Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իսկ մարդիկ «գրոհում» են բանկերը

Իսկ մարդիկ «գրոհում» են բանկերը
03.03.2009 | 00:00

ԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ
Հայկական մի լավ ասացվածք կա` «Ասողին լսող է պետք»: Թերևս, եթե Հայաստանի կառավարության աշխատակազմում ասացվածքներ հորինող վարպետի հաստիք ստեղծվեր, և գործադիրն էլ անսար նրա խոսքերին, դա ավելի գործուն աջակցություն կլիներ մեր տնտեսական քաղաքականությունը մշակող-իրագործողներին, քան տասնյակ օգնականների ու խորհրդականների անպտուղ չարչարանքը:
Ինչևէ: Երբ ՀՀ ԿԲ-ն սկսեց իր պահուստային միջոցներից դոլարային ներարկումներ անել արտարժութային շուկա` դրսից եկող դոլարային փոխանցումների պակասը լրացնելու և ազգային արժույթը կայուն պահելու համար, հասկանալի էր, որ դա երկար տևել չի կարող, քանի որ Հայաստանի Հանրապետության պահուստային գումար հանդիսացող 1,4 մլրդ դոլարի համար դա պարզապես ծանր բեռ էր: Սակայն, չնայած բազմաթիվ առարկություններին, ՀՀ կառավարությունն ու ԿԲ-ն գնացին այդ ճանապարհով և 2 ամսում «քամուն» տվեցին 500 մլն դոլար, ինչը փաստացի ներկրողների կողմից դուրս տարվեց, և ենթադրվող օգուտը հավասարվեց զրոյի (ներկրողների խումբը Հայաստանում շատ նեղ է, և այդ գումարը սպասարկեց միայն նրանց շահերը): Ինչ վերաբերում է մնացած 1 մլրդ դոլարին, ապա այն չեն նետում շուկա, քանի որ, ըստ տնտեսագիտական օրենքների, կառավարությունն իր տրամադրության տակ պետք է ունենա երկրի համար 4 ամսվա անհրաժեշտ պարենային և այլ ապրանքների ներմուծումն ապահովող գումար: Նկատի առնելով այն հանգամանքը, որ անցյալ տարի ՀՀ ներմուծումը կազմել է 4 մլրդ դոլար, վերոնշյալը հենց «տնտեսական ապահովության» գումարն է, այլապես այդ գումարի բացակայությունը կնշանակեր, որ Հայաստանը գտնվում է տեխնիկական դեֆոլտի շեմին:
ՀՀ կառավարությունն ու ԿԲ-ն փաստացի որդեգրեցին ազգային արժույթն «ամուր» պահելու քաղաքականությունը, մինչդեռ ԱՊՀ այլ երկրների, օրինակ, Ղազախստանի կենտրոնական բանկը 25 տոկոսով արժեզրկեց ազգային արժույթ տենգեն, իսկ ՌԴ կառավարությունը, տեսնելով, որ իր պահուստային գումարները պարզապես մեկ ամիս էլ չեն բավարարի ռուբլու արժեքն ամուր պահելու համար, ընտրեց «լողացող» կուրսի քաղաքականությունը և թողեց, որ ռուբլին դոլարի նկատմամբ 30 տոկոսով արժեզրկվի:
Ինչ խոսք, նմանատիպ արժեզրկումն իր մեջ բավականին ռիսկեր է պարունակում, սակայն դա, թերևս, շուկայում ներգրավվածներին կողմնորոշում է, որ իրադրությունն այսպիսին է, և պետք է հարմարվել նոր իրադրությանը: Բայց երբ Հայաստանում փաստացի ծախսեցին դրամի արժեքը կայուն պահելու համար նետված գումարը, սկսեցին կիրառել այլ «հակատնտեսագիտական» օրենքներ, որոնց պարագայում վնասն ավելին է լինելու, քան եթե ՀՀ կառավարությունն ու կենտրոնական բանկն ընտրեին համեմատաբար «մեղմ լողացող» դրամային քաղաքականություն և չդիմեին, մեղմ ասած, անհասկանալի քայլերի: Այսպես, դեռևս անցյալ շաբաթ հանրապետության բնակչության շրջանում արդեն իսկ դոլարի հնարավոր թանկացման մասին խոսակցությունները հանգեցրին նրան, որ կտրուկ ավելացավ դոլարի պահանջարկը: Միայն ուրբաթ օրը բորսայում ներկայացվել էր 45 մլն դոլարի առքի պահանջ, սակայն ՀՀ ԿԲ-ն, տեսնելով, որ դա բավականին մեծ գումար է, 22,5 միլիոնից հետո դադարեցրել էր վաճառքը, ՀՀ բանկերին արգելել դոլար վաճառել քաղաքացիներին, իսկ վաճառելու պարագայում էլ քաղաքացիները պարտավոր են այսուհետ ներկայացնել անձնագիր: Սակայն, այս պայմաններով էլ արդեն դոլար ձեռք բերելը դժվար էր, քանի որ փոխանակման կետերում փակցված դոլարի առքի 307, իսկ վաճառքի 308-309 դրամի ցուցանիշները միայն արտաքին պատկերի համար էին: Իսկ «սև շուկայում» դոլարն արդեն վաճառվում էր 320-330 դրամով:
Այդուհանդերձ, ամենամեծ վտանգն այն է, որ բանկերում դրամային ավանդներ ունեցող քաղաքացիներն արդեն իսկ ուրբաթ օրը «գրոհում» էին բանկերը` դրամային ավանդները դոլարայինի փոխարկելու համար: Երեկ կարելի էր ականատես լինել բանկերում մարդկանց հերթերի, որոնք ժամերով սպասում էին, որ դրամը դոլարի վերածեն: Իսկ այս պարագայում դոլարի պահանջարկն այնքան է մեծանում, որ կարող է միանգամից «փլուզել» արժութային շուկան:
Արտակ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4246

Մեկնաբանություններ