» (հակիրճ` Պանդեմոն) չար ոգիների կացարան, ուր կհավաքեն բոլոր դավաճանների, ցեղասպանների աճյունները: Եվ դա կկոչվի ոչ թե պատվական «եղբայրական գերեզման», այլ «ախպերական գերեզման»: Եվ, ազնիվ սերունդ դաստիարակելու նպատակով, կկազմակերպեն այցելություններ, կանցկացնեն պատմության դասերի պրակտիկա, ինչպես Ֆրանգյուլի գերեզմանի մոտ: Բացի այդ, ապագա մայրերին հղի ժամանակ կնշանակեն առողջ, էկոլոգիապես մաքուր սննդակարգ։
Դանիել ԵՐԱԺԻՇՏ
«Շարականի» գեղարվեստական ղեկավար, դիրիժոր

Դիտվել է՝ 1739

Մեկնաբանություններ