Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԻՐ ՄԻԱԾԻՆ ՈՐԴՈՒ ՉԱՐՉԱՐԱՆՔՆԵՐՈՎ և ԱՐՅԱՆ ՀԵՂՄԱՄԲ ՈՒԶԵՑ ՃՇՄԱՐԻՏ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎՐԱ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ՄԱՐԴՈՒՆ

ԻՐ ՄԻԱԾԻՆ ՈՐԴՈՒ ՉԱՐՉԱՐԱՆՔՆԵՐՈՎ և ԱՐՅԱՆ ՀԵՂՄԱՄԲ ՈՒԶԵՑ ՃՇՄԱՐԻՏ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎՐԱ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ՄԱՐԴՈՒՆ
06.03.2012 | 00:00

Սկսվել է Մեծ պասի ժամանակահատվածը, որը տևում է 48 օր։ Եկեղեցու նախնական սովորությամբ` «պաս» կոչվածը կերակուր չուտելն էր, հետևաբար հասկացվում էր այն, ինչ այժմ հասկանում ենք «ծոմ» բառով։
Ի՞նչ է պասը. «պաս» բառի իմաստն է ժուժկալել, զգուշանալ, ինքն իրեն մի բանից զրկել (ինչի՞ց, ինչո՞ւ. այս մասին հետո)։ Պողոս առաքյալի թույլտվությամբ, այն մարդկանց, ովքեր տկար լինելով չէին կարող զրկել իրենց ընդհանրապես ուտելուց (ծոմ պահելուց), թույլատրվեցին բանջարեղեն, ապա նաև ընդեղեն, բույսերից քամված նյութ (ձեթի, գինու մրգահյութերի տեսքով) և մեղր, որը կենդանական ուտելիք չի համարվում (Հռոմ. ԺԴ 2)։
Հայաստանյայց առաքելական եկեղեցու կանոնակարգի համաձայն տարվա ընթացքում սահմանվել է 158 պասոց օր, այդ թվում` յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի և ուրբաթ օրերը։
Մեծ պասը եկեղեցու օրինադրած պասերից ամենաերկարն է։ Այն սկսվում է բուն բարեկենդանի հաջորդ օրվանից մինչև Ս. Զատիկին նախորդող ճրագալույցի երեկոյան պատարագից հետո ընկած ժամանակահատվածը, երբ բանջարեղեն, ձկնեղեն, ձու և կաթնեղեն ուտեստներ պետք է օգտագործել` այսպիսով մեղմելով պասի խստությունը, որն ունի իր հատուկ անվանումը` նավակատիք, որը իմաստավորում է մեծահանդես տոների սկիզբը, պասի մեղմացման միջոցով ու մսեղենի խստիվ արգելմամբ և նախորդում մեր հինգ տաղավար տոներին, իսկ բառացի նշանակում է «նորը կերտել»։ Ընդհանուր սովորույթ էր անգամ նոր կերտվող եկեղեցու նավակատիքը կատարելը։
Եկեղեցու հայրերը հանձնարարում են պաս պահել։ Հատկապես Մեծ պասի օրերին` պատրաստվելու և հավատով դիմավորելու համար առաջիկա Ս. Հարության մեծ խորհուրդը։
Մեծ պասի սկզբին նախորդում է Բուն բարեկենդանը, որը բարեկենդաններից գլխավորն է և Մեծ պասին նախորդող վերջին ուտիքի կիրակին, Ս. Զատկի հետ ունի 35-օրյա շարժունակություն ու խորհրդանշում է մեր նախահայրերի դրախտային երջանիկ կյանքի հիշատակությունը. արդեն «բարեկենդան» բառն էլ ստուգաբանվում է` որպես բարի կենդանություն։
Բարեկենդանները 10-ն են, որոնցից 9-ը միշտ կիրակի են, իսկ 10-րդը` դեկտեմբերի 29-ին։
Մեր տատիկները սովորություն ունեին Բուն բարեկենդանից հետո երեկոյան լվալ բոլոր ամանները, որպեսզի կենդանական սննդից հետք չմնա։
Յոթշաբաթյա պասի յուրաքանչյուր կիրակին ունի իր անվանումը և կապված է Աստվածաշնչյան հայտնի բարոյախոսական ասույթների հետ. ավելին, 7-րդ Ավագ շաբաթվա 6 օրերը նվիրված են ավետարանական տարբեր հիշատակություններին և բոլորն էլ Ավագ անունն ունեն։
Հայերիս համար նշվելու արժանի օրեր են նաև Մեծ պասի առաջին երկուշաբթին` բակլախորանը, և 24-րդ օրը` միջինքը, որը միշտ չորեքշաբթի օր է։
Այս օրերը զուտ ժողովրդական են և տերունական նշանակություն ու խորհուրդ չունեն։
Արևմտյան Հայաստանում շատ տարածված մշակաբույս էր բակլան. օգտագործում էին և՛ նրա կանաչ զանգվածը, և՛ հատիկները չորացրած վիճակում, ինչպես լոբին։
Գյուղացիները մեծ քանակի հատիկավոր բակլա էին նվիրաբերում եկեղեցիներին ու վանական համալիրներին։ Ի նշան երախտագիտության` եկեղեցականներն էլ բակլախորանին (բակլան խորովել) բակլա էին խորովում և բաժանում հավատացյալներին։
Միջինքը, ինչպես և բակլախորանը, զուտ ժողովրդական է։ Արևմտյան Հայաստանի շատ գավառներում այդ օրը թոփիկի օր էր։ Հին արաբկիրցիները սերնդեսերունդ պահել են այս գեղեցիկ ավանդույթը, և նույնիսկ մեր օրերում այն չի կորցրել իր արդիականությունը։
Բուն բարեկենդանին հաջորդող կիրակին կոչվում է «Արտաքսման կիրակի», որը խորհրդանշում է Ադամի և Եվայի` դրախտից արտաքսման փաստը, որովհետև մեղավոր մարդը դրախտում ապրելու իրավունք չունի ու միայն ծոմապահությամբ, սրտաբուխ ապաշխարությամբ կարող է ձեռք բերել այդ իրավունքը։
Իսկ որն էր Ադամի և Եվայի մեղքը, ինչը դարձավ դրախտից նրանց արտաքսման պատճառը։
Ի՞նչ էր պակասում նրանց դրախտում երջանիկ ապրելու համար. ոչինչ. բայց իրենց ունեցածով չբավարարվելու գռեհիկ ընչաքաղցությունն ու ագահությունը նրանց տարավ այդ քայլին, որն էլ արժանացրեց Աստծո պատժին «Քրտամբ երեսաց քոց կերիցես զհաց քո» (Ծնն. Գ-19)։
Դժբախտաբար մարդն այսօր էլ մնացել է այդպիսին։
Երկրի մթնոլորտի օզոնային շերտի օրավուր մեծացող ճեղքվածքը, Սառուցյալ օվկիանոսի սառցալեռների հալոցքը և դրա պատճառով կենդանական ու բուսական աշխարհին հասցվող վնասները մարդկային տեսակի ընչաքաղցության ու ագահության վկայությունն են, չհաշված ընդերքի ահագնացող շահագործումը, ամեն կերպ ավերելով արարչագործության հրաշք բնությունը։
Եվ քանի դեռ մարդը չի հրաժարվել բնությունն ավերելու մոլուցքից ու մտադրությունից (ապաշխարելը հենց դրանում է արտահայտվում), նրան ներում չկա, և դրախտի դռները փակ կլինեն նրա առաջ։
Հաջորդն «Անառակի» կիրակին է. այն սահմանված է աստվածաշնչյան «անառակ որդու» առակի հիման վրա, որը այլաբանորեն ցույց է տալիս, որ ապաշխարելով ու գիտակցելով գործած մեղքը` մարդ կարող է արժանանալ Աստծո ներողամտությանը, ինչպես հայրը ներեց որդուն (Ղուկ. ԺԵ 20-23) «զի եղբայր քո այս մեռեալ էր և եկեաց, կորուսեալ` և գտաւ» (Ղուկ. ԺԵ 32)։
Այս առակն իր արտահայտությունն է գտել մեր սքանչելագործ կաթողիկոս Ս. Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքի երրորդ տան մեջ, որն ինձ համար Տերունական աղոթքից հետո ամենաբաղձալի աղոթքն է։
Հաջորդը «Տնտեսի» կիրակին է։ Մի մեծահարուստ մարդ ուներ մի տնտես, որը վատնում էր իրեն վստահված տնտեսության բարիքները։ Մեծահարուստն իմանալով այդ մասին` պահանջեց տալ տնտեսության հաշիվը։ Այս խոսքերը մի օր ուղղվելու են յուրաքանչյուրիս` այս աշխարհում գործած մեր լավ ու վատ գործերի հաշվետվությունը տալու հարցում. այնպես որ, ամեն մեկս պետք է մտածի, որ իր տալիք հաշվետվությունն արժանանա Բարձրյալի դրական գնահատականին։ Նույն օրը եկեղեցին հիշատակում է նաև աղքատ Ղազարոսի առակը. անօգնական աղքատին ձեռք չմեկնած մեծահարուստը մի օր հաշիվ է տալու, թե ինչպես է տնօրինել Աստծու կողմից իրեն շնորհված բարիքները։
Այս առակն այսօր էլ նույնքան արդիական է մեր օլիգարխիկ համակարգի շատ դերակատարների համար, որոնց չի փրկի անգամ եկեղեցիներ կառուցելու փարիսեցիությունը (Ղուկ. ԺՆ 10-13). իսկական Աստվածահաճո գործը ժողովրդից գողացածը ժողովրդին վերադարձնելն է։
Հինգերորդ Կիրակին Անիրավ դատավորի պատումին է վերաբերում։ Մի քաղաքում մի դատավոր կար, որ «Աստծո ոչ երկնչէր և ի մարդկանե ոչ ամաչէր» (Ղուկ. ԺԸ 2)։ Մի պառավ անընդհատ դիմում էր նրան իր հարցը քննելու խնդրանքով, բայց նրա վեջը չէր։
Բայց մի օր, ձանձրացած պառավի գնալ-գալուց, տեսավ նրա դատը. «Իսկ Աստուած ո՞չ առնիցէ վրէժխնդրութիւն ծառայից իւրոց, որ աղաղակեն առ նա ի տուե և ի գիշերի» (Ղուկ. ԺԸ 1-7), այսինքն` Աստված անտարբեր չի մնա օր ու գիշեր աղոթող ճշմարիտ հավատացյալի խնդրանքին։
Վեցերորդը Գալստյան կիրակին է, որը Քրիստոսի աշխարհ գալու իմաստն ու խորհուրդն է բացատրում։ Քրիստոս աշխարհ եկավ, որ իր գալստյամբ ու չարչարալից մահվամբ ու թափած արյունով քավի մեր մեղքերն ու բոլորիս համար բացի երկնային փրկության դուռը. այն մեզ ուսուցանում է զղջմամբ, ապաշխարանքով և բարի գործերով մտածել հոգու փրկությանն արժանանալու համար։
Եթե Ադամն իր հետևից փակեց երանելի դրախտի դուռը, ապա Քրիստոս իր գալստյամբ այն բացեց մեր առաջ, միայն թե մարդն իր գործունեությամբ արժանի լինի այդ դռնով մտնելուն։
Զատիկից մի շաբաթ առաջ` կիրակի օրը, հայ եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը ժողովրդի մեջ հայտնի է Ծառզարդար անունով։ «Ծաղկազարդ անունով կոչում են Քրիստոսի Երուսաղեմ գալու տոնը։ Սակայն ոչ ավետարանական պատմության, ոչ էլ արարողության մեջ ծաղկի մասին խոսք չկա։ Ծաղկազարդը զուտ հայերեն լինելով, տոնական կամ քրիստոնեական ծագում էլ չունի։ Ծաղկազարդը Վարդավառի նման հին հեթանոսական տոն է հայերի մոտ, որը ժամանակի և պարագաների նմանությամբ Քրիստոսի Երուսաղեմ գալու տոնին խառնվեց և մեկի անունը մյուսին տրվեց» (Մ. Օրմանյան)։
Ավելի քրիստոնեական պիտի համարել Ծառզարդար ժողովրդական անունը, որովհետև Քրիստոսի Երուսաղեմ գալու առթիվ ծառերի ճյուղերից հանդես կազմակերպվեց, և մինչև հիմա Ծաղկազարդին ձիթենու, իսկ որտեղ ձիթենի չկա ուռենու ոստեր են բաժանվում (Ղևտ. ԻԳ 40)։
Այդ օրը Քրիստոս, ի նշան խոնարհության և հեզության, Երուսաղեմ մտավ ավանակ նստած, և կատարվեց փրկչի գալստյան Զաքարիայի մարգարեությունը. «Եւ ածին զէշն և արկին զնոքոք ձորձս և նստաւ ի վերայ նոցա։ Եւ բազում ժողովուրդք տարածեցին զհանդերձս իւրեանց ի ճանապարհին» (Մատթ. ԻԱ 7-9)։ Տիրոջ առաջ հանդերձները նետելը խորհրդանշում է մեղքերից ազատվելու գաղափարը։
«Ծաղկազարդից մինչև Զատիկ ընկած յոթնյակը կոչվում Ավագ շաբաթ, և շաբաթվա յուրաքանչյուր օրն էլ Ավագ անունն է կրում. Ավագ անունը իրավամբ տրված է այդ յոթնյակին, ուր հիշատակվում են Քրիստոսի վերջին օրերի տնօրինությունները... Ավագ շաբաթ օրվան հաջորդում է Զատիկը, որը կկոչվեր Ավագ կիրակի, եթե այդպիսի սովորություն լիներ» (Մ. Օրմանյան)։
Ավագ շաբաթվա երկուշաբթին թզենին անիծելու և տաճարը մաքրելու օրն է. առաջինում արծարծվում է հավատի և նրա զորության (Մատթ. ԻԱ 18-22), իսկ երկրորդում` հավատի մաքրության խնդիրը (Մատթ. ԻԱ 12-17)։
Անպտուղ թզենին կարելի է համեմատել այն մեծահարուստի հետ, որն իր արտաքին պաճուճանքով զարմացնում է բոլորին, բայց արտաքնապես և աստվածահաճո գործունեությամբ անպտուղ է, իսկ եթե անգամ ինչ-որ «բարեգործություն» է անում, ապա միայն սեփական եսը ցուցադրելու սնափառությունից։
Հավատն ուժեղ է, անկեղծ ու բարի գործունեությամբ և այլոց նկատմամբ ունեցած աներկբա սիրով։ Եկեղեցին աստվածային հաստատություն է, քրիստոնեական մարմնի ամբողջությունն է, Քրիստոսի հետ միացման նշանն ու հավատացյալների եղբայրության կապը։ Ահա թե ինչու Քրիստոս մտավ տաճար ու դուրս հանեց բոլոր նրանց, ովքեր անհարգալից պղծում էին այն. «Գրեալ է, Տուն իմ աղօթից կոչեսցի, և դուք արարէք զնա այրս աւազակաց» (Մատթ. ԻԱ 13)։
Ավագ երեքշաբթին եկեղեցական տոնացույցով նվիրված է «Տասը կույսերին» (Մատթ. ԻԵ 1-13)։ Առակի իմաստն է. քրիստոնյան պետք է հարատևորեն աղոթի, որովհետև «չգիտեք ոչ օրը, ոչ էլ ժամը», երբ հավատացյալի առաջ կբացվեն արքայության դռները, իսկ անհավատի, տարակուսողի և անպատրաստ մարդու առաջ դրանք փակ կլինեն և կլսեն Աստծո մերժումը. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում» (Մատթ. ԻԵ -12)։ Այդ օրը նաև փարիսեցիների հանդիմանության օրն է, երբ Հիսուս հանդիմանեց փարիսեցիներին. «Ինչ որ մտնում է որովայն, դուրս է ելնում, իսկ ինչ ելնում է բերանից, սրտից է գալիս, և այն է մարդուն պղծում, քանի որ սրտից են ելնում չար խորհուրդները` սպանություններ, սուտ վկայություն, շնություն, պոռնկություն, հայհոյանք։ Այս են պղծում մարդուն, իսկ անլվա ձեռքերով ուտելը մարդուն չի պղծում» (Մատթ. ԻԵ 17-20)։
Չորեքշաբթի օրվա խորհուրդը Բեթանիայում կատարված Հիսուսի ոտքերի լվացումն է նարդոսի թանկարժեք յուղով. սրանով Հիսուս օծվեց որպես թագավոր և Տեր ամենայնի. Հիսուս թագավոր է, սակայն նրա թագավորությունն այս անցողիկ աշխարհինը չէ, այլ հավիտենական, ճշմարիտ ու նոր կյանքի թագավորությունը։ Հիսուսի ոտքերի յուղով օծումը կանխա-նշում է նաև նրա մահն ու թաղումը (Մատթ. ԻԶ 6-13)։
Այդ օրը նաև Հիսուսի մատնության օրն է Հուդա Իսկարիովտացու կողմից։ Մինչ երեկոյան Հիսուսն աշակերտների հետ սեղան էր նստել և զգուշացրել, որ նրանցից մեկը մատնելու է իրեն, Հուդան քահանայապետերի հետ մտավ ներս և համբուրեց Աստվածորդուն` այսպիսով մատնելով նրան։
Հինգերորդ օրը երեկոյան Հիսուս վերջին անգամ ընթրում է իր աշակերտների հետ, ընթրիքի ժամանակ Հիսուս վերցրեց հացը, օրհնեց, կտրեց և տվեց իր աշակերտներին ու ասաց. «Առէք կերեք, այս է մարմինն իմ». հետո գինու բաժակը վերցրեց, գոհացավ, տվեց նրանց ու ասաց. «Արբեք, զի այդ է արիւն իմ նորոյ ուխտի» (Մատթ. ԻԶ 26-28), այսպիսով սահմանվեց Հաղորդության խորհուրդը։ Հաղորդության խորհրդով Քրիստոս բնակվում է հավատացյալների հոգիների մեջ և նրանց իրար միացնում։
Այդ օրը ընթրիքից հետո Հիսուս, որպես խոնարհության նշան, կատարեց ոտնլվայի արարողություն. ջուր լցրեց կոնքի մեջ և աշակերտների ոտները լվաց (Հովհ. ԺԳ 5)։
Ավագ ուրբաթ Հիսուսի չարչարանքների և խաչելության օրն է. այդ օրը Նրա գլխին փշեպ-սակ դրին, խաչ հանեցին և խաչված Հիսուսին ջրի փոխարեն քացախով թաթախած սպունգ տվին. «Եվ ահա տաճարի վարագույրը վերևից մինչև ներքև երկուսի պատռվեց, շարժում եղավ և բազում մեռյալներ հարություն առան, իսկ հարյուրապետը և նրանք, որ պահպանում էին Հիսուսին, վախեցան ու ասացին. «Արդարև Աստծո որդի էր սա» (Մատթ. ԻԷ 54)։
Երբ երեկո եղավ, Հովսեփ անունով մի մեծահարուստ, որ աշակերտել էր Հիսուսին, գնաց Պիղատոսի մոտ և խնդրեց Հիսուսի մարմինը։ Խնդիրքը չմերժվեց, ուստի այդ Հովսեփը մարմինն առնելով, պատեց մաքուր կտավով և դրեց նոր գերեզմանի մեջ, որ ժայռի մեջ էր փորված ու մի մեծ քար գլորեց և դրանով փակեց գերեզմանը (Մատթ. ԻԷ 48-60)։
Ավագ շաբաթ օրը ճրագալույց է. նշանակում է ճրագը ձեթով լցնել. ճրագալույց անունը գործածվում է միայն Ս. Ծննդյան և Ս. Հարության նախընթաց երեկոյան արարողության իմաստով։ Ս. Հարության տոնին նախորդող երեկոյան ճրագալույցին տրվում է Քրիստոսի Հարության ավետիսը և ավարտվում է Մեծ պահքը, որը դադարեցվում է ձվի և ձկան ճաշակումով։ Այդ օրվա ձուն ներկված է լինում, որը խորհրդանշում է Քրիստոսի թափած արյունը։
Կիրակի օրը Հիսուսին հավատացող և սգացող կանայք, երբ եկան նրա գերեզման, այն դատարկ գտան։ Եվ մինչ զարմանքի ու զարհուրանքի մեջ էին, լսեցին Տիրոջ հրեշտակի ավետիսը. «Ինչո՞ւ ողջին մեռելների մեջ եք փնտռում, այստեղ չէ, այլ հարյավ» (Ղուկ. ԻԳ 6)։
Կիրակին Զատկի տոնն է, Ավագ շաբաթվա ավարտը, որի թագն ու պսակն էլ Քրիստոսի Հարությունն է, որը քրիստոնեական եկեղեցու ամենանշանակալի տոնն է։

ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
Մեծ փիլիսոփա Կանտը տիեզերքում երկու բարձրագույն գեղեցկություն էր տեսնում` աստղազարդ երկինքը և մարդկային հոգու ներաշխարհը։
Եթե աստղազարդ երկինքն արարչագործության հրաշալիքն է, ապա մարդն իր մտավոր էությամբ ու բանականությամբ դրա գագաթն ու պսակն է, ինչի համար էլ Աստված սիրեց մարդուն և նույնիսկ այն ժամանակ, երբ մարդը հանդգնեց վեր կանգնել Աստծուց, ինչի պատճառով էլ պատժվեց ջրհեղեղով, Նա գտավ Նոյին, որպեսզի մարդը շարունակի ապրել ու իր ստեղծագործ աշխտանքով վայելել իրեն ընձեռված բնության բարիքները։
Մարդ արարածը պետք է գիտակցի մի բան. ինքն իր գործունեությամբ ու արարքներով որքան սիրելի լինի Աստծուն, Աստված հազարապատիկ անգամ ավելի կսիրի նրան. ահա թե ինչու Նա Իր միածին որդու չարչարանքներով և արյան հեղմամբ ուզեց ճշմարիտ ճանապարհի վրա կանգնեցնել մարդուն։
Այս միտքը սույն հրապարակման հիմնական առանցքն է։
Պատասխանենք հոդվածի սկզբում տրված` ինչո՞ւ, ինչի՞ց ժուժկալել հարցին։ Ովքեր ապրել են սովետների վերջին 20 տարիները, կհիշեն, որ նրանք անգամ հասկացել էին պասի նշանակությունը. սկզբում հինգշաբթին հայտարարվեց «ձկան օր», իսկ հետո սկսեցին պրոպագանդել ձեթի օգտագործումը, երբ մարդկանց միայն նեղ շրջանակներ գիտեին` ինչ բան է խոլեստերինը և նրա դերը սրտանոթային հիվանդությունների մեջ։
Հայտնի է, որ Մեծ պասի ժամանակահատվածը մանր ու խոշոր եղջերավոր անասունների ծնի շրջանն է։ Երբ մենք առանց հաշվի առնելու մսամթերքի օգտագործումը հետագա` գյուղաշխատանքների եռուն շրջանին թողնելու հարցը, գառան միսը համտեսելու գայթակղությանն ենք տրվում, ապա դրսևորում ենք մեր գռեհիկ գոռոզամտությունն ու անբարո ապրելակերպը։
Մարդ կարող է լինել մեծ գիտնական, շատ հարուստ մարդ, բայց առանց բարոյական սկզբունքների։ Հզոր ազգերն անգամ կործանվում են, երբ բարոյական անկումը` զեխությունը, մտքի և հոգու անառակությունը, դառնում է նրանց կյանքի ղեկավարող սկզբունքը։
«Դուք էք աղ երկրի, ապա թէ աղն անհամի, ի՞ւ յաղիցի» (Մատթ. Ե 13)։
Քրիստոսի այս խոսքերով ավարտենք մեր խոսքերը և մեր աստվածահաճո գործերով փորձենք դառնալ երկրի աղը։
Գրիգոր ԹՈՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1256

Մեկնաբանություններ