Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
27.11.2009 | 00:00

Քաղաքական, ռազմաքաղաքական և նույնիսկ տնտեսական դաշինքները, սովորաբար, ձևավորվում են շատ անարդյունավետ, քաղաքական և ժամանակային մեծ ռեսուրսների ներդրումով, հանդիպում են բազմաթիվ սահմանափակումներով։ ԽՍՀՄ-ի և խորհրդային բլոկի փլուզումից հետո քիչ մտադրություններ ու փորձեր չեն եղել դաշինքների ձևավորման ուղղությամբ` իբրև հակակշիռ տարբեր պետությունների այս կամ այն ռազմավարությանն ու հավակնություններին։ Դա պայմանավորված է մի քանի գործոններով։
ՆԱՏՕ-ի քաղաքական նպատակներն ու խնդիրները, որպես գլոբալ և խիստ հեղինակավոր դաշինքի, զրոյացնում են այլընտրանքային նախագծերը, քանի որ դրանք իսկապես փորձում են այլընտրանք ձևավորել և դրանով իսկ դառնում են մարգինալ։ Այնուհանդերձ, մի շարք պետություններ, այսպես թե այնպես, վերադառնում են այդպիսի դաշինքի ձևավորման գաղափարին, ինչին, իրենց հերթին, դեմ են հանդես գալիս ԱՄՆ-ը և նրա դաշնակիցների մի մասը։ Օրինակ, զգուշանալով Մերձավոր Արևելքում այդպիսի դաշինքի ի հայտ գալու հեռանկարից, ընդ որում, ինչպես արաբական երկրների, այնպես էլ Իրանի և շիա մահմեդական համայնքներ ունեցող արաբական պետությունների միջև, ԱՄՆ-ն ամենևին էլ չի ողջունում թուրք-իսրայելական ընդգծված դաշինքի ձևավորումը կամ համանման հարաբերությունների ստեղծումն Իսրայելի և որոշ արաբական պետությունների միջև, քանի որ դա կարող է հանգեցնել համապատասխան հակազդեցության։
Այլընտրանքային դաշինքներ ժամանակակից աշխարհում չեն կարող չլինել` տարածական առումով սահմանափակ և նպատակաուղղված հակազդելու նոնկոնֆորմիստական և ունիվերսալ քաղաքական ռազմավարություններին։ Այդպիսի դաշինքների ձևավորումը կհանգեցներ տարածաշրջանների կառավարելիության կտրուկ նվազեցման և արդյունքում քաղաքական ու սոցիալական գործընթացները կդառնային անկանխատեսելի։ ԱՄՆ-ը լուծել է Հարավարևելյան Ասիայում ռիսկերի նվազեցման խնդիրն այլընտրանքային դաշինքների ձևավորման պարագայում։ Գործնականում արդեն լուծված է այդ հարցը նաև Մերձավոր Արևելքում, փորձ է արվում նույն սպառնալիքը չեզոքացնել Լատինական Ամերիկայում։
Արևելյան Եվրոպայում դաշինքների ձևավորման քիչ թե շատ փորձեր չեն էլ եղել, իսկ ՎՈՒԱՄ-ը բոլորովին այլընտրանքային միավորում չէ, այլ գեոտնտեսական բնույթի ենթակայացված դաշինք, որը ստեղծվել է առանձնահատուկ պայմաններում ու որոշակի նպատակներով։ Այսինքն, ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների քաղաքականությունն այլընտրանքային դաշինքների ուղղությամբ ԱՄՆ-ի տրանսատլանտյան քաղաքականության բաղադրիչն է։ Միջազգային հարաբերություններում ցանկացած այլ վեկտորի զարգացումն ինքնաբերաբար ենթադրում է թշնամական մոտեցում ԱՄՆ-ի քաղաքականությանը և ընկալվում որպես տագնապի ազդանշան։ Ի դեպ, իբր ձևավորվող թուրք-վրաց-ադրբեջանական դաշինքը ոչ այլ ինչ է, եթե ոչ կարճ վզափոկի հայտնի հնարքի կիրառումը։ Իրականում այդպիսի դաշինքի ձևավորում սկզբունքորեն հնարավոր չէ, և այդ բլեֆը նպատակ ունի լուծելու որոշակի խնդիրներ, որոնք տեղավորվում են արևմտյան հանրության գեոտնտեսական նախագծերում։
ԱՄՆ-ի կողմից կիրառվող այս դոկտրինին զուգահեռ հարկ է նշել, որ Առաջավոր Ասիայի պետությունների բացարձակ մեծամասնությունը բոլորովին էլ չի ձգտում ընդգրկվել դաշինքներում, քանի որ միջազգային հարաբերություններն այնքան բարդ են, որ պետությունները չեն ցանկանում իրենց վրա վերցնել այլ, նույնիսկ բարեկամական երկրների պրոբլեմները։ Օրինակ` Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները, որոնք չնայած սերտ համագործակցությանը, չեն շտապում դաշինք ձևավորել և դրանով իսկ բարդացնել իրենց դրությունն ու ձեռք բերել լրացուցիչ պրոբլեմներ։ Անհնար է չնկատել, որ դաշինքների ձևավորման դեֆիցիտն աշխարհում շատ կողմերով ծնունդ առավ համաշխարհային քաղաքականության մեջ, սոցիալական գաղափարախոսությունների մարգինալացման արդյունքում։ Կոմունիստական համակարգի փլուզումով մարեցին նաև շատ ազգերի աշխարհաքաղաքական հետաքրքրությունները։
Այս կապակցությամբ տագնապի ազդանշաններն ավելի շատ են, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Գլխավոր ազդանշանն Արևելքում ոչ թե ԱՊՀ Հավաքական անվտանգության կազմակերպության ձևավորումն ու զարգացումն է, այլ ռուս-չինական ռազմաքաղաքական համագործակցությունը։ Իսկ Արևմուտքում այդպիսի ազդանշան կարելի է համարել առաջատար եվրոպական պետությունների և ազդեցիկ եվրոպական քաղաքական շրջանակների` ՆԱՏՕ-ն ապաարդիականացնելու և վերջնականապես արժեզրկելու փորձերը։ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ջանքեր են գործադրում հաղթահարելու այդ միտումները, ինչը հաճախ հանգեցնում է կա՛մ համապատասխան հակազդեցության, կա՛մ էլ ՆԱՏՕ-ի ներսում պառակտման խորացման։ Միաժամանակ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ում նրա եվրոպական գործընկերները, հակասություններով հանդերձ, այնուամենայնիվ, գտնվում են փաստացի և ինստիտուցիոնալ պայմանավորվածությունների շրջանակում` համատեղ հակազդելու սպառնալիքներին և անցանկալի միտումներին Արևելյան Եվրոպայում և առհասարակ Եվրասիայում, և դա պայմանավորված է ոչ միայն աշխարհաքաղաքական հավակնություններով, այլև կենսական կարևոր հանգամանքներով` էներգառեսուրսներ ձեռքբերելու ու դրանց տարանցումն ապահովելու առումով։ Համենայն դեպս, եթե Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի առանձին պետությունների վերաբերյալ արևմտյան գործընկերների միջև կա դիրքորոշումների տարբերություն, ապա Ռուսաստանի նկատմամբ` առանձին հարցերի շուրջ համախմբվածությամբ հանդերձ, ձևավորվել է բավական կոշտ պայքարի ռեժիմ։ Այդ պայքարում առաջատար եվրոպական պետությունները և ազդեցիկ եվրոպական ակումբները ներկայացնում են այնպիսի առաջարկներ, որոնք բացարձակապես անընդունելի են ԱՄՆ-ի համար։ Նույնատիպ հակասություններ են առաջանում նաև ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև։
Հենց այս համատեքստում պետք է դիտարկել այն հիմնախնդիրները, որոնք առաջանում են Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում։ Այս հիմնարար նշանակություն ունեցող հանգամանքը հաշվի առնելով հանդերձ, հարկ է ընդգծել, որ ռուս-հայկական հարաբերությունները գնալով ավելի ու ավելի են կորցնում ինքնուրույնությունը կամ անկախությունը։ Հայաստանի և Ռուսաստանի միջև ձևավորված հարաբերությունները, անշուշտ, միանգամայն ռազմավարական բնույթ ունեն, որքանով դա հնարավոր է անկայուն տարածաշրջանում գտնվող փոքր պետության և հսկա միջուկային տերության միջև։ Ցավոք, Հայաստանում, ներառյալ նրա «քաղաքական դասակարգը», սպառված չեն Ռուսաստանի նկատմամբ իդեալիստական հայացքներն ու ակնկալիքները։ Որպես օրինակ կարելի է բերել ԱՄՆ-ի և Իսրայելի հարաբերությունները, երբ այդ հարաբերությունների ողջ ընթացքում Իսրայելը միաժամանակ պայքարել է իր ռազմավարական գործընկերոջ քաղաքականության դեմ։ Ռազմավարական գործընկերություն հասկացությունը չի կարելի տեղավորել միանշանակ կանոնների շրջանակում, և յուրաքանչյուր առանձին դեպքում այդպիսի հարաբերությունները տարբեր բովանդակություն ունեն։
Ներկայումս հաղթահարված են այն պրոբլեմները, որոնք մի քանի տարի (1990-ականների երկրորդ կեսին և 2000-ականների սկզբին) մթագնում էին հայ-ռուսական հարաբերությունները։ Կողմերը երկար ժամանակ հարմարվում էին միմյանց` նոր քաղաքական էլիտաների ձևավորման չավարտված գործընթացի պայմաններում, երբ վերաիմաստավորվում էին միջազգային և տարածաշրջանային քաղաքական պայմանները։ Բազմաթիվ դրական հանգամանքների կողքին առայսօր լիովին չլուծված է մնում քաղաքական խորհրդատվությունների և արտաքին քաղաքական ու անվտանգության հարցերում որոշումների համաձայնեցումը։ Եվ դեռ հարց է, թե որքանով սկզբունքորեն այդ խնդիրը կարող է լուծվել այդպիսի տարբեր քաշային կատեգորիաներ ունեցող երկրների միջև։ Առայժմ ավելի շատ են փաստարկները, որ մոտակա ժամանակահատվածում այդ խնդիրը կմնա չլուծված։ Եթե Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում որդեգրվի փոխադարձ խորհրդատվությունների աշխատակարգը, ապա Ռուսաստանը կհայտնվի բավականին բարդ իրավիճակում, ընդ որում, ոչ միայն Հարավային Կովկասում, այլև արևմտյան հանրության հետ իր հարաբերություններում։
Ռուսաստանը չէր կարող իրեն թույլ տալ առաջնորդվել «առաջնահերթությունների» դոկտրինով և, առհասարակ, հրաժարվել «պարիտետի» դոկտրինից։ Այսինքն, որոշակի տարածաշրջանի պետությունների նկատմամբ սելեկտիվ վերաբերմունքի ավանդույթ ռուսական պետությունը չի ունեցել դարերի ընթացքում։ Ռուսական էլիտան և քաղաքական ծրագրավորողներն անպատրաստ էին իրականացնելու այնպիսի քաղաքականություն, որը կենթադրեր «խաղագումարը» դնել տարածաշրջանում միայն մի պետության վրա։ Այդ դեպքում Ռուսաստանը հարկադրված կլիներ համանման գործընկերություն պարտադրել այդ տարածաշրջանի որևէ այլ պետության։ Սակայն պարիտետային քաղաքականություն վարելու համար էլ անհրաժեշտ են լուրջ քաղաքական ռեսուրսներ, որոնք կարող է ունենալ Ռուսաստանից ավելի հզոր տերությունը։ Մինչդեռ Մոսկվան չէր կարողանում լիովին իրականացնել պարիտետային քաղաքականություն անգամ ԽՍՀՄ-ի գոյության պայմաններում։ Սակայն Մոսկվայում ձևավորվել է բավական ինքնատիպ քաղաքական խորհրդատվություն, որը ոչ մի կերպ չի կարող ընկալել պարիտետային արտաքին քաղաքականության իրականացումը` ելնելով իր անձնական և խմբակային շահերից։ Կան կարծիքներ, թե այն ենթադրությունները, որ կորպորացիաները մեծ ազդեցություն ունեն Ռուսաստանի քաղաքականության վրա, չափազանցություն են։ Բայց ամեն դեպքում այդպիսի զգալի միջոցները, անկասկած, չեն կարող ընդհանրապես ազդեցություն չունենալ արտաքին քաղաքականության վրա։ Միանգամայն հնարավոր է, որ Մոսկվայում պրոբլեմներ կան արտաքին քաղաքական որոշումների ընդունման հետ կապված։ Բայց գլխավոր գործոնը, որ սահմանափակում է հայ-ռուսական հարաբերություններում քաղաքական խորհրդատվությունների կիրառումը, Ռուսաստանի նկատմամբ և Եվրասիայում ԱՄՆ-ի և առհասարակ արևմտյան հանրության կողմից իրականացվող ռազմավարությունն է։
ԱՄՆ-ն իր գործընկերների հետ Հարավային Կովկասում, ինչպես և Արևելյան Եվրոպայում ու Եվրասիայում, իրականացնում է ոչ սովորական պարիտետային քաղաքականություն։ Դա խիստ հավասարակշռված ունիվերսալիզմի քաղաքականություն է, երբ տեղի է ունենում համարժեք, միատարր, բայց ոչ միաչափ «դաշտի» ձևավորում այդ ողջ գերտարածաշրջանում, որը հայտնվում է նոր հարաբերությունների կառուցման գործընթացում, իր համար նոր առաջնահերթություններով ու նպատակներով։ Այդ ահռելի քաղաքական ու գեոտնտեսական էքսպանսիան Ռուսաստանի համար չի թողնում ազատության այնպիսի աստիճան, որ նա իր գործընկերների հետ կառուցի հարաբերություններ` նրանց տնտեսական և անվտանգության շահերի լիարժեք ընդգրկումով։ Տարածված թեզը, թե Ռուսաստանն առայսօր չունի հստակեցված քաղաքականություն Հարավային Կովկասում, չի համապատասխանում իրականությանը։ Ռուսաստանը միշտ ունեցել է որոշակի քաղաքական առաջնահերթություններ ու հետևողական քաղաքականություն մեր տարածաշրջանում, և այն իր մեջ ներառել է բազմաթիվ ու տարաբնույթ գործիքներ։ Բայց Ռուսաստանի տեղն ու դերը միջազգային քաղաքականության մեջ այնքան անորոշ է ու ոչ նախընտրելի, որ նա չէր կարող հասնել էական հաջողությունների։ Կամ, համենայն դեպս, այնպիսի արդյունքների, որոնք ինքը կհամարեր հաջողություն։ Տեղի է ունենում ազդեցության պայքար ատլանտյան և եվրասիական բլոկների միջև, որոնք ունեն զարգացման իրարամերժ միտումներ, և Ռուսաստանի ու Հայաստանի հարաբերություններն այս կոնտեքստից դուրս դիտարկելը պարզապես մոլորություն է։
Միևնույն ժամանակ, այս աշխարհաքաղաքական դասավորությունը չի բացառում երկրորդական և երրորդական գործոնների նշանակությունը ռուս-հայկական հարաբերություններում։ Մոսկվայում պահանջարկ ունեցան այն տեսակետները, որոնք կասկածի տակ են դնում հայ-ռուսական փոխհարաբերությունները և կանխատեսում Հայաստանի ինտեգրացիան և նույնիսկ նրա ներառումը ՆԱՏՕ-ի կազմ։ Իրականում սա շատ կոնկրետ հարց է, և Ռուսաստանը չի կարող ձև անել, թե այդպիսի պրոբլեմ գոյություն չունի։ Բայց տարօրինակ է այն, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը բազմիցս, գործնականում ամեն տարի, հայտարարում է և բացատրում, որ Հայաստանը չունի ՆԱՏՕ-ի մեջ մտնելու օրակարգ, իսկ երկրի քաղաքական գործիչների շարքում գործնականում չկան այնպիսիք, ովքեր առաջ մղեին այդ գաղափարը ցանկացած գնով։ Այսինքն, այդպիսի երկխոսություն Հայաստանում չկա, բայց Մոսկվայում այդ կարգի գնահատականները գնալով ավելի լայն թափ են ստանում։
Հայաստանի նախորդ քաղաքական կոալիցիայում գտնվող կուսակցությունները չափազանց շատ էին զբաղված իրավիճակային խնդիրներով, որպեսզի պատկերացումներ ունենային ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ։ Ձախ քաղաքական սպեկտրի բացարձակ բացակայության պայմաններում Հայաստանում, այնուհանդերձ, պահպանվում են ձախ տրամադրությունները հասարակության լայն շերտերում, ինչը նույնպես չի նպաստում հանրության մեջ ՆԱՏՕ մտնելու ձգտումների մեծացմանը։ Հնարավոր է, որ Հայաստանի զինվորական շրջանակներում կա հետաքրքրություն ՆԱՏՕ-ի նկատմամբ։ Բայց ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ այդ հետաքրքրությունն արտահայտվում է միայն զինատեսակների և ՆԱՏՕ-ում իրականացվող ռազմական շինարարության առումով։ Թերևս հայ զինվորականության շրջանում կան նաև մտահոգություններ մեկուսացման մեջ չհայտնվելու առումով, քանի որ ՆԱՏՕ-ն ընդլայնվելու խնդիր ունի։ Միաժամանակ, հայ զինվորականների մեծամասնությունը ՀԱՊԿ-ը համարում է երկրի անվտանգության ապահովման իրական այլընտրանք։ Լոնդոնում 2006-ի մարտին բրիտանական 12 ռազմական ու քաղաքական մասնագետների մասնակցությամբ իրականացվեց «ուղեղային գրոհ»` «Հայաստանի` ՆԱՏՕ-ի կազմ ինտեգրվելու հեռանկարները» թեմայով։ Այդ քննարկման արդյունքներով փորձագետները հանգեցին հետևյալ եզրակացության. կարևոր չէ, թե ինչ տեխնոլոգիայով Հայաստանը «կմտնի» ՆԱՏՕ, ավելի կարևոր է, թե ինչ տեխնոլոգիայով «դուրս կգա» ՀԱՊԿ-ից և Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական պայմանագրից։ Անցած խորհրդարանային ընտրությունները Հայաստանում առաջին անգամ անցան ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների հետ կապված հարցերի քննարկման պայմաններում։ Ընդ որում, դա տեղի ունեցավ բացառապես ընտրություններին առնչվող խնդիրների քննարկման շրջանակում։ Այդքանով հանդերձ, ռուսական վերլուծաբաններից միայն մեկը ենթադրեց, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության գաղափարը դեմագոգիկ ձևով իր արտահայտությունը կգտնի հենց խորհրդարանական ընտրությունների փուլում։
Հայկական հասարակությունը, անկասկած, հետաքրքրություն ունի ՆԱՏՕ-ի նկատմամբ որպես անվտանգության ապահովման աղբյուրի և իբրև հնարավոր գործընկերոջ` որոշակի գեոտնտեսական հարցեր լուծելու համար։ Քաղաքական դասակարգի քիչ թե շատ պատրաստված ներկայացուցիչները ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը դիտարկում են որպես կոմունիկացիոն և ինստիտուցիոնալ շրջափակումը հաղթահարելու միջոց։ Բայց նրանք էլ, իսկ հայ խորհրդարանականները և կառավարության մեծ մասն առավել ևս, ոչ մի պատկերացում չունեն, թե ինչպես կարելի է այդ հարցը լուծել ՆԱՏՕ-ի օգնությամբ։ Ինչ վերաբերում է բնակչության զանգվածներին, ապա ընդդեմ Ռուսաստանի կան որոշ «բողոքական» տրամադրություններ, որ Մոսկվան շարունակում է շրջափակել հյուսիսկովկասյան ավտոմոբիլային ճանապարհը, նեղում Հայաստանից Ռուսաստան մեկնած տնտեսական վտարանդիներին և այլն։ Ընդհանուր առմամբ, ՆԱՏՕ-ն դարձել է որոշակի «Բարեհուսո հրվանդան», որի հետևում բացվելու է այն, ինչի մասին առհասարակ ոչ մի պատկերացում չկա։
Հայաստանում բավական ուշադիր են հետևում գործընթացներին, որոնք զարգանում են Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի ու ԵվրԱզԷսի անդամ մյուս պետությունների միջև, հատկապես, երբ գայթակղություն է առաջանում բազմավեկտոր քաղաքականություն վարելու։ Իրադարձությունները ռուս-բելառուսական հարաբերություններում, և անգամ Ղազախստանի պրագմատիկ քաղաքականությունը, բացասական տրամադրություններ են ստեղծում Հայաստանում։ Սակայն առավելապես Հայաստանին մտահոգում են ռուս-թուրքական հարաբերությունները, քանի որ Ռուսաստանը զգալի շահեր ունի Թուրքիայում և Ադրբեջանում։ Ընդ որում, եվրատլանտյան կառույցները չեն դարձել Հայաստանի նոր կողմնորոշման «բևեռ»։ Հայաստանը շարունակում է հոռետեսորեն վերաբերվել նրանց, նախընտրելով ավելի հետաքրքիր և վստահելի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ։ Սակայն Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի հետաքրքրության թուլացումը պայմանավորված է ոչ միայն Թուրքիայի հետ մերձենալու փորձերով, այլև ռուսական արտաքին քաղաքականության ավելի լայն շահերով։ Հավանաբար, ժամանակ հարկավոր կլինի հասկանալու համար, որ հրաշքներ չեն լինում։ Դա սկզբում հասկացան եվրոպացիները, հետո` ամերիկացիները, դրան են դատապարտված նաև Ռուսաստանն ու Հայաստանը։ Մոսկովյան քաղաքական շրջանակներում, ներառյալ փորձագիտական կենտրոնները, ավելի ու ավելի է տարածում ստանում այն գաղափարը, որ Հայաստանն ընդունակ չէ կատարելու այն գործառույթներն ու դերը, որ վերապահվել է նրան ռազմավարական առումով։ Եվ դա մեծ մասամբ պայմանավորված է ռուսական ընկերությունների գեոտնտեսական հետաքրքրություններով և քաղաքական գործիչների ու փորձագետների անձնական շահերով։ Հայաստանի նկատմամբ այդպիսի վերաբերմունքը հնարավոր դարձավ ռուսական քաղաքական էլիտաների ու քաղաքականության ծայրահեղ «տնտեսականացման» պարագայում։ Միևնույն ժամանակ, որպես խորագույն պարզունակեցման հետևանք, ինչը բնորոշ է Ռուսաստանի էլիտաներին, այդպես էլ պատասխան չի տրվել այն հարցին, թե արդյոք Կովկասում Հայաստանի հետ համագործակցությանն այլընտրանք կա՞։ Պատասխան չունի նաև այն հարցադրումը, թե ինչպիսին է Հայաստանի դերը տարածաշրջանում այլ ռազմավարություններին և սպառնալիքներին հակազդելու առումով։
(շարունակելի)
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1464

Մեկնաբանություններ