«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

«Ընդդիմության առաջնորդի կարծիքն ընդամենը քաղաքական առաջընթաց ապահովելու խաղ է և ուրիշ ոչինչ»

«Ընդդիմության առաջնորդի կարծիքն ընդամենը քաղաքական առաջընթաց ապահովելու խաղ է և ուրիշ ոչինչ»
28.08.2009 | 00:00

«ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՂԱՆԱԿԱՅԻՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ»
Հաշված օրեր են մնացել ամռան ավարտին, երբ քաղաքական դաշտը կվերադառնա «արձակուրդից», և կրկին կսկսվեն տարատեսակ խմորումներն ամռանից կուտակված հարցերի շուրջ։ Մինչ այդ փորձեցինք քաղաքական ամառն ամփոփել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ։
-Ամառն ավելի հանգիստ պայմաններ է ստեղծում վերլուծությունների, առաջիկա անելիքների մասին մտածելու համար,- ասաց ՀՀԿ փոխնախագահը։- Որևէ գործընթաց քաղաքական դաշտում չէր սպասվում, որովհետև հասարակությունը, այդ թվում նաև` քաղաքական գործիչները, փորձում էր հանգստանալ։ Քաղաքական գործընթացները միշտ կապված են լինում ԱԺ-ի գործունեության հետ, քանի որ քաղաքական քուրան այստեղ է։ Հատկապես նստաշրջանների ժամանակ են ակտիվանում քաղաքական որոնումները, հեռանկարները, գնահատականները։
-Չնայած Դուք ամռան ամիսները պասիվ շրջան դիտարկեցիք, այդուհանդերձ, արդյոք բավականին ակտիվ զարգացումներ չուրվագծվեցի՞ն ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ։
-Իհարկե, որոշ ուժեր փորձեցին իրենց անգործությունն ավելի որակյալ դարձնել` այն կապելով ղարաբաղյան հիմնախնդրի լուծման, մադրիդյան սկզբունքների, հայ-թուրքական հարաբերությունների հետ։ Կարծում եմ` որևէ լարված գործընթաց չի եղել և չի էլ սպասվում։
-Անգամ այն պարագայում, երբ ընդդիմության առաջնորդը հայտարարել է, թե Ղարաբաղն արդեն հանձնե՞լ են։
-Փորձեցին նման ճանապարհով ուղղորդել իրավիճակը, սակայն դրան հաջորդեց իմ արձագանքը` ցանկացած քաղաքական ուժ թող իր տեսակետը հայտնի ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ։ Ձեր մատնանշած ընդդիմությունն այս հարցի առնչությամբ իր կարծիքը դեռևս չի արտահայտել, թե ինչպիսին է տեսնում հարցի կարգավորումը։ Մենք ասում ենք` Ղարաբաղը չենք տեսնում Ադրբեջանի կազմում։ Արձագանքել են նաև երեք-չորս կուսակցություններ, մինչդեռ մյուսները լռում են։ Այնպես որ, ընդդիմության կամ նրա առաջնորդի կարծիքն այս դեպքում կարող է դիտարկվել որպես քաղաքական առաջընթաց ապահովելու խաղ և ուրիշ ոչինչ։
-Փաստորեն, բացառո՞ւմ եք, որ իշխանությունները հիմնախնդիրը երբևէ կդարձնեն սակարկության առարկա, ինչպես ընդդիմությունն է պնդում։
-Ընդդիմությունը փորձում է խաղի կանոններ թելադրել, խնդիրը ճահճացնել` այդ ամենի մեջ ներքաշելով և՛ իշխանություններին, և՛ իշխանական ուժերին։ Նրանք խաղը հետևյալ բանաձևով են առաջ տանում` գրաված հողերը հետ են տվել` մոռանալով առաջնային հարցը` կարգավիճակի խնդիրը, ինչը մեզ համար ամենաէականն է։ Նրանք վերջից են գալիս` աշխատելով ժողովրդի զգայարանների վրա։ Չնայած հասարակությունը նման մոտեցումների քննարկմանը պասիվ է, որովհետև անհավանական է համարում, թե որևէ իշխանություն կարող է Ղարաբաղը հանձնել։ Այն իշխանությունը, որն այս հարցում այլ կարծիք ուներ, այսօր արդեն իշխանություն չէ։
-Նույն ՀՀԿ-ում կան պատգամավորներ, ովքեր հայտարարեցին, թե անհոգ մնացեք, Շուշին չենք տալու։ Այսինքն, սա արդե՞ն հերոսություն է համարվում, թե՞ ՀՀԿ-ում տարակարծություններ կան այս հարցի շուրջ։
-Չեմ կարծում, որ տարակարծություններ կան։ Ճիշտ չէ կոնտեքստից մի միտք հանել ու դա քննարկել։ Անշուշտ, շատ լավ է, որ Շուշին մեզ է մնալու, բայց մեզ այսօր մնալու է նաև այն, ինչ արդեն ունենք։ Մնացած բոլոր հարցերը քննարկման ենթակա են։ Երկրորդեմ. ամենաառաջնային սկզբունքը Ղարաբաղի կարգավիճակն է, մյուս հարցերը սրա ածանցյալներն են։ Ինձ շատ լավ եմ զգում, երբ տեսնում եմ, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք հայտարարում են` ոչ մի թիզ հող չենք հանձնելու (չնայած այս հարցում հիմնական պատասխանատուն իշխանություններն են, իսկ մնացած ուժերը կարող են իրենց թույլ տալ խոսել ավելի մեծ ճոխություններից, որովհետև կատարողն իրենք չեն)։ Պետք է ամբողջ աշխարհում կարծիք ձևավորել, որ նման տեսակետներ են շրջանառվում Հայաստանում։ Ավելին, հեռանկարային եմ համարում այն գործիչներին, ովքեր արտահայտվում են նաև պատմական Հայաստանի հողերի վերաբերյալ։ Բայց քաղաքականությունն ավելի ռեալ դիվանագիտություն է պահանջում։ Մարտնչելու համար պետք է ազգովի ընդունենք մեկ սկզբունք, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու։ Եթե իշխանատենչությունը մեր իրականությունից մի փոքր հեռանա, իսկ քաղաքական ուժերն էլ իրենց տեսակետները հայտնեն, ապա հանրության համար ընկալելի կլինեն։
-Որոշ վերլուծաբաններ պնդում են, թե ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ տեսակետների պասիվություն նկատվում է, նախ և առաջ, հանրապետության նախագահի կողմից, այսինքն, չի շտապում դիրքորոշում հայտնել։ Ձեր բացատրությունը։
-Երբեմն այս թեմայի շուրջ խոսում են իբր քաղաքական գործիչներ, որոնք ձողը չբարձրացրած, կարծում են, թե ծանրաձողը պիտի բարձրացնեն։ Ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային բոլոր այցերի ժամանակ հանրապետության նախագահը մշտապես հայտարարել է, որ Հայաստանը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ու այս տեսակետը մենք միշտ կրկնել ենք։ Ի՞նչ է նշանակում, թե նախագահը տեսակետ չի հայտնում։ Նախ` Հայաստանում քանի՞ նորմալ քաղաքական գործիչ է մնացել ասպարեզում։ Երեք ամիսը մեկ Ազգային ժողով են գալիս ինչ-որ ցուցակով ու մտածում են, թե արդեն դարձել են քաղաքական գործիչ։ Կոնկրետ ես «քաղաքական գործիչ» արտահայտությունն ինձ վերագրել եմ միայն վերջին տարիներին։ «Քաղաքական գործիչ» նշանակում է ճանապարհ, կրթություն, պայքար, վերելքներ, վայրէջքներ, ոչ թե սոսկ պատգամավորի մանդատ։ Այսինքն, մարդը պիտի կարողանա լավ ձայն ունենալ, հետո միայն երգել։ Այնպես որ, նախագահը բազմիցս է խոսել ու ամեն օր է խոսում։
-Ձեր նշած չափորոշիչները գործե՞լ են, երբ ԱԺ-ի ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն ցուցակներ է կազմել։
-Պատգամավոր լինել չի նշանակում քաղաքական գործիչ լինել, այլ նշանակում է քաղաքականությամբ, կուսակցական աշխատանքով զբաղվող մարդ, որը հանդես է գալիս նաև տվյալ թիմի գաղափարները պաշտպանողի դերում։ Հնարավոր է ունենալ քաղաքական մեծամասնություն, բայց դրանում կարող են լինել հինգ, վեց, տասը քաղաքական գործիչ միայն, մյուսները պարզապես տվյալ պահին քաղաքականությամբ են զբաղվում։ Քաղաքական գործիչը լուրջ կարգավիճակ է ենթադրում։ Դա պետք է ձեռք բերել ու հետո այդ մասին խոսել։
Այսօր մամուլի աշխատողները բավականին վատ են մեկնաբանում ԱԺ նոր կանոնակարգը։ Լրագրող լինելը ևս չի ենթադրում, թե աշխատանքի ընդունվեցիր ու սկսեցիր հոդվածներ գրել։ Սա էլ է ճանապարհ, լուրջ կարգավիճակ, մի ոլորտ, որը համապարփակ ձևով ապահովում է ազատ խոսքն ու հանրության իրազեկությունը։
-Երբ լրագրողների ազատ մուտքը խորհրդարան սահմանափակվում է, արդյոք նույն խոսքի ազատության սահմանափակում չէ՞։
-Ոչ, որովհետև մամուլի ազատության մասին օրենքով լրագրողները ցանկացած պաշտոնյայից կամ պատգամավորից կարող են հարցազրույցներ խնդրել, տեղեկություններ ստանալ, բայց տվյալ անհատներն իրավունք ունեն նաև հրաժարվելու հարցազրույցներից։ Ինչ վերաբերում է խոսքի ազատությանը, երբ դիտարկում ենք մեր թերթերը, ապա այնքան է «ազատվել» այդ խոսքը, որ զրկվել է իրական իմաստից` վերածվելով հայհոյանքների լեզվի։ Չեմ կարծում, որ լրագրողն ինչ ուզենա, պետք է ասի։ Բարեկրթության սահմաններ գոյություն ունեն։ Վերցրեք մեր թերթերն ու նայեք. ոչ թե ազատություն է, այլ խելագար ազատություն։
-ԱԺ աշնանային նստաշրջանը շուտով կմեկնարկի։ Շատերը կարծում են, որ թեժ աշուն է սպասվում։ Համամի՞տ եք։
-Տասը տարի հետ գնանք, թերթերը նայենք, կրկին այս ժամանակաշրջանի համար գրված է, թե թեժ աշուն է սպասվում։ Այնպես որ, քաղաքականությունը եղանակային չի կարող լինել։ Փորձում են իմիտացիաներ ստեղծել։ Եթե խոսքն այն լարվածության մասին է, թե հասարակությանը բևեռացում է սպասվում, հարկ է նշել, որ դրա համար թիմեր այլևս չկան, և ոչ էլ` նախապայմաններ։ Մինչ այս պահն ընդդիմության ակտիվությունը չեմ տեսել ու այսուհետ էլ չեմ կարծում, թե կլինի։ Իսկ բռնարարքներ տեսել եմ։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1413

Մեկնաբանություններ