Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ՄԻՋԻՆ ՀԱՇՎՈՎ ԱՄԵՆ ՏԱՐԻ ԵՐԿԻՐԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է ՄՈՏ 1400 ՊՈՏԵՆՑԻԱԼ ՄԱՅՐԵՐԻ

ՄԻՋԻՆ ՀԱՇՎՈՎ ԱՄԵՆ ՏԱՐԻ ԵՐԿԻՐԸ  ԿՈՐՑՆՈՒՄ Է ՄՈՏ 1400 ՊՈՏԵՆՑԻԱԼ ՄԱՅՐԵՐԻ
14.02.2012 | 00:00

Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Նա/Նե» լրագրողական ամենամյա մրցանակաբաշխությունը: Մրցույթը նախորդ տարիների համեմատ նշանավորվեց ներկայացված նյութերի առավելագույն քանակով և մրցանակների բազմազանությամբ: Ներկայացված ավելի քան 240 աշխատանքներից 24-ն այս տարի արժանացան մրցանակների` ավանդական և հատուկ անվանակարգերում: Առաջին անգամ ներկայացված պատմություններն առցանց ընթերցելու, քվեարկելու և իրենց մրցանակակրին ընտրելու հնարավորություն ունեցան նաև հանրության ներկայացուցիչները:
Նշենք, որ Բրիտանական խորհրդի, Երևանում Բրիտանական դեսպանատան և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի կազմակերպած «Նա/Նե» ամենամյա լրագրողական մրցույթը միտված է լրատվական դաշտում գենդերային հավասարության խթանմանը:
Լրագրողների հետ հանդիպմանը ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան ներկայացրեց գենդերային հիմունքներով ընտրողական արհեստական վիժեցման վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքները, որոնց համաձայն` ամեն տարի երկիրը կորցնում է միջին հաշվով 1400 պոտենցիալ մայրերի, քանի որ արհեստական վիժեցումներն արվում են ընտրովիության սկզբունքով` հաշվի առնելով երեխայի սեռը: Այսօր նորածին տղաների թիվը վեց անգամ ավելի է նորածին աղջիկների թվից: ՄԱԿ-ի ներկայացուցիչը խնդիրը համարում է մտահոգիչ` սեռային հավասարությունն ապահովելու հարցում կարևորելով ԶԼՄ-ների դերը:
Աշխարհի 190 երկրների ղեկավարներից մոտ տասն են կին, խորհրդարանների անդամների 13 տոկոսը կին է, Հայաստանի խորհրդարանի 131 անդամներից` ընդամենը 12-ը: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի պատասխանատու Օլիվեր Մակքոյը` ենթադրելով, որ կա անտեսանելի, 15- տոկոսանոց առաստաղ, որից բարձր կանայք չեն ներկայացվում: «Չգիտեմ` իմ կյանքի ընթացքում ականատես կլինե՞մ, բայց հեռավոր ապագայում կգա մի օր, երբ մենք կհասնենք արդար` 50։50 հարաբերության, աշխարհի բոլոր երկրներում»,- ասաց նա:
Նշենք, որ «Նա/Նե» ամենամյա լրագրողական մրցույթն իրականացվում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, «ՈՒորլդ Վիժն Հայաստան» գրասենյակի և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի հետ համատեղ: Հաղթողներն արժանանում են «Նա/Նե» արծաթե արձանիկի և դրամական պարգևի:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1076

Մեկնաբանություններ